Ջոն Ֆոքս. փոթորկալից ժամանակներ

Ջոն Ֆոքս. փոթորկալից ժամանակներ

Ջոն Ֆոքս. փոթորկալից ժամանակներ

ԱՐԴՅՈՔ մարդկությունը դասեր քաղե՞լ է անցյալից։ Այս հարցը ի մտի ունենալով՝ քննենք անգլիացի Ջոն Ֆոքսի կյանքը, որը գրել է մի գիրք՝ հույս ունենալով, որ իր ընթերցողները անտարբեր չեն մնա իր օրերում տեղի ունեցող անպատմելի դաժանությունների հանդեպ։

Ջոն Ֆոքսի գրքերը գրի են առնվել Ռեֆորմացիայի շրջանում և դարեր շարունակ զորեղ ազդեցություն են թողել Անգլիայի ժողովրդի վրա։ Նրա գիրքը, որը կոչվում է «Եկեղեցու գործերն ու անցյալի կոթողները», ամբողջացվել է ավելի քան 25 տարում։ Ոմանք ասում են, որ Աստվածաշնչից հետո սա երկրորդ գիրքն է, որը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի լեզվի ու մշակույթի վրա։

Փոթորկալից տարիներ

Ջոն Ֆոքսը ծնվել է 1516 կամ 1517թ.-ին Բոստոնում (Անգլիա)։ Հենց այն ժամանակ, երբ Մարտին Լյութերը իր 95 թեզիսները՝ բողոքները, մեխեց Վիտենբերգ քաղաքի (Գերմանիա) եկեղեցիներից մեկի դռանը։ Ֆոքսը կաթոլիկ էր, և ասպարեզ մտավ այն ժամանակ, երբ ռեֆորմատականները հարցականի տակ դրեցին կաթոլիկ եկեղեցու իշխանությունն ու ուսմունքները։

Ֆոքսը ընդունվեց Օքսֆորդի համալսարան, որտեղ այլ առարկաների թվում սովորեց նաև հունարեն ու եբրայերեն, ինչի շնորհիվ կարողացավ կարդալ Աստվածաշունչը բնագիր լեզուներով։ Ակներևաբար, հենց դա պատճառ եղավ, որ նա չհամաձայնվեց կաթոլիկ եկեղեցու ուսմունքներին։ Անգամ նրա կոլեգաները սկսեցին մտածել, որ Ջոնը բողոքական է դառնում, և այդ մասին տեղեկացրին համալսարանի տնօրինությանը։ Ֆոքսին սկսեցին հետևել։

Երբ 1543թ.-ին Ջոնը մագիստրոսի կոչում ստացավ, պաշտոնապես պետք է քահանա նշանակվեր։ Սակայն համաձայն չլինելով պարտադիր կուսակրոնությանը՝ նա հրաժարվեց այդ կոչումից և ստիպված եղավ թողնել իր կարիերան։ Կասկածներ կային, թե նա հերետիկոս է դարձել, այդ պատճառով 1545թ.-ին հեռացավ համալսարանից, քանի որ կարող էին իրեն մահվան դատապարտել։ Թողնելով խոստումնալից ակադեմիական կարիերան՝ Ֆոքսը սկսեց աշխատել որպես մասնավոր ուսուցիչ մի ընտանիքում, որն ապրում էր Ստրատֆորդ-ապոն-Էյվոնի մոտ (Ուորվիքշիր)։ Այստեղ նա ամուսնացավ Ագնես Ռանդել անունով մի կնոջ հետ։

Լինելով Քովենթրի քաղաքի քաղաքացի՝ Ագնեսը Ֆոքսին պատմեց Սմիթ անունով մի այրի կնոջ մասին։ Վերջինս իր երեխաներին սովորեցնում էր Տասը պատվիրանները և Հիսուսի տիպար աղոթքը, որը հաճախ «Տերունական աղոթք» են անվանում։ Լատիներեն սովորեցնելու փոխարեն՝ նա երեխաներին անգլերեն էր սովորեցնում։ Այս «հանցագործության» համար նրան ցցի վրա այրեցին վեց այլ տղամարդկանց հետ, ովքեր նույն արարքի մեջ էին մեղադրվել։ Քանի որ այս ծայրահեղ անարդարությունը մարդկանց մեջ բողոքի մեծ ալիք բարձրացրեց, տեղի եպիսկոպոսը լուրեր տարածեց, թե մեղավորներին այրել են «ավելի մեծ հանցանքի» համար՝ ուրբաթ օրերին և ծոմապահության մյուս օրերին միս ուտելու պատճառով։

