Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Մշակութային կազմակերպություն, որը սովորեցնում էր աստվածաշնչյան ճշմարտությունը

Մշակութային կազմակերպություն, որը սովորեցնում էր աստվածաշնչյան ճշմարտությունը

 Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողները, որոնք հետագայում հայտնի դարձան Եհովայի վկաներ անունով, առաջին անգամ սկսեցին կազմակերպված ձևով քարոզել Մեքսիկայի հյուրասեր ժողովրդին 1917 թ.-ին։ Հաջորդող տասնամյակների ընթացքում հարյուրավոր անկեղծ մարդիկ դարձան Աստծու ճշմարիտ երկրպագուներ։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմին Մեքսիկայի կառավարությունը խնդիրներ ստեղծեց մեր քարոզչական տարածքների և երկրպագության վայրերի հետ կապված։

 Այդ ժամանակ Մեքսիկայի օրենքում նշվում էր, որ հանրային երկրպագության բոլոր գործողությունները պետք է տեղի ունենային պետությանը պատկանող շինություններում։ Դա խնդիր էր, քանի որ մեր համաժողովները անցկացվում էին հանրային վայրերում, մեր շաբաթական հանդիպումները հաճախ տեղի էին ունենում Եհովայի վկաների տներում, իսկ քարոզչությունը իրականցվում էր փողոցներում և տնետուն։

 Պետության օրենքին հնազանդվելու համար 1943 թ.-ին մենք գրանցվեցինք որպես քաղաքացիական, շահույթ չհետապնդող մշակութային կազմակերպություն, որը հասարակության բարօրությանը նպաստող կրթություն էր տրամադրում։ Գրանցումը ապահովեց մեր իրավունքները որպես մշակութային կազմակերպություն, ոչ թե կրոնական։ Արդյունքում մենք ազատվեցինք մեր գործունեությունը պետությանը պատկանող շինություններում ծավալելու սահմանափակումից։

 Մեր գործունեությունը ներառում էր մշակութային և կրթական բնույթի ծրագրեր։ Ուստի մենք լիովին համապատասխանում էինք քաղաքացիական և մշակութային կազմակերպությունների վերաբերյալ պետության իրավական պահանջներին (Հռոմեացիներ 13։1)։ Բայց իհարկե մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնելու մեր ցանկությունը անփոփոխ էր մնում (Եսայիա 48։17, 18)։ Շուտով պարզ դարձավ, որ Եհովան օրհնում է մեր ջանքերը։ Դա հետագա ահռելի աճի հիմք հանդիսացավ, ինչպես հաստատում են մերօրյա Վկաներից շատերը։

Փոխում ենք ծառայության մեջ մեր մոտեցումը

 Մեքսիկայում մեր գլխավոր գործը միշտ էլ եղել է Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելը։ Սակայն Պողոս առաքյալի պես՝ մենք հանգամանքներին ընդառաջ փոխեցինք ծառայության մեջ մեր մոտեցումը (1 Կորնթացիներ 9։20-23)։ Օրինակ՝ Պողոսը Արեոպագոսում աթենացի տղամարդկանց հետ խոսելիս Սուրբ Գրքերից ուղիղ մեջբերումներ չարեց (Գործեր 17։22-31)։ Նմանապես քարոզելիս մենք մեզ հետ Աստվածաշունչ չէինք վերցնում և մարդկանց հետ զրույց սկսելիս Աստծու Խոսքին հղում չէինք անում։

Վկաները առանց Աստվածաշնչերի մասնակցում են քարոզչական գործին (1945 թ.)

 «Մենք ներկայանում էինք որպես մշակութային և կրթական ընկերության ներկայացուցիչներ,— հիշում է Իզաբելը։— Ես հաճախ մարդկանց ուշադրությունը հրավիրում էի «Արթնացե՛ք»-ի այն հոդվածների վրա, որոնք անմիջական կապ չունեին աստվածաշնչյան թեմաների հետ»։ Իսկ երբ բնակիչը հետաքրքրվում էր հոգևոր թեմաներով, մենք նրան պատմում էինք աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ավրորան նշում է. «Քանի որ մեզ հետ Աստվածաշունչ չէինք տանում, պետք է բազմաթիվ համարներ անգիր սովորեինք»։ Բնակիչներին նաև դուր էր գալիս, երբ օգտվում էինք Աստվածաշնչի իրենց օրինակից։

Պաշտպանում ենք տնետուն ծառայելու մեր իրավունքը

 Մենք պատրաստ էինք պատասխան տալ ցանկացած մարդու, ով կհարցներ, թե արդյոք իրավունք ունենք ծավալելու մեր գործունեությունը (Փիլիպպեցիներ 1։7)։ Կառավարության կողմից տրամադրված հատուկ փաստաթղթերը մեծ օգնություն էին։ a «Մենք միշտ մեզ հետ վերցնում էինք ներքին գործերի նախարարության քարտուղարի կողմից ստորագրված նույնականացման քարտը»,— հիշում է Մարիան։ Իսկ Սամուելը ասում է. «Երբ պետական մարմինների ներկայացուցիչները կանգնեցնում էին մեզ ու հարցնում, թե ինչով ենք զբաղված, նրանց ցույց էինք տալիս մեր քարտը»։

 Նույնականացման քարտի շնորհիվ մենք հաղթահարեցինք հակառակության ալիքը։ Օրինակ՝ Խեսուսը, ով ծառայում էր Խալիսկո նահանգում, ասում է. «1974 թ.-ին քահանայի առաջնորդությամբ մի խառնամբոխ ինձ ու մի Եհովայի վկա զույգի տարավ տեղի իշխանությունների մոտ՝ նպատակ ունենալով կանգնեցնել մեր գործը։ Մենք ցույց տվեցինք մեր նույնականացման քարտերը, ու բոլորը հանդարտվեցին։ Իրավական աջակցություն ստանալուց հետո մենք շարունակեցինք օգնել այդ տարածքում ապրող հետաքրքրվողներին։ Այսօր այդ քաղաքում մի քանի ժողովներ բեղուն գործունեություն են ծավալում»։

Աստվածաշնչի ուսումնասիրության և գրաճանաչության դասընթացներ

 Լինելով կրթությանը զարկ տվող քաղաքացիական կազմակերպություն՝ մենք հասարակությանը առաջարկում էինք գրաճանաչության անվճար դասընթացներ։ b «Դա շատ ժամանակահարմար նախաձեռնություն էր,— ասում է Արիելը։— Այդ տարիներին շատ էին այն մարդիկ, որոնք դպրոց չէին գնացել, բայց Աստվածաշունչ կարդալու մեծ ցանկություն ունեին։ Նրանց գրել-կարդալ էինք սովորեցնում, և կարճ ժամանակ անց շատերը սկսում էին մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել»։

 Հռութը հիշում է. «Հենց մեր ուսումնասիրողները տառաճանաչ էին դառնում, նրանց այլևս ոչինչ չէր կարող կանգնեցնել։ Գրել-կարդալ իմանալը նրանց բավարարվածության և ուրախության զգացումով էր լցնում։ Մենք ականատես եղանք դրան հաջորդած հոգևոր մեծ առաջընթացին»։

 Եհովայի վկաները գրանցված էին որպես քաղաքացիական և մշակութային կազմակերպություն 1943-1993 թթ.։ Այդ ընթացքում մենք ավելի քան 127 000 հոգու օգնեցինք տառաճանաչ դառնալ , իսկ ավելի քան 37 000-ի՝ բարելավել գրել-կարդալու իրենց հմտությունը։ Գրաճանաչության բնագավառում մեր ներդրած ջանքերի համար մենք բազմիցս արժանանում էինք պետական պաշտոնյաների գովասանքին (Հռոմեացիներ 13։3)։ Օրինակ՝ 2010 թ.-ին մեզ հատուկ պատվոգիր շնորհվեց «տասնամյակներ շարունակ գրաճանաչության ոլորտում նվիրական աշխատանքի և Մեխիկոյի նահանգում ու առհասարակ ողջ երկրում հազարավոր մեքսիկացիների կյանքը բարելավելու հարցում ներդրման համար»։

