Անցնել բովանդակությանը

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 135-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 135-րդ դասարանի ավարտական ծրագիրը

2013թ. սեպտեմբերի 14-ին մոտ 10500 մարդ ունկնդրեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 135-րդ դասարանի ավարտական ծրագիրը, որն անցկացվում էր Պատերսոնում՝ Եհովայի վկաների կրթական կենտրոնում (Նյու Յորք)։ Այս դպրոցում կրթվում են փորձառու Եհովայի վկաներ, որպեսզի պատրաստ լինեն ավելի արդյունավետորեն ծառայելու իրենց նշանակումներում։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը, ով նաև ծրագրի նախագահողն էր, իր բացման խոսքը սկսեց՝ մեջբերելով Մատթեոս 28:19, 20 համարները. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»։

Եղբայր Փիրսը ցույց տվեց, որ Հիսուսի այս խոսքերը շղթայական ռեակցիայի պես մի բանի սկիզբ դրեցին, որը շարունակվում է առայսօր։ Օրինակ՝ երբ մենք աշակերտներ ենք պատրաստում, սովորեցնում ենք մարդկանց հետևել Հիսուսի բոլոր պատվերներին, որոնցից է նաև Թագավորության բարի լուրը քարոզելու պատվերը (Մատթեոս 24:14)։ Եվ այսպես նոր աշակերտները դառնում են քարոզիչներ ու Թագավորության ուսուցիչներ։ Ի՞նչ է լինում արդյունքում։ «[Աշխարհի] բնակչության ավելանալուն զուգահեռ ավելանում է նաև Աստծու ժողովուրդը»,— ասաց եղբայր Փիրսը։

«Նրանք իրենց կարողությունից ավելին արեցին»։ Թոմաս Չիկին՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, իր ելույթը հիմնեց 2 Կորնթացիներ 8:1–4 համարների վրա։ Նա նշեց, որ առաջին դարում Մակեդոնիայի ժողովները, չնայած իրենց ծայրահեղ աղքատ վիճակին, խնդրեցին, նույնիսկ աղաչեցին, որ իրենց հնարավորություն տրվի օգնել Երուսաղեմի եղբայրներին, ովքեր կարիքի մեջ էին։ «Գաղաադի» ուսանողները առատաձեռնության և անձնազոհության նման ոգի են դրսևորում։

Սակայն վստահ կարող ենք ասել, որ մակեդոնացիները նաև խոհեմ էին, և այնպիսի առատաձեռնություն չէին դրսևորում, որը կվնասեր իրենց ընտանիքին կամ Աստծուն մատուցվող երկրպագությանը։ Եղբայր Չիկին հորդորեց ուսանողներին ընդօրինակել մակեդոնացիներին՝ տալու մեջ լինել հավասարակշռված։

«Դպրոցը ավարտեցիք»։ Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը խոսեց այն մասին, թե ինչու պետք է ուսանողները միշտ հիշեն «Գաղաադում» անցկացրած օրերը։ Ինչպես առավոտյան լսած հաճելի մեղեդին, որ օրվա ընթացքում անընդհատ հնչում է մարդու մտքում, այնպես էլ դպրոցի թողած անգին հուշերը կարող են երկար տարիներ մնալ ուսանողների հոգում։

Եղբայր Հերդը հիշեցրեց, որ Աստված անսահման հիշողություն ունի։ Նա անուններ է տվել միլիարդավոր աստղերին ու երբեք չի մոռանում նրանցից և ոչ մեկին (Սաղմոս 147:4)։ Ուստի առավել քան համոզված ենք, որ նա հիշում է դպրոցում ուսանողների այն բոլոր ջանքերը, որ ներդրել են երկնքում «գանձեր դիզելու» համար, և ոչ ոք չի կարող Եհովայի մտքից ջնջել նրանց (Մատթեոս 6:20

Քանի որ Աստված հիշում է ուսանողների ներդրած ջանքերը և նրանց սերը իր հանդեպ, ուսանողներն էլ կարող են անմար պահել այն հուշերը, որ «Գաղաադը» թողել է իրենց կյանքում։ «Երբ այս դպրոցի հուշերը լուսավորեն ձեր օրը,— ասաց եղբայր Հերդը,— չմոռանաք շնորհակալություն հայտնել Նրան, ով պարգևել է այդ երջանիկ պահերը ձեզ։ Դպրոցի տված գիտելիքները և ձեր տպավորությունները անգնահատելի օգուտներ կբերեն»։

