Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված կարեկի՞ց է

Աստված կարեկի՞ց է

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ըստ բառարանային սահմանման՝ կարեկցանքը «ինքդ քեզ դիմացինի իրավիճակում պատկերացնելով՝ նրա զգացմունքներին, ապրումներին ցավակից լինելու, դրանք կիսելու ունակությունն է»։ Հոգեկան առողջության ոլորտի մասնագետ դոկտոր Ռիկ Հանսոնը նշում է. «Կարեկցանքը մեր արյան մեջ է»։

ՄՏԱԾԵՔ։ Ի՞նչու ենք մենք օժտվել կարեկցելու ունակությամբ, մի բան, որ չունի երկրի վրա ապրող ուրիշ ոչ մի կենդանի արարած։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով (Ծննդոց 1։26)։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք արտացոլել նրա էությունը, այսինքն՝ որոշ չափով դրսևորել այն հիանալի հատկությունները, որ նա ունի։ Հետևաբար, երբ մարդիկ, կարեկցանքից մղված, հոգատարություն են դրսևորում ուրիշների նկատմամբ և օգնում են նրանց, այդպիսով արտացոլում են իրենց կարեկից Արարչի՝ Եհովա Աստծու այդ գեղեցիկ հատկությունը (Առակներ 14։31

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Աստված կարեկից է մեր հանդեպ և խոր ցավ է ապրում՝ տեսնելով մեր տառապանքը։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչ զգացումներ ուներ Աստված, երբ հնում ապրած Իսրայել ժողովուրդը երկար տարիներ ստրկության մեջ էր Եգիպտոսում, այնուհետև քառասուն տարի շարունակ դեգերումների ու դժվարությունների մեջ էր անապատում։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Եսայիա 63։9)։ Ուշագրավ է, որ Աստված ոչ թե պարզապես տեղյակ էր նրանց նեղություններից, այլ զգում էր նրանց ցավը։ Նա ասել է. «Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։ Նա իր Խոսքում նաև այսպիսի հավաստիացում է տալիս. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (Զաքարիա 2։8)։ Երբ որևէ մեկը մեզ ցավ է պատճառում, մեր երկնային Հայրն էլ է ցավ ապրում։

Աստվածաշունչը հավաստիացնում է, որ անգամ երբ մեր սիրտը դատապարտում է մեզ, և մենք Աստծու կարեկցանքին արժանի չենք համարում մեզ, «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։19, 20)։ Աստված ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ինքներս։ Նա լիովին տեղյակ է մեր հանգամանքներին, լիարժեքորեն գիտի՝ ինչ մտքեր ու զգացմունքներ ունենք, և սրտանց կարեկցում է մեզ։

Կարող ենք Աստծուց մխիթարություն, իմաստություն և աջակցություն խնդրել՝ իմանալով, որ նա պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր վիշտ ու ցավ ունեն

Աստվածաշնչում ասվում է.

  • «Դու կկանչես, ու Եհովան կպատասխանի, օգնության կկանչես, և նա կասի՝ լսում եմ» (ԵՍԱՅԻԱ 58։9

  • «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Եվ դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (ԵՐԵՄԻԱ 29։11, 12

  • «Իմ արցունքները քո տկի մեջ դիր։ Չէ՞ որ դրանք քո գրքի մեջ են» (ՍԱՂՄՈՍ 56։8

ԱՍՏՎԱԾ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՐԵԿՑՈՒՄ Է ՄԵԶ

Իմանալով, որ Աստված կարեկցում է մեզ՝ արդյոք ավելի հեշտ չե՞նք տանի կյանքի դժվարությունները։ Նկատի առնենք Մարիայի օրինակը։

Նա ասում է. «Երբ կորցրի 18-ամյա որդուս, որը երկու տարի շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ, ես աննկարագրելի ցավ էի ապրում ու մտածում էի, որ կյանքը շատ ծանր է ու անարդար։ Ես զայրացած էի Եհովայի վրա, որ նա չմիջամտեց ու չբուժեց որդուս։

Դրանից վեց տարի անց մի անգամ սիրտս բացեցի իմ ընկերներից մեկի՝ մեր ժողովից մի կարեկից ու ջերմ քրիստոնյա քրոջ առաջ. ես նկարագրեցի՝ ինչ զգացումներ ունեմ, ասացի, որ Եհովան չի սիրում ինձ։ Նա ժամեր շարունակ առանց ընդհատելու համբերատարությամբ լսեց ինձ, իսկ հետո Աստվածաշնչից մի միտք ասաց, որը շարժեց սիրտս։ Այդ միտքը գրված է 1 Հովհաննես 3։19, 20 համարներում, որտեղ կարդում ենք. «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի»։ Նա ինձ հավաստիացրեց, որ Եհովան հասկանում է մեր վիշտն ու դժվարությունները։

Բայց ինձ համար, միևնույնն է, դժվար էր ազատվել դառնության ու զայրույթի զգացումից։ Ինձ օգնեց Սաղմոս 94։19 համարը, որտեղ ասվում է. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։ Այդ խոսքերն ասես հենց ինձ համար էին գրված։ Վերջիվերջո սովորեցի խոսել Եհովայի հետ իմ սրտի ցավի մասին, և դա ինձ շատ էր սփոփում, քանի որ գիտեի, որ նա լսում և հասկանում է ինձ»։

Իսկապես մխիթարական է իմանալ, որ Աստված հասկանում ու կարեկցում է մեզ։ Բայց գուցե հարց առաջանա. այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ տառապանք ու ցավ կա։ Արդյո՞ք Աստված այդ կերպով պատժում է մեզ մեր սխալների համար։ Արդյոք նա մի օր կվերացնի՞ ամեն տեսակ տառապանք ու ցավ։ Այս հարցերի մասին կխոսվի մյուս հոդվածներում։