Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին

Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին

«Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ» (2 ԿՈՐՆԹ. 10։5

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Պողոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց օծյալ քրիստոնյաներին։

ՊՈՂՈՍ առաքյալը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմ. 12։2)։ Բայց ինչո՞ւ նա այսպիսի կտրուկ խորհուրդ տվեց այդ տղամարդկանց ու կանանց, որոնք արդեն նվիրված էին Աստծուն և օծված էին սուրբ ոգով (Հռոմ. 1։7

2–3. Սատանան ինչպե՞ս է փորձում մեզ Եհովայի դեմ տրամադրել, բայց ինչպե՞ս կարող ենք մեր միջից արմատախիլ անել սխալ մտածելակերպը։

2 Պողոսը անհանգստացած էր, որովհետև որոշ քրիստոնյաների մտայնության վրա, ըստ ամենայնի, սկսել էր ազդել Սատանայի աշխարհի անառողջ մտածելակերպն ու փիլիսոփայությունը (Եփես. 4։17–19)։ Ցավոք, դա կարող է պատահել նաև մեզնից յուրաքանչյուրին։ Սատանան՝ այս աշխարհի աստվածը, ամեն կերպ ջանում է հեռացնել մեզ Եհովայից և այդ նպատակին հասնելու համար բազմազան հնարքների է դիմում։ Օրինակ, եթե մենք հռչակ կամ բարձր դիրք ունենալու ձգտում ունենք, Սատանան դա կփորձի օգտագործել, որ մեզ հեռացնի Եհովայից։ Նա կարող է նույնիսկ մեր ստացած դաստիարակությունը, կրթությունը և մշակութային առանձնահատկությունները ի շահ իրեն օգտագործել, որ սկսենք իր ուզած ձևով մտածել։

3 Իսկ հնարավո՞ր է արմատախիլ անել այն գաղափարները, որոնք խոր արմատներ են գցել մեր մտքում (2 Կորնթ. 10։4)։ Ահա թե այս մասին ինչ է ասել Պողոս առաքյալը. «Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ, և գերի ենք դարձնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (2 Կորնթ. 10։5)։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք քանդել ցանկացած սխալ տրամաբանություն։ Ճիշտ ինչպես հակաթույնն է չեզոքացնում թույնի ազդեցությունը, այնպես էլ Աստծու Խոսքը կարող է չեզոքացնել Սատանայի աշխարհի թունավոր ազդեցությունը։

ՆՈՐՈԳԻՐ ՄԻՏՔԴ

4. Մեզանից շատերը ի՞նչ փոփոխություններ արեցին, երբ ընդունեցին ճշմարտությունը։

4 Մի պահ մտածիր, թե ինչ փոփոխություններ անելու կարիք եղավ, երբ ընդունեցիր ճշմարտությունը և որոշեցիր նվիրվել Եհովային։ Մեզանից շատերը հրաժարվեցին իրենց նախկին ապրելակերպից և դադարեցին Աստծուն տհաճ գործեր անել (1 Կորնթ. 6։9–11)։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ օգնել է մեզ փոխել մեր մեղավոր ընթացքը։

5. Հռոմեացիներ 12։2-ի համաձայն՝ ի՞նչ երկու բան պետք է անենք։

5 Բայց մենք երբեք չպետք է այդքանով բավարարվենք։ Թեև մաքրվել ենք այն լուրջ մեղքերից, որ նախքան մկրտվելն էինք գործում, այնուամենայնիվ պետք է միշտ զգոն լինենք և հեռու մնանք այն ամենից, ինչը մեր մեջ կարող է նախկին ընթացքին վերադառնալու ցանկություն առաջացնել։ Իսկ ինչպե՞ս զգոնություն պահպանենք։ Պողոսն ասել է. «Այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (Հռոմ. 12։2)։ Մենք պետք է երկու բան անենք։ Առաջին՝ պետք է դադարենք այս աշխարհի կերպարանքն ընդունել, այսինքն՝ այլևս չպետք է թույլ տանք, որ աշխարհը ձևավորի մեզ։ Եվ երկրորդ՝ պետք է վերափոխվենք՝ նորոգելով մեր միտքը, այսինքն՝ փոխելով մեր մտածելակերպը։

6. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից՝ արձանագրված Մատթեոս 12։43–45 համարներում։

