Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2018
ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես Հայաստանը ճանաչեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Ինչպես Հայաստանը ճանաչեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից վերջերս կայացված վճիռը ևս մեկ դրական զարգացում էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդների իրավունքները պաշտպանելու հարցում։ 2017թ. հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով նախադեպ սահմանեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդներին առաջարկվող այլընտրանքային ծառայության բնույթի վերաբերյալ։

Տարիներ շարունակ ՄԻԵԴ-ը չէր ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, որի հետևանքով շատերին հետապնդում և ազատազրկում էին։ Սակայն Դատարանի դիրքորոշումը փոխվեց 2011թ.՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» վճռում, որում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվեց հիմնարար իրավունք։ ՄԻԵԴ-ի կողմից վերջերս կայացված «Ադյանի» գործով վճռում սահմանվում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պետք է հնարավորություն տրվի կատարել այնպիսի այլընտրանքային ծառայություն, որը բնույթով իսկապես քաղաքացիական է և պատժիչ չէ։

Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչման համառոտ պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են այդ իրավունքը պաշտպանելու վերաբերյալ «Բայաթյանի», «Ադյանի» և այլոց գործերով ՄԻԵԴ-ի վճիռները հանգեցրել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ կառավարության վերաբերմունքի կտրուկ փոփոխությանը։

Չիրականացած խոստումից մինչև քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն

Այլընտրանքի փոխարեն պատիժ։ Երբ 2001թ.-ին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին, պարտավորվեց ընդունել եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք, մասնավորապես՝ քաղաքացիական բնույթի աշխատանք կատարելու հնարավորություն, որը չի վերահսկվի զինվորական մարմինների կողմից, և ծառայության տևողությունը պատժիչ բնույթ չի կրի։ Նաև պարտավորվեց ներում շնորհել բոլոր խղճի կալանավորներին։ * Սակայն Հայաստանը դեռ չէր իրականացրել իր այս խոստումը, երբ Վահան Բայաթյանը, ով Եհովայի վկա է և համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում էր զինծառայությունից, զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ։ 2002թ.-ին նրան դատապարտեցին և ազատազրկեցին, քանի որ նա հրաժարվեց կատարել զինվորական ծառայություն, իսկ Հայաստանը քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն չուներ։ 2003թ.-ին պրն Բայաթյանը դիմեց ՄԻԵԴ՝ խնդրելով ճանաչել, որ Հայաստանը ոտնահարել է կրոնի և խղճի ազատության իր իրավունքը՝ իրեն դատապարտելով ազատազրկման։

Չհաջողված այլընտրանք, այնուհետև պատիժ։ 2004թ.-ին Հայաստանը ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենք, և մի խումբ Վկա երիտասարդներ ընդունեցին զինծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն կատարելու տարբերակը։ Սակայն այդ ծառայությանն անցնելուն պես նրանք հասկացան, որ այն վերահսկվում է ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական մարմինների կողմից, ուստի տեղեկացնելով այդ մասին՝ նրանք լքեցին իրենց ծառայության վայրը։ Այդ քայլի համար նրանց ձերբակալեցին և հետապնդեցին, իսկ ոմանց դատապարտեցին ազատազրկման։ 2006թ. մայիսին Հայկ Խաչատրյանը և 18 այլ Վկաներ, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում էին զինծառայությունից, գանգատ ներկայացրին ՄԻԵԴ՝ նշելով, որ ապօրինի հետապնդման պատճառով ոտնահարվել են իրենց իրավունքները։ *

Տարիներ շարունակ ոչ մի առաջընթաց։ Տարիներ շարունակ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկել այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Ուստի Վկաները շարունակում էին մերժել թերի այլընտրանքային ծառայությունը, իսկ Հայաստանը շարունակում էր ազատազրկել նրանց։ 2004թ.-ից (երբ ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը) մինչև 2013թ. (երբ փոփոխություն մտցվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքում) 317 Վկա դատապարտվեց 24–36 ամսվա ազատազրկման։

Այդ ընթացքում այս հարցի հետ կապված ՄԻԵԴ-ի դիրքորոշման մեջ զգալի առաջընթաց չկար։ 2009թ.-ին Դատարանը քննեց պրն Բայաթյանի գանգատը, որում նշվում էր, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ինչը երաշխավորում է խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Սակայն ՄԻԵԴ-ը պարտավոր էր հիմնվել իր տասնամյակների նախադեպային իրավունքի վրա։ Այն շարունակում էր պատճառաբանել, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, թե ոչ։ Եթե երկիրը որոշում էր չճանաչել այդ իրավունքը, ապա 9-րդ հոդվածը չէր կարող կիրառվել զինծառայությունից հրաժարվելու իրավունքը երաշխավորելու համար։ Քանի որ Դատարանի այս դիրքորոշումը չէր համապատասխանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մասին ընդունված միջազգային նորմերին, պրն Բայաթյանի փաստաբանները գործը կրկին քննելու համար դիմեցին ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։

«Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատական նիստը ՄԻԵԴ-ի Մեծ պալատում (նոյեմբերի 24, 2010թ.)

Բեկումնային զարգացում։ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից պրն Բայաթյանի գանգատի քննությունը շրջադարձային եղավ։ 2011թ. հուլիսի 7-ին ՄԻԵԴ-ը առաջին անգամ հստակ նշեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Այն պատճառաբանեց, որ Կոնվենցիան «կենդանի գործիք» է, որը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել մշակվող օրենքը, որը հանգեցրել է «Եվրոպայում և դրա սահմաններից դուրս տվյալ խնդրի վերաբերյալ.... գրեթե մեկ ընդհանրական մոտեցման»: Մեծ պալատի վճռով ոչ միայն կարևորվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը Եվրոպայում, այլև այն պարտավորեցրեց Հայաստանին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին տրամադրել իսկական այլընտրանք։

«Զինվորական ծառայությունից հրաժարվելը, եթե դա պայմանավորված է եղել բանակում ծառայելու պարտականության ու անձի խղճի կամ խորը և իրական կրոնական կամ այլ համոզմունքների միջև լուրջ և ծանրակշիռ հակասությամբ հանգեցնում է համոզմունքի կամ հավատքի բավարար հիմնավորվածության, լրջության, հետևողականության և կարևորության՝ 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ներգրավման համար» («Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ [ՄՊ], թիվ 23459/03, պարբ. 110, ՄԻԵԴ 2011):

Հայաստանը փոփոխություն է մտցնում այլընտրանքային ծառայության մասին օրենքում

Չկար քաղաքացիական բնույթի իսկական այլընտրանքային ծառայություն։ 2011թ. ամռանը Հայաստանում չորս Վկաներ, այդ թվում՝ Արթուր Ադյանը դատապարտվեցին ազատազրկման այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ինչը զինվորական մարմինների հսկողության տակ էր։ Նրանք գանգատ ներկայացրին ՄԻԵԴ՝ նշելով, որ Հայաստանը ոտնահարել է իրենց իրավունքները, քանի որ այն այլընտրանքը, որը Հայաստանը առաջարկում էր սկսած 2004թ.-ից, ներդաշնակ չէ եվրոպական չափանիշներին և անհամատեղելի է իրենց համոզմունքներին։

Այլընտրանքային ծառայության նկատմամբ զինվորական վերահսկողության խնդիրը մնում է չլուծված։ 2012թ. նոյեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը վերաբերում էր 19 Վկաների, ովքեր լքել էին այլընտրանքային ծառայության վայրը, քանի որ այն զինվորական վերահսկողության տակ էր, ոչ թե քաղաքացիական։ ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Վկաների հետապնդումն ու դատապարտումը անօրինական էր։ Թեև վճռում նշվում էր, որ դիմումատուների գանգատը վերաբերում էր այն բանին, որ այլընտրանքային ծառայությունը զինվորական վերահսկողության տակ էր, սակայն այդ հարցի հետ կապված Դատարանը «Խաչատրյանի» գործով չարտահայտեց իր դիրքորոշումը։

Իսկական այլընտրանք։ 2013թ. ամռանը Հայաստանի կառավարությունը փոփոխություն մտցրեց իր օրենսդրության մեջ, որպեսզի տրամադրի քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչը խոստացել էր անել դեռ 2001թ.-ին։ 2013թ. հոկտեմբերին Հայաստանի բանտերում գտնվող Վկաների մեծ մասը ազատ արձակվեց, սակայն որոշ Վկաներ, որոնց պատժի ժամկետը մոտենում էր ավարտին, նախընտրեցին մինչև վերջ կրել սահմանված պատիժը։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները հնարավորություն ունեն կատարելու քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի դրական զարգացում

«Բայաթյանի» և «Խաչատրյանի» գործերով իր վճիռներում ՄԻԵԴ-ը հստակ սահմանեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հիմնարար իրավունք է և պետք է ճանաչվի Հայաստանի կառավարության կողմից։ Սակայն ՄԻԵԴ-ը իր վճռով չհստակեցրեց, որ այլընտրանքային ծառայությունը չպետք է լինի զինվորական հսկողության կամ վերահսկողության տակ։

Այդ բացը լրացվեց, երբ 2017թ. հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճիռը։ «Ադյանի» գործում ՄԻԵԴ-ը նշեց, որ Հայաստանը պարտավոր էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին առաջարկել եվրոպական չափանիշներին համապատասխան ընդունելի այլընտրանք, քանի որ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանված է։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը պետք է զինվորական հսկողությունից և վերահսկողությունից դուրս լինի և չի կարող պատժիչ բնույթ կրել։ ՄԻԵԴ-ը փոխհատուցում սահմանեց զինծառայությունից հրաժարվելու հետևանքով այդ երիտասարդների կրած պատժի դիմաց։

«Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը երևակայական բնույթ կկրեր, եթե պետությանը հնարավորություն տրվեր այլընտրանքային ծառայության իր համակարգը կազմակերպելու և իրականացնելու այնպիսի եղանակով, որով օրենքով կամ գործնականում չէր առաջարկվի զինվորական ծառայությանն այնպիսի այլընտրանք, որն իրականում կկրեր քաղաքացիական բնույթ և չէր ունենա արժանապատվությունը նվաստացնող կամ պատժիչ բնույթ» («Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ, թիվ 75604/11, պարբ. 67, ՄԻԵԴ 2017):

Հարցի լուծում

2018թ. հունվարի դրությամբ Հայաստանում արդեն 161 Վկա երիտասարդներ ավարտել են այլընտրանքային ծառայությունը, իսկ 105 Վկաներ այժմ կատարում են այդ ծառայությունը։ Թե՛ Վկաները, թե՛ այդ ծառայությունը վերահսկող մարմինները, այն համարում են հաջողված։ Այն իսկապես ծառայում է հանրության շահերին և ընդունելի է այն անձանց համար, ովքեր ցանկանում են զինծառայության փոխարեն կատարել այլընտրանքային ծառայություն։ Դրանով նաև վերջ է դրվում մարդու իրավունքների հետ կապված այն խնդիրներին, որոնք կային Հայաստանում։

Հայաստանում Վկաներին ներկայացնող փաստաբաններից մեկը՝ Անդրե Կարբոնոն, գնահատանքով արտահայտվեց կառավարության կողմից հարցը լուծելու համար ձեռնարկված քայլերի մասին։ Նա ասաց. «Հետևելով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներին՝ տեսել ենք, թե 2011թ.-ին «Բայաթյանի» գործով վճռից հետո ինչպես է այս հարցը աստիճանաբար լուծում ստացել։ «Խաչատրյանի» և «Ադյանի» գործերով վճիռները հիմնովին պաշտպանեցին առանց զինվորական մարմինների միջամտության այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու իրավունքը։ Հույս ունենք, որ այն երկրները, որոնք չունեն իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, կօգտվեն Հայաստանի փորձից և հաջողությամբ կիրառության մեջ կդնեն համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար ընդունելի և հանրության համար օգտակար այլընտրանքային ծառայությունը»։

Երկրներ, որոնք ունեն պարտադիր զինվորական ծառայություն և չունեն ընդունելի այլընտրանքային քաղաքացիական ծառայություն

 

Չունեն այլընտրանքային ծառայություն

Այլընտրանքային ծառայությունը պատժիչ է

Այլընտրանքային ծառայության մասին օրենք կա, սակայն չի կիրառվում

Ադրբեջան

 

 

X

Բելառուս

 

X

 

Էրիթրեա

X

 

 

Լիտվա

X *

 

 

Սինգապուր

X

 

 

Հարավային Կորեա

X

 

 

Տաջիկստան

 

 

X

Թուրքիա

X

 

 

Թուրքմենստան

X

 

 

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 12, 2017

    ՄԻԵԴ-ը հրապարակեց «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

  2. Հունվար, 2014

    Վկաների առաջին խումբը անցավ այլընտրանքային աշխատանքային ծառայություն

  3. Նոյեմբերի 12, 2013

    Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ կալանավայրում չկար ոչ մի Վկա խղճի կալանավոր

  4. Հունիսի 8, 2013

    Հայաստանը փոփոխություններ մտցրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ մտան 2013թ. հոկտեմբերին

  5. Նոյեմբերի 27, 2012

    ՄԻԵԴ-ը հրապարակեց «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

  6. Հունվարի 10, 2012

    ՄԻԵԴ-ը «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով արտահայտեց այն նույն դիրքորոշումը, որն արտահայտել էր «Բայաթյանի» գործով՝ սահմանելով, որ Հայաստանը, Վկաներին ազատազրկելով, խախտել է 9-րդ հոդվածը

  7. Հուլիսի 7, 2011

    ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սահմանեց, որ խախտվել է խղճի ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված)՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործում ձայների 16 կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

  8. Հոկտեմբերի 27, 2009

    ՄԻԵԴ-ը հրապարակեց «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ սահմանելով, որ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը կիրառելի չէ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների պարագայում. գործն ուղարկվեց ՄԻԵԴ-ի Մեծ պալատ

  9. 2004

    Հայաստանը ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենք, որը զինվորական մարմինների վերահսկողության տակ էր

  10. 2001

    Հայաստանը պարտավորվեց այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունել

^ պարբ. 6 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 (2000) կարծիքում նշվում էր, որ Հայաստանը հրավիրվում է անդամակցել Եվրոպայի խորհրդին այն պայմանով, որ ստանձնելու է հետևյալ պարտավորությունները.... «Անդամակցության երեք տարիների ընթացքում ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք և միևնույն ժամանակ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց՝ նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև, այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»։

^ պարբ. 7 Հայաստանի կողմից 19 Վկաների հետապնդումն ու կալանավորումը անօրինական էր, քանի որ երբ 2005թ.-ին նրանց դատապարտեցին, Հայաստանում չկար օրենք, որով այլընտրանքային ծառայության վայրը լքելը քրեականացվեր։

^ պարբ. 39 Լիտվայում «այլընտրանքային ազգային պաշտպանության ծառայությունը» գտնվում է զինվորական մարմինների հսկողության և վերահսկողության տակ։