Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԽԵՍՈՒՍ ՄԱՐՏԻՆ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ամենածանր պահին Եհովան փրկեց ինձ»

«Ամենածանր պահին Եհովան փրկեց ինձ»

Ծնվել եմ Մադրիդում 1936 թ.-ին։ Իմ սերնդի իսպանացիներից ոչ ոք այդ տարին մոռանալ չէր կարող. Իսպանիայում բռնկվել էր դաժան քաղաքացիական պատերազմը:

 Մոտ երեք տարի տևած պատերազմը ավերեց Իսպանիան՝ շատերին թողնելով ֆիզիկական և էմոցիոնալ սպիներով, և հայրս բացառություն չէր։ Նա միշտ անկեղծորեն հավատացել է Աստծուն, բայց տեսնելով կաթոլիկ քահանաների ներգրավվածությունը պատերազմում՝ խիստ հիասթափվել էր։ Նա որոշել էր, որ ես և եղբայրս չենք մկրտվի ու դառնա կաթոլիկներ:

Ֆրանցիսկո Ֆրանկոն ամուր դաշինք ուներ կաթոլիկ եկեղեցու հետ

 1950 թ.-ին մեր դուռը թակեցին երկու Եհովայի վկաներ։ Հայրս լսեց նրանց և համաձայնեց ամեն շաբաթ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան պատանի էի, որի տարերքը ֆուտբոլն էր։ Հայրս փորձում էր ստիպել, որ կարդամ այն հրատարակությունները, որոնք Վկաները թողել էին իրեն, բայց ես չէի ուզում։ Մի օր՝ ֆուտբոլ խաղալուց հետո՝ կեսօրին, վերադարձա տուն ու մորս հարցրի. «Մա՛մ, Աստվածաշնչի այդ ուսուցիչները նորից այստե՞ղ են»։ Մայրս ասաց. «Այո՛, նրանք ճաշասենյակում են, հորդ հետ»։ Ու ես նորից վազեցի փողոց։

 Աստվածաշնչյան ուսմունքների հանդեպ իմ հակակրանքը երբեք չի վհատեցրել հորս։ Իրականում նա այնքան շատ էր սիրում իր սովորած ճշմարտությունները, որ 1953 թ.-ին մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Այս իրադարձությունը շարժեց իմ հետաքրքրությունը, ու սկսեցի շատ հարցեր տալ հորս։ Նույնիսկ խնդրեցի, որ ինձ Աստվածաշունչ տա։ Նա կազմակերպեց, որ Մասիմո Մուրսիա անունով մի Վկա երիտասարդ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։ Երկու տարի անց՝ 19 տարեկանում, մկրտվեցի Մադրիդի արևելքում գտնվող Խարամա գետում։

Քարոզչական գործը Ֆրանկոյի բռնապետության տարիներին

 1950-ականներին քարոզելն ու միասին հավաքվելը դժվար էր։ Իսպանիան կառավարում էր բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Նա ցանկանում էր, որ Իսպանիայում միայն կաթոլիկներ լինեն, ուստի ոստիկանները հաճախ էին հետապնդում Եհովայի վկաներին։ Մենք հավաքվում էինք տներում և հատուկ քայլեր էինք ձեռնարկում, որ հարևաններին կասկածների տեղիք չտանք, և նրանք ոստիկանություն չհայտնեն։ Մենք նաև հնարավորինս զգուշորեն մասնակցում էինք տնետուն ծառայությանը. պատահական թակում էինք երկու կամ երեք դուռ, ապա արագ գնում մեկ այլ թաղամաս։ Շատերն էին լսում մեր քարոզած լուրը, բայց ոչ բոլորն էին դրական արձագանքում։

Ֆ. Ֆրանցը ելույթ է ունենում գաղտնի համաժողովներից մեկում

 Հիշում եմ՝ մի օր դռան մոտ հանդիպեցի մի կաթոլիկ քահանայի: Երբ ես բացատրեցի մեր այցելության նպատակը, նա հարցրեց. «Ո՞վ է ձեզ լիազորել նման բան անելու: Գիտե՞ք, որ կարող եմ ոստիկանություն հաղորդում տալ»։ Ես ասացի, որ մենք պատրաստ ենք դրան, և ավելացրի. «Հիսուս Քրիստոսի թշնամիները փորձեցին նրան ձերբակալել։ Խելամիտ չի՞ լինի ակնկալել, որ նրա հետևորդները նույնպես նման վերաբերմունքի կարժանանան»: Իմ պատասխանից վրդովված՝ քահանան ներս մտավ, որ ոստիկանություն զանգի։ Ավելորդ է նշել, թե ես ինչ արագությամբ դուրս եկա շենքից։

