Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարսանեկան արարողությունները հարմար առիթ էին համաժողովներ անցկացնելու համար

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Նրանք շարունակեցին միասին հավաքվել

Նրանք շարունակեցին միասին հավաքվել

Արգելքի տարիներին ժողովների մեծ մասը շարունակում էր հանդիպումներ անցկացնել տներում։ Սակայն անհարկի ուշադրություն չհրավիրելու համար շատ ժողովներ չէին երգում Թագավորության երգերը։ Երբեմն իշխանության ներկայացուցիչները անսպասելիորեն ներխուժում էին հանդիպումների անցկացման վայրեր, բայց եղբայրներն ու քույրերը հանգստություն էին պահպանում։

Եղբայրները հաճախ ընտանեկան հավաքույթներն ու հարսանեկան տոնակատարություններն օգտագործում էին որպես հարմար առիթ ավելի մեծ հանդիպումներ՝ համաժողովներ, անցկացնելու համար։ Թագոր Հուտասոիտը պատմում է. «Զույգերը գրանցում էին իրենց ամուսնությունը և ոստիկանությունից թույլտվություն էին ստանում հարսանեկան մեծ հանդիսություն անցկացնելու համար։ Հանդիսության ընթացքում նորապսակ զույգը և հարսի շքախումբը նստում էին բեմի վրա, իսկ եղբայրները ներկայացնում էին մի շարք աստվածաշնչյան ելույթներ»։

Համաժողովներից մեկի ժամանակ մի ոստիկան մոտեցավ Թագորին։

Նա հարցրեց. «Սովորաբար հարսանիքները տևում են ընդամենը երկու կամ երեք ժամ։ Ինչո՞ւ են ձեր հարսանիքները տևում առավոտից մինչև երեկո»։

«Որոշ ամուսնացող զույգեր բազում խնդիրներ ունեն, և հարկ է լինում Աստծու Խոսքից շատ խորհուրդներ տալ նրանց»,— պատասխանեց Թագորը։

«Հասկանալի է»,— ասաց ոստիկանը՝ գլխով հավանության նշան անելով։

Միաժամանակ մի քանի զույգերի հարսանիքը տոնելու պատրվակով եղբայրները 1983թ. «Թագավորության միասնություն» մարզային համաժողովի մի մասն անց կացրին Ջակարտայի մեծ մարզադաշտում։ Համաժողովին ներկա եղան մոտ 4000 եղբայրներ ու քույրեր և հետաքրքրվող անհատներ, իսկ 125 հոգի մկրտվեցին առանձին մի վայրում նախքան ծրագրի սկսվելը։ Ավելի ուշ, երբ արգելքի մասին կառավարության որոշումը սկսեց պակաս խստությամբ կիրառվել, եղբայրները կարողացան ավելի մեծ համաժողովներ անցկացնել։ Օրինակ՝ այդպիսի մի մեծ համաժողովի ներկա եղավ ավելի քան 15000 մարդ։

Արգելքի տարիներին մասնաճյուղ է կառուցվում

1980-ականների և 1990-ականների ընթացքում մասնաճյուղը բազմիցս խնդրագրեր ուղարկեց կառավարությանը Եհովայի վկաների գործունեության վրայից արգելքը հանելու վերաբերյալ։ Այլ երկրների եղբայրները նույնպես նամակներ գրեցին Ինդոնեզիայի կառավարությանը և այդ երկրի դեսպաններին՝ անհանգստություն հայտնելով այն մասին, թե ինչու է Եհովայի վկաների գործունեությունը ապօրինի համարվում Ինդոնեզիայում։ Շատ պաշտոնյաներ կողմ էին, որ արգելքը հանվեր, բայց քրիստոնյա համայնքի վարչության գլխավոր տնօրինությունը, որը մեծ ազդեցություն ուներ, ամեն կերպ խոչընդոտում էր այդ գործընթացը։

1990թ.-ին եղբայրները, քննելով եղած հանգամանքները, եկան այն եզրահանգման, որ թերևս հնարավոր լինի նոր մասնաճյուղ կառուցել աչքի չընկնող մի վայրում։ Այդ նույն տարի Կառավարիչ մարմինը տվեց իր հավանությունը, որ տարածք գնվի Բոգորի մոտակայքում, որը Ջակարտայից մոտ 40 կմ հարավ գտնվող փոքր քաղաք է։ Սակայն տեղի եղբայրներից քչերը ունեին շինարարական հմտություններ։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կառուցվեր նոր մասնաճյուղը։