6 Պողոսի նշած «վերափոխումը» միայն արտաքուստ երևացող փոփոխություն չէ։ Մենք պետք է մինչև մեր ուղնուծուծը փոխվենք, այսինքն՝ պետք է փոխենք մեր ամենախոր մտքերը, զգացմունքներն ու հակումները (տես « Վերափոխվա՞ծ, թե՞ կերպարանք ընդունած» շրջանակը)։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի. «Ես անունո՞վ եմ դարձել Աստծու ծառա, թե՞ ամբողջ էությամբ»։ Մատթեոս 12։43–45 համարներում Հիսուսը նշել է, թե ինչ է հարկավոր անել (կարդա)։ Այս խոսքերը մի կարևոր ճշմարտություն են ընդգծում. բավական չէ միայն ազատվել սխալ մտքերից, հարկավոր է դրանց տեղը Աստծուն հաճելի մտքերով լցնել։

«ՆՈՐՈԳՎԵՔ՝ ՓՈԽԵԼՈՎ ՁԵՐ ՄԻՏՔԸ ԽԹԱՆՈՂ ՈՒԺԸ»

7. Ինչպե՞ս կարող ենք ներքուստ փոխվել։

7 Հնարավո՞ր է արդյոք փոխել բնավորությունը՝ այն, թե ինչպիսին ենք ներքուստ։ Աստծու Խոսքում գրված է. «Պետք է նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը, ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։23, 24)։ Ուստի, այո՛, մենք կարող ենք ներքուստ փոխվել, թեև դա հեշտ չէ։ Քիչ է պարզապես չտրվել մեղսածին ցանկություններին և սխալ արարքներ չգործել։ Մենք պետք է փոխենք նաև մեր «միտքը խթանող ուժը», ինչը նշանակում է, որ պետք է փոխվեն մեր ցանկությունները, հակումներն ու մղումները։ Եվ սա շարունակական ջանքեր է պահանջում։

8–9. Մեր եղբոր դեպքը ինչպե՞ս է ընդգծում այն միտքը, որ մենք պետք է ներքուստ փոխվենք։

8 Եկեք քննենք մի եղբոր օրինակ, որը անցյալում շատ կռվասեր էր։ Նա հաճախ էր չարաշահում ալկոհոլը և կռվի բռնվում մարդկանց հետ։ Երբ նա վերջ տվեց իր այդ սովորություններին, կարողացավ մկրտվել։ Դա հիանալի վկայություն եղավ իր շրջապատում բնակվողների համար։ Բայց մկրտությունից կարճ ժամանակ անց մի երեկո նա անսպասելի փորձության բախվեց։ Մի հարբած մարդ եկավ նրա տուն և սկսեց կռվի հրահրել նրան։ Սկզբում մեր եղբայրը զսպում էր իրեն։ Բայց երբ այդ մարդը սկսեց Եհովային հայհոյել, նա ափերից դուրս եկավ և ծեծեց այդ մարդուն։ Ո՞րն էր բուն խնդիրը։ Թեև Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ եղբայրը սովորել էր ճնշել բռնություն գործելու իր հակումը, սակայն դեռ լիովին չէր փոխել իր «միտքը խթանող ուժը»։ Այլ կերպ ասած՝ նա ներքուստ չէր փոխվել։

9 Բայց այս եղբայրը չհանձնվեց (Առակ. 24։16)։ Երեցների օգնությամբ նա շարունակեց հոգևորապես աճել։ Եվ ի վերջո այնքան հասունացավ, որ երեց դարձավ։ Ապա մի երեկո հենց Թագավորության սրահի մոտ նա կանգնեց այնպիսի փորձության առաջ, որին բախվել էր իր քրիստոնեական ուղու սկզբում։ Նա տեսավ, որ մի հարբած մարդ քիչ է մնում հարվածի երեցներից մեկին։ Ի՞նչ արեց եղբայրը։ Հանգիստ, մեղմ տոնով սկսեց խոսել այդ մարդու հետ, օգնեց նրան հանդարտվել և նույնիսկ տուն ուղեկցեց, քանի որ վերջինս հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Իսկ ինչո՞ւ եղբայրը այս անգամ բոլորովին այլ կերպ վարվեց։ Քանի որ փոխել էր իր «միտքը խթանող ուժը»։ Ներքուստ նա վերափոխվել էր և դարձել խաղաղարար ու խոնարհ անձնավորություն։ Իր վարքով նա փառք բերեց Եհովային։

