Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը

Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը

ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ մարդիկ լսել կամ կարդացել են, թե ինչ է ասում Աստվածաշունչը տիեզերքի արարման մասին։ 3500 տարի առաջ գրի առնված պատմությունը սկսվում է հետևյալ հայտնի խոսքերով. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։

Սակայն շատերը անտեղյակ են, որ քրիստոնյա աշխարհի կրոնական առաջնորդները, ինչպես նաև կրեացիոնիստներն ու ֆունդամենտալիստները արարչագործության մասին աստվածաշնչյան տեղեկությունը խեղաթյուրել են՝ ստեղծելով պատմություններ, որոնք ներդաշնակ չեն Աստվածաշնչին և հակասում են գիտական փաստերին։ Թեև Աստվածաշնչում չկան այդպիսի պատմություններ, բայց դրանց պատճառով ոմանք չեն ընդունում աստվածաշնչյան տեղեկությունը՝ համարելով այն առասպել։

Շատերին հայտնի չէ, թե իրականում ինչ է ասում Աստվածաշունչը արարչագործության մասին։ Դա ցավալի է, քանի որ Աստծու Խոսքը շատ տրամաբանական և վստահարժան բացատրություն է տալիս տիեզերքի ստեղծման մասին։ Դեռ ավելին, այդ բացատրությունը ներդաշնակ է գիտական փաստերին։ Անշուշտ, ձեզ կհետաքրքրի արարչագործության մասին Աստվածաշնչի իրական պատմությունը։

ՍՏԵՂԾԻՉ, ՈՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՍՏԵՂԾԵԼ

Արարչագործության մասին աստվածաշնչյան պատմությունը հիմնված է այն փաստի վրա, որ գոյություն ունի Բարձրյալ՝ Ամենակարող Աստված, որը ստեղծել է ամեն բան։ Ո՞վ է նա և ինչպիսի՞ անձնավորություն է։ Աստվածաշունչը հայտնում է, որ նա բոլորովին նման չէ այն աստվածներին, որոնք կան տարբեր կրոններում ու մշակույթներում։ Նա ամեն բանի Արարիչն է, սակայն մարդկանց մեծ մասը շատ քիչ բան գիտի նրա մասին։

  • Աստված անձնավորություն է։ Նա անհատականությունից զուրկ ուժ չէ, որն աննպատակ դեգերում է տիեզերքում։ Նա ունակ է մտածելու, ունի զգացմունքներ և նպատակներ։

  • Աստված ունի անսահման զորություն և իմաստություն։ Ուստի հասկանալի է, թե ինչու ենք արարչագործության մեջ ամեն ինչում, հատկապես կենդանի օրգանիզմների մեջ տեսնում բարդ կառուցվածքներ։

  • Աստված ստեղծել է ողջ նյութական աշխարհը։ Ուստի անհնար է, որ նա կազմված լինի իր իսկ ստեղծած նյութական տարրերից։ Նա ոգեղեն անձնավորություն է և չունի ֆիզիկական մարմին։

  • Ժամանակը իշխանություն չունի Աստծու վրա։ Նա միշտ գոյություն է ունեցել և միշտ գոյություն կունենա։ Հետևաբար, ոչ ոք նրան չի ստեղծել։

  • Աստված ունի անուն՝ Եհովա, որը հազարավոր անգամներ գործածվում է Աստվածաշնչում։

  • Եհովա Աստված սիրում է մարդկանց ու հոգ է տանում նրանց մասին։

 ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐԵԼ ՏԻԵԶԵՐՔԸ

Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ստեղծեց «երկինքն ու երկիրը»։ Այս միտքը շատ ընդհանուր է, և կոնկրետ չի ասվում, թե որքան ժամանակ է պահանջվել տիեզերքը ստեղծելու համար, կամ թե ինչպես է այն արարվել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել կրեացիոնիստների այն տարածված տեսակետի մասին, թե Աստված տիեզերքը ստեղծել է բառացի 24-ժամյա օրերի ընթացքում։ Այս գաղափարը, որը գիտնականների մեծամասնությունը չի ընդունում, աստվածաշնչյան արձանագրությունը սխալ հասկանալու արդյունք է։ Տեսնենք, թե ինչ է իրականում ասում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը թիկունք չի կանգնում կրեացիոնիստների և ֆունդամենտալիստների գաղափարներին, որոնք ասում են, թե արարչագործական օրերը բառացի 24-ժամյա օրեր են եղել

  • Աստվածաշունչը թիկունք չի կանգնում կրեացիոնիստների և ֆունդամենտալիստների գաղափարներին, որոնք ասում են, թե արարչագործական օրերը բառացի 24-ժամյա օրեր են եղել։

  • Աստվածաշնչում հաճախ «օր» բառը օգտագործվում է տարբեր տևողության ժամանակահատվածներ մատնանշելու համար։ Որոշ դեպքերում այդ ժամանակահատվածների տևողությունն անորոշ է։ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում գրված արարչագործության պատմությունը այդպիսի անորոշ ժամանակահատվածի մի օրինակ է։

