Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հին ձեռագիրը վերջապես «բացվել» է

Հին ձեռագիրը վերջապես «բացվել» է

1970-ին Էյն Գեդիում հայտնաբերված պատառիկ ձեռագիրն անհնար էր կարդալ, սակայն վերջերս եռաչափ սկանավորման շնորհիվ պարզվեց, որ այն պարունակում է «Ղևտական» գրքի մի հատված, որում հանդիպում է Աստծու անունը

1970 ԹՎԱԿԱՆԻՆ հնագետները Իսրայելի Էյն Գեդի բնակավայրում՝ Մեռյալ ծովի արևմտյան ափի մոտակայքում, հայտնաբերեցին մի ածխացած գլանաձև ձեռագիր։ Նրանք այն գտան, երբ պեղումներ էին անում մի սինագոգում, որն այրվել էր հավանաբար մ. թ. վեցերորդ դարում՝ տվյալ գյուղի կործանման ժամանակ։ Ձեռագիրն այնքան վատ վիճակում էր, որ այն հնարավոր չէր կարդալ, նույնիսկ անհնար էր առանց վնասելու բացել այն։ Սակայն վերջերս նոր տեխնոլոգիաների, մասնավորապես եռաչափ սկանավորման շնորհիվ ձեռագիրը, այսպես ասած, «բացվել» է։ Իսկ պատկերների մշակման համար նախատեսված համակարգչային նոր ծրագրի օգնությամբ հաջողվել է վերծանել դրանում գրված տեքստը։

Եվ ի՞նչ է այնտեղ գրված։ Աստվածաշնչից մի հատված։ Ձեռագրի մնացորդը պարունակում է մի քանի համար «Ղևտական» գրքի սկզբնամասից։ Այդ հատվածում հանդիպում է քառագիրը՝ Աստծու անունը՝ գրված եբրայերեն տառերով։ Գտածոն թվագրվում է մ. թ. առաջին դարի երկրորդ կեսից մինչև չորրորդ դարն ընկած ժամանակաշրջանով։ Այսպիսով՝ Կումրանի ձեռագրերից հետո սա մինչ օրս հայտնաբերված ամենահին ձեռագիրն է, որ պարունակում է Աստվածաշնչի եբրայերեն տեքստի հատված։ Ահա թե «Ջերուզալեմ փոստ» պարբերաթերթում ինչ է գրել Գիլ Զոհարը. «Մինչև «Ղևտական» գրքի՝ Էյն Գեդիում հայտնաբերված հատվածի վերծանումը մեր ձեռքի տակ եղած աստվածաշնչյան ամենահին ձեռագրերի միջև մոտ հազար տարվա տարբերություն կար. դրանք Մեռյալ ծովի ձեռագրերն են, որոնք գրվել են մոտ 2 000 տարի առաջ՝ երկրորդ տաճարի ժամանակաշրջանում, և Հալեպի մատյանը, որը ստեղծվել է միջնադարում՝ մ. թ. 10-րդ դարում» (The Jerusalem Post)։ Մասնագետների խոսքով՝ ձեռագրի վերծանված հատվածը ցույց է տալիս, որ Թորայի տեքստը «հազարամյակների ընթացքում հավատարմորեն պահպանվել է, և որ գրագիրների սխալները չեն աղավաղել դրա իմաստը»։