Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր հավատակիցները չդադարեցին Եհովային ծառայելուց, չնայած հակառակորդները վնասեցին նրանց սեփականությունը

ՎՐԱՍՏԱՆ | 1998–2006 թթ.

Սպառնալիքները չկանգնեցրին նրանց

Սպառնալիքները չկանգնեցրին նրանց

Մեր եղբայրներն ու քույրերը չհամակվեցին վախով և շարունակեցին միասին հավաքվել։ Երեցները, իմաստություն դրսևորելով, նախազգուշական քայլեր ձեռնարկեցին, որ պաշտպանեն քարոզիչներին։ Կանադացի իրավաբան եղբայր Անդրե Կարբոնոն, որն այդ տարիներին պաշտպանում էր մեր եղբայրներին, պատմում է. «Սովորաբար մի եղբայր՝ բջջային հեռախոսը ձեռքին, կանգնում էր ժողովի հանդիպման վայրից ոչ հեռու։ Եթե տեսնում էր, որ ամբոխ է մոտենում, անմիջապես նախազգուշացնում էր երեցներին»։

Շամոյանների տունը (ձախ կողմում), ինչպես նաև գրականության պահեստը (աջ կողմում)՝ հրկիզված

Յուրաքանչյուր միջադեպից հետո մասնաճյուղից երկու ներկայացուցիչներ այցելում էին եղբայրներին, որպեսզի զորացնեին նրանց։ «Ուշագրավն այն էր,— ասում է Անդրեն,— որ սովորաբար, երբ մասնաճյուղի ներկայացուցիչները այցելության էին գալիս, տեսնում էին, որ ժողովի հանդիպման վայրում ասեղ գցելու տեղ չկար, և որ հավատակիցները ուրախ էին»։

Հակառակորդները թե՛ դատարանի ներսում էին, թե՛ դրսում

Նրանք, ում վրա ուղղակիորեն հարձակում չէին գործել, այդ թվում՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները նույնպես վճռել էին չհանձնվել։ Անդրեն հիշում է իր զրույցը մի կնոջ հետ, որը պատրաստվում էր չմկրտված քարոզիչ դառնալու։ Այդ կինը նրան ասել էր. «Երբ հեռուստացույցով տեսա այդ հարձակումները, ինձ համար պարզ դարձավ ճշմարիտ և կեղծ քրիստոնյաների միջև տարբերությունը։ Ես ուզում եմ ճշմարիտ քրիստոնյա լինել»։

Քաջաբար պաշտպանում են հավատակիցներին

Այդ դժվարին տարիներին քարոզիչները ընդօրինակման արժանի հավատ և քաջություն էին դրսևորում՝ զբաղված մնալով քարոզչական գործում։ Նույնպիսի հավատ էին դրսևորում նաև նրանք, ովքեր դատարանում պաշտպանում էին իրենց հավատակիցներին։

Մեդիայի միջոցով հաճախ Վկաների մասին սխալ տեղեկություն էր տարածվում։ Օրինակ՝ ասվում էր, թե նրանք քանդում են ընտանիքները, հրաժարվում են բուժօգնությունից և պետության դեմ են գործում։ Ուստի Վկաներին պաշտպանող իրավաբանները վտանգի տակ էին դնում իրենց համբավն ու կարիերան։

Միացյալ Նահանգների իրավաբանական բաժնում ծառայող խիզախ եղբայրները դատարանում պաշտպանում էին հավատակիցներին

Կանադայի մասնաճյուղից իրավաբան Ջոն Բարնզը, որն այդ տարիներին աջակցում էր Վրաստանի եղբայրներին, պատմում է. «Տեղի եղբայրներն ու քույրերը, որոնք աշխատում էին որպես իրավաբաններ, փորձում էին օգնել իրենց հավատակիցներին։ Նրանք չէին վախենում դատարաններ գնալուց և որպես Եհովայի վկա ներկայանալուց, չնայած դա կարող էր բացասաբար ազդել իրենց աշխատանքի վրա»։ Այդ քաջ Վկաները նպաստեցին այն բանին, որ «բարի լուրը պաշտպանվի և օրինականապես հաստատվի» (Փիլիպ. 1։7

Վրացիները դեմ են արտահայտվում բռնությանը

Վկաների դեմ բռնարարքները շարունակվում էին։ Այդ պատճառով 2001 թ. հունվարի 8-ին մեր հավատակիցները նախագահին ուղղված խնդրագիր կազմեցին՝ կոչ անելով պաշտպանություն տրամադրել ամբոխի հարձակումներից, ինչպես նաև պատասխանատվության կանչել խաղաղ քաղաքացիների վրա հարձակումներ գործողներին։

Եղբայր Բարնզը բացատրում է այդ դիմումի նպատակը՝ ասելով. «Մենք ուզում էինք ցույց տալ, որ վրացիներից շատերը հավանություն չէին տալիս Եհովայի վկաների դեմ գործվող բռնարարքներին, և որ դրանց համար պատասխանատու էր կրոնական ծայրահեղականների մի փոքր խումբ»։

