Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հաղթիր պայքարում. թիրախը քո միտքն է

Հաղթիր պայքարում. թիրախը քո միտքն է

ԴՈՒ հարձակման ես ենթարկվում։ Եվ քո գլխավոր թշնամին քո դեմ շատ վտանգավոր զենք է օգտագործում։ Այդ զենքը պրոպագանդան է։ Այն հատուկ ստեղծված է՝ խոցելու ոչ թե մարմինդ, այլ միտքդ։

Պողոս առաքյալը զգուշանում էր սատանայական պրոպագանդայի վտանգավոր ազդեցությունից։ Սակայն ոչ բոլոր քրիստոնյաներն էին այդպես վարվում։ Օրինակ՝ որոշ կորնթացիներ, ըստ երևույթին, չափազանց ինքնավստահ էին դարձել՝ կարծելով, թե այնքան ամուր են հավատի մեջ, որ երբեք չեն ընկնի (1 Կորնթ. 10։12)։ Այդ պատճառով Պողոսը նրանց զգուշացրեց. «Վախենում եմ, որ, ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային հրապուրեց, այնպես էլ ձեր մտքերը ապականվեն՝ հեռանալով այն անկեղծությունից ու մաքրությունից, որ պետք է ունենաք Քրիստոսի առաջ» (2 Կորնթ. 11։3

Պողոսի խոր անհանգստությունը ցույց է տալիս, որ չպետք է չափազանց ինքնավստահ լինել։ Եթե ուզում ես հաղթել այս պայքարում, պետք է գիտակցես, թե որքան վտանգավոր է պրոպագանդան, և պաշտպանվես դրանից։

ՈՐՔԱ՞Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ

Ի՞նչ է պրոպագանդան։ Այս համատեքստում, պրոպագանդա ասելով, հասկանում ենք ոչ օբյեկտիվ կամ մոլորեցնող տեղեկությունների օգտագործում՝ մարդկանց մտածելակերպի և գործելակերպի վրա ազդելու նպատակով։ Ոմանց կարծիքով՝ պրոպագանդան նույնն է, ինչ «սուտը, փաստերի խեղաթյուրումը, մանիպուլյացիան, մտքի կառավարումը [և] հոգեբանական պատերազմը»։ Նրանք այն համարում են «անբարո, վնասակար և անազնիվ մարտավարություն» (Propaganda and Persuasion)։

Որքա՞ն վտանգավոր է պրոպագանդան։ Անտեսանելի, անհոտ թունավոր գազի պես այն աննկատ տարածվում է և թափանցում մեր գիտակցության մեջ։ Հնարավոր է՝ պրոպագանդայի ազդեցությունը ակնհայտ չլինի, ուստի վարքագծի մասնագետ Վանս Փակարդը ասում է. «Մեզանից շատերը ենթարկվում են [դրա] ազդեցությանը և հմտորեն ղեկավարվում են։ Դա տեղի է ունենում շատ ավելի մեծ չափով, քան մենք գիտակցում ենք»։ Իսկ մի գիտնական նշում է, որ պրոպագանդայի ազդեցությանը ենթարկվելով՝ մարդիկ «հեշտությամբ մղվել են անհեթեթ և վտանգավոր վարքագիծ դրսևորելու»։ Դրա օրինակներից են «ցեղասպանությունը, պատերազմը, ռասիստական հիստերիան, կրոնական անհանդուրժողականությունը և իռացիոնալ վարքագծի այլ ձևեր» (Easily Led—A History of Propaganda)։

