Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեծ նվաճում Մալավիում. 1000 Թագավորության սրահներ

Մեծ նվաճում Մալավիում. 1000 Թագավորության սրահներ

Մեծ նվաճում Մալավիում. 1000 Թագավորության սրահներ

«ԵՐԲԵՔ չէի մտածի, որ դա հնարավոր կլինի Մալավիում»,— ասաց Ավգուստինը։ Ինչի՞ մասին էր նա խոսում։ Բազմաթիվ Թագավորության սրահների շինարարության (Եհովայի վկաները այսպես են անվանում իրենց երկրպագության վայրերը)։ 1993թ.-ին Մալավիում 30000 Վկաներ կային (փոքր պետություն Աֆրիկայի հարավարևելյան մասում), սակայն Աստվածաշունչ ուսումնասիրելու և երկրպագելու ոչ մի հարմար վայր չկար։

Այսօր, սակայն, իրավիճակն այլ է։ 2010թ. սեպտեմբերին Բլանթայրում Մալավիի Եհովայի վկաները ավարտին հասցրին հազարերորդ Թագավորության սրահի շինարարությունը a։ Իսկ ինչո՞ւ նախքան երկրպագության վայր կառուցելը նրանց թիվը հասավ 30000-ի։ Եթե սկսվեր շինարարական ծրագիրը, ինչպե՞ս էին կարողանալու 1000 սրահ կառուցել կարճ ժամանակահատվածում և այն էլ սահմանափակ միջոցներով։ Ի՞նչ ազդեցություն թողեց սրահների շինարարությունը Վկաների և նրանց հայրենակիցների վրա։

Փորձության ժամանակներ

1900-ականների սկզբներին Եհովայի վկաները (այն ժամանակ կոչվում էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ) Մալավիում սկսեցին տարածել աստվածաշնչյան ճշմարտությունները։ 1967թ.-ին Վկաների թիվը աճեց՝ հասնելով մոտ 17000-ի։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ նրանք օրինապահ քաղաքացիներ էին և հարգում էին իրենց կառավարությանը։ Սակայն չեզոք էին մնում քաղաքական հարցերում (Հովհաննես 18։36; Գործեր 5։29

Ցավոք, 1960-ականների կեսերին Վկաների ու կառավարության միջև լարվածություն առաջ եկավ, և 1967թ.-ին նրանց գործունեությունը արգելքի տակ դրվեց։ Կարճ ժամանակ հետո շատերը հեռացվեցին աշխատանքից, բռնագրավվեց կամ ոչնչացվեց նրանց ունեցվածքը։ Ուժգին հալածանքի և վախի պատճառով, որ հնարավոր է կոտորած լինի, հազարավոր Վկաներ փախան հարևան երկրներ՝ Մոզամբիկ և Զամբիա։

Սակայն ժամանակի ընթացքում Մալավիում իրավիճակը փոխվեց հօգուտ Եհովայի վկաների, և շատերը մինչև 1990-ականների սկիզբը հայրենադարձվեցին։ Իսկ 1993թ. օգոստոսի 12-ին մեծ ցնծություն ապրեցին՝ իմանալով, որ 26-ամյա արգելքը հանվեց։ Այժմ մեկ ուրիշ խնդրի առաջ կանգնեցին։ Ավելի քան 30000 Վկաներ, որոնք ծառայում էին 583 ժողովներում, իրենց երկրպագության համար հարմար վայրեր չունեին։ Ի՞նչ էին անելու։

Սեր՝ դրսևորված գործով

Ազատություն ստանալուց վեց տարի հետո տեղի Վկաները սկսեցին Թագավորության սրահներ կառուցել իրենց սահմանափակ միջոցներով։ Սակայն դա հեշտ բան չէր, քանի որ Վկաների տարեկան աճը գերազանցում էր սրահների թիվը։ Որևէ լուծում կա՞ր. 2 Կորնթացիներ 8։14 համարի կիրառությունը։ Ուրիշ երկրների ֆինանսական «ավելցուկով» կլրացվեր Մալավիի «պակասը»։ 1999թ.-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հատուկ ծրագիր կազմեց սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար՝ երկրպագության վայրեր կառուցելու նպատակով։ Այս սիրառատ օգնության շնորհիվ Մալավիի Վկաները մեծ թափ տվին Թագավորության սրահների շինարարությանը b։

