Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ի՞ՆՉ Է ԻՍԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպե՞ս հասնել իսկական հաջողության

Ինչպե՞ս հասնել իսկական հաջողության

Աստվածաշունչը հորդորում է ճիշտ տեսակետ ունենալ հաջողության վերաբերյալ։ Այն չի սովորեցնում, թե հաջողությունը հասանելի է միայն քչերին՝ հաջողակ մարդկանց։ Մյուս կողմից՝ Աստվածաշունչը չի ասում, թե մեր բոլոր երազանքները կիրականան, ինչպես գրված է հեքիաթներում։ Այդ գաղափարը, որ հաճախ դեռ վաղ մանկությունից սովորեցնում են երեխաներին, ի վերջո տանում է հիասթափության։

Իրողությունն այն է, որ իսկական հաջողության կարող են հասնել բոլորը, միայն թե դրա համար հարկավոր է ջանքեր թափել։ Այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ սկզբունքները։

  • ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Եթե մարդու կյանքը կենտրոնացած է միմիայն նյութականի վրա, նա բավարարվածության զգացում չի ունենա։ Այդպիսի ապրելակերպը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ։ «Այն մարդիկ, որոնց համար կյանքում գլխավորը նյութական բաներն են, ավելի մտահոգ են լինում ու ավելի հաճախ են ընկճվում, քան նրանք, ովքեր կարևորում են մարդկանց հետ լավ փոխհարաբերությունները»,— գրում է Ջին Թուենջին իր՝ «Եսասիրական սերունդ» գրքում։ Նա նաև նշում է. «Ուսումնասիրությունները բազմիցս փաստել են, որ երջանկությունը հնարավոր չէ գնել փողով։ Երբ մարդը ձեռք է բերում ապրուստի անհրաժեշտ միջոցները, բավարարվածության զգացում ունենալու համար եկամուտն այլևս մեծ դեր չի խաղում» (Generation Me)։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Ձգտիր այնպիսի բաների, որոնք ավելի մեծ բավարարվածություն են պարգևում, քան փողը և նյութական ունեցվածքը։ Հիսուսն ասաց. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15

  •  ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակներ 16։18

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Փառասիրությունն ու մեծամտությունը չեն օգնում հասնելու իսկական հաջողության։ Ըստ մի ուսումնասիրության՝ մեծ հաջողությունների են հասել այն ընկերությունների ղեկավարները, ովքեր «դրսևորել են համեստություն, չեն սիրել ուշադրություն հրավիրել իրենց վրա և աշխատել են աննկատ մնալ. դրան հակառակ՝ այդ ուսումնասիրության մեջ ընդգրկված ընկերությունների երկու երրորդը ունեցել է այնպիսի ղեկավարներ, որոնք չափազանց մեծ կարծիք են ունեցել իրենց մասին և պատճառ են եղել, որ իրենց ընկերությունները անկում ապրեն կամ երկար ժամանակ մնան միջին մակարդակում» (Good to Great)։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։ Սեփական անձի մասին չափազանց մեծ կարծիք ունենալը հաճախ ձախողման է տանում, ոչ թե հաջողության։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Փառքի ձգտելու փոխարեն՝ համեստություն զարգացրու։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիներ 6։3)։ Մի՞թե այդպիսի անհատին կարելի է համարել հաջողության հասած մարդ։

  •  ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Մարդու համար.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց [բացի], ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Եթե մարդը աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք զարգացնի, հավանաբար, ավելի մեծ բավականություն կստանա իր գործից։ Հոգեբան Մադլեն Լևինն իր գրքում նշում է. «Որևէ գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայման է տվյալ գործում հմուտ լինելը, իսկ հմտությունը մեծ մասամբ կախված է ջանքերից ու հաստատակամությունից» (Teach Your Children Well)։ Նաև կարևոր է, որ անհատը ձախողումներ կրելիս չմնա ընկճված վիճակում, այլ արագորեն ոտքի կանգնի։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Շատ ջանք թափիր, որ հմտանաս քո գործում, և մի՛ հանձնվիր, երբ խոչընդոտների ես հանդիպում։ Եթե երեխաներ ունես, թույլ տուր, որ նրանք (ըստ իրենց տարիքի և ունակությունների) ինքնուրույն հաղթահարեն իրենց խնդիրները։ Հապճեպորեն մի՛ միջամտիր ու նրանց փոխարեն մի՛ լուծիր նրանց բոլոր խնդիրները։ Տոկունություն զարգացնելով՝ պատանիները բավարարվածության զգացում են ունենում և ավելի պատրաստված են լինում չափահաս կյանքի համար։

  • ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է» (Ժողովող 9։4

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Ճիշտ է, աշխատանքը պետք է մարդու կյանքի մի մասը լինի, բայց նրա ողջ կյանքը չպետք է պտտվի միայն աշխատանքի շուրջ։ Եվ իրոք, մի՞թե կարելի է ասել, որ մարդ հաջողության է հասել, եթե աշխատանքի մեջ մեծ ձեռքբերումներ ունի, բայց կորցրել է իր առողջությունը և իր ընտանիքի հարգանքը։ Իսկական հաջողության հասնում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ տեղում դնել աշխատանքը, առողջությունը և ընտանիքը։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Հոգ տար քո մասին և բավականաչափ հանգստացիր։ Եթե չափից շատ տարվես աշխատանքով ու հանուն թվացյալ հաջողության զոհես ամեն բան՝ առողջությունդ, ընտանիքդ և ընկերներիդ հետ քո փոխհարաբերությունները, իրականում ոչ մի օգուտ էլ չես ստանա։

  • ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Իսկական հաջողության հասնելու համար անչափ կարևոր է ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել այնտեղ գրված սկզբունքները։ Միլիոնավոր Եհովայի վկաներ, հոգևոր բաներն իրենց կյանքում առաջին տեղում դնելով, սկսել են ավելի քիչ մտահոգվել նյութականի մասին (Մատթեոս 6։31–33

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Իմացիր, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ հասնելու իսկական հաջողության։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կապ հաստատիր ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելիր www.jw.org/hy-armn կայք։