Ինչ խոսք, եթե պրոպագանդայի միջոցով մեզ կարող են խաբել մարդիկ, ապա որքան ավելի Սատանան է ունակ այդպես անելու։ Մարդու ստեղծվելուց ի վեր Սատանան ուսումնասիրել է նրա վարքագիծը։ Ամբողջ աշխարհը նրա իշխանության տակ է։ Իր ստերը տարածելու համար նա կարող է օգտագործել աշխարհի մաս կազմող ցանկացած բան (1 Հովհ. 5։19; Հովհ. 8։44)։ Սատանան այնքան արդյունավետորեն է կուրացնում մարդկանց մտքերը, որ այսօր նրան հաջողվում է «մոլորեցնել ողջ երկիրը» (2 Կորնթ. 4։4; Հայտն. 12։9)։ Ինչպե՞ս կարող ես դիմակայել նրա պրոպագանդային։

ԱՄՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուսը մի պարզ կանոն տվեց, թե ինչպես պայքարենք պրոպագանդայի դեմ։ Նա ասաց. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։31, 32)։ Բայց քանի որ հաճախ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, մարտի դաշտում կռվող զինվորի պես դու պետք է հավաստի, արժանահավատ տեղեկություններ ունենաս, որպեսզի թշնամուն թույլ չտաս ազդել քո մտքի վրա և մոլորեցնել քեզ։ Եհովան տրամադրել է այդ տեղեկությունները։ Աստվածաշնչի էջերում կարող ես գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Սատանայի պրոպագանդայի դեմ պայքարելու համար (2 Տիմոթ. 3։16, 17

Սատանան՝ որպես մեծ պրոպագանդիստ, անկասկած գիտի սա։ Ուստի նա օգտագործում է այս աշխարհը, որպեսզի մեզ հետ պահի Աստվածաշունչն ընթերցելուց և ուսումնասիրելուց։ Մի՛ դարձիր նրա նենգությունների զոհը (Եփես. 6։11)։ Ձգտիր «լիովին ըմբռնել» ճշմարտությունը (Եփես. 3։18)։ Ճիշտ է, դրա համար ջանքեր են պահանջվում, սակայն հիշիր գրող Նոեմ Խոմսկու խոսքերը. «Ոչ ոք ճշմարտությունը չի ներարկի քո մեջ։ Դա մի բան է, որ դու ինքդ պետք է գտնես»։ Ուստի ճշմարտությունը «ինքդ գտիր». ջանասիրաբար փնտրիր այն՝ «ամեն օր ուշադիր քննելով Սուրբ Գրքերը» (Գործ. 17։11

Որպեսզի հաղթես պայքարում, պետք է գիտակցես, թե որքան վտանգավոր է պրոպագանդան, և պաշտպանվես դրանից

Մի՛ մոռացիր, որ Սատանան չի ուզում՝ առողջ դատես ու տրամաբանես։ Ինչո՞ւ։ Որովհետև, ինչպես մի աղբյուրում է նշվում, պրոպագանդան, «ամենայն հավանականությամբ, մեծ արդյունքների կհասնի այն դեպքում, եթե մարդիկ.... չխրախուսվեն ստացած տեղեկությունները քննության ենթարկել» (Media and Society in the Twentieth Century)։ Ուստի լսածդ բաներին երբեք կուրորեն մի՛ հավատա (Առակ. 14։15)։ Գործի դիր մտածելու և տրամաբանելու աստվածատուր կարողությունդ, որպեսզի ճշմարտությունը քոնը դարձնես (Առակ. 2։10–15; Հռոմ. 12։1, 2

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԹՇՆԱՄՈՒ՝ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԻՐԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ռազմագետները կարող են պրոպագանդան օգտագործել հակառակորդի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասաբար ազդելու և մարտական ոգին թուլացնելու համար։ Նրանք կարող են մյուս կողմի զինվորների միջև կռիվ գցել կամ էլ մոլորեցնել նրանց, որ առանձնանան հիմնական զորքից։ Մի գերմանացի գեներալի խոսքերով՝ Առաջին համաշխարհային պատերազմում իրենց կրած պարտության պատճառներից մեկը այն էր, որ «հակառակորդը պրոպագանդայի միջոցով հիպնոսացրել էր [մարդկանց], ինչպես օձն է հիպնոսացնում ճագարին»։ Բաժանելու և տիրելու համար Սատանան նման հնարքներ է օգտագործում։ Օրինակ՝ նա փորձում է վեճեր առաջացնել Աստծու ծառաների միջև կամ մղել նրանց, որ մեկուսանան Եհովայի կազմակերպությունից՝ վիրավորվելով ինչ-որ բանից կամ մտածելով, թե անարդարություն է տեղի ունեցել։