Նախկինում Մալավիում Վկաները հավաքվում էին դպրոցի դասարաններում, ժամանակավոր ծածկերի, անգամ ծառերի տակ։ Իսկ այսօր 1230 ժողովներ աստվածաշնչյան կրթություն ստանալու համար կարող են հավաքվել գեղեցիկ շինություններում, որոնք նվիրվել են ճշմարիտ երկրպագությանը։ Ինչ խոսք, Մալավիի ավելի քան 75000 Վկաները անչափ գնահատում են աշխարհի տարբեր մասերում ապրող իրենց հոգևոր եղբայրների և քույրերի աջակցությունը։

Մեկ ուրիշ գործոն, որ նպաստեց կարճ ժամանակում երկրպագության վայրերի շինարարությանը, այն էր, որ Վկաները չցանկացան շքեղ սրահներ կառուցել։ Հակառակը՝ նրանք ուզեցին ունենալ պարզ, համեստ և արժանավայել շինություններ, որոնք փառք կբերեին Աստծուն և միևնույն ժամանակ հարմար միջավայր կստեղծեին Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։

Օգուտներ են քաղում նաև գյուղական բնակավայրերը

Մի ժամանակ Մալավիում ծաղրում էին Եհովայի վկաներին որպես կրոնի, որը չունի երկրպագության համար նախատեսված վայր։ Այդ պատճառով Վկաները անհարմար էին զգում հետաքրքրություն ցույց տված անհատներին հրավիրել ժողովների։ Որքա՜ն նրանք ուրախացան, երբ գեղեցիկ Թագավորության սրահներ ունեցան։ Այժմ կարող էին սրտանց հրավիրել իրենց հարևաններին և այլ մարդկանց՝ ժողովի հանդիպումներին մասնակցելու։ Ժողովներից մեկում նորակառույց Թագավորության սրահում մի անգամ ներկա գտնվեց 698 մարդ. ի՜նչ ցնծություն։

Վկաների, անգամ տեղացի մարդկանց մտքով երբեք չէր անցնի, որ մի օր հնարավոր կլինի ունենալ գեղեցիկ և ամուր սրահներ։ Ավգուստինը, որի մասին արդեն նշվեց հոդվածի սկզբում, հիշում է, որ ժողովներից մեկը հանդիպումը անցկացնում էր ծառի տակ։ Նա ասում է. «Չոր եղանակին հաճելի էր, բայց խոնավ եղանակին շատ դժվար էր լինում»։ Եթե երբևէ եղել ես արևադարձային երկրում, կարող ես գլխի ընկնել, թե ինչ դժվարությունների մասին է ակնարկում Ավգուստինը։

Ավգուստինը հիշում է, որ մի անգամ այցելել էր «Չիմվանջա» ժողով։ Նա պատմում է. «Ժողովը անցկացվում էր փոքր ծածկի տակ, որը կանգնած էր փայտե գերանների վրա, իսկ տանիքը խոտից էր։ Սակայն չէինք իմացել, որ խոտի տանիքը դարձել էր մի մեծ ու թունավոր սարդի օթևան։ Եվ իմ ելույթի կեսին հանկարծ այս վտանգավոր արարածը տանիքից ընկավ ուղիղ ոտքերիս մոտ։ Ունկնդիրներից մեկը վախեցած գոռաց. «Ճզմի՛ դրան, Ավգուստի՛ն, ճզմի՛»։ Դե իհարկե, ես այդպես էլ արեցի և ինչպես տեսնում եք, դեռ կենդանի եմ»։ Սակայն այսօր այդ ժողովը ունի նոր Թագավորության սրահ, և այլևս «չսպասված հյուրեր» չեն գալիս։

«Մեր թաղամասի մարգարիտը»

Թագավորության սրահների շինարարությունը պատճառ եղավ, որ շատերը, ինչպես նաև տեղի իշխանությունները հարգանք դրսևորեն Վկաների հանդեպ։ Ստորև բերված մեկնաբանությունները վկայում են այդ մասին։

«Երկրպագության նոր վայրը մեր թաղամասի մարգարիտն է։ Ինձ տպավորեց շինարարության ընթացքում Վկաների դրսևորած սերն ու միասնությունը։ Կարծում եմ՝ եկեղեցիները պետք է ընդօրինակեն նրանց» (Չաբվենզի գյուղի գյուղապետ)։

«Ամենից շատ ինձ տպավորում է Վկաների միասնությունը։ Մեր եկեղեցին սկսեցինք կառուցել տասը տարի առաջ, շինարարությունը դեռ ընթացքի մեջ է և հույս էլ չկա, որ կավարտվի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ մեր տարածքում այսպիսի գեղեցիկ շինություն եք կառուցել» (Չիգվանամբա գյուղի գյուղապետ)։

«Զարմանում ես, երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք աշխատում. այնքան արագ ու միևնույն ժամանակ մաքուր։ Դուք շատ միասնական եք» (Չիուզիրա գյուղի գյուղապետ)։