 Չնայած նման բացասական դեպքերին՝ Իսպանիայի փոքրաթիվ քարոզիչները կարծում էին, որ երկիրը հասունացել է հոգևոր հնձի համար։ 1956 թ. փետրվարին, երբ ես դեռ 19 տարեկան էի, նշանակվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա: a Ռահվիրաներից շատերս երիտասարդ էինք և անփորձ, սակայն մի քանի միսիոներների շնորհիվ ստացանք մեզ անհրաժեշտ ուսուցումն ու աջակցությունը: Մեկ այլ երիտասարդ ռահվիրայի հետ ինձ նշանակեցին ծառայելու Ալիկանտե քաղաքում, որտեղ քարոզչական գործ դեռ չէր ծավալվել։ Մի քանի ամսվա ընթացքում մենք Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցինք և հարյուրավոր հրատարակություններ տարածեցինք։

 Բնականաբար, մեր գործունեությունը աննկատ չմնաց։ Ընդամենը մի քանի ամիս անց ոստիկանությունը ձերբակալեց մեզ և առգրավեց մեր Աստվածաշնչերը։ Մեզ 33 օր պահեցին բանտում, որից հետո տեղափոխեցին Մադրիդ, որտեղ և ազատ արձակեցին։ Այդ կարճատև բանտարկությունը գալիք իրադարձությունների սկիզբն էր:

Սկսվում են ծանր ժամանակները

 21 տարեկանում զորակոչվեցի բանակ։ Ստիպված էի ներկայանալ Նադորի զորանոց։ Այն ժամանակ այդ քաղաքը գտնվում էր հյուսիսային Մարոկկոյի իսպանական պրոտեկտորատի կազմում։ Այնտեղ՝ գլխավոր լեյտենանտի առաջ, ես հարգանքով ներկայացրի իմ դիրքորոշումը։ Ասացի, որ չեմ ծառայելու բանակում և չեմ հագնելու նրանց համազգեստը։ Դրանից հետո ռազմական ոստիկանությունն ինձ տեղափոխեց Ռոստրոգորդոյի բանտ (Մելիլյա)՝ սպասելու զինվորական դատարանի վճռին:

Ռոստրոգորդոյի բանտը (Մելիլյա)

 Նախքան իմ դատը, Մարոկկոյում մի իսպանացի հրամանատար որոշեց, որ բանակը ինձ խելք կսովորեցնի: Արդյունքում ինձ անպատվեցին, 20 րոպե մտրակեցին և ոտքերով հարվածեցին, ու ես գրեթե անգիտակից վիճակում ընկա գետնին։ Կապիտանը, որը դեռ գոհ չէր արդյունքից, իր զինվորական կոշիկներով սկսեց հարվածել գլխիս և կանգ առավ միայն այն ժամանակ, երբ սկսեցի արյունահոսել։ Հետո ինձ տարան նրա գրասենյակ, որտեղ նա բղավեց. «Սա դեռ վերջը չէ։ Պատրա՛ստ եղիր սրան ամեն օր, դեռ մի բան էլ ավելին»: Նա հրամայեց, որ ինձ պահեն ստորգետնյա խցում։ Այն խոնավ էր ու մութ։ Կյանքիս թունելի վերջում լույս չէի տեսնում։

 Մինչև հիմա հիշում եմ այն պահը, երբ պառկած էի բանտախցի հատակին, իսկ գլուխս դեռ արյունոտ էր: Ոչինչ չունեի. միայն մի բարակ վերմակ, որով կարող էի ծածկվել։ Ժամանակ առ ժամանակ ինձ այցի էին գալիս մի քանի առնետներ, որոնք ընկերներս էին դարձել։ Աղոթում էի Եհովային և նրանից ուժ և տոկունություն խնդրում։ Այդ մութ, ցուրտ զնդանում ես աղոթում էի, աղոթում ու նորից աղոթում։ b

 Հաջորդ օրը ինձ ծեծի ենթարկեց մի կապրալ, իսկ կապիտանը հետևում էր, որպեսզի համոզվի, որ ստանում եմ ինձ հասանելիքը: Պետք է խոստովանեմ, որ այդ պահին սկսեցի մտածել, թե արդյոք կկարողանամ երկար դիմանալ։ Այդ գիշեր իմ խցում ես աղաչեցի Եհովային, որ օգնի ինձ։

 Երրորդ օրը ինձ նորից կանչեցին կապիտանի մոտ։ Ես վախենում էի վատագույնից։ Գրասենյակ գնալիս աղոթում էի Եհովային։ Դոն Էստեբանը՝ c զինվորական դատարանի քարտուղարը, սպասում էր ինձ։ Նա եկել էր քրեական գործ հարուցելու։

 Երբ դոն Էստեբանը տեսավ գլխիս վիրակապերը, հարցրեց, թե ինչ է պատահել։ Վախենալով հաշվեհարդարից՝ ես չէի շտապում որևէ բան ասել, բայց ասացի ճշմարտությունը։ Մանրամասները լսելուց հետո դոն Էստեբանն ասաց. «Ճիշտ է, ես չեմ կարող ազատել քեզ դատարանի առաջ կանգնելուց, բայց կարող ես վստահ լինել, որ այսուհետ ոչ ոք ձեռք չի բարձրացնի քեզ վրա»։

 Դրանից հետո՝ իմ ողջ բանտարկության ընթացքում, ոչ ոք նույնիսկ մատով չկպավ ինձ: Ես այդպես էլ չիմացա, թե ինձ հետ խոսելու համար ինչու դատավորն ընտրեց հենց այդ օրը: Գիտեմ միայն մի բան՝ իմ աղոթքները լսվեցին: Ես տեսա, թե ինչպես Եհովան փրկեց ինձ ամենածանր պահին և թույլ չտվեց, որ իմ կարողությունից վեր հալածվեմ (1 Կորնթացիներ 10։13)։ Եհովային ապավինելով՝ ես անցա այդ ամենի միջով։

Օկանյա բանտում

 Զինվորական դատարանը ինձ դատապարտեց 19 տարվա ազատազրկման, որին ավելացվեց ևս երեք տարի «անհնազանդության» համար։ Մոտ 15 ամիս Մարոկկոյում մնալուց հետո ինձ տեղափոխեցին Մադրիդից ոչ հեռու գտնվող Օկանյա քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկման մնացած ժամկետը կրելու: Այդ տեղափոխությունը օրհնություն էր Եհովայից։ Օկանյան Ռոստրոգորդոյի համեմատ դրախտ էր թվում։ Բանտախցում ունեի մահճակալ, ներքնակ և մի քանի սավան։ Որոշ ժամանակ անց նշանակվեցի որպես բանտի հաշվապահ: Երկար ազատազրկման ընթացքում հաճախ միայնության զգացումը համակում էր սիրտս: Իմ ամենամեծ փորձություններից մեկն այն էր, որ չէի կարող վայելել իմ հոգևոր եղբայրների ընկերակցությունը:

 Ծնողներս երբեմն այցելում էին ինձ, բայց ես ավելի շատ քաջալերանքի կարիք ունեի։ Նրանք ինձ ասացին, որ մյուս եղբայրները նույնպես արտահայտել են իրենց դիրքորոշումը քրիստոնեական չեզոքության մասին: Ուստի ես աղոթեցի Եհովային ու խնդրեցի, որ եղբայրներից գոնե մեկին բերեն ինձ մոտ՝ Օկանյայի բանտ։ Ու նորից Եհովան պատասխանեց իմ բուռն աղոթքներին. նա ավելի առատաձեռն գտնվեց, քան սպասում էի։ Շուտով երեք հավատարիմ եղբայրներ՝ Ալբերտո Կոնտիխոչը, Ֆրանցիսկո Դիասը և Անտոնիո Սանչեսը, միացան ինձ։ Չորս տարվա մեկուսացումից հետո ես վերջապես ունեցա հոգևոր ընկերակցություն: Մենք չորսով ուսումնասիրություն էինք անում և քարոզում բանտարկյալներին։

