Անցնել բովանդակությանը

Կոլոմյաժսկիի համաժողովի սրահը Սանկտ Պետերբուրգում

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են Եհովայի վկաների համաժողովների սրահը

Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են Եհովայի վկաների համաժողովների սրահը

2017թ. դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները ներխուժել են Սանկտ Պետերբուրգում Եհովայի վկաների Կոլոմյաժսկիի համաժողովների սրահ, շղթայել շինությունը և գույքի նկատմամբ վերահսկողությունը վերցրել իրենց ձեռքը։ Ներխուժման ժամանակ սրահում գտնվող ոչ մի Եհովայի վկա չի տուժել, և գույքը չի վնասվել։

Ռուս իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներխուժումը։ Պատկերը՝ տեսանկարահանող սարքից

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վերաքննիչ պալատի 2017թ. հուլիսի 17-ի որոշումից հետո համաժողովների սրահը ամենամեծ գույքն է, որը Ռուսաստանի իշխանությունները բռնագրավել են Եհովայի վկաներից։ Գերագույն դատարանի որոշմամբ պետք է լուծարվեն Ռուսաստանում Եհովայի վկաների բոլոր իրավաբանական անձինք, արգելվի նրանց գործունեությունը և բռնագրավվի նրանց պատկանող գույքը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները համաժողովի սրահում

Համաժողովների սրահը ունի 1500 նստատեղ և օգտագործվում էր մեծ կրոնական հանդիպումների համար, իսկ 2002թ. վերանորոգումից հետո այն օգտագործվում էր նաև տեղի ժողովների հանդիպումների համար։ Վկաների փաստաբանները տեղեկացել են, որ իշխանությունները համաժողովի սրահի նկատմամբ սեփականության իրավունքը վերագրանցել են Ռուսաստանի Դաշնության անունով։ Գույքի նոր սեփականատերը մոտակայքում գտնվող բժշկական կենտրոնն է, որն արդեն նոր ցուցանակ է փակցրել դարպասին։

Իշխանությունները գույքի բռնագրավմանը ձեռնամուխ եղան մի վճռի հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ անց, որով որոշում էր կայացվել բռնագրավել Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Վկաների կողմից օգտագործվող գույքը, որը նրանք օգտագործում էին որպես վարչական կենտրոն։ Այդ վճռով անվավեր ճանաչվեց Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնի և Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) միջև կնքված 17 տարվա պայմանագիրը։ Եթե վերաքննիչ ատյանն էլ բավարարի այս վճռի դեմ բերված բողոքը, ապա դրանով Ռուսաստանի իշխանությունները կարող են անարգել բռնագրավել այդ գույքը, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող ցանկացած գույք, որը ձեռք են բերել Վկաների՝ այլ երկրներում գտնվող իրավաբանական անձինք։

Եհովայի վկաները Ռուսաստանի կառավարության գործողությունները դիտում են որպես կրոնական անհանդուրժողականության կոպիտ դրսևորում, ինչը նրանց զրկում է ոչ միայն կրոնական ազատության իրավունքից, այլև իրենց գույքից, որի մեծ մասը ձեռք է բերվել և վերանորոգվել է համեստ միջոցներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների կողմից։ Վկաները շարունակում են օգտվել կառավարության գործողությունները վիճարկելու բոլոր հնարավոր միջոցներից, այդ թվում գանգատներ են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով։