Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Գաղաադի» շրջանավարտներն առաջ են գնում որպես հունձքի ժրաջան հնձվորներ

«Գաղաադի» շրջանավարտներն առաջ են գնում որպես հունձքի ժրաջան հնձվորներ

«Գաղաադի» շրջանավարտներն առաջ են գնում որպես հունձքի ժրաջան հնձվորներ

«ՀՈՒՆՁՔԸ շատ է, բայց մշակները քիչ։ Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ» (Մատթէոս 9։37, 38)։ Այս խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեցան «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 116–րդ դասարանն ավարտող ուսանողների համար՝ մինչ նրանք պատրաստվում էին անցնել իրենց միսիոներական նշանակումներին։

2004 թ. մարտի 13–ին՝ շաբաթ օրը, 6 684 հոգի հավաքվել էին Պատերսոնում գտնվող «Դիտարանի» կրթական կենտրոնում (Նյու Յորք) և մոտակա տեղերում (որտեղ ծրագիրը հաղորդվում էր հեռուստացույցի միջոցով)՝ լսելու ավարտականի ծրագիրը, որի ժամանակ դասարանին տրվեցին հրաժեշտի հորդորներ և ասվեցին քաջալերական խոսքեր։ Մենք բոլորս էլ կարող ենք օգուտ քաղել այդ խորհուրդներից՝ մինչ ժրաջանորեն մասնակցում ենք հոգևոր հունձքին։

Կառավարիչ մարմնի անդամ և «Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանի շրջանավարտ Թեոդոր Յարաչը իր բացման խոսքերում ընդգծեց Հիսուսի հետևյալ հրահանգը. «Գնացե՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին» (Մատթէոս 28։19, 20)։ Սա շատ տեղին էր, քանի որ այս շրջանավարտներն ուղարկվում են ծառայելու 20 երկրներում։ Նա հիշեցրեց ուսանողներին, որ Աստծո Խոսքից ստացած ուսուցումը լիովին պատրաստել է նրանց լինելու այս կարևորագույն հոգևոր հունձքի ժրաջան հնձվորներ (Մատթէոս 5։16

Ինչպես արդյունավետորեն մասնակցել հունձքին

Ծրագրի առաջին հռետորն էր Ռոբերտ Ուոլենը, որը սերտորեն համագործակցել է «Գաղաադ» դպրոցի հետ տարիներ շարունակ։ Ներկայացնելով «Կարեկցանքի գեղեցկությունը» թեման՝ նա ուսանողներին ասաց. «Կարեկցանքը այն լեզուն է, որը նույնիսկ խուլերը կարող են լսել և կույրերը տեսնել»։ Հիսուսը լավ տեղյակ էր ուրիշների ցավին և ձգտում էր մեղմացնել այն (Մատթէոս 9։36)։ Ուսանողները այդպես վարվելու բազմաթիվ հնարավորություններ կունենան քարոզչական ծառայության մեջ, ժողովում, միսիոներական տանը և իրենց ամուսնական կյանքում։ Հռետորը ուսանողներին հորդորեց. «Թող որ կարեկցության գեղեցկությունը երևա ձեր կյանքում մարդկանց ծառայելիս։ Միսիոներական տանը ապրելուն նպաստում է լավ վարքը։ Ուստի վճռական տրամադրվեք հագնելու կարեկցանք» (Կողոսացիս 3։12

Հաջորդը ելույթ ունեցավ Կառավարիչ մարմնի անդամ և «Գաղաադի» 41–րդ դասարանի շրջանավարտ Գերիտ Լյոշը՝ «Փրկության քարոզիչներ» թեմայով (Եսայիա 52։7)։ Որպեսզի մարդիկ ֆիզիկապես փրկվեն ներկա համակարգի կործանումից, նրանք պետք է ճշգրիտ գիտություն ձեռք բերեն Աստծո Խոսքից, հանրության առջև դավանեն իրենց հավատը և մկրտվեն (Հռովմայեցիս 10։10; Բ Տիմոթէոս 3։15; Ա Պետրոս 3։21)։ Սակայն փրկության մասին քարոզելու գլխավոր պատճառը ոչ թե մարդկանց փրկելն է, այլ Աստծուն փառք բերելը։ Ուստի եղբայր Լյոշը ապագա միսիոներներին հորդորեց. «Տարե՛ք Թագավորության պատգամը մինչև երկրի ծայրերը և եղեք փրկության եռանդուն քարոզիչներ, ամեն բան արեք Եհովայի փառքի համար» (Հռովմայեցիս 10։18

«Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենը ուղղեց հետևյալ հարցը. «Ինչպե՞ս ես արտացոլում հոգևոր լույսը»։ Նա հղում կատարեց Մատթեոս 6։22 համարում գրված Հիսուսի խոսքերին և քաջալերեց դպրոցն ավարտողներին «պարզ» պահել իրենց աչքերը, որպեսզի «արտացոլեն այն հոգևոր լույսը, որը փառաբանում է Եհովային և օգուտ բերում շրջապատի մարդկանց»։ Իր ծառայության հենց սկզբից Հիսուսն այս առումով կատարյալ օրինակ է թողել. նա իր ուշադրությունը կենտրոնացրել է Աստծո կամքը կատարելու վրա։ Մտածելով այն հրաշալի ճշմարտությունների շուրջ, որ երկնքում իրեն սովորեցրել էր Հայրը՝ Հիսուսը կարողացավ տոկալ անապատում Սատանայի բերած փորձություններին (Մատթէոս 3։16; 4։1–11)։ Աստծո տված գործը կատարելիս Հիսուսը ցույց տվեց, որ ամբողջովին ապավինում է Եհովային։ Նմանապես, առջևում սպասող դժվարությունները հաղթահարելու համար միսիոներները պետք է Աստվածաշունչ ուսումնասիրելու լավ սովորություններ պահպանեն և լիովին ապավինեն Եհովային։

«Գաղաադի» ուսուցիչ և 77–րդ դասարանի շրջանավարտ Մարկ Նումարը եզրափակեց այս ելույթաշարը՝ խոսելով «Ահա հիմա քո ձեռքին ենք» թեմայով (Յեսու 9։25)։ Նա քաջալերեց ուսանողներին ընդօրինակել հնում ապրած գաբավոնացիների տրամադրվածությունը։ Թեև Գաբավոնը «մեծ քաղաք էր, ....եւ նորա բոլոր մարդիկը զօրաւոր էին», բայց գաբավոնացիները ճանաչում չպահանջեցին, ոչ էլ ակնկալեցին, որ ամեն բան իրենց ուզածով լինի (Յեսու 10։2)։ Նրանք աջակցեցին Եհովայի երկրպագությանը ղևտացիների առաջնորդության ներքո պատրաստակամորեն ծառայելով որպես «փայտ կտրող եւ ջրկիր» (Յեսու 9։27)։ Շրջանավարտները Մեծ Հեսուին՝ Հիսուս Քրիստոսին, փաստորեն ասում են. «Ահա հիմա քո ձեռքին ենք»։ Այժմ իրենց օտարերկրյա նշանակումներին անցնելու համար նրանք պետք է համաձայնվեն անել ցանկացած գործ, որ կհանձնարարի Մեծ Հեսուն։

Դեպքեր և հարցազրույցներ

«Գրությունները բացատրեցեք». այսպես էր կոչվում «Գաղաադի» 61–րդ դասարանի շրջանավարտ և դպրոցի ուսուցիչներից մեկի՝ Ուոլաս Լիվերանսի թեման, որը նա քննարկեց մի խումբ ուսանողների հետ։ Նրանք պատմեցին ու ներկայացրեցին մի քանի դեպքեր, որ պատահել էին դպրոցի ընթացքում քարոզչական ծառայությանը մասնակցելու ժամանակ։ Ակնհայտ էր, որ Գրությունների խորացված ուսումասիրությունը, որ տևել էր ավելի քան հինգ ամիս, հասել էր նրանց սրտին ու մղել, որ ուրիշներին պատմեն իրենց սովորած բաները (Ղուկաս 24։32)։ Դասընթացի հինգ ամսվա ընթացքում մի ուսանող կարողացել էր իր սովորած բաների մասին պատմել իր հարազատ եղբորը։ Դա մղել էր նրա եղբորը փնտրել տեղի ժողովը և սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա արդեն ծառայում է որպես չմկրտված քարոզիչ։

Ծրագրի այդ մասից հետո Ռիչարդ Աշը և Ջոն Գիբարդը հարցազրույցներ անցկացրեցին Եհովային երկար ժամանակ հավատարմորեն ծառայող որոշ քրիստոնյաների՝ այդ թվում շրջագայող վերակացուների հետ, որոնք այդ ժամանակ հատուկ ուսուցում էին ստանում «Դիտարանի» կրթական կենտրոնում։ Այս եղբայրները «Գաղաադ» դպրոցի վաղ շրջանավարտներից էին։ Նրանցից մեկը հիշեց եղբայր Նորի խոսքերը, որ նա ասել էր դասերի ընթացքում. «Գաղաադում դուք շատ բաներ եք ուսումնասիրելու։ Բայց եթե հպարտ սրտով գնաք այստեղից, ուրեմն մեր նպատակը ձախողվել է։ Մենք ցանկանում ենք, որ այստեղից դուք մեծ սրտով գնաք»։ Շրջագայող եղբայրները խորհուրդ տվեցին ներկայիս դասարանին հետաքրքրված լինել մարդկանցով, վերաբերվել նրանց այնպես, ինչպես Քրիստոսն էր վերաբերվում և խոնարհաբար կատարել այն ամենը, ինչ նրանց կհանձնարարեն։ Այս խորհուրդը կիրառելը անշուշտ կօգնի նոր միսիոներներին արդյունավետ լինել իրենց նշանակումներում։

