Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը շարունակո՞ւմ է փոխել քո կյանքը

Աստվածաշունչը շարունակո՞ւմ է փոխել քո կյանքը

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (ՀՌՈՄ. 12։2

ԵՐԳ 61, 52

1–3. ա) Մկրտությունից հետո ո՞ր փոփոխությունները գուցե դժվար լինեն մեզ համար։ բ) Եթե որոշ հարցերում փոխվելը մեր պատկերացրածից ավելի դժվար է, ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իմանալուց հետո Քեվինը [1] շատ էր ուզում Եհովայի հետ մտերմանալ։ Դրանից առաջ երկար տարիներ նա եղել է ծխող, հարբեցող, թմրամոլ և մոլեխաղերի գերի։ Աստծու հավանությունն ունենալու համար Քեվինը պետք է թողներ այդ վատ սովորությունները։ Դա նրան հաջողվեց Եհովային ապավինելու և Աստվածաշնչի՝ կյանքեր փոխելու զորության շնորհիվ (Եբր. 4։12

2 Իսկ մկրտությունից հետո Քեվինը դադարե՞ց փոփոխություններ անել իր կյանքում։ Ո՛չ, քանի որ դեռ պետք է իր մեջ քրիստոնեական հատկություններ զարգացներ ու մշակեր (Եփես. 4։31, 32)։ Օրինակ՝ նա նկատեց, որ դժվարությամբ է տիրապետում իր էմոցիաները։ Քեվինն ասում է. «Իմ պոռթկուն բնավորությունը փոխելը ավելի դժվար էր, քան հին սովորություններս թողնելը»։ Ջերմեռանդ աղոթքների և Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության շնորհիվ նա ի վերջո կարողացավ անհրաժեշտ փոփոխություններն անել։

3 Քեվինի պես՝ շատերս նախքան մկրտվելը մեծ փոփոխություններ ենք արել, որպեսզի համապատասխանենք Աստվածաշնչի հիմնական պահանջներին։ Իսկ մկրտությունից հետո հասկացել ենք, որ Աստծուն և Քրիստոսին ընդօրինակելու համար դեռ անհրաժեշտ է փոփոխություններ անել, թեպետև փոքր (Եփես. 5։1, 2; 1 Պետ. 2։21)։ Օրինակ՝ գուցե նկատել ենք, որ ունենք քննադատական ոգի, մարդավախություն, բամբասելու սովորություն կամ այլ թուլություն։ Այս հակումներից ձերբազատվելը քո պատկերացրածից ավելի դժվա՞ր է։ Եթե այո, ապա մտածիր. «Չէ՞ որ այսքան մեծ փոփոխություններ եմ արել, ինչո՞ւ եմ այս փոքր հարցերում դժվարանում։ Ի՞նչ պետք է անեմ, որ Աստվածաշունչը շարունակի փոխել իմ կյանքը»։

ԵՂԻՐ ԻՐԱՏԵՍ

4. Ինչո՞ւ չենք կարողանում Եհովային ամեն ինչում հաճեցնել։

4 Ճանաչելով ու սիրելով Եհովային՝ մենք ամբողջ սրտով ցանկանում ենք անել այն, ինչ նրան է հաճելի։ Սակայն որքան էլ մեծ է այդ ցանկությունը, մեր անկատարության պատճառով չենք կարողանում ամեն ժամանակ Աստծուն հաճելի եղածն անել։ Մենք էլ ենք զգում այն, ինչ Պողոս առաքյալը։ Նա գրեց. «Ուզում եմ բարին անել, բայց չեմ կարողանում իմ ուզածն անել» (Հռոմ. 7։18; Հակ. 3։2

5. Ի՞նչ փոփոխություններ ենք արել նախքան մկրտվելը, սակայն ի՞նչ թուլությունների դեմ դեռ պետք է պայքարենք։

5 Մենք այլևս չենք գործում այնպիսի լուրջ մեղքեր, որոնց պատճառով չենք կարող լինել քրիստոնեական ժողովի անդամ (1 Կորնթ. 6։9, 10)։ Այնուամենայնիվ, մենք դեռ անկատար ենք (Կող. 3։9, 10)։ Ուստի իրատես չենք լինի, եթե ակնկալենք, որ մկրտությունից հետո կամ նույնիսկ դրանից տարիներ անց այլևս երբեք սխալներ չենք անի, թերություններ ու վատ հակումներ չենք ունենա և սխալ մղումներով չենք գործի։ Դրանցից ձերբազատվելը կարող է տարիներ տևել։

