Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Երկիր

Երկիր

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

«Այսպես է ասում Եհովան.... երկիրը Կազմավորող[ը].... Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերն ասում են, որ Երկիրը պատահականորեն է առաջացել։ Իսկ որոշ կրոններ սովորեցնում են, որ երկիրը պարզապես «փորձադաշտ» է, որտեղ Աստված փորձում է մարդկանց՝ տեսնելու համար, թե արդյոք նրանք արժանի՞ են երկնային կյանքին, թե՞ պետք է տանջվեն դժոխքի կրակներում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչն ասում է. «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստված առաջին մարդկային զույգին ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք.... բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդոց 1։28)։ Մահվան մասին նշվում է միայն անհնազանդության հետ կապված (Ծննդոց 2։17)։ Փաստորեն, Աստված ցանկանում էր, որ երկրի վրա հավիտյան ապրեին հնազանդ մարդիկ և հոգ տանեին երկրի մասին։

 Արդյոք երկիրը կործանվելո՞ւ է

«[Նա] երկիրը հաստատ[եց] ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Գիտնականները տարբեր ենթադրություններ են անում այն մասին, թե ինչ վտանգներ են սպառնում երկրի կամ մարդկության գոյությանը։ Այդ վտանգների մեջ են մտնում բնական աղետները, օրինակ՝ աստղակերպների կամ գիսաստղերի բախումը, գերհրաբուխները, արևի «մահանալը» կամ գլոբալ տաքացումը։ Այդ սպառնալիքներից են նաև մարդու պատճառով տեղի ունեցող աղետները, ինչպիսիք են, օրինակ, միջուկային պատերազմները կամ կենսաբանական ահաբեկչությունը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Երկրի առնչությամբ Աստծու նպատակը չի փոխվել։ Աստծու Խոսքը հստակ ասում է. «Երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4)։ Բացի այդ, այն միշտ բնակեցված է լինելու. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Այն կարծիքը, թե երկիրը ի վերջո կործանվելու է, պատճառ է լինում, որ ոմանք անխնա օգտագործեն երկրի բնական պաշարները։ Ոմանք էլ նման տեսակետի պատճառով կորցնում են ապագայի հանդեպ իրենց հույսը և ապրում են միայն տվյալ օրով։ Նաև այդպիսի տեսակետը գուցե դրդի մարդկանց ապրելու անիմաստ կամ աննպատակ կյանքով։ Սակայն եթե մենք հավատանք, որ ապրելու ենք հավիտյան, ավելի հակված կլինենք այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք մեզ և մեր ընտանիքին օգուտներ կբերեն թե՛ հիմա, թե՛ ապագայում։

Բոլոր լավ մարդիկ երկի՞նք են գնում

«Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» (Սաղմոս 115։16

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերը մտածում են, որ բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Երկինքն Աստծուն է պատկանում, իսկ երկիրը մարդկանց համար է։ Աստվածաշունչը խոսում է «գալիք աշխարհի»՝ բնակեցված երկրի մասին (Եբրայեցիներ 2։5, ծնթ.)։ Հիսուսն առաջին մարդն էր, ով երկինք բարձրացավ։ Բացի այդ, Աստվածաշունչն ասում է, որ կան ընտրված, քիչ թվով մարդիկ, որոնք նույնպես երկինք են գնալու հատուկ նպատակով։ Հիսուսի հետ նրանք «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10; Ղուկաս 12։32; Հովհաննես 3։13

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Այն տեսակետը, որ բոլոր լավ մարդիկ երկինք են գնում, հակասում է Աստվածաշնչին։ Եթե այդ տեսակետը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ Աստծուն չի հաջողվել իրականացնել իր սկզբնական նպատակը երկրի առնչությամբ, նաև կնշանակեր, որ երկրի վրա հավիտենական կյանքի մասին նրա խոստումները ճիշտ չեն։ Սակայն Աստծու Խոսքն ասում է. «Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները, նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես» (Սաղմոս 37։34