Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Իսպանիա

Մի խումբ գիտնականներ այն կարծիքին են, որ Լորկա քաղաքում (Իսպանիայի հարավ) 2011թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառներից մեկը թերևս եղել է մարդկային գործոնը։ Այդ աղետի հետևանքով մահացել է 9 հոգի, իսկ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Երկրաբանները պարզել են, որ կապ գոյություն ունի այդ ավերիչ երկրաշարժի և այն բանի միջև, որ որոշ վայրերում երկրի ընդերքից ոռոգման համար մեծ քանակությամբ ջուր է հանվել։

Չինաստան

Չինացի զբոսաշրջիկները 2012թ.-ին 102 միլիարդ ԱՄՆ դոլար են ծախսել այլ երկրներ ճամփորդելու համար։ Ըստ ՄԱԿ-ի՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ այս ցուցանիշով Չինաստանն առաջին անգամ առաջատար է դարձել միջազգային տուրիզմի վրա մեծ գումարներ ծախսելու հարցում և առաջ է անցել Գերմանիայից ու Միացյալ Նահանգներից։ Գերմանացի զբոսաշրջիկները ծախսել են մոտ 84 միլիարդ դոլար։ Նույնքան գումար են ծախսել նաև ամերիկացի զբոսաշրջիկները։

Ճապոնիա

Մի բրիտանական բժշկական ամսագրում (BMJ) գրվել է Ճապոնիայում անցկացված մի ուսումնասիրության մասին, որում ընդգրկվել է մոտ 68000 մարդ։ Յուրաքանչյուր անհատի պարագայում ուսումնասիրությունը տևել է միջին հաշվով 23 տարի։ Մասնագետները պարզել են, որ 1920–1945թթ.-ին ծնված կանայք, որոնք սկսել են ծխել մինչև 20 տարեկանը, միջին հաշվով 10 տարով քիչ են ապրել, քան այն կանայք, ովքեր երբեք չեն ծխել։ Իսկ ծխող տղամարդիկ 8 տարով քիչ են ապրել, քան չծխողները։

Մավրիտանիա

Ծովային և ցամաքային կենդանիների կյանքը պահպանելու նպատակով երկրում արգելվել է պոլիէթիլենային տոպրակների ներմուծումը, արտադրությունը և գործածումը, քանի որ կենդանիները կարող են մահանալ դրանք կուլ տալու հետևանքով։ Կառավարությունը հորդորում է դրանց փոխարեն օգտագործել կենսաբանորեն քայքայվող տոպրակներ։

Աշխարհ

Ամեն տարի ապահովագրական ընկերությունները մոտ 50 միլիարդ ԱՄՆ դոլար են վճարում կլիմայական աղետների պատճառած վնասները հատուցելու համար։ 1980-ականներից ի վեր այդպիսի ապահովագրական հատուցումների չափը ամեն տասնամյակ մեծացել է ավելի քան երկու անգամ՝ հաշված նաև ինֆլյացիան։