6, 7. ա) Չնայած մեր անկատարությանը՝ ինչի՞ շնորհիվ կարող ենք մնալ Եհովայի ընկերը։ բ) Ինչո՞ւ չպետք է վարանենք Եհովայից խնդրել, որ մեր մեղքերը ների։

6 Մեր ժառանգած անկատարությունը չպետք է մեզ հետ պահի Եհովայի հետ մտերիմ լինելուց կամ նրան ծառայելուց։ Նկատի առ հետևյալը. երբ Եհովան ձգեց մեզ դեպի իրեն, նա գիտեր, որ ժամանակ առ ժամանակ մենք սխալներ կանենք (Հովհ. 6։44)։ Քանի որ Աստված տեսնում է մեր բնավորության գծերը և մեր սիրտը, նա լավ գիտի, թե ինչ անկատար հակումներ ունենք և երբեմն ինչ սխալներ կարող ենք անել։ Սակայն դա Եհովային հետ չի պահել մեր ընկերը դառնալուց։

7 Սիրուց մղված՝ Աստված մեզ անգին նվեր է տվել՝ փրկանքը՝ իր սիրելի Որդու քավիչ զոհը, ինչի շնորհիվ նա ներում է մեզ (Հովհ. 3։16)։ Երբ անկեղծորեն զղջում ենք մեր արած սխալների համար և Աստծուց ներում խնդրում, կարող ենք վստահ լինել, որ նրա հետ մեր ընկերությունը կշարունակվի (Հռոմ. 7։24, 25; 1 Հովհ. 2։1, 2)։ Իսկ պե՞տք է հրաժարվենք օգտվել փրկանքի տված օգուտներից, եթե մեզ մեղավոր կամ անմաքուր ենք զգում։ Դա նման կլինի նրան, եթե հրաժարվենք ջրով լվանալ մեր ձեռքերը զուտ այն պատճառով, որ դրանք կեղտոտ են։ Բայց չէ՞ որ փրկանքը զղջացող մեղավորների համար է։ Դրա շնորհիվ, թեպետև անկատար ենք, կարող ենք Եհովայի ընկերը լինել (կարդա 1 Տիմոթեոս 1։15

8. Ինչո՞ւ չպետք է անտեսենք մեր թուլությունները։

8 Ինչ խոսք, մենք չպետք է անտեսենք մեր թուլությունները։ Եհովայի հետ մտերմանալու համար անհրաժեշտ է ձգտել էլ ավելի ընդօրինակել նրան ու Հիսուսին և դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում, որ լինենք (Սաղմոս 15։1–5)։ Նաև պետք է հսկենք անկատար մարդուն բնորոշ մեր վատ հակումները, հնարավորության դեպքում նույնիսկ ձերբազատվենք դրանցից։ Անկախ նրանից՝ վերջերս ենք մկրտվել, թե երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ ենք, պետք է «շարունակենք.... ուղղվել» (2 Կորնթ. 13։11

9. Ի՞նչն է ցույց տալիս, որ «նոր անձնավորություն հագնելը» շարունակական պրոցես է։

9 «Ուղղվելու» և «նոր անձնավորություն» դառնալու համար անդադրում ջանքեր են պահանջվում։ Պողոսը հիշեցրեց իր հավատակիցներին. «Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է իր խաբեական ցանկություններով, և պետք է նորոգեք ձեր միտքը խթանող ուժը ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։22–24)։ «Նորոգեք» թարգմանված բնագիր բառը ցույց է տալիս, որ «նոր անձնավորություն հագնելը» շարունակական պրոցես է։ Այս միտքը քաջալերական է մեզ համար, քանի որ վստահեցնում է, որ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է՝ ծառայում ենք Եհովային, կարող ենք շարունակ նոր անձնավորությանը հատուկ քրիստոնեական հատկություններ զարգացնել։ Այո՛, Աստվածաշունչը կարող է շարունակել փոխել մեր կյանքը։

ԻՆՉՈՒ Է ԱՅԴՔԱՆ ԴԺՎԱՐ

10. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստծու Խոսքը օգնի մեզ շարունակելու փոփոխություններ անել, և ի՞նչ հարցեր գուցե առաջանան դրա հետ կապված։