Մեր հանդիպումները

 Հաշվի առնելով մեր իրավական գրանցման տեսակը՝ հանդիպումների վայրերին դասասենյակների տեսք էինք տալիս և կոչում մշակութային դասընթացների սրահներ։ Այնտեղ էինք անցկացնում ժողովի հանդիպումները և տառաճանաչության դասերը։

 Անխելը հիշում է. «Այդ սրահները հաճախ մեր եղբայրների տներում էին, ընդ որում նրանցից շատերը սուղ միջոցներ ունեին։ Նրանք միշտ հիացնում էին ինձ. պատրաստ էին իրենց տանը ապրել մի քանի քառակուսի մետրի վրա, իսկ մնացածը տրամադրել ժողովի հանդիպումներին»։

 Այդպիսի զոհողությունների կարիքը մեծ էր։ Անխելը ժողովի հանդիպումների վերաբերյալ հետևյալն է նշում. «Երբեմն ներկաների թիվն այնքան մեծ էր լինում, որ մեզանից շատերը դրսում էին կանգնում։ Պետք է պատուհաններից գլուխներս առաջ բերեինք, որպեսզի մեկնաբանություն տայինք։ Բայց մենք միշտ վայելում էինք հանդիպումները»։

 Խնդիրներից խուսափելու համար հանդիպումներին ո՛չ երգում էինք, ո՛չ բարձրաձայն աղոթում։ Էդմունդոն պատմում է. «Մշակութային ելույթի ժամանակ, որն այժմ հանրային ելույթ է կոչվում, հռետորներն ընդգծում էին աստվածաշնչյան խորհուրդների գործնական կողմը, ինչն օգնում էր ունկնդիրներին բարելավել մշակութային արժեքները և կյանքը»։ Ժամանակի ընթացքում մենք նույնիսկ դադարեցինք օգտագործել աստվածաշնչյան գրքերի անունները։ Այդ դեպքում ունկնդիրներն ինչպե՞ս էին հասկանում, թե հռետորը որտեղից էր մեջբերում անում։ Մանուելը բացատրում է. «Օրինակ՝ Հայտնություն 21։3, 4-ի փոխարեն ասում էինք՝ գիրք 66, 21, 3 և 4»։ Մոյսես անունով մի Վկա էլ ավելացնում է. «Դա նշանակում էր, որ համարները գտնելու համար պետք է հիշեինք, թե աստվածաշնչյան որ գիրքը որ համարի տակ է գտնվում»։

Դասեր՝ Մեքսիկայի մեր պատմության էջերից

 Ընդհանուր առմամբ մեր կազմակերպությունը Մեքսիկայում գործում էր նույն ձևով, ինչ աշխարհի այլ մասերում։ Չնայած մեր երկրպագության վրա դրված սահմանափակումներին՝ Եհովայի օրհնությունն ակնհայտ էր։ Երբ 1943 թ.-ին գրանցվեցինք որպես քաղաքացիական կազմակերպություն, Մեքսիկայում 1 565 քարոզիչ կար։ Մենք որպես կրոն պետական գրանցում ստացանք 1993 թ.-ին։ Այդ տարի քարոզիչների միջին թիվը հասավ 366 177-ի։ Այս մեծաթիվ քարոզիչները ավելի բուռն աճի նպաստեցին։ 2021 թ.-ին Մեքսիկայում քարոզիչների միջին թիվը հասավ 864 633-ի։ Ի՞նչ դասեր ենք սովորում մեր պատմության այս էջերից։

 Հարմարվել, երբ խոչընդոտներ են լինում։ Դրա շնորհիվ Մեքսիկայում մեր գործունեությունը իրավաբանորեն ճանաչված եղավ 50 տարի շարունակ։ Մարիոն ասում է. «Երբեմն մտածում էի՝ ինչո՞ւ չենք կարող Եհովային պաշտել այն նույն ձևով, ինչ այլ երկրներում։ Սակայն երբեք չէիր լսի, որ ինչ-որ մեկը հարցականի տակ դներ կազմակերպության տրամադրած առաջնորդությունը։ Մենք երբեք չէինք կասկածում, որ Եհովան է առաջնորդում իր ժողովրդին։ Ուստի ամեն հարցում հնազանդ էինք»։

 Կենտրոնանալ Եհովայի գործի վրա։ «Մենք այնքան զբաղված էինք աշակերտ պատրաստելու գործով, որ ուրիշ բաների մասին շատ չէինք մտահոգվում,— պատմում է Գվադելուպը։— Եհովային ծառայելը արդեն իսկ երջանկացնում էր մեզ։ Դա ամենակարևոր բանն էր մեզ համար»։

 Մտերիմ մնալ հավատակիցների հետ։ «Այն, ինչ չէինք կարողանում անել մշակութային դասընթացների սրահում, օրինակ՝ Թագավորության երգեր երգելը, անում էինք մեր տներում,— հիշում է Անիտան։— Մենք շատ միասնական էինք և հաճախակի էինք ժամանակ անցկացնում իրար հետ։ Մեր հավաքույթների ժամանակ միշտ կարևորություն էինք տալիս հոգևոր թեմաներ քննարկելուն»։

 Ֆլորենտինոն ամփոփում է այդ ժամանակաշրջանի հետ կապված հուշերը՝ ասելով. «Հետ նայելով՝ համոզվում եմ, որ տեղի ունեցած ամեն բան իր ժամանակն ու տեղը ուներ և այս կամ այն կերպով մեր օգտին ծառայեց։ Հստակ է, որ չնայած հակառակությանը՝ այդ ողջ ընթացքում Եհովան էր առաջնորդում գործը»։

a Նման քարտ պահանջելը միայն անձը հաստատելու նպատակով էր արվում։ Աստվածաշնչում չի նշվում, որ քրիստոնյաները ճշմարտությունը իրենց հարևանությամբ ապրողներին պատմելու համար պետք է իրավական թույլտվություն ստանան։ Վերջին ժամանակներում Եհովայի վկաները որպես կանոն նման փաստաթուղթ կամ գրանցում ձեռք չեն բերում։

b Ըստ պաշտոնական տվյալների՝ 1940-ականներին և 1950-ականներին Մեքսիկայի բնակչության մոտ կեսը գրաճանաչ չէր։

Վկա ընտանիքներ՝ Մեքսիկայի Չիուաուա նահանգում՝ քրիստոնեական հանդիպումների անցկացման վայրի դիմաց։ Ցուցանակին իսպաներենով գրված է. «Մշակութային դասընթացների սրահ» (1952 թ.)։

Մի խումբ Վկաներ՝ Մեխիկոյի մասնաճյուղի դիմաց։ Ցուցանակին իսպաներենով գրված է. «Դիտարան. քաղաքացիական կազմակերպություն» (1947 թ.)։

Երկու վկաներ իսպաներեն «Դիտարան» են առաջարկում Մեքսիկայի Հիդալգո նահանգի գյուղական վայրերից մեկում (1959 թ.)։

Վկաները պետության կողմից հաստատված նույնականացման քարտերը անհրաժեշտության դեպքում ցույց էին տալիս քարոզչության ժամանակ։

2010 թ.-ին Մեքսիկայի կրթության նախարարության քարտուղարը Եհովայի վկաներին պատվոգիր շնորհեց մարդկանց գրել-կարդալ սովորեցնելու հարցում իրենց ներդրած ջանքերի համար։

Որպես մշակութային կազմակերպություն Վկաների ունեցած իրավական կարգավիճակը հնարավորություն էր տալիս խոշոր հանդիպումներ անցկացնել, ինչպես օրինակ՝ այս միջազգային մշակութային համաժողովը (1969 թ.)։