Օգնության հասավ համաշխարհային եղբայրությունը։ Բրուքլինի շինարարական բաժինը և Ավստրալիայի տարածաշրջանային նախագծային բաժինը տրամադրեցին ճարտարապետական նախագծերը։ Իսկ միջազգային շինարարական ծրագրի մոտ 100 կամավորներ մասնագիտական օգնություն տրամադրեցին տեղի եղբայրներին երկու տարի տևած շինարարության ընթացքում։

Ինդոնեզացի մի եղբայր՝ Հոսիա Մանսուրը, որը համագործակցում էր տեղի պետական մարմինների հետ, պատմում է. «Երբ մուսուլման պաշտոնյաները շինարարական սաղավարտիս վրա տեսան իմ անվան և ազգանվան սկզբնատառերը՝ H.M, կարծեցին, թե H տառը նշանակում է հաջի (Hājjī). դա պատվավոր տիտղոս է, որը կրում են դեպի Մեքքա ուխտագնացություն կատարող մարդիկ։ Այդ պատճառով պաշտոնյաները ինձ մեծ հարգանքով էին վերաբերվում։ Այս փոքրիկ թյուրիմացությունը հեշտացրեց գործի կազմակերպման ընթացքը»։

Այս մասնաճյուղը կառուցվել է արգելքի տարիներին

Նոր մասնաճյուղի նվիրումը տեղի ունեցավ 1996թ. հուլիսի 19-ին։ Նվիրման ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը։ Ներկա էին 285 հոգի, այդ թվում՝ տարբեր երկրներից եկած 118 հյուրեր՝ մասնաճյուղերի ներկայացուցիչներ ու նախկին միսիոներներ, և Ինդոնեզիայի Բեթելի 59 անդամները։ Նվիրումից հետո հաջորդ երկու օրերին Ջակարտայում տեղի ունեցավ «Աստծու խաղաղության պատգամաբերները» խորագրով մարզային համաժողովը, որին ներկա եղավ 8793 պատվիրակ։

Եհովան ազատություն է շնորհում իր ժողովրդին

1998թ.-ին Ինդոնեզիայի երկարամյա նախագահ Սուհարտոն հրաժարական տվեց, և իշխանությունն անցավ նոր կառավարության ձեռքը։ Այդ ժամանակ եղբայրները սկսեցին ավելի շատ ջանքեր գործադրել, որ մեր գործունեության վրայից արգելքը հանվի։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար պարոն Յոհան Էֆենդին 2001թ.-ին Նյու Յորքում եղած ժամանակ այցելեց Բրուքլինի Բեթել և հանդիպեց Կառավարիչ մարմնի անդամներից երեքի հետ։ Նա շատ տպավորվեց իր տեսածով և ասաց, որ Եհովայի վկաները լավ համբավ ունեն ողջ աշխարհում։ Պարոն Էֆենդին կողմ էր, որ արգելքը հանվի, բայց ասաց, որ վերջնական խոսքը պետք է ասի Ինդոնեզիայի գլխավոր դատախազ Մարզուկի Դարուսմանը։

Գլխավոր դատախազը նույնպես կողմ էր, որ արգելքը հանվի, բայց նրա բաժնի որոշ պաշտոնյաներ, որոնք թշնամաբար էին տրամադրված, շարունակ ձգձգում էին այդ գործը՝ հուսալով, որ նրա փոխարեն շուտով ուրիշին կնշանակեն։ Վերջապես 2001թ. հունիսի 1-ին Թագոր Հուտասոիտին կանչեցին գլխավոր դատախազի գրասենյակ։ Եղբայր Թագորը պատմում է. «Այդ նույն գրասենյակում մոտ 25 տարի առաջ ինձ հանձնել էին այն փաստաթուղթը, որում նշվում էր, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ է։ Իսկ այդ օրը գլխավոր դատախազը, որի պաշտոնավարության վերջին օրն էր, հանձնեց ինձ մի փաստաթուղթ, որով արգելքը չեղյալ էր համարվում»։

2002թ. մարտի 22-ին Ինդոնեզիայի՝ կրոնի հարցերով նախարարությունը պաշտոնապես գրանցեց Եհովայի վկաների կազմակերպությունը։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը մասնաճյուղի ներկայացուցիչներին ասաց. «Այս փաստաթուղթը չէ, որ ձեզ երկրպագության ազատություն է ընձեռում։ Այդ ազատությունը ձեզ Աստված է տվել։ Այս փաստաթուղթը հաստատում է, որ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է ձեր կրոնը։ Այժմ դուք ունեք նույն իրավունքները, ինչ մյուս կրոնները, և կառավարությունը պատրաստ է ձեզ օգնելու»։