Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ովքե՞ր են հարություն առնելու երկրի վրա, և հարության ի՞նչ տեսակներ են լինելու

Տեսնենք, թե Աստվածաշունչը ինչպես է պատասխանում այս հարցերին։

Գործեր 24։15-ում ասվում է, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի»։ Արդարները նրանք են, ովքեր նախքան իրենց մահանալը հնազանդվել են Աստծուն, և դրա շնորհիվ նրանց անունները գրի են առնվել կյանքի գրքում (Մաղ. 3։16)։ Անարդարների թվում նրանք են, ովքեր իրենց կենդանության օրոք բավարար հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային։ Հետևաբար նրանց անունները չեն գրվել կյանքի գրքում։

Հովհաննես 5։28, 29 համարները վերաբերում են այն երկու խմբերին, որոնց մասին նշված է Գործեր 24։15-ում։ Հիսուսն ասաց, որ նրանք, «ովքեր բարի գործեր են արել», կստանան «կյանքի հարություն», իսկ նրանք, «ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարություն»։ Արդարները նախքան մահանալը բարի գործեր են արել։ Նրանք կստանան կյանքի հարություն, քանի որ նրանց անունները գրված կլինեն կյանքի գրքում։ Իսկ անարդարները նախքան մահանալը չար գործեր են արել, դրա համար կստանան դատաստանի հարություն։ Նրանց անունները դեռևս գրված չեն կյանքի գրքում։ Նրանք դատաստանի կենթարկվեն այն իմաստով, որ կանցնեն փորձաշրջան։ Այդ ընթացքում նրանց հնարավորություն կտրվի սովորելու Եհովայի մասին և ապրելու այնպես, որ իրենց անունները գրվեն կյանքի գրքում։

Հայտնություն 20։12, 13 համարներում ասվում է, որ բոլոր հարություն առածները պետք է հնազանդվեն «գրքերում գրվածներին», այսինքն՝ այն նոր օրենքներին, որ Աստված տալու է նոր աշխարհում։ Նրանք, ովքեր չեն հնազանդվի, կկործանվեն (Ես. 65։20

Դանիել 12։2-ից իմանում ենք, որ մահվան քնով ննջածներից ոմանք կարթնանան «հավիտենական կյանքի, ոմանք էլ նախատինքի ու հավիտենական գարշանք լինելու համար»։ Այս համարում խոսվում է վերջնական վճռի մասին, որ սպասում է հարություն առածներին՝ «հավիտենական կյանք» կամ «հավիտենական գարշանք»։ Փաստորեն 1 000 տարվա վերջում ոմանք կստանան հավիտենական կյանք, իսկ ոմանք՝ վերջնականապես կկործանվեն (Հայտն. 20։15; 21։3, 4

Պատկերացնենք օրինակով։ Հարություն առած երկու խմբերի իրավիճակը կարելի է համեմատել այն մարդկանց իրավիճակի հետ, ովքեր ցանկանում են ապրել օտար երկրում։ Արդարները նման են այն մարդկանց, ովքեր ստանում են աշխատանքային կամ կացության վիզա, ինչը նրանց որոշակի իրավունքներ և արտոնություններ է տալիս։ Իսկ անարդարները նման են նրանց, ովքեր ստանում են կարճաժամկետ կամ այցելության վիզա։ Որպեսզի նրանց թույլ տրվի մնալ այդ երկրում, նրանք պետք է համապատասխանեն որոշ պահանջների։ Նմանապես հարություն առած անարդարները պետք է հնազանդվեն Եհովայի տված օրենքներին և փաստեն, որ արդար են, որպեսզի նրանց թույլ տրվի ապրել նոր աշխարհում։ Եվ անկախ նրանից, թե օտարերկրացիները տվյալ երկիր մուտք գործելու համար ինչ վիզա են ստացել, ի վերջո նրանցից ոմանք գուցե ստանան քաղաքացիություն, իսկ ոմանք արտաքսվեն։ Վերջնական արդյունքը կախված է նրանից, թե ինչպիսի վարք կդրսևորեն նրանք այդ նոր երկրում։ Պարագան նույնն է նաև հարություն առածների դեպքում։ Նրանց ապագան կախված կլինի իրենց հավատարմությունից և նոր աշխարհում դրսևորած վարքից։

Եհովան ոչ միայն սիրո Աստված է, այլև արդարության (2 Օրենք 32։4; Սաղ. 33։5)։ Նա իր սերը կդրսևորի մարդկանց հանդեպ՝ հարություն տալով արդարներին և անարդարներին։ Բայց միևնույն ժամանակ կպահանջի, որ նրանք հետևեն ճշտի ու սխալի վերաբերյալ իր սահմանած չափանիշներին։ Եհովան թույլ կտա ապրել նոր աշխարհում միայն նրանց, ովքեր կսիրեն իրեն և կապրեն իր չափանիշների համաձայն։