Ընդամենը երկու շաբաթում Վրաստանի բոլոր մարզերից 133 375 չափահաս քաղաքացիներ (որոնցից շատերը ուղղափառ եկեղեցու հետևորդ էին) ստորագրեցին խնդրագիրը։ Թեև խնդրագիրը ներկայացվեց նախագահ Շևարնաձեին, բռնությունները չդադարեցվեցին։ Կրոնական ծայրահեղականները շարունակեցին նպատակային կերպով իրենց թիրախը դարձնել Վկաներին։

Հազարավոր վրացիներ ստորագրեցին բռնարարքները դատապարտող խնդրագիրը

Սակայն Եհովան շարունակում էր օրհնել իր ժողովրդին։ Մինչ կրոնական ծայրահեղականները ամեն բան անում էին, որ Աստծու ժողովրդի համար խնդիրներ ստեղծեին, Եհովա Աստված բազմաթիվ անկեղծ անհատների հորդորում էր դուրս գալ կեղծ կրոնից։

Ազատվում են կեղծ կրոնի կապանքներից

Բաբիլինա Խարատիշվիլին իր կյանքի մեծ մասը վրաց ուղղափառ եկեղեցու նվիրյալ անդամ էր եղել։ Երբ նա 30-ն անց էր, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ էր գնում, որ մարդկանց սովորեցներ սրբերի ապրած կյանքի մասին։

Սակայն Բաբիլինան ուզում էր շատ բան իմանալ Աստծու մասին։ Այդ պատճառով որոշեց հաճախել վրաց ուղղափառ ճեմարան և ունկնդրել այնտեղ ընթերցվող դասախոսությունները։ Մի անգամ քահանան ունկնդիրներին ցույց տվեց «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը և հորդորեց խնդրել Եհովայի վկաներին, որ տան այդ գրքից։ Նա ասաց. «Այստեղից շատ բան կարող եք իմանալ Աստվածաշնչի մասին»։

Բաբիլինան ցնցված էր։ Նա միշտ խուսափել էր Վկաներից, իսկ այժմ քահանան խորհուրդ էր տալիս կարդալ նրանց գրքերը։ Բաբիլինան մտածեց. «Եթե ես Եհովայի վկաներից պետք է իմանամ Աստծու մասին, ապա ի՞նչ եմ անում այստեղ»։ Նա անմիջապես կապ հաստատեց Փոթի քաղաքի Վկաների հետ և սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։

Աստվածաշնչից ավելի շատ գիտելիքներ ստանալուց հետո Բաբիլինան մեծ փոփոխություններ կատարեց իր կյանքում։ Մի անգամ նա ասաց. «Երբ իմ աչքով Աստվածաշնչում տեսա, որ սրբապատկերներ պաշտելը սխալ է, վճռեցի հեռու մնալ ամեն տեսակ կռապաշտությունից։ Համոզված էի, որ այդպես վարվելը ճիշտ է»։ Բաբիլինան, որն այդ ժամանակ մոտ 80 տարեկան էր, որոշեց Եհովայի վկա դառնալ։

Բաբիլինան աստվածաշնչյան ճշմարտությունը հայտնեց իր թոռնուհուն՝ Իզաբելային

Ցավոք, Բաբիլինան չհասցրեց մկրտվել. 2001 թ.-ին նա հիվանդացավ ու մահացավ։ Սակայն նրա թոռնուհին՝ Իզաբելան, ավելի ուշ մկրտվեց և այժմ հավատարմորեն ծառայում է Եհովային։

Նա ցանկանում էր միանձնուհի դառնալ

Էլիսո Ձիձիշվիլին 28 տարեկանում որոշեց միանձնուհի դառնալ։ Քանի որ իր հայրենի քաղաք Տղիբուլիի մոտակայքում կուսանոց չկար, 2001 թ.-ին նա տեղափոխվեց Թբիլիսի։ Սակայն նախքան կուսանոց գնալը նա կես դրույքով սկսեց աշխատել որպես տնային ուսուցչուհի։ Նրա աշակերտներից մեկը մեր քրոջ՝ Նունուի աղջիկն էր։

Էլիսոն պատմում է. «Մենք հաճախ էինք խոսում աստվածաշնչյան թեմաներով։ Ես մոլեռանդորեն պաշտպանում էի ուղղափառ դավանանքը, իսկ Նունուն համբերատարորեն աստվածաշնչյան տարբեր համարներ էր կարդում ինձ համար։ Մի օր նա առաջարկեց կարդալ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։ Պարբերությունները և սուրբգրային համարները կարդալիս ես հասկացա, որ սրբապատկերներ պաշտելով՝ խախտում եմ Աստծու պատվերը»։