Մի՛ խաբվիր։ Թող Աստծու Խոսքը առաջնորդի քեզ։ Օրինակ՝ միասնությունը պահպանելու համար Աստվածաշունչը հորդորում է շարունակ «մեծահոգաբար ներել միմյանց» և արագ լուծել խնդիրները (Կող. 3։13, 14; Մատթ. 5։23, 24)։ Այն զգուշացնում է, որ չմեկուսանանք ժողովից (Առակ. 18։1)։ Ուստի ստուգիր, թե որքանով ես պաշտպանված Սատանայի պրոպագանդայից։ Ինքդ քեզ հարցրու. «Վերջին անգամ, երբ նման իրավիճակի եմ բախվել, ի՞նչն է ներգործել իմ մտածելակերպի վրա՝ աշխարհի՞ ոգին, թե՞ Աստծու ոգին» (Գաղ. 5։16–26; Եփես. 2։2, 3

ՄԻ՛ ԹՈՒԼԱՑՐՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԴ

Այն զինվորը, որի հավատարմությունը իր ղեկավարի հանդեպ թուլանում է, լավ չի կռվի։ Ուստի պրոպագանդիստները փորձում են անվստահություն առաջացնել զինվորի ու նրա հրամանատարի միջև։ Նրանք կարող են զինվորների մեջ այսպիսի մտքեր սերմանել. «Դուք չեք կարող վստահել ձեր ղեկավարներին» և «Թույլ մի՛ տվեք, որ նրանք ձեզ կործանման տանեն»։ Որպեսզի իրենց ասածը ծանրակշիռ լինի, նրանք կարող են խորամանկորեն շահարկել հրամանատարների գործած սխալները։ Սատանան նույն ձևով է վարվում։ Նա ջանք ու եռանդ չի խնայում, որ թուլացնի վստահությունդ նրանց հանդեպ, ում Եհովան օգտագործում է իր ժողովրդին առաջնորդելու համար։

Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել։ Վճռիր կառչած մնալ Եհովայի կազմակերպությանը և հավատարմորեն աջակցել նրանց, ում նա օգտագործում է մեզ առաջնորդելու համար, նույնիսկ երբ տեսնում ես նրանց անկատարությունը (1 Թեսաղ. 5։12, 13)։ Զգույշ եղիր, որ «իսկույն չկորցնես քո առողջ դատողությունը», երբ ենթարկվես հավատուրացների կամ ուրիշ խաբեբաների հարձակումներին, ինչքան էլ որ նրանց ասածը ճշմարտացի թվա (2 Թեսաղ. 2։2; Տիտոս 1։10)։ Հետևիր երիտասարդ Տիմոթեոսին տրված խորհրդին. կառչիր քո իմացած ճշմարտությանը և հիշիր, թե որտեղից ես այն իմացել (2 Տիմոթ. 3։14, 15)։ Անշուշտ, բազմաթիվ հիմքեր կան վստահելու հավատարիմ և իմաստուն ծառային, ում Եհովան գրեթե հարյուր տարի է՝ օգտագործում է ճշմարտության ճանապարհով մեզ տանելու համար (Մատթ. 24։45–47; Եբր. 13։7, 17

