Անցնել բովանդակությանը

Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը

Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը չի հայտնում, թե Աստված երբ սկսեց տիեզերքի արարումը, կամ որքան դա տևեց։ Այն պարզապես նշում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշունչը նաև չի մանրամասնում, թե «սկիզբը» երբ է եղել։ Սակայն ըստ «Ծննդոց» գրքում արձանագրված դեպքերի հաջորդականության՝ դա արարչագործական 6 ժամանակահատվածներից կամ «օրերից» առաջ էր։

 Արդյո՞ք արարչագործական 6 օրերը բառացի 24-ժամանոց օրեր են

 Ո՛չ։ Աստվածաշնչում «օր» բառը, կախված համատեքստից, օգտագործվում է տարբեր տևողության ժամանակահատվածներ մատնանշելու համար։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքի արձանագրության մի հատվածում արարչագործության ողջ տևողության մասին խոսվում է որպես մեկ օրվա (Ծննդոց 2։4

 Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործական 6 օրերի ընթացքում

 Աստված «անձև ու դատարկ» երկիրը բնակելի մոլորակ դարձրեց (Ծննդոց 1:2)։ Այնուհետև նա կյանք ստեղծեց երկրի վրա։ Աստվածաշունչը 6 խումբ իրադարձությունների մասին է նշում, որոնք տեղի ունեցան արարչագործական օրերի կամ ժամանակաշրջանների ընթացքում։

  •  Օր 1։ Աստված այնպես արեց, որ լույսը հասնի երկրի մակերևույթ, և ցերեկն ու գիշերը սկսեն հաջորդել իրար (Ծննդոց 1:3–5):

  •  Օր 2: Աստված տարածություն ստեղծեց երկրի ջրային մակերևույթի և երկրից վեր գտնվող ջրային շերտի միջև (Ծննդոց 1:6–8):

  •  Օր 3: Աստված այնպես արեց, որ ցամաքը երևա։ Նա նաև ստեղծեց բուսականությունը (Ծննդոց 1:9–13

  •  Օր 4: Աստված երկրի մակերևույթից տեսանելի դարձրեց արևը, լուսինը և աստղերը որպես առանձին լուսատուներ (Ծննդոց 1:14–19):

  •  Օր 5: Աստված ստեղծեց ջրային կենդանիներին և թռչող արարածներին (Ծննդոց 1:20–23):

  •  Օր 6: Աստված ստեղծեց ցամաքային կենդանիներին և մարդկանց (Ծննդոց 1:24–31):

 Վեցերորդ օրվա ավարտից հետո Աստված հանգստացավ կամ դադարեց արարելուց (Ծննդոց 2:1, 2):

 Արդյո՞ք «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ է գիտական տեսանկյունից

 Աշխարհի արարման մասին աստվածաշնչյան արձանագրությունը մանրամասն գիտական վերլուծություն չէ։ Այն այնպես է նկարագրում արարչագործությունը, որ նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդիկ կարող էին առանց դժվարության հասկանալ արարչագործական փուլերի հաջորդականությունը։ Արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը չի հակասում գիտական փաստերին։ Աստղաֆիզիկոս Ռոբերտ Յաստրովը գրում է. «Թեև մանրամասների հարցում տարբերություն կա Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի և աստղագետների տեսության միջև, սակայն հիմնական հարցերում նրանք ներդաշնակ են. իրադարձությունների շղթան, որի արդյունքում առաջացել է մարդը, սկսել է հանկարծակի, ժամանակի ինչ-որ պահի»։

 Ե՞րբ են ստեղծվել արևը, լուսինը և աստղերը

 Արևը, լուսինը և աստղերը արդեն գոյություն ունեին երկնքում, որը ստեղծվել էր «սկզբում» (Ծննդոց 1:1)։ Սակայն մթնոլորտի խիտ շերտի պատճառով դրանց լույսը չէր հասնում երկրի մակերևույթ (Ծննդոց 1:2)։ Թեև առաջին օրը լույսը տեսանելի դարձավ, սակայն լույսի աղբյուրը դեռ չէր նշմարվում։ Ըստ ամենայնի, չորրորդ օրը մթնոլորտը մաքրվեց։ Աստվածաշնչում կարդում ենք, որ արևը, լուսինը և աստղերը սկսեցին «երկիրը լուսավորել», ինչն ակներևաբար ներկայացված է երկրի վրա գտնվողի տեսանկյունից (Ծննդոց 1:17):

 Ըստ Աստվածաշնչի՝ քանի՞ տարեկան է Երկիրը

 Երկրի տարիքի առնչությամբ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում։ Ծննդոց 1։1-ում պարզապես ասվում է, որ տիեզերքը, այդ թվում մեր մոլորակը, սկիզբ են ունեցել։ Այս պնդումը չի հակասում ո՛չ հիմնավորված գիտական փաստերին, ո՛չ էլ երկրի տարիքի վերաբերյալ գիտնականների հաշվարկներին։