Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48

Վստահիր Եհովային անհանգիստ ժամանակներում

Վստահիր Եհովային անհանգիստ ժամանակներում

«Զորացի՛ր.... Ես ձեզ հետ եմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (ԱՆԳԵ 2։4

ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. ա) Մեր իրավիճակը ինչո՞վ է նման Երուսաղեմ վերադարձած հրեաների իրավիճակին։ բ) Նկարագրիր, թե ինչ դժվարությունների էին բախվում հրեաները (տես « Անգեի, Զաքարիայի և Եզրասի ժամանակները» շրջանակը)։

 ԵՂԵ՞Լ է, որ ապագայի հետ կապված անհանգստություններ ունենաս։ Հնարավոր է՝ կորցրել ես աշխատանքդ և մտածում ես, թե ինչպես ես հոգալու ընտանիքիդ մասին։ Կամ գուցե քաղաքական անկայունության, հալածանքի և քարոզչական գործում հանդիպող հակառակության պատճառով անհանգստանում ես ընտանիքիդ անվտանգության համար։ Եթե այդպես է, քեզ համար քաջալերական կլինի իմանալ, թե ինչպես է Եհովան անցյալում օգնել իսրայելացիներին, երբ նրանք նմանատիպ խնդիրների էին բախվում։

2 Իրենց ողջ կյանքը Բաբելոնում անցկացրած հրեաներին հավատ էր պետք, որպեսզի թողնեին հարմարավետ կյանքը և ճամփորդեին մի երկիր, որի մասին գրեթե ոչինչ չգիտեին։ Վերադառնալուց հետո էլ նրանք բախվեցին մի շարք դժվարությունների, որոնցից էին ընտանիքի մասին հոգալը, տնտեսական ու քաղաքական անկայունությունը, ինչպես նաև հակառակությունը։ Հետևաբար շատերի համար Եհովայի տաճարը կառուցելու գործի վրա կենտրոնանալը դժվար էր։ Այդ պատճառով մ.թ.ա. մոտ 520թ.-ին Եհովան ուղարկեց Անգե և Զաքարիա մարգարեներին, որպեսզի վերջիններս բոցավառեին ժողովրդի եռանդը (Անգե 1։1; Զաք. 1։1)։ Ինչպես կտեսնենք, այդ մարգարեների քաջալերական խոսքերը լավ արդյունքներ բերեցին։ Սակայն դրանից մոտ 50 տարի անց Երուսաղեմ վերադարձած հրեաները կրկին քաջալերանքի կարիք ունեին։ Այդ ժամանակ Օրենքի հմուտ գրագիր Եզրասը Բաբելոնից եկավ Երուսաղեմ, որպեսզի հորդորի Աստծու ժողովրդին ճշմարիտ երկրպագությունը կյանքում առաջին տեղում դնել (Եզր. 7։1, 6

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (Առակներ 22։19

3 Անցյալում Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները օգնեցին հրեաներին, որ շարունակեն վստահել Եհովային՝ չնայած հակառակությանը։ Այսօր դրանք մեզ էլ կարող են օգնել, որ, չնայած կյանքում հանդիպող նեղություններին, շարունակենք վստահել Եհովային (կարդա Առակներ 22։19)։ Քննելով Անգե և Զաքարիա մարգարեների միջոցով տրված Աստծու ուղերձը, ինչպես նաև Եզրասի օրինակը՝ մենք կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Դժվարությունները ի՞նչ ազդեցություն ունեցան հայրենադարձ հրեաների վրա։ Դժվարությունների ժամանակ ինչո՞ւ պետք է Աստծու կամքը կատարելը առաջնային համարենք և ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ նեղության մեջ ենք»։

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՀՐԵԱՆԵՐԻ ՎՐԱ

4-5. Ի՞նչն էր թերևս պատճառ դարձել, որ տաճարը վերակառուցելու գործում հրեաների եռանդը թուլացել էր։

4 Երուսաղեմ վերադարձած հրեաները շատ գործ ունեին անելու։ Նրանք արագ վերակառուցեցին Եհովայի զոհասեղանը և գցեցին տաճարի հիմքը (Եզր. 3։1-3, 10)։ Բայց նրանց եռանդը շուտով մարեց։ Ինչո՞ւ։ Քանի որ բացի տաճարի շինարարությունից՝ նրանք պետք է իրենց համար տներ կառուցեին, հող մշակեին և հոգային իրենց ընտանիքների մասին (Եզր. 2։68, 70)։ Բացի այդ՝ նրանք բախվում էին թշնամիների հակառակությանը, ովքեր փորձում էