Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարդկային գեների մանիպուլյացիան օգնե՞լ է գտնել կյանքի տևողությունը երկարացնելու բանալին

Երկարակեցության գաղտնիքի որոնումները

Երկարակեցության գաղտնիքի որոնումները

«Ես տեսել եմ այն զբաղմունքը, որն Աստված տվել է մարդկանց որդիներին, որ զբաղվեն։ Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։10, 11

ԱՅՍ խոսքերը, որ դեռ հնում գրել է իմաստուն Սողոմոն թագավորը, ճշգրտորեն նկարագրում են մարդկանց սրտի փափագը։ Բախվելով այն իրողությանը, որ կյանքը վաղանցիկ է, ու մահն՝ անխուսափելի, մարդիկ դարեր շարունակ ելք են փնտրել։ Պատմության էջերը լի են զանազան իրապատումներով ու լեգենդներով, որոնք վկայում են երկարակեցության գաղտնիքը բացահայտելու մարդկության փորձերի մասին։

Օրինակ՝ անհավանական լեգենդներ են հյուսվել շումերական մի թագավորի՝ Գիլգամեշի կյանքի մասին։ Դրանցից է նրա անունը կրող «Գիլգամեշ» դյուցազնավեպը, համաձայն որի՝ նա վտանգավոր ճանապարհորդության է մեկնում, որ գտնի մահից խուսափելու գաղտնիքը։ Բայց նրա որոնումները անհաջողության են մատնվում։

Միջնադարյան ալքիմիկոսը՝ իր լաբորատորիայում

Մ. թ. ա. չորրորդ դարում Չինաստանում ալքիմիկոսները փորձում էին ստանալ, այսպես կոչված, «կյանքի էլիքսիր»՝ բուժահեղուկ, որն իբրև պետք է երկարացներ մարդու կյանքը։ Ի վերջո նրանք ստեղծեցին մի լուծույթ, որը պարունակում էր սնդիկ ու մկնդեղ։ Կարծիքներ կան, որ այդ լուծույթը Չինաստանի մի քանի կայսրերի մահվան պատճառ է դարձել։ Միջնադարյան Եվրոպայում որոշ ալքիմիկոսներ էլ փորձում էին այնպես ձևափոխել ոսկին, որ այն հնարավոր լինի մարսել, քանի որ համոզված էին որ այդ մետաղի հակաքայքայիչ հատկությունները կարող են երկարացնել մարդու կյանքը։

Ներկայումս որոշ կենսաբաններ ու գենետիկաբաններ փորձում են բացահայտել ծերացման պատճառը։ «Կյանքի էլիքսիրի» որոնումների պես՝ այս փնտրտուքներն էլ կրկին անգամ փաստում են, որ ծերությունից ու մահից ազատվելու հույսը բնավ չի մարել մարդկանց սրտերում։ Բայց նախ տեսնենք՝ ինչ արդյունքներ են բերել այդ ուսումնասիրությունները։

ԱՍՏՎԱԾ «ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐՏԵՐՈՒՄ» (ԺՈՂՈՎՈՂ 3։10, 11)

ԾԵՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՐՁԵՐԸ

Մարդու բջիջն ուսումնասիրող գիտնականները ավելի քան 300 տեսություն են առաջ քաշել այն մասին, թե ինչու ենք ծերանում ու մահանում։ Վերջին տարիներին մոլեկուլային կենսաբաններին հաջողվել է գեների և սպիտակուցների մանիպուլյացիայի միջոցով լաբորատոր պայմաններում դանդաղեցնել ծերացման պրոցեսը կենդանիների օրգանիզմներում և մարդկային բջիջներում։ Այդպիսի նվաճումները որոշ մեծահարուստների մղել են ֆինանսավորել մահվան պատճառը գտնելու հետազոտությունները։ Ի՞նչ է բացահայտվել այդ հետազոտությունների արդյունքում։

Ծերացման պրոցեսը հետ շրջելու փորձեր։ Որոշ կենսաբաններ կարծում են, որ ծերացման գլխավոր պատճառներից մեկը կապված է քրոմոսոմի ծայրային հատվածի՝ տելոմերի հետ։ Բջիջների կիսվելու ժամանակ տելոմերները ամբողջական են պահում մեր գենետիկական ինֆորմացիան։ Բայց բջջի ամեն կիսվելու հետ տելոմերները կարճանում են։ Դրա հետևանքով բջիջները վերջիվերջո դադարում են կիսվել, և սկսում է ծերացման պրոցեսը։

Նոբելյան մրցանակի 2009 թ. դափնեկիր Էլիզաբեթ Բլեքբերնը և նրա աշխատանքային խումբը հայտնաբերեցին, որ կա մի ֆերմենտ, որը խոչընդոտում է տելոմերների շուտ կարճացմանը և արդյունքում նաև՝ բջջի ծերացմանը։ Սակայն իրենց զեկույցում նրանք խոստովանում են, որ տելոմերները, այնուամենայնիվ, «չեն կարող հրաշքով երկարաձգել կյանքը։ Դրանք կյանքի նորմալ տևողությունից ավելի երկար ապրելու հնարավորություն չեն ընձեռում»։

Բջիջների վերածրագրավորում։ Ծերացման պրոցեսը կանխելու մեկ այլ մեթոդ է բջիջների վերածրագրավորումը։ Երբ մեր բջիջները շատ են ծերանում և այլևս չեն կարողանում կիսվել, գուցե սկսեն սխալ ազդանշաններ ուղարկել հարևան իմունային բջիջներին՝ առաջացնելով բորբոքումներ, քրոնիկական ցավեր և հիվանդություններ։ Վերջերս Ֆրանսիայում գիտնականները վերածրագրավորել են տարեց մարդկանցից վերցված բջիջները (տարեցներից ոմանք 100 տարեկանից բարձր էին)։ Այդ հետազոտություններով զբաղվող խմբի ղեկավար պրոֆեսոր Ժան-Մարկ Լըմետրը հայտարարեց, որ իրենց աշխատանքը հստակ ցույց է տվել, որ բջիջներում «ծերության պրոցեսը հնարավոր է հետ շրջել»։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ Ի ԶՈՐՈ՞Ւ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Շատ գիտնականներ այսօր կարծում են, որ ծերացման դեմ այդ բուժմեթոդները, միևնույնն է, չեն կարող այնպես անել, որ մարդու կյանքի տևողությունը գերազանցի ներկայումս գոյություն ունեցող սահմանը։ Ճիշտ է, մարդկանց կյանքի տևողությունը զգալիորեն ավելացել է 19-րդ դարից ի վեր, բայց դրա պատճառը գլխավորաբար հիգիենայի բարելավումն է, վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ միջոցների հայտնաբերումը, ինչպես նաև հակաբիոտիկների և պատվաստանյութերի կիրառումը։ Որոշ գենետիկաբաններ հավատացած են, որ ներկայումս մարդու կյանքի տևողությունը գրեթե հասել է իր բնական սահմանագծին։

Մոտ 3 500 տարի առաջ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Մովսեսը, գրել է. «Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են, և եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն, միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի։ Դրանք արագ անցնում են, և մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։ Մարդիկ ինչքան էլ ջանք թափեն կյանքի տևողությունը երկարացնելու համար, ընդհանուր առմամբ իրականությունը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին նկարագրեց Մովսեսը։

Բայց հետաքրքիր է, որ որոշ կենդանի արարածներ, ինչպիսիք են ծովային կարմիր ոզնին կամ ծովային երկփեղկ փափկամարմինների մի տեսակ, կարող են ապրել 200 տարուց ավելի, իսկ որոշ ծառեր, ինչպիսին է, օրինակ՝ սեքվոյա վիթխարին, կարող են ապրել հազարավոր տարիներ։ Երբ մեր կյանքի տևողությունը համեմատում ենք այս և այլ կենդանի օրգանիզմների կյանքի տևողության հետ, ակամայից սկսում ենք մտածել. «Մի՞թե սա է ամբողջ կյանքը՝ այս 70–80 տարին»։