10. Ներքուստ փոխվելու համար ի՞նչ է հարկավոր։

10 Այս փոփոխությունները մի օրում չեն լինում, ոչ էլ մեխանիկորեն են կատարվում։ Մենք պետք է տարիներ շարունակ «ամեն ջանք ներդնենք» դրան հասնելու համար (2 Պետ. 1։5)։ Երկար ժամանակ ճշմարտության մեջ լինելը ինքնաբերաբար չի հանգեցնում այդպիսի փոփոխությունների։ Մեզանից մի շարք կարևոր քայլեր են պահանջվում։ Եկեք քննենք դրանցից մի քանիսը։

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ «ՄԻՏՔԸ ԽԹԱՆՈՂ ՈՒԺԸ»

11. Աղոթքն ինչպե՞ս է օգնում, որ փոխենք մեր «միտքը խթանող ուժը»։

11 Առաջին կարևոր քայլը աղոթելն է։ Սաղմոսերգուի պես Եհովային պետք է խնդրենք. «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում» (Սաղ. 51։10)։ Մենք պետք է ընդունենք, որ փոխվելու կարիք ունենք, ու Եհովայից օգնություն խնդրենք։ Իսկ ինչո՞ւ ենք վստահ, որ նա կօգնի։ Մեզ սրտապնդում է Աստծու հետևյալ խոստումը, որը վերաբերում էր Եզեկիելի օրերում ապրող կարծրասիրտ հրեաներին. «Ես նրանց մեկ սիրտ կտամ ու նոր ոգի կդնեմ նրանց մեջ։ Նրանց.... մարմնեղեն [այսինքն՝ հնազանդ] սիրտ կտամ» (Եզեկ. 11։19)։ Եհովան պատրաստ էր օգնել այդ իսրայելացիներին, որ փոխվեին։ Նա մեզ էլ է պատրաստ օգնել։

12–13. ա) Սաղմոս 119։59-ի համաձայն՝ ինչի՞ շուրջ պետք է խորհենք։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

12 Խորհելը մյուս կարևոր բանն է, որ պետք է անենք։ Երբ ամեն օր ուշադրությամբ կարդում ենք Աստծու Խոսքը, պետք է նաև ժամանակ հատկացնենք դրա շուրջ մտորելու համար, որ հասկանանք, թե մեր մեջ ինչը փոխենք (կարդա Սաղմոս 119։59; Եբր. 4։12; Հակ. 1։25)։ Մենք պետք է մեր ներսում հայտնաբերենք այն մտքերն ու զգացմունքները, որոնք թունավորված են աշխարհի փիլիսոփայությամբ։ Պետք է ազնվորեն ընդունենք մեր թուլությունները, ապա ամեն ջանք թափենք, որ ազատվենք դրանցից։

13 Օրինակ՝ հարցրու ինքդ քեզ. «Սրտումս նախանձի հետքեր չկա՞ն» (1 Պետ. 2։1)։ «Իմ ծագման, կրթության կամ ֆինանսական վիճակի պատճառով հպարտության նշույլներ չունե՞մ» (Առակ. 16։5)։ «Վերևից չե՞մ նայում նրանց, ովքեր նյութապես այնքան էլ ապահովված չեն, կամ ովքեր ուրիշ ռասայի են պատկանում» (Հակ. 2։2–4)։ «Ինձ չի՞ գրավում այն, ինչ առաջարկում է Սատանայի աշխարհը» (1 Հովհ. 2։15–17)։ «Ինձ դուր չե՞ն գալիս անբարոյականություն կամ բռնություն պարունակող զվարճությունները» (Սաղ. 97։10; 101։3; Ամոս 5։15)։ Այս անձնական հարցերի պատասխանները կարող են բացահայտել, թե որ բնագավառներում աշխատելու կարիք ունենք։ Քանդելով մեր սրտում եղած «ամրությունները»՝ կհաճեցնենք մեր երկնային Հորը (Սաղ. 19։14

14. Իմաստուն ընկերներ ընտրելը ինչո՞ւ է շատ կարևոր։

14 Իմաստուն ընկերներ ընտրելը երրորդ բանն է, որ պետք է անենք, եթե ուզում ենք վերափոխվել։ Ընդունենք, թե ոչ՝ մեր ընկերները շատ մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա (Առակ. 13։20)։ Աշխատանքի վայրում կամ դպրոցում մեզ հավանաբար շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնք չեն նպաստում, որ Աստծուն հաճելի մտածելակերպ զարգացնենք։ Սակայն մեր ժողովներում հոյակապ մարդիկ կան, որոնք կարող են դառնալ մեր լավագույն ընկերները և «սիրո ու բարի գործերի մղել» մեզ (Եբր. 10։24, 25