10 Եթե ցանկանում ենք, որ Աստծու Խոսքը շարունակի փոխել մեզ, պետք է ջանքեր գործադրենք։ Բայց ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Եթե Եհովան օրհնում է մեր ջանքերը, արդյոք հոգևորապես հասունանալը չպե՞տք է ավելի հեշտ լինի։ Չի՞ կարող Եհովան այնպես անել, որ մեր վատ հակումները գլուխ չբարձրացնեն, և քրիստոնեական հատկություններ դրսևորելու համար մեզանից մեծ ջանքեր չպահանջվեն։

11–13. Ինչո՞ւ է Եհովան ակնկալում, որ ջանքեր գործադրենք մեր թուլությունների դեմ պայքարում։

11 Երբ խորհում ենք տիեզերքի մասին, հասկանում ենք, որ Եհովան մեծ զորություն ունի։ Օրինակ՝ արևը ամեն վայրկյան իր զանգվածից հինգ միլիոն տոննա վերածում է էներգիայի։ Թեպետ մթնոլորտի միջով դրա միայն փոքր քանակությունն է հասնում Երկիր, սակայն դա բավական է մեր մոլորակը կյանքի համար անհրաժեշտ ջերմությամբ և լույսով ապահովելու համար (Սաղ. 74։16; Ես. 40։26)։ Ուստի Եհովան, երբ կարիք է լինում, իր յուրաքանչյուր ծառային համապատասխան չափի զորություն է տալիս (Ես. 40։29)։ Աստված կարող է այնքան ուժ տալ, որ հաղթենք ամեն թուլություն, նույնիսկ առանց պայքար մղելու և սխալվելու։ Բայց ինչո՞ւ այդպես չի վարվում։

12 Եհովան մեզ անզուգական նվեր է տվել՝ ազատ կամք։ Եթե վճռենք հնազանդվել Աստծուն ու դրա համար ջանքեր թափենք, ցույց կտանք, որ սիրում ենք նրան և ուզում ենք հաճեցնել։ Դրանով նաև թիկունք կկանգնենք նրա գերիշխանությանը։ Հիշենք, որ Սատանան հարցականի տակ է դրել Եհովայի իշխելու իրավունքը, ուստի մեր երկնային Հայրը մեծապես գնահատում է, երբ նրա գերիշխանությանն աջակցելու համար անկեղծ ջանքեր ենք թափում (Հոբ 2։3–5; Առակ. 27։11)։ Իսկ եթե Եհովան ազատեր մեզ թուլությունների դեմ պայքարում ջանքեր թափելու անհրաժեշտությունից, ապա ինչո՞վ կփաստեինք, որ նվիրված ենք նրան ու թիկունք ենք կանգնում նրա գերիշխանությանը։

13 Հետևաբար, Եհովան հորդորում է «ամեն ջանք ներդնել» քրիստոնեական հատկություններ զարգացնելու համար (կարդա 2 Պետրոս 1։5–7; Կող. 3։12)։ Նա ակնկալում է, որ ամեն ինչ անենք, որպեսզի հսկենք մեր մտքերն ու էմոցիաները (Հռոմ. 8։5; 12։9)։ Անկեղծ ջանքեր թափելով՝ մենք մեծ բավարարվածություն կզգանք, քանի որ կտեսնենք, որ Աստվածաշունչը շարունակում է փոխել մեր կյանքը։

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՓՈԽԵԼ ՔԵԶ

14, 15. Ի՞նչ կարող ենք անել Եհովային հաճելի հատկություններ զարգացնելու համար (տես « Աստվածաշունչը և աղոթքը փոխեցին նրանց կյանքը» շրջանակը)։

14 Ի՞նչ պետք է անենք, որ մեր մեջ մշակենք Եհովային հաճելի հատկություններ։ Փոխանակ ինքներս որոշենք ինչ փոփոխություններ անել, մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքը առաջնորդի մեզ։ Հռոմեացիներ 12։2-ում կարդում ենք. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը»։ Իր Խոսքի և սուրբ ոգու միջոցով Եհովան օգնում է մեզ հասկանալ և կատարել իր կամքը, ինչպես նաև մեր կյանքում անհրաժեշտ փոփոխություններ անել իր պահանջներին համապատասխանելու համար։ Ուստի պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը, խորհրդածենք մեր կարդացածի շուրջ և աղոթենք Աստծու սուրբ ոգին ստանալու համար (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Եթե առաջնորդվենք սուրբ ոգով և մեր մտածելակերպը համապատասխանեցնենք Եհովայի մտածելակերպին, մեր մտքերը, խոսքերը և գործերը հաճելի կլինեն նրան։ Սակայն նույնիսկ այս դեպքում անհրաժեշտ է շարունակ հսկել մեր թուլությունները, որ անձնատուր չլինենք դրանց (Առակ. 4։23