  • Աստվածաշնչյան հաղորդագրության մեջ նշված 6 ստեղծագործական օրերից յուրաքանչյուրը հավանաբար տևել է հազարավոր տարիներ։

  • Երբ սկսվեց առաջին արարչագործական օրը, Աստված արդեն ստեղծել էր տիեզերքը, այդ թվում նաև Երկիր մոլորակը, որի վրա դեռ կյանք չկար։

  • Ակներևաբար, 6 ստեղծագործական օրերը երկար ժամանակահատվածներ են եղել, որոնց ընթացքում Աստված երկիրը պատրաստել է մարդկանց բնակության համար։

  • Արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը չի հակասում տիեզերքի տարիքի վերաբերյալ գիտական եզրահանգումներին։

ԱՍՏՎԱԾ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈ՞Վ Է ԳՈՐԾԵԼ

Շատերը, ովքեր չեն հավատում Աստվածաշնչին, ընդունում են այն տեսակետը, թե կենդանի օրգանիզմներն առաջացել են անկենդան քիմիական տարրերից անհայտ ու աննպատակ պրոցեսների արդյունքում։ Ենթադրվում է, որ ինչ-որ փուլում առաջացել է մանրէանման, ինքնավերարտադրվող օրգանիզմ, որն էլ աստիճանաբար բազմանալով՝ առաջ է բերել ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեսակները։ Փաստորեն՝ ըստ այս տեսակետի՝ ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեցող մարդ արարածը պետք է որ առաջացած լիներ մեկ մանրէից։

Էվոլյուցիայի տեսությունը ընդունում են նաև նրանք, ովքեր համարում են, որ Աստվածաշունչը Աստծու խոսքն է։ Նրանք հավատում են, որ Աստված նախևառաջ երկրի վրա ստեղծել է կյանքի սկզբնական ձևերը, իսկ հետո պարզապես վերահսկել կամ գուցե ղեկավարել է էվոլյուցիայի պրոցեսը։ Սակայն այս վարկածը հակասում է Աստվածաշնչին։

Արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը չի հակասում գիտական այն փաստին, որ մի տեսակի մեջ առաջանում են տարատեսակներ

  • Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովա Աստված ստեղծել է կենդանիների և բույսերի բոլոր հիմնական տեսակները, ինչպես նաև ինքնագիտակցությամբ օժտված կատարյալ տղամարդուն ու կնոջը, որոնք ունակ էին սիրելու, իմաստություն և արդարություն դրսևորելու։

  • Աստծու կողմից ստեղծված կենդանիների ու բույսերի տեսակները ակներևաբար ենթարկվել են փոփոխությունների, և արդյունքում մի տեսակի մեջ առաջացել են տարատեսակներ։ Շատ դեպքերում այդ տարատեսակները զգալիորեն տարբերվում են միմյանցից։

  • Արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը չի հակասում գիտական այն փաստին, որ մի տեսակի մեջ առաջանում են տարատեսակներ։

 ԱՐԱՐԻՉ, ՈՐԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

1800-ականների կեսերին ապրած բրիտանացի կենսաբան և հանրահայտ էվոլյուցիոնիստ Ալֆրեդ Ռասել Ուոլեսը համաձայն էր Դարվինի հետ այն հարցում, թե էվոլյուցիան ընթանում է բնական ընտրության միջոցով։ Սակայն ասում են, որ անգամ ինքը՝ Ուոլեսը, նշել է. «Նրանք, ովքեր աչքեր ունեն և տեսնում են, միտք ունեն և տրամաբանում են, ընդունում են, որ փոքրագույն բջջի, արյան, երկրագնդի և առհասարակ ողջ աստղազարդ տիեզերքի մեջ.... հստակ երևում է, որ կա խելամիտ ու բանական առաջնորդություն, մի խոսքով՝ գոյություն ունի Բանականություն»։

Ուոլեսից գրեթե երկու հազար տարի առաջ Աստվածաշնչում արդեն ասվել էր. «Նրա [Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։ Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ կարող ենք մտածել բնության մեջ առկա զարմանալիորեն բարդ կառուցվածքների մասին՝ սկսած խոտի ցողունից մինչև անհամար երկնային մարմինները։ Այդպիսով՝ ուսումնասիրելով արարչագործությունը՝ կճանաչենք Արարչին։

Բայց թերևս հարցնեք. «Եթե գոյություն ունի սիրառատ Աստված, որը ստեղծել է ամեն բան, ապա ինչո՞ւ է նա թույլ տալիս տառապանքը։ Գուցե Աստված այլևս հոգ չի՞ տանում իր երկրային արարածների մասին։ Ի՞նչ է մեզ սպասում ապագայում»։ Աստվածաշնչում կան բազմաթիվ այլ ճշմարտություններ, որոնք դարեր շարունակ ծածկված են եղել մարդկային գաղափարների և կրոնական ուսմունքների հաստ քողի տակ և այդ պատճառով հայտնի չեն շատերին։ Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, ուրախությամբ կօգնեն ձեզ ծանոթանալու աստվածաշնչյան ճշմարտությանը և ավելին իմանալու Արարչի, ինչպես նաև մարդկության ապագայի մասին։