Առաջ գնացեք որպես հունձքի ժրաջան հնձվորներ

Ունկնդիրները հնարավորություն ունեցան լսել նաև Ստիվեն Լեթին՝ Կառավարիչ մարմնի անդամներից մեկ ուրիշին։ Նա ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը, որի վերնագիրն էր. «Առաջ գնացեք որպես հունձքի ժրաջան հնձվորներ» (Մատթէոս 9։38)։ Բառացի հունձքի դեպքում բերքը հավաքելու համար քիչ ժամանակ կա։ Հնձվորները պետք է ժրաջանորեն աշխատեն։ Որքա՜ն ավելի կարևոր է այս հունձքը իրերի համակարգի ավարտին։ Հոգևոր մեծ հունձքի դեպքում մարդկանց կյանքն է վտանգի տակ (Մատթէոս 13։39)։ Եղբայր Լեթը քաջալերեց շրջանավարտներին չդանդաղել իրենց գործում, այլ ‘հոգով ջերմեռանդ լինել’, ու ‘ծառայել Տիրոջը’ այլևս երբեք չկրկնվող այս հունձքի ժամանակ (Հռովմայեցիս 12։11)։ Հռետորը մեջբերեց Հիսուսի խոսքերը. «Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել» (Յովհաննէս 4։35)։ Այնուհետև նա հորդորեց շրջանավարտներին եռանդ ցուցաբերել հունձքի գործի մեջ՝ անկեղծորեն ջանքեր գործադրելով քարոզելու մարդկանց ամեն ժամանակ և ամենուր, որտեղ կարելի է գտնել նրանց, և օգտվել անպաշտոն վկայելու բոլոր հնարավորություններից։ Եթե պատրաստ լինենք քարոզելու հնարավորություններ ստեղծել, ապա դա կարող է նպաստել արդյունավետ վկայություն տալուն։ Եհովան ջանասեր Աստված է, և նա ակնկալում է, որ մենք բոլորս էլ ընդօրինակենք նրան և ջանասիրաբար մասնակցենք հոգևոր հունձքին (Դ Թագաւորաց 19։31, ԱԱ; Յովհաննէս 5։17

Ծրագիրը եզրափակելով՝ նախագահողը՝ եղբայրը Յարաչը, ներկայացրեց բազմաթիվ մասնաճյուղերից ստացված ողջույնները և ուսանողներին հանձնեց նրանց դիպլոմները։ Շրջանավարտներից մեկը դասարանի անունից նամակ կարդաց, որտեղ նրանք խորին երախտագիտություն էին հայտնում իրենց ստացած ուսուցման համար։ Հստակ էր, որ 116–րդ դասարանի ավարտական ծրագիրը բոլոր ներկաներին ավելի վճռական դարձրեց՝ առաջ գնալու որպես հունձքի եռանդուն հնձվորներ։

[շրջանակ 25–րդ էջի վրա]

Դասարանի վիճակագրական տվյալները

Ներկայացված երկրների թիվը՝ 6

Նշանակման երկրները՝ 20

Ուսանողների թիվը՝ 46

Միջին տարիքը՝ 34,2

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,2

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,9

[նկար 26–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 116–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.

1) Սինսու Ռ., Սփարքս Թ., Փինյա Ք., Թերներ Փ., Չայնի Լ., 2) Սուարդի Մ., Սյոքվիսթ Օ., Ամադորի Լ., Սմիթ Ն., Ջորդան Է., Բուասոնո Լ., 3) Մաթլոք Ջ., Ռուիզ Կ., Դուլար Լ., Վինյերոն Մ., Հենրի Կ., 4) Սյոքվիսթ Հ., Լոքս. Ջ., Ռուզո Ջ., Գուստաֆսոն Կ., Բուասոնո Ռ., Ջորդան Մ., 5) Հենրի Դ., Թերներ Դ., Քերուին Ս., Ֆլորիթ Կ., Սինսու Ս., 6) Ամադորի Ս., Չայնի Ջ., Ռոս Ռ., Նելսոն Ջ., Ռուիզ Հ., Վինյերոն Մ., 7) Ֆլորիթ Հ., Մաթլոք Դ., Ռոս Բ., Լոքս Ք., Ռուզո Թ., Դուլար Դ., Քերուին Ն., 8) Գուստաֆսոն Ա., Նելսոն Դ., Սուարդի Վ., Փինյա Մ., Սմիթ Ք., Սփարքս Թ.