Գուցե օգտակար լինի հավաքել և աչքի անցկացնել աստվածաշնչյան համարներ ու հոդվածներ, որոնք օգնում են պայքարել թուլությունների դեմ (տես պարբերություն 15)

15 Ամեն օր Աստվածաշունչը կարդալուց բացի, նաև անհրաժեշտ է ուսումնասիրել այն մեր գրականության միջոցով՝ Եհովայի հրաշալի հատկությունները ընդօրինակելու համար։ Ոմանք առանձին պահում և ժամանակ առ ժամանակ աչքի են անցկացնում աստվածաշնչյան համարներ, «Դիտարանից» և «Արթնացե՛ք»-ից հոդվածներ, որոնք օգնել են իրենց որոշ հատկություններ զարգացնելու և պայքարելու թերությունների դեմ։

16. Ինչո՞ւ չպետք է հուսահատվենք, եթե չենք կարողանում արագ փոփոխություններ անել։

16 Եթե թվում է՝ քո հոգևոր աճը դանդաղ է ընթանում, հիշիր, որ այն ժամանակ է պահանջում։ Քրիստոնեական հատկություններ զարգացնելը շարունակական պրոցես է։ Մենք պետք է համբերատար լինենք, մինչ թույլ ենք տալիս, որ Աստվածաշունչը մեր կյանքում դրական փոփոխություններ անի։ Նախ պետք է հսկենք մեզ, որ անենք այն, ինչ Աստվածաշունչը ճիշտ է համարում։ Եթե ձգտենք մեր մտքերն ու գործերը համապատասխանեցնել Եհովայի կամքին, ապա ժամանակի ընթացքում մեզ համար ավելի հեշտ կլինի նրան հաճելի եղածն անել (Սաղ. 37։31; Առակ. 23։12; Գաղ. 5։16, 17

ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԲԱՑՎԱԾ ՀԵՌԱՆԿԱՐԸ

17. Եհովային նվիրված ծառաները ապագայի ի՞նչ հեռանկար ունեն։

17 Եհովային նվիրված ծառաները հնարավորություն կունենան լինել կատարյալ և հավիտյան ծառայել նրան։ Այդ ժամանակ աստվածահաճո հատկություններ դրսևորելը այլևս ճիգեր չի պահանջի, փոխարենը ուրախություն ու հաճույք կպատճառի։ Սակայն հիմա էլ փրկանքի շնորհիվ մենք հնարավորություն ունենք Եհովային ընդունելի երկրպագություն մատուցելու։ Մենք դա կարող ենք անել նույնիսկ անկատար լինելով հանդերձ, եթե շարունակենք թույլ տալ, որ Աստծու Խոսքը փոխի մեզ։

18, 19. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշունչը կարող է շարունակել փոխել մեր կյանքը։

18 Քեվինը, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, իր պոռթկուն բնավորությունը փոխելու համար շատ ջանքեր թափեց։ Նա խորհրդածեց Աստվածաշնչի սկզբունքների շուրջ և կիրառեց դրանք, նաև ընդունեց հավատակիցների տված խորհուրդն ու օգնությունը։ Մի քանի տարիների ընթացքում Քեվինը մեծ փոփոխություններ արեց իր կյանքում։ Հետագայում նշանակվեց ծառայող օգնական, իսկ վերջին 20 տարիների ընթացքում ժողովում ծառայում է որպես երեց։ Սակայն այսօր էլ նա գիտակցում է, որ պետք է զգոն լինի և շարունակի պայքարել իր թուլությունների դեմ։

19 Քեվինի օրինակը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը օգնում է մարդկանց շարունակել դրական փոփոխություններ անել իրենց կյանքում։ Ուստի եկեք թույլ տանք, որ Աստծու Խոսքը փոխի մեզ և ավելի մտերմացնի Եհովայի հետ (Սաղ. 25։14)։ Տեսնելով, թե ինչպես է Եհովան օրհնում մեր ջանքերը՝ մենք ավելի մեծ վստահությամբ կլցվենք, որ Աստվածաշունչը կարող է շարունակել փոխել մեր կյանքը (Սաղ. 34։8

^ [1] (պարբերություն 1) Անունը փոխված է։