«Թող Եհովայի աննկարագրելի զորությունը սատարի ձեզ»։ «Գաղաադի» ուսուցիչ Սեմ Ռոբերսոնը քաջալերեց ուսանողներին, որ նոր դժվարությունների հանդիպելիս ոչ թե փորձեն իրենց ուժերով հաղթահարել դրանք, այլ ապավինեն Եհովայի զորությանը։ Եփեսացիներ 3:20-ում ասվում է, որ Աստված «կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում»։ Մենք չենք կարող պատկերացնել անգամ, թե որքան զորեղ է նա, քանի որ «կարող է շատ ավելին անել, քան.... մտածում ենք»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ նրա զորությունն իրոք աներևակայելի է։

Եհովան պատրաստ է իր զորությամբ սատարել յուրաքանչյուր քրիստոնյայի։ Նա մեզ հետ է «ինչպես ուժեղ և ահարկու մի ռազմիկ» (Երեմիա 20:11)։ Եղբայր Ռոբերսոնը հիշեցրեց ուսանողներին, որ Եհովայի օգնությամբ նրանք կարող են հաղթահարել ցանկացած խնդիր կամ խոչընդոտ։

«Պահիր արժանապատվությունդ որպես Թագավորության քարոզիչ»։ Ուիլյամ Սեմյուելսոնը, ով նույնպես «Գաղաադի» ուսուցիչ է, ասաց, որ «Գաղաադի» ուսանողները՝ որպես Թագավորության քարոզիչներ, պատվի են արժանի երկու բանի համար։ Նրանք պատվի են արժանի այն ամենի համար, ինչ արել են մինչ այստեղ սովորելը և սովորելու ընթացքում, ու ապագայում դեռ կարժանանան, քանի որ ներկայացնում են տիեզերքի բարձրագույն կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը։

Ինչպե՞ս կարող են ուսանողները պահել իրենց արժանապատվությունը։ Եղբայրը հորդորեց նրանց փառքը ուղղել Եհովային և հարգել բոլորին, ինչպես Հիսուսն էր արժանապատվությամբ վերաբերվում իր շրջապատի մարդկանց, նույնիսկ նրանց, ում ստիպված էր ուղղել և խրատել։ Ի՞նչ կլինի այդպիսի մտայնության արդյունքը։ Պողոս առաքյալի պես՝ ուսանողները ավելի մեծ արժանապատվություն կունենան և կփառավորեն ծառայությունը, եթե իրենց փառքը չփնտրեն (Հռոմեացիներ 11:13

«Ձիերի իշխանությունը իրենց բերաններում է»։ Մայքլ Բարնետը՝ «Գաղաադի» մեկ այլ ուսուցիչ, ցույց տվեց, թե ինչպես ենք նպաստում Հայտնություն 9։19-ի մարգարեության կատարմանը, երբ ժողովի հանդիպումների ժամանակ սովորում ենք քարոզել իշխանություն ունեցողի պես։ Ելույթի ժամանակ եղավ հարցազրույց ուսանողների հետ։ Նրանք նաև ցուցադրեցին «Գաղաադում» սովորելիս ծառայության ժամանակ իրենց հետ պատահած դեպքեր։ Օրինակ՝ սովորողներից մեկը կարողացել էր բենզալցակայանում աշխատողի մոտ հետաքրքրություն առաջացնել՝ տալով հետևյալ հարցը. «Ե՞րբ է սկսվել ու ավարտվել ազգերին հատկացված ժամանակը» (Ղուկաս 21:24)։ Հաջորդ այցելության ժամանակ նա օգնել է այդ տղամարդուն գտնել հարցի պատասխանը՝ օգտվելով «Դանիել» գրքի 4-րդ գլխից և «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հավելվածից։