«ՀԱՎԱՏԻ ՄԵՋ ՀԱՍՏԱՏՎԱԾ» ԵՂԻՐ

15–16. Սատանան ինչպե՞ս է փորձում աղավաղել մեր մտածելակերպը։

15 Հիշիր. Սատանան նպատակ ունի աղավաղելու մեր մտածելակերպը։ Ուստի նա ցանկացած գաղափար կարող է օգտագործել՝ չեզոքացնելու այն ազդեցությունը, որ մեր մտքի վրա թողել է Աստծու Խոսքը։

16 Օրինակ՝ Եդեմի պարտեզում Բանսարկուն Եվային հարցրեց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ....» (Ծննդ. 3։1)։ Այսօր նա շարունակում է համանման հարցեր տալ։ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում մենք հաճախ ենք այնպիսի վիճահարույց հարցեր լսում, ինչպիսիք են. «Իսկապե՞ս Աստված չի ընդունում համասեռամոլությունը»։ «Իսկապե՞ս Աստված չի ուզում, որ նշես Սուրբ Ծնունդը, Նոր տարին կամ ծննդյանդ տարեդարձը»։ «Իսկապե՞ս Աստված արգելում է արյան փոխներարկումը»։ «Սիրո Աստված իսկապե՞ս չի ցանկանում, որ շփվես ընկերակցությունից զրկված հարազատիդ կամ ընկերոջդ հետ»։

17. Երբ ինչ-որ մեկը փորձում է կասկածներ սերմանել մեր մեջ, ի՞նչ պետք է անենք և, եթե այդպես վարվենք, Կողոսացիներ 2։6, 7 համարների համաձայն՝ ի՞նչ արդյունքի կհասնենք։

17 Մենք պետք է համոզված լինենք մեր հավատալիքների ճշմարտացիության մեջ։ Եթե մեզ տրված վիճելի հարցերի պատասխանները չգտնենք, դրանք լուրջ կասկածների կվերածվեն։ Իսկ այդ կասկածները ի վերջո կարող են աղավաղել մեր մտածելակերպը և քայքայել մեր հավատը։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք։ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է վերափոխել մեր միտքը, «որպեսզի հավաստիանանք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Կանոնավորաբար անձնական ուսումնասիրություններ անելով՝ կհավաստիանանք, որ այն, ինչ սովորել ենք Աստվածաշնչից, ճշմարիտ է։ Բացի այդ, լիովին կհամոզվենք, որ Եհովայի բարձր չափանիշները մեր օգտի համար են։ Արդյունքում հավատի մեջ հաստատված ու արմատացած կլինենք (կարդա Կողոսացիներ 2։6, 7

18. Ի՞նչը կօգնի չեզոքացնել այն թունավոր ազդեցությունը, որ Սատանայի աշխարհը թողնում է մեզ վրա։

18 Քո փոխարեն՝ ուրիշ ոչ ոք չի կարող հավատի մեջ հաստատել քեզ։ Ուստի շարունակիր նորոգվել՝ փոխելով «միտքդ խթանող ուժը»։ Ամեն ժամանակ աղոթիր, որ Եհովան իր սուրբ ոգով օգնի քեզ։ Շատ խորհրդածիր՝ անընդհատ քննելով մտքերդ ու մղումներդ։ Իմաստուն ընկերներ ընտրիր՝ շրջապատելով քեզ այնպիսի մարդկանցով, որոնք կօգնեն քեզ վերափոխել մտածելակերպդ։ Այս ամենն անելով՝ կչեզոքացնես մտքիդ վրա Սատանայի աշխարհի թողած թունավոր ազդեցությունը և կքանդես այն տրամաբանություններն ու խոչընդոտները, որ «կանգնում են Աստծու մասին գիտելիքների առաջ» (2 Կորնթ. 10։5

ԵՐԳ 50 Իմ նվիրման աղոթքը

^ պարբ. 5 Մեր անցյալը, դաստիարակությունը, կրթությունը և մշակույթը լավ կամ վատ ազդեցություն են թողել մեր մտածելակերպի վրա։ Հնարավոր է՝ նույնիսկ նկատենք, որ մեր մեջ որոշ սխալ բաներ արմատացել և դարձել են մեր բնավորության մի մասը։ Այս հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչպես ազատվենք դրանցից։