Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 1)

1945-1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 1)

Միսիոներներ են գալիս «Գաղաադից»

1947-ի հունիսին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի երեք շրջանավարտներ՝ Չարլզ Ֆիտսպատրիկը, Ջորջ Ռիչարդսոնը և Հյուբերտ Գրեշամը եկան Ֆրիթաուն։ Նրանք այս երկիր եկած առաջին միսիոներներն էին։

Նրանք տեսան, որ տեղի քարոզիչները մեծ ցանկություն ունեն քարոզելու, սակայն հարկավոր էր, որ ավելի հմուտ ուսուցիչներ դառնային (Մատթ. 28։20)։ Ուստի միսիոներները սկսեցին սովորեցնել քարոզիչներին ինչպես զարգացնել մարդկանց հետաքրքրությունը և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Նրանք նաև տեղեկացրին Աստվածապետական կարգուկանոնի և ժողովների անցկացման նոր առաջնորդությունների մասին։ Հանրային հանդիպում կազմակերպեցին Ուիլբերֆորսի անվան դահլիճում, որին ներկա եղավ 450 հոգի։ Սկիզբ դրվեց շաբաթվա մեջ մեկ օր ամսագրեր բաժանելու սովորությանը։ Այս ամենը նոր ոգևորություն մտցրեց ժողովում և հետագա աճի համար հիմք նախապատրաստեց։

Սակայն միսիոներների համար հեշտ չէր։ Նրանք պայքարում էին կլիմային հարմարվելու համար։ Մասնաճյուղի 1948թ. հաշվետվության մեջ ասվում էր. «Սիեռա Լեոնեի եղանակային պայմանները լուրջ փորձություն են միսիոներների համար։ Անձրևային սեզոնը տևում է վեց ամիս։ Անձրևները հորդառատ են և օրերով չեն կտրվում։ Երբեմն նույնիսկ երկու շաբաթ անդադար անձրևում է։ Իսկ չոր սեզոնին ջերմաստիճանը և օդի խոնավությունը շատ բարձր են»։ Սիեռա Լեոնե եկած առաջին եվրոպացիները այս երկիրը կոչել են «սպիտակ մարդու գերեզման»։ Մալարիան, դեղին տենդը և այլ հիվանդություններ շատ տարածված էին։ Մեկը մյուսի հետևից միսիոներները հիվանդանում էին ու գնում այս երկրից։

Հասկանալի է, որ տեղի քարոզիչները վհատվում էին դրանից։ Բայց նրանք չէին հանձնվում։ 1947–1952թթ. ընթացքում քարոզիչների թիվը 38-ից հասավ 73-ի։ Վաթեռլոյում՝ Ֆրիթաունին մոտ մի քաղաքում, ժրաջան ռահվիրաների օգնությամբ հիմնվեց նոր ժողով։ Ուսումնասիրության նոր խմբեր բացվեցին Ֆրիթաունի Կիսի և Ուելինգտոն թաղամասերում։ Սիեռա Լեոնեում ամեն բան պատրաստ էր բուռն աճի համար։ Պակասում էր առաջին կայծը։

Քաջալերական այց

1952-ին 30-ը նոր բոլորած մի բարձրահասակ, նիհար ամերիկացի ոտք դրեց Ֆրիթաունի նավահանգիստ ու խառնվեց քաղաքի ամբոխին։ Այցելուն Միլթոն Հենշելն էր՝ գլխավոր վարչությունից։ Նա հիշում է. «Ես շատ զարմացել էի՝ տեսնելով ժամանակակից քաղաք, որը շատ ավելի մաքուր էր, քան աշխարհի այլ քաղաքներ.... Սալարկված փողոցներ, մարդաշատ խանութներ, նոր մեքենաներ և մարդկանց անվերջ հոսք»։

Եղբայր Հենշելը քայլեց դեպի Ֆրիթաունի միսիոներական տուն, որը երկու խաչմերուկ հեռու էր հայտնի մետաքսածառից։ Այնտեղ նա եղբայրներին ասաց, որ շուտով նրանք ավելի շատ աջակցություն կստանան։ Հաջորդ կիրակի 253 մարդ հավաքվեց Ուիլբերֆորսի անվան դահլիճում՝ լսելու մի շարք հայտարարություններ, որ պատրաստվում էր անել եղբայրը Հենշելը։ Նա հայտնեց, որ Սիեռա Լեոնեում կբացվի մասնաճյուղ, կլինի շրջանային վերակացու, կանցկացվեն շրջանային համաժողովներ, կբացվի նոր ժողով Կիսիում, և քարոզչական գործը կընդարձակվի՝ ընդգրկելով այլ շրջաններ։ Ունկնդիրների ոգևորությանը չափ չկար։

Եղբայր Հենշելը պատմում էր. «Հավաքվածները անընդհատ կուշե էին ասում, ինչը նշանակում է «ի՜նչ լավ է»։ Նրանք, ասես, ամպերում լինեին։ Արդեն ուշ էր, երբ մարդիկ սկսեցին խումբ-խումբ հեռանալ՝ անհետանալով գիշերվա խավարում... Ոմանք դեռ շարունակում էին երգել»։

Նոր ժամանած միսիոներներից մեկը՝ Ուիլյամ Նուշին, նշանակվեց նոր մասնաճյուղի վերակացու։ Ուիլյամը նախկինում Միացյալ Նահանգների տարբեր խաղատներում խաղաթղթեր բաժանող է եղել։ Սակայն քրիստոնյա դառնալուց հետո թողել է այդ աշխատանքը։ Նա անշեղորեն հետևում էր արդարության սկզբունքներին, ինչի շնորհիվ շուտով վայելելու էր Սիեռա Լեոնեի քարոզիչների խորին սերն ու հարգանքը։