Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Մոտեցեք Աստծուն

Քո անունը կա՞ Աստծու «հիշատակի գրքում»

Քո անունը կա՞ Աստծու «հիշատակի գրքում»

ԱՐԴՅՈՔ Աստված նկատո՞ւմ է իր երկրպագուների ջանքերը, որ թափում են իրեն հաճեցնելու համար։ Իհա՛րկե։ Եհովան նրանց աստվածանվեր գործերից և գովաբանության խոսքերից ավելին է տեսնում։ Նա նույնիսկ տեսնում է, երբ նրանք երախտագիտությամբ խորհում են իր մասին։ Եհովան երբեք չի մոռանա իր ժողովրդին և նրա կատարած գործերը։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել դրանում։ Պատասխանը կարդում ենք Մաղաքիա մարգարեի խոսքերում (կարդա՛ Մաղաքիա 3։16

Մ.թ.ա. 5-րդ դարում՝ Մաղաքիա մարգարեի օրերում, Իսրայելը բարոյապես և հոգևորապես ապականված վիճակում էր։ Քահանաները չէին կատարում իրենց պարտականությունները, իսկ ժողովուրդը Աստծուն տհաճ գործեր էր անում. զբաղվում էր կախարդությամբ, խարդախությամբ և շնությամբ (Մաղաքիա 2։8; 3։5)։ Այնուամենայնիվ, այս ապականված սերնդի մեջ կային մարդիկ, ովքեր հավատարիմ էին Աստծուն։ Ի՞նչ էին նրանք անում։

«Եհովայից վախեցողները խոսում էին իրար հետ»,— գրեց Մաղաքիան։ Աստվածավախությունը դրական հատկություն է։ Մաղաքիան այս համարում խոսում է իսրայելացիների մասին, ովքեր խոր հարգանք և առողջ վախ ունեին Աստծու հանդեպ՝ չցանկանալով տհաճեցնել նրան։ Նկատի առնենք, որ այդ աստվածավախ անձնավորությունները «խոսում էին իրար հետ»։ Ակնհայտ է, որ նրանք հավաքվել էին Աստծու մասին խոսելու և իրար քաջալերելու համար, որպեսզի զորանան և թույլ չտան, որ ապականված շրջապատը ազդեցություն ունենա իրենց վրա։

Հավատարիմ իսրայելացիները Եհովայի հանդեպ իրենց ակնածանքը ցույց էին տալիս նաև «նրա անվան շուրջ խորհրդածելով», իսկ ըստ մեկ այլ թարգմանության՝ «Նրա անունը մեծարելով»։ Այդ աստվածավախ մարդիկ պատվում էին Եհովային նույնիսկ իրենց մտքում։ Նրանք երախտագիտությամբ մտածում էին Եհովայի և նրա մեծ անվան մասին։ Իսկ Եհովան գիտե՞ր։

Մաղաքիան գրում է. «Եհովան ուշադիր լսում էր»։ Իր փառահեղ բնակավայրից՝ երկնքից, Աստված խոնարհեցնում էր իր ականջը և ուշադրությամբ լսում գովաբանության յուրաքանչյուր բառ, որ իր երկրպագուներն ասում էին։ Նա նաև գիտեր նրանց բոլոր մտքերը (Սաղմոս 94։11)։ Սակայն Եհովան լավ խոսքերին և մտքերին ուշադրություն դարձնելուց ավելին էր անում։

«Նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում»,— նշում է Մաղաքիան։ Այդ գրքում գրվում են բոլոր նրանց անունները, ովքեր անարատությամբ ծառայում են Եհովային։ Նկատի առնենք, որ այդ գիրքը կոչվում է «հիշատակի գիրք» *։ Դա ցույց է տալիս, որ Եհովան երբեք չի մոռանում իր հավատարիմ երկրպագուներին և նրանց յուրաքանչյուր լավ գործը, խոսքը կամ միտքը, որ փառք է բերում իրեն։ Նա խոստանում է հավիտենական կյանքի վարձատրությունը տալ բոլոր նրանց, ում անունները գրված կլինեն իր հիշատակի գրքում * (Սաղմոս 37։29

Ի՜նչ մխիթարական է իմանալ, որ Եհովան թանկ է գնահատում ցանկացած բան, որ անում ենք իրեն ընդունելի կերպով երկրպագելու համար։ Մաղաքիա 3։16-ում գրված խոսքերը մղում են մեզ ավելի լրջորեն մտածելու Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների մասին։ Լավ կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Իմ անունը կա՞ Աստծու «հիշատակի գրքում»»։ Մեր անունները կլինեն այդ գրքում, եթե յուրաքանչյուր օր մեր լավագույնն անենք, որպեսզի վարվենք, խոսենք և մտածենք այնպես, որ Եհովան ցանկանա հիշել մեզ։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր դեկտեմբեր ամսվա համար

Նաում 1–3Մաղաքիա 1–4

^ պարբ. 8 Եբրայերեն «հիշատակ» բառը ավելին է նշանակում, քան պարզապես որևէ մեկի մասին ինչ-որ բան մտապահելը։ Այն կարող է նաև նշանակել տվյալ անհատի համար ինչ-որ բան անել։

^ պարբ. 8 Աստծու խոստացած հավիտենական կյանքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։