Թագավորության սրահների շինարարության ծրագիրը այնքան ուշագրավ է եղել, որ չի վրիպել անգամ չիչևա/չինյանջա–անգլերեն բառարանի խմբագիրների աչքից։ Այնտեղ Վկաների մասին գրվել է. «Եհովայի վկաները կառուցել են բազում [Թագավորության սրահներ]»։

«Թագավորության սրահը հրաշք է»

2011թ. հունվարի 30-ին Բլանթայրում գտնվող «Մանյովա» ժողովը, որի մասին արդեն նշվեց, կատարեց Թագավորության սրահի նվիրումը, որը Մալավիում հազարերորդն էր։ Ժողովի անդամներից մեկն ասաց. «Այս Թագավորության սրահը հրաշք է։ Կարծես երազանքը իրականություն դարձավ»։

«Մանյովա» ժողովից մի երիտասարդ աղջիկ ասաց. «Շինարարության ժամանակ մի օր անգամ բաց չեմ թողել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել մեր տարածքում այսպիսի հարմարավետ վայր կառուցելու նախագծին»։

«Մենք շատ դժվարությամբ ստացանք տեղի իշխանությունների թույլտվությունը Թագավորության սրահ կառուցելու համար,— պատմում է մի ժողովում ծառայող երեց։— Մի քանի անգամ իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրություն տալուց։ Սակայն տեղի պաշտոնյաներից մեկը՝ տիկին Լինես Չիկաոնական, մեծ ջանքեր թափեց, որ համոզի պաշտոնյաներին ստորագրել»։

Մի օր տիկին Չիկաոնական երեցներից մեկի հետ գնաց թույլտվության ստորագրություն խնդրելու։ Պաշտոնյաներից մեկին նա ասաց. «Ես ուզում եմ, որ Վկաները իմ գյուղում Թագավորության սրահ կառուցեն։ Նրանք լավ մարդիկ են։ Ես նրանց հետ կապված երբեք ստիպված չեմ եղել խնդիրներ լուծել մեր դատարանում»։ Այդ խոսքերից հետո պաշտոնյան տվեց իր ստորագրությունը։

Տիկին Չիկաոնական մեծ ոգևորությամբ ներկա գտնվեց Թագավորության սրահի նվիրմանը։ «Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ գյուղում այսպիսի գեղեցիկ շինություն կա»,— ասաց նա։

Թե՛ Եհովայի վկաները, թե՛ նրանց հայրենակիցները շարունակ իրենց գնահատանքն են արտահայտում Թագավորության սրահների շինարարության ծրագրի համար։ Իրենց օրինակելիության, անձնազոհության ու ջանասիրության շնորհիվ Մալավիում Եհովայի վկաները այլևս այնպիսի մեծ հակառակության չեն բախվում այն վայրերում, որտեղ Թագավորության սրահների կարիք կա, ինչպես որ եղավ 1993թ.-ին։ Գնալով ավելի շատ սրահների կարիք է զգացվում, քանի որ մարդիկ դրականորեն են արձագանքում Աստծու «Թագավորության այս բարի լուրին» և նոր ժողովներ են կազմավորվում (Մատթեոս 24։14)։ Վկաները խորապես գնահատում են իրենց համաշխարհային եղբայրակցության աջակցությունն ու առատ նվիրաբերությունները c։

Բայց ամենակարևորը, Վկաները իրենց երախտագիտությունը արտահայտում են իրենց Աստծուն՝ Եհովային։ Նրանք զգում են այն, ինչ սաղմոսերգուն է զգացել. «Բոլոր ազգերը, որոնց դու ստեղծեցիր, կգան ու կխոնարհվեն քո առաջ, ո՛վ Եհովա, և փառք կտան քո անվանը, որովհետև դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում» (Սաղմոս 86։9, 10

[ծանոթագրություններ]

a Թագավորության սրահների թիվը այսօր անցել է 1030-ը։

b 1999թ.-ից սկսած՝ Եհովայի վկաները կառուցել են 23786 Թագավորության սրահներ սահմանափակ միջոցներ ունեցող 151 երկրներում։

c Ողջ աշխարհում Եհովայի վկաների աշխատանքը ամբողջովին իրականացվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։

[նկար 24-րդ էջի վրա]

Նախքան Թագավորության սրահների շինարարական ծրագիրը գործի դնելը հանդիպման վայրերը հաճախ անցկացվում էին խոտի ծածկի տակ

[նկար 24-րդ էջի վրա]

Այժմ ժողովի հանդիպումները անցկացվում են այսպիսի Թագավորության սրահներում