Ազատ եմ արձակվում և գործի անցնում

 Ի վերջո 1964 թ.-ին ես վաղաժամկետ ազատ արձակվեցի։ Իմ 22 տարվա ազատազրկումը կրճատվեց և դարձավ ընդամենը վեցուկես տարի։ Բանտից ազատ արձակվելու առաջին իսկ օրը գնացի ժողովի հանդիպման։ Թեև դա նշանակում էր, որ Մադրիդ գնալու համար իմ չնչին խնայողությունները պետք է ծախսեի տաքսու ուղեվարձի վրա, սակայն ես ճիշտ ժամանակին հասա հանդիպման: Եղբայրների հետ լինելը մեծ օրհնություն էր։ Բայց ինձ միայն շփումը բավարար չէր, ուզում էի անմիջապես վերսկսել ռահվիրայական ծառայությունը: Չնայած Վկաների նկատմամբ ոստիկանության ոտնձգություններին՝ մարդիկ դրական էին արձագանքում բարի լուրին։ Շատ աշխատանք կար անելու:

 Այս ընթացքում ես հանդիպեցի Մերսեդեսին՝ մի եռանդուն երիտասարդ քրոջ, որը հատուկ ռահվիրա էր։ Մերսեդեսը խոնարհ քույր էր ու ցանկանում էր բոլորին քարոզել։ Նա նաև շատ բարի և առատաձեռն էր, հատկություններ, որոնք նրան արժեքավոր էին դարձնում: Մենք սիրահարվեցինք և մեկ տարի անց ամուսնացանք։ Մերսեդեսի ներկայությունը իսկական օրհնություն էր:

Մերսեդեսի հետ՝ մեր հարսանիքից կարճ ժամանակ անց

 Մեր հարսանիքից մի քանի ամիս անց մեզ հրավիրեցին շրջագայական ծառայության։ Ամեն շաբաթ տարբեր ժողովներ այցելելով՝ մեր հավատակիցների հետ մասնակցում էինք հանդիպումներին և քարոզչական գործին։ Իսպանիայում ժողովներ էին ստեղծվում. եղբայրները օգնության և քաջալերանքի կարիք ունեին։ Կարճ ժամանակով ես նաև պատիվ ունեցա համագործակցելու Բարսելոնայում գտնվող Եհովայի վկաների գաղտնի գրասենյակի հետ։

 Մեր գաղտնի գործունեությունն ավարտվեց 1967 թ.-ին, երբ կառավարությունը օրենք ընդունեց, որը կրոնի ազատության իրավունք էր տալիս Իսպանիայի բոլոր քաղաքացիներին: Ի վերջո 1970 թ.–ին Եհովայի վկաները պետական գրանցում ստացան։ Մենք կարող էինք ազատորեն հանդիպել, ունենալ մեր սեփական Թագավորության սրահները և նույնիսկ մասնաճյուղ բացել։

Աստվածապետական նոր նշանակումներ

 1971 թ.-ին Մերսեդեսը և ես հրավիրվեցինք ծառայելու որպես Բարսելոնայի նոր մասնաճյուղի մշտական անդամներ։ Սակայն մեկ տարի անց Մերսեդեսը հղիացավ, և լույս աշխարհ եկավ մեր գեղեցկուհի դուստրը՝ Աբիգեյլը։ Դա նշանակում էր, որ մենք պետք է դադարեցնեինք Բեթելի ծառայությունը և ստանձնեինք մեկ այլ նշանակում՝ մեր աղջկա դաստիարակությունը։

