Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծուն ճանաչելը ի՞նչ օգուտ կբերի ձեզ

Աստծուն ճանաչելը ի՞նչ օգուտ կբերի ձեզ

Նախորդ հոդվածներում մենք քայլ առ քայլ ստացանք այն հարցի պատասխանը, թե ինչպիսի անձնավորություն է Աստված։ Սկզբում տեսանք, որ նրա անունը Եհովա է, և որ նրա կարևորագույն հատկությունը սերն է։ Նաև տեսանք, թե մարդկության բարօրության համար ինչ է արել նա և ինչ է պատրաստվում անել։ Բայց Աստծու մասին դեռ շատ բան կա, որ արժե իմանալ։ Այդուհանդերձ գուցե մտածեք. «Իսկ ի՞նչ օգուտ կբերի այդ ամենն իմանալը»։

Եհովան խոստանում է, որ «եթե փնտրեք նրան, նա թույլ կտա [ձեզ] գտնել իրեն» (1 Տարեգրություն 28։9)։ Միայն պատկերացրեք, թե ինչ թանկ բան ձեռք կբերեք՝ Եհովային փնտրելով ու ճանաչելով՝ նրա «հետ մտերմություն» (Սաղմոս 25։14)։ Ի՞նչ օրհնություններ կբերի ձեզ այդ ընկերությունը։

Իսկական երջանկություն։ Եհովան Աստվածաշնչում նկարագրվում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1։11)։ Ուստի նրա հետ մտերմանալով և նրա մտածելակերպն ու վարվելակերպը ընդօրինակելով՝ իսկական երջանկություն կգտնեք, ինչն էլ կնպաստի ձեր բարօրությանը թե՛ ֆիզիկական, թե՛ մտային ու թե՛ զգացական առումով (Սաղմոս 33։12)։ Նաև երջանիկ կլինեք՝ խուսափելով կործանարար ապրելակերպից, լավ սովորություններ զարգացնելով և ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ պահպանելով։ Երբ ճաշակեք Աստծու հետ մտերմությունը, դուք էլ սրտանց կհամաձայնեք սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղմոս 73։28

Անհատական ուշադրություն և հոգատարություն։ Եհովան իրեն ծառայող մարդկանց խոստացել է. «Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղմոս 32։8)։ Դա նշանակում է, որ նա անհատապես ուշադրություն է դարձնում իր ծառաներից յուրաքանչյուրին և հոգ է տանում նրանց մասին իրենց ուրույն կարիքներին համապատասխան (Սաղմոս 139։1, 2)։ Երբ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ հաստատեք, կտեսնեք, որ նա իսկապես ձեր կողքին է, միշտ պատրաստ օգնության հասնելու։

Հիասքանչ ապագա։ Եհովան ոչ միայն օգնում է, որ այսօր իսկ ապրեք երջանիկ ու բավարարված կյանքով, այլև հիասքանչ ապագայի դուռ է բացում ձեր առջև (Եսայիա 48։17, 18)։ Աստվածաշունչը ասում է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այս դժվարին ժամանակներում Աստծու տված հույսը, որը «թե՛ հուսալի է, թե՛ հաստատ», խարսխի պես կարող է անսասան պահել ձեզ (Եբրայեցիներ 6։19

Սրանք մի քանիսն են այն բազում հիմնավոր պատճառներից, թե ինչու արժե ավելի լավ ճանաչել Աստծուն և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատել։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք զրուցել Եհովայի Վկաներից մեկի հետ կամ այցելել jw.org կայք։