Ավելի ուշ Էլիսոն գնաց եկեղեցի և քահանային մի քանի հարց տվեց։ Նրա տված պատասխաններից հստակ դարձավ, որ եկեղեցու ուսմունքները հիմնված չեն Աստվածաշնչի վրա (Մարկ. 7։7, 8)։ Համոզվելով, որ գտել է ճշմարտությունը՝ Էլիսոն սկսեց Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և շատ չանցած՝ մկրտվեց։

Էլիսո Ձիձիշվիլին (ձախ կողմում), որը ցանկանում էր միանձնուհի դառնալ, և Նունու Կոպալիանին (աջ կողմում)

Չնայած հակառակությանը՝ Թագավորության սրահներ են կառուցվում

2001 թ.-ին արդեն ժողովների թիվն այնքան էր մեծացել, որ ավելի շատ երկրպագության վայրերի կարիք կար։ Ըստ մի հաշվարկի՝ անհրաժեշտ էր կառուցել մոտ 70 Թագավորության սրահ։ Այդ պատճառով, թեև երկրում հակառակություն կար, սակայն զարկ տրվեց Թագավորության սրահների շինարարության ծրագրին (Եզր. 3։3

Շուտով շինարարական խումբը Թբիլիսիում սկսեց ձևափոխել մի շինություն, որից նախկինում մի քանի ժողով էր օգտվում։ Դրան անմիջապես հաջորդեցին երկու նախագծեր, մեկը՝ Թբիլիսիում, մյուսը՝ Վրաստանի արևմուտքում՝ Ճիաթուրայում։

Թբիլիսիում գտնվող Թագավորության սրահը (ձախ կողմում) փոխարինվեց նորով (աջ կողմում)

Եղբայր Թամազի Խուցիշվիլին, որը մասնակցում էր Ճիաթուրայում իրականացվող նախագծին, պատմում է. «Մենք տասնհինգ հոգով ամեն օր աշխատում էինք շինհրապարակում։ Շուտով քաղաքում բոլորը իմացան, որ սրահ ենք կառուցում։ Երբեմն ասեկոսեներ էին հասնում մեր ականջին, թե հակառակորդները ուզում են գալ և քանդել Թագավորության սրահը»։

Արդյոք շինարարական նախագիծը հաջողությամբ ավարտին կհասցվե՞ր։ Թամազին ասում է. «Մենք շարունակեցինք աշխատել և երեք ամսում կառուցեցինք Թագավորության սրահը։ Չնայած սպառնալիքներին՝ ոչ մի հակառակորդ երբևէ չխանգարեց շինարարությանը»։ *

Երկար սպասված թեթևացում

Ուղղափառ ծայրահեղական խմբի անդամներն ու նրանց առաջնորդ Վասիլի Մկալավիշվիլին՝ ձերբակալված

2003 թ. հոկտեմբերին Սամտրեդիա քաղաքում մի շինարարական նախագիծ սկսվեց։ Կրոնական ծայրահեղականները նորից սկսեցին սպառնալ եղբայրներին։ Պատերը նոր էին շարվել, և կրաշաղախը դեռ չէր չորացել, երբ հակառակորդները եկան ու քանդեցին շինությունը։

Սակայն 2003 թ. նոյեմբերին Վրաստանում իրադարձությունները նորովի զարգացան և թեթևացում բերեցին եղբայրներին ու քույրերին։ Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունը կրոնական հանդուրժողականության դուռ բացեց։ Արդյունքում՝ ուղղափառ ծայրահեղական խմբի մի քանի անդամներ, որոնք հարձակումներ էին գործում Եհովայի վկաների վրա, ձերբակալվեցին։

Օրհնությունները հեղեղում են Աստծու ժողովրդին

Հալածանքը դադարեցվելուց կարճ ժամանակ անց Եհովայի ժողովուրդը Վրաստանում բազմաթիվ հոգևոր օրհնություններ ստացավ։ 2004 թ.-ին անցկացված մարզային համաժողովին լույս տեսավ վրացերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։

Այնուհետև 2006 թ.-ին անցկացված «Ազատագրումը մո՛տ է» մարզային համաժողովին մեկ ուրիշ անմոռանալի իրադարձություն տեղի ունեցավ։ Բոլորը ոգևորվեցին, երբ լսեցին, որ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը ելույթ է ունենալու։ Ի՜նչ անակնկալ էր, երբ նա հայտարարեց վրացերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Վրացերեն «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը (2006 թ.)

Բազմաթիվ պատվիրակների աչքերից արցունքներ հոսեցին։ Մի քույր ասաց. «Չեմ կարող խոսքերով արտահայտել, թե ինչ ուրախություն զգացի, երբ ձեռքս առա ամբողջական Աստվածաշունչը.... Դա իսկապես պատմական իրադարձություն էր»։ Ավելի քան 17 000 մարդ վայելեց այդ հոգևոր խնջույքը, որը շրջադարձային իրադարձություն էր Վրաստանում ծառայող Եհովայի ժողովրդի պատմության մեջ։

^ պարբ. 29 2001–2003 թթ.-ին Վրաստանում յոթ Թագավորության սրահ է կառուցվել։