 Երբ Աբիգեյլը պատանի էր, մասնաճյուղը մեզ հարցրեց, թե արդյոք կարող ենք վերադառնալ շրջագայական ծառայությանը։ Մենք աղոթեցինք այդ հարցի մասին և խորհրդակցեցինք հասուն եղբայրների հետ։ Մի երեց ասաց. «Խեսո՛ւս, եթե դաշտը քո կարիքն ունի, ուրեմն պետք է ասես՝ այո՛»։ Այսպես մեր կյանքում սկսվեց ևս մեկ հիանալի շրջան։ Սկզբում այցելում էինք մեր տան մոտ գտնվող ժողովները, որպեսզի կարողանանք նաև հոգ տանել Աբիգեյլի մասին։ Ժամանակի ընթացքում նա մեծացավ և ինքնուրույն դարձավ։ Դա մեզ հնարավորություն տվեց ընդլայնելու մեր հատուկ լիաժամ ծառայությունը։

 Ես և Մերսեդեսը 23 տարի անցկացրինք շրջագայական ծառայության մեջ: Ես վայելում էի այդ առանձնաշնորհումը, քանի որ այն ինձ հնարավորություն էր տալիս իմ փորձը փոխանցել երիտասարդներին ու ոգևորել նրանց։ Երբ երեցների և լիաժամ ծառայողների դպրոցի դասավանդող էի լինում, մենք որոշ ժամանակ մնում էինք Մադրիդի բեթելում։ Հետաքրքիր է, որ Բեթելից մոտ երեք կիլոմետր (2 մղոն) հեռավորության վրա հոսում է Խարամա գետը՝ հենց այն գետը, որտեղ ես մկրտվել եմ 1955 թ.-ին։ Այն ժամանակ երբեք չէի կարող պատկերացնել, որ տասնամյակներ անց կվերադառնամ այս նույն տարածք, որպեսզի օգնեմ երիտասարդ տղամարդկանց և կանանց Եհովայի ծառայության մեջ ավելի մեծ պարտականություններ ստանձնելու։

Աստվածապետական դպրոց անցկացնելիս

 2013 թ.-ից մենք կրկին ծառայում ենք որպես հատուկ ռահվիրաներ։ Պետք է խոստովանեմ, որ շրջագայական ծառայությունից ռահվիրայական ծառայության անցնելը հեշտ փոփոխություն չէր, բայց դա ճիշտ որոշում էր։ Վերջերս առողջական խնդիրներս գլուխ բարձրացրին։ Սրտի բարդ վիրահատություն տարա։ Այդ պահերին ես միշտ ապավինել եմ Եհովային, ու նա, ինչպես միշտ, հուսախաբ չի արել ինձ։ Բացի այդ՝ արդեն 56 տարի է՝ կողքիս է իմ հավատարիմ աջակիցը՝ Մերսեդեսը՝ աստվածապետական իմ բոլոր նշանակումների համագործակիցը։

 Ես հաճախ եմ հիշում այն ժամանակները, երբ դասավանդում էի: Դեռ հիշում եմ երիտասարդ ուսանողների եռանդուն դեմքերը: Նրանց եռանդը ինձ հիշեցնում էր իմ պատանեկությունն ու խանդավառությունը, երբ նոր էի սկսում իմ սուրբ ծառայությունը: Ճիշտ է, ես ստիպված եմ եղել ծանր օրեր ապրել, բայց հրաշալի օրերն էլ պակաս չեն եղել։ Այդ դժվար փորձությունները ինձ կարևոր դասեր սովորեցրին. ամենակարևորը, որ երբեք չպետք է վստահեմ իմ ուժերին: Փորձություններս ինձ հնարավորություն տվեցին տեսնելու Եհովայի հզոր ձեռքը, որը միշտ զորացրել է ինձ՝ նույնիսկ իմ ամենածանր պահերին (Փիլիպպեցիներ 4։13

Ես և Մերսեդեսը շարունակում ենք լիաժամ ծառայությունը

a Հատուկ ռահվիրան լիաժամ ծառայող է, ով կամավոր հիմունքներով պատրաստ է տեղափոխվել այնտեղ, որտեղ Եհովայի վկաների մասնաճյուղը կնշանակի իրեն։

b Բանտախուցը, որը ընդամենը 4 քառակուսի մետր էր (43 ֆուտ), յոթ ամիս դարձել էր իմ տունը։ Այնտեղ չկար զուգարան, ես քնում էի հատակին և ընդամենը մեկ վերմակ ունեի։

c «Դոն»՝ իսպանախոս երկրներում տղամարդկանց հարգալից դիմելաձև։ Դրվում է անունից առաջ: