Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կաթոլիկ եկեղեցին և Տրուխիլիոն

Կաթոլիկ եկեղեցին և Տրուխիլիոն

Ի՞ՆՉ հարաբերություններ ուներ Տրուխիլիոն կաթոլիկ եկեղեցու հետ։ Մի քաղաքական վերլուծաբան հայտնում է. «Տրուխիլիոյի երկարատև իշխանության ընթացքում՝ 1930–1961 թթ.-ին, Դոմինիկյան Հանրապետությունում եկեղեցին և պետությունը իրար աջակցող կառույցներ էին. բռնապետը բարեհաճ էր եկեղեցու հանդեպ, իսկ եկեղեցին, իր հերթին, աջակցում էր նրա վարչակարգին»։

1954-ին Տրուխիլիոն գնաց Հռոմ և դաշնագիր ստորագրեց պապի հետ։ Գերման Օրնեսը, ով ժամանակին նախագահի ամենամտերիմ բարեկամն էր, գրեց. «Քանի որ դոմինիկյան եկեղեցին չափազանց տրուխիլիոմետ էր, [այն] բավականին մեծ աջակցություն էր «Շեֆին» [Տրուխիլիոյին]։ Հոգևորականությունը, արքեպիսկոպոսներ Ռիկարդո Պիտինիի և Օկտավիո Բեասի գլխավորությամբ, նրա վարչակարգի առաջավոր ջատագովներից էր»։

Օրնեսը շարունակում է. «Պապը ամեն առիթով սրտանց ողջույններ էր ուղարկում Տրուխիլիոյին.... 1956-ին Սիուդադ Տրուխիլիո մայրաքաղաքում [Տրուխիլիոյի] հովանավորության ներքո տեղի ունեցավ կաթոլիկ մշակույթին նվիրված կոնգրես, և Ֆրանսիս Կարդինալ Սպելմանը՝ որպես պապի հատուկ ներկայացուցիչ, սրտառուչ ողջույններ փոխանցեց նախագահին։ Կարդինալ Սպելմանը ժամանեց Նյու Յորքից և անձամբ գեներալիսսիմուսի [Տրուխիլիոյի] կողմից փառահեղ ընդունելության արժանացավ։ Հաջորդ օրվա բոլոր թերթերի առաջին էջում նրանց ջերմ գրկախառնությունն էր պատկերված»։

1960-ին «Թայմ» հանդեսում գրվեց. «Առայսօր Տրուխիլիոն ու եկեղեցին լավ հարաբերությունների մեջ են։ Արքեպիսկոպոս Ռիկարդո Պիտինին՝ ամերիկյան երկրների առաջնորդ-եպիսկոպոսը (պրիմատը), որը հիմա 83 տարեկան է և կույր է, չորս տարի առաջ իր ստորագրությամբ նամակ էր ուղարկել «Նյու Յորք թայմսին», որտեղ գովում էր Տրուխիլիոյին՝ ասելով, որ այս «դիկտատորը» սիրված և հարգված է իր ժողովրդի կողմից»։

Այնուամենայնիվ, երեք տասնամյակ Տրուխիլիոյի բռնատիրական վարչակարգին հավատարմորեն աջակցելուց հետո կաթոլիկ եկեղեցին փոխեց իր դիրքորոշումը, երբ քաղաքական մթնոլորտը փոխվեց։ Մի քաղաքական վերլուծաբան գրում է. «Բռնատիրության դեմ աճող ընդդիմությանը զուգահեռ, հատկապես երբ հետո փորձ արվեց ժողովրդավարություն հաստատել երկրում, եկեղեցին, որը շատ ջերմ հարաբերությունների մեջ էր Տրուխիլիոյի հետ, ստիպված էր փոխել իր դիրքորոշումը»։

Ի վերջո 2011 թ.-ին եկեղեցին ստիպված եղավ ներողություն խնդրել դոմինիկացիներից։ Հովվական նամակում, որից մեջբերում էր արված «Դոմինիկան այսօր» լրագրում, գրված էր. «Մենք ընդունում ենք, որ սխալներ ենք թույլ տվել, և միշտ չէ, որ հավատարիմ ենք եղել մեր հավատին, մեր կոչմանն ու պատասխանատվություններին։ Ուստի հայցում ենք բոլոր դոմինիկացիների ներողամտությունը»։