Հետաքրքիր է, սակայն, ինչպե՞ս էին մարտիրոսները ծանոթ Աստվածաշնչի անգլերեն հատվածներին։ Մոտ 150 տարի առաջ, չնայած եկեղեցու հակառակությանը, Ջոն Ուիքլիֆը Աստվածաշունչը լատիներենից անգլերեն էր թարգմանել։ Նա նաև պատրաստել էր շրջիկ քարոզիչներ, որոնք լոլարդներ էին կոչվում *։ Վերջիններս ունեցել են Սուրբ Գրքից արտագրված որոշ հատվածներ, որոնք ընթերցել են մարդկանց համար։ Ինչ խոսք, պառլամենտը փորձել էր կանգնեցնել նրանց գործունեությունը, ուստի 1401թ.-ին ընդունել էր մի կանոնադրություն, ըստ որի՝ եպիսկոպոսները իշխանություն էին ստացել բանտարկելու և տանջելու հերետիկոսներին ու ցցի վրա նրանց այրելու։

Վախենալով բանտարկվելուց՝ Ֆոքսը ընտանիքի հետ տեղափոխվեց Լոնդոն, որտեղ բողոքականության կողմը դիրք բռնեց։ Այստեղ նա գերմանացի ռեֆորմատականների թերթիկները թարգմանեց անգլերեն, այլ թերթիկներ էլ թարգմանեց լատիներենից։ Նաև անձամբ գրեց մի քանի թերթիկներ։

Ավելին, Ֆոքսը սկսեց գրել Անգլիայի լոլարդների մասին մի գիրք, որը ավարտեց 1554թ.-ին։ Այն տպագրվեց Ստրասբուրգում (այսօր գտնվում է Ֆրանսիայի տարածքում) որպես 212 էջանոց փոքրիկ լատիներեն հատոր։ Իրականում, դա «Եկեղեցու գործերն ու անցյալի կոթողները» գրքի առաջին հրատարակությունն էր։ Հինգ տարի անց նա գրքին ավելացրեց ավելի քան 750 էջեր։

Անհանդուրժողականության մահաբեր պտուղները

Ռեֆորմացիայի ընթացքում Եվրոպայում սպանվեցին հազարավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ 1553թ.-ին Անգլիայում գահ բարձրացավ մի մոլեռանդ կաթոլիկ, որը հայտնի դարձավ Մարի Արյունարբու անունով։ Քանի որ անգլիական պառլամենտը 1534թ.-ին խզել էր իր բոլոր կապերը Հռոմի հետ, այս կինը որոշեց Անգլիայում կրկին հաստատել պապական իշխանություն։ Մարիի հինգամյա իշխանության ընթացքում մոտ 300 տղամարդիկ ու կանայք, այդ թվում նաև բողոքական եկեղեցու առաջնորդները որպես հերետիկոսներ այրվեցին։ Շատերն էլ մահացան բանտերում։

Ֆոքսը փրկվեց, քանի որ Մարիի գահակալումից կարճ ժամանակ անց ընտանիքի հետ տեղափոխվեց Բազել (Շվեյցարիա)։ 1559թ.-ին Մարիի քրոջ՝ բողոքական Էլիզաբեթի գահակալումից մեկ տարի հետո նա և իր ընտանիքը ուրիշ աքսորյալների հետ վերադարձան Անգլիա։ Այդ նույն տարում Էլիզաբեթը վերականգնեց Բարձրագույն իշխանության ակտը * և իրեն հռչակեց եկեղեցու գերագույն կառավարիչ։ Սակայն 1570թ.-ին Պիոս V պապը վտարեց նրան եկեղեցուց։ Շատ չանցած՝ բացահայտվեցին Անգլիայի դեմ ուղղված միջազգային դավադրությունները, այդ թվում նաև բողոքական թագուհու սպանության ծրագիրը։ Արդյունքում հարյուրավոր կաթոլիկներ մեղադրվեցին դավաճանության մեջ և Էլիզաբեթի հրամանով մահապատժի ենթարկվեցին։

Որքա՜ն շատ էին հեռացել քրիստոնյա աշխարհի եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ուսմունքներից։ «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար»,— սովորեցրեց Հիսուսը (Մատթեոս 5։44)։ Քանի որ թե՛ կաթոլիկները, թե՛ բողոքականները անտեսեցին այս հստակ պատվիրանը, մեծ անարգանք բերեցին քրիստոնեության վրա, ինչի մասին կանխագուշակել էր Աստվածաշունչը։ Պետրոս առաքյալը գրել էր, որ նրանց պատճառով, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, «ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի» (2 Պետրոս 2։1, 2