«Նրանց սիրտը ամրապնդվեց»։ ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ադրիան Ֆերնանդեսը հարցազրույց անցկացրեց երկու շրջանավարտ զույգերի հետ։ Եղբայր Հելջ Շումին նշեց, որ Աստվածաշնչում գրված է Աստծու որոշ ծառաների մասին, ովքեր հատուկ առանձնաշնորհումներ ստանալուց հետո ժամանակի ընթացքում հպարտացել են, ուստի դասընթացների ժամանակ հաճախ է խոսվում և խորհուրդ տրվում խոնարհ մնալ (2 Տարեգրություն 26:16)։ Իսկ եղբայր Պիտեր Քանինգը նշեց մեկ այլ իմաստուն խորհրդի մասին՝ կապված տեղի լեզուն սովորելու հետ. «Մի՛ եղեք հպարտ։ Մի՛ վախեցեք ծիծաղելի լինելուց»։ Չորս շրջանավարտներն էլ խոսեցին, թե ինչպես է դասընթացը զորացրել և ամրապնդել իրենց սիրտը առաջիկա ծառայության համար, և հայտնեցին իրենց խորին երախտագիտությունը (Եբրայեցիներ 13:9

«Ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10:20)։ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը։ Ի տարբերություն «Գաղաադ» դպրոցի նախկին շրջանավարտների, այս շրջանավարտներից շատերը չեն շատերը չեն ուղարկվի չնշանակված տարածքներում քարոզելու և նրանց հետ չեն պատահի այնպիսի դեպքեր, որոնք լինում են այդպիսի վայրերում քարոզելիս։ Պե՞տք է արդյոք տխրեին շրջանավարտները։

Երբ Հիսուսի 70 աշակերտները վերադարձան իրենց ծառայությունից, մեծ ոգևորությամբ հայտնեցին նրան, որ կարողացել են իր անունով դևեր հանել (Ղուկաս 10:1, 17)։ Հիսուսը թեև գիտեր, որ նման արդյունքը ոգևորիչ է, սակայն ասաց. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10:20)։ Նա ուզում էր ասել, որ ամեն օր չէ, որ ոգևորիչ դեպքեր կլինեին նրանց հետ, ուստի նրանք պետք է կենտրոնանային ոչ թե իրենց ծառայության արդյունքների, այլ այն բանի վրա, որ հավատարիմ են Եհովային և իրենց «անունները գրված են երկնքում»։

«Այն, ինչ Հիսուսն ասաց իր 70 աշակերտներին, վերաբերում է նաև մեզ»,— ասաց եղբայր Ջեքսոնը։ Այո՛, մենք չպետք է թույլ տանք, որ մեր ծառայության արդյունքները լինեն մեր ուրախության միակ պատճառը կամ որ դրանով չափենք մեր հավատարմությունը։ Իրականում, մենք ուրախություն ենք ստանում և փաստում ենք մեր հավատարմությունը՝ Եհովայի հետ մեր լավ փոխհարաբերությունները պահպանելով և եռանդորեն նրան ծառայելով։

Հիսուսի կյանքում տեղի են ունեցել դեպքեր, որոնք կարող էին վհատեցնել իրեն։ Օրինակ՝ Հիսուսը հրաշքով հազարավոր մարդկանց կերակրեց, որից հետո նրանք սկսեցին հետևել իրեն (Հովհաննես 6:10–14, 22–24)։ Բայց կարճ ժամանակ անց շատերը գայթակղվեցին Հիսուսի խոսքերից, ու դեպի նա հորդացող աշակերտների մեծ հոսքը վերածվեց ցրվող ամբոխի (Հովհաննես 6:48–56, 60, 61, 66)։ Սակայն հավատարիմ առաքյալները վճռեցին մնալ Հիսուսի հետ։ Նրանք լավ օրինակ են թողել՝ կենտրոնանալով ոչ միայն արդյունքի վրա, այլ իրենց հավատարմության և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա (Հովհաննես 6:67–69

Ծրագրի եզրափակիչ մասը։ Ուսանողները ստացան իրենց դիպլոմները, որից հետո նրանցից մեկը կարդաց շրջանավարտների շնորհակալական նամակը։ Եղբայր Փիրսը ծրագիրը ամփոփեց՝ նշելով, որ Աստծու ժողովուրդը, այդ թվում «Գաղաադի» շրջանավարտները աշխարհի համար առանձնահատուկ մարդիկ չեն (Գործեր 4:13; 1 Կորնթացիներ 1:27–31)։ Այդուհանդերձ Եհովան ընդունում է մեր նվիրված ծառայությունը և տալիս է մեզ իր սուրբ ոգին։ Մեր ստացած կրթությունը չի կարող տպավորել նրան, սակայն ինչպես ասաց եղբայր Փիրսը՝ «Նրան տպավորում է մեր նվիրվածությունը և հավատարմությունը»։