ՎԱԽՈՎ ՄԻ՛ ԲՌՆՎԻՐ

Սատանայի պրոպագանդան միշտ չէ, որ մեղմ է։ Երբեմն նա ահաբեկման մարտավարություն է գործի դնում՝ «պրոպագանդայի հնագույն ձևերից մեկը» (Easily Led—A History of Propaganda)։ Օրինակ՝ ասորեստանցիները, ինչպես գրել է բրիտանացի պատմաբան Ֆիլիպ Թեյլորը, իրենց թշնամիներին տիրելու համար «պրոպագանդայի հետ մեկտեղ ահաբեկման քաղաքականություն» էին վարում։ Եթե վախենաս մարդկանցից, հալածանքից, մահից և ցանկացած այլ բանից, Սատանան կօգտագործի քո վախը, որպեսզի քեզ տիրի և հետ պահի Եհովային ծառայելուց (Ես. 8։12; Երեմ. 42։11; Եբր. 2։15

Թույլ մի՛ տուր, որ Սատանան վախի միջոցով թուլացնի մարտական ոգիդ կամ անհավատարմության դրդի։ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել» (Ղուկ. 12։4)։ Լիովին վստահ եղիր, որ Եհովան կպահի իր խոստումը և կհոգա քո մասին. կտա «սովորականին գերազանցող ուժը», կօգնի դիմակայել քեզ ահաբեկելու և հպատակեցնելու փորձերին (2 Կորնթ. 4։7–9; 1 Պետ. 3։14

Ինչ խոսք, հնարավոր է՝ լինեն իրավիճակներ, որոնք գուցե վախեցնեն ու թուլացնեն քեզ։ Սակայն միշտ հիշիր Եհովայի քաջալերական խոսքերը, որ նա ասաց Հեսուին. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։9)։ Եթե անհանգստություններ ունենաս, անմիջապես աղոթիր Եհովային՝ ասելով քո մտահոգությունների մասին։ Եվ վստահ եղիր, որ Աստծու խաղաղությունը կպահպանի քո սիրտն ու միտքը, որպեսզի ուժ ունենաս դիմակայելու Սատանայի պրոպագանդային (Փիլիպ. 4։6, 7, 13

Հիշո՞ւմ ես, թե Աստծու ժողովրդի դեմ ինչ պրոպագանդա կիրառեց Ասորեստանի ներկայացուցիչը՝ ռաբսակը։ Նա, ըստ էության, ասաց, որ ոչինչ և ոչ ոք նրանց չի կարող պաշտպանել Ասորեստանից, նույնիսկ նրանց Աստված Եհովան։ Ապա հանդգնորեն հայտարարեց, թե Եհովան է իրենց ուղարկել՝ ավերելու իսրայելացիների երկիրը։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա իր ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցիր քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները վիրավորեցին ինձ» (2 Թագ. 18։22–25; 19։6)։ Աստված ուղարկեց իր հրեշտակին, որը մի գիշերվա ընթացքում 185 000 ասորեստանցու սպանեց (2 Թագ. 19։35

ԻՄԱՍՏՈՒՆ ԵՂԻՐ. ՄԻՇՏ ԼՍԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

Եղե՞լ է, որ ֆիլմ դիտելիս տեսել ես, թե ինչպես են խաբում և մոլորեցնում ֆիլմի հերոսներից մեկին։ Այդ պահին ցանկացե՞լ ես ասել նրան. «Մի՛ հավատա։ Քեզ խաբում են»։ Իսկ հիմա պատկերացրու, որ հրեշտակներն են նույն բանը ասում քեզ՝ գոչելով. «Մի՛ խաբվիր։ Սատանան ստում է քեզ»։

Այո՛, փակիր ականջներդ, որ չլսես Սատանայի պրոպագանդան (Առակ. 26։24, 25)։ Լսիր Եհովային և ամեն ինչում վստահիր նրան (Առակ. 3։5–7)։ Հետևիր քո սիրառատ Հոր կոչին. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու» (Առակ. 27։11)։ Այդ դեպքում կհաղթես մտքիդ դեմ մղվող պայքարում։