Ֆոքսը ամբողջացնում է իր գիրքը

Վերադառնալով Անգլիա՝ Ֆոքսը շարունակեց ավելացնել իր գրքի էջերը՝ նկարագրելով դեպքեր, որոնց իր ընթերցողներից ոմանք ականատես էին եղել։ Նրա առաջին հրատարակությունը, որն ընդգրկում էր մոտ 1800 էջ և մի շարք փորագրանկարներ, լույս ընծայվեց 1563թ.-ին և անմիջապես դարձավ ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքը։

Յոթ տարի անց լույս տեսավ երկրորդ հրատարակությունը։ Այն բաղկացած էր երկու հատորից, ուներ ավելի քան 2300 էջ և 153 նկար։ Հաջորդ տարի Անգլիայի եկեղեցին որոշեց, որ Ֆոքսի գրքի մի օրինակ Աստվածաշնչի հետ օգտագործվի բոլոր տաճարներում և եկեղեցու բարձրաստիճան սպասավորների տներում՝ հօգուտ եկեղեցու ծառայողների և այցելուների։ Ծխական եկեղեցիները շուտով հետևեցին այս օրինակին։ Շնորհիվ դրանց մեջ տեղ գտած նկարների, որոնք մեծ ազդեցություն էին թողնում, օգուտներ էին քաղում նույնիսկ անգրագետ մարդիկ։

Երբ Ֆոքսը միացավ պուրիտաններին, բողոքականները մտածեցին, որ միայն Հռոմի եկեղեցուց առանձնանալը բավարար չէ։ Նրանք սովորեցնում էին, որ ցանկացած բան, որ վկայում է կաթոլիկության մասին, պետք է վերացվի. դիրքորոշում, որը հանգեցրեց Անգլիայի բողոքական եկեղեցու հետ ընդհարման։ Այն որդեգրել էր կաթոլիկական սովորույթներ և ուսմունքներ։

Ֆոքսի աշխատությունը քողազերծում էր բազմաթիվ կրոնական վայրագություններ, որոնք տեղի ունեցան իր կյանքի փոթորկալից ժամանակներում։ Այդ պատճառով նրա գիրքը կրոնական ու քաղաքական առումով դարեր շարունակ մեծ ազդեցություն թողեց մարդկանց վրա։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 9 Տե՛ս «Դիտարանի» 1980թ. օգոստոսի 1-ի համարում «Լոլարդներ. Աստվածաշնչի խիզախ քարոզիչներ» հոդվածը (անգլ.)։

^ պարբ. 14 «Անգլիայի պատմության կարևոր փաստերը» գրքում Դ. Մոնտգոմերին նշում է, որ 1534թ.-ին պառլամենտը ընդունեց Բարձրագույն իշխանության ակտը, «որը Հենրիին հռչակեց եկեղեցու միակ գլուխ՝ այդպիսով բացառելով պետական դավաճանությունը։ Այս ակտը ստորագրելիս թագավորը գրչի մի հարվածով ջնջեց հազարավոր տարիների ավանդույթները, և Անգլիան խիզախորեն դեմ կանգնեց պապից անկախ ազգային եկեղեցուն»։

[շրջանակ/նկար 28-րդ էջի վրա]

«ԳԻՐՔ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Մինչ կաթոլիկ եկեղեցին շարունակում էր պայքարել Ռեֆորմացիայի դեմ, Եվրոպայում մարտիրոսաբանները, օրինակ՝ Ժան Քրիսպինը, մանրամասնորեն գրի էին առնում այդ երկրներում տեղի ունեցող հալածանքների ու մարտիրոսությունների մասին *։ Արդյունքում Ֆոքսի՝ «Եկեղեցու գործերն ու անցյալի կոթողները» գիրքը փոխարինվեց մեկ այլ վերնագրով և հայտնի դարձավ «Գիրք մարտիրոսների մասին» անվանումով։ Հետագայում, երբ լույս տեսան գրքի վերանայված ու կրճատված հրատարակությունները, ընդունվեց ոչ պաշտոնական վերնագիրը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 26 Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2011 թ. մարտի թողարկման «Ժան Քրիսպինի գիրքը մարտիրոսների մասին» հոդվածը (անգլ., ռուս.)։

[թույլտվությամբ]

© Classic Vision/age fotostock

[նկար 27-րդ էջի վրա]

Ջոն Ուիքլիֆը պատրաստել է շրջիկ քարոզիչներ, որոնք կոչվում էին լոլարդներ

[թույլտվությամբ]

From the book The Church of England: A History for the People, 1905, Vol. II

[նկար 26-րդ էջի վրա. թույլտվությամբ]

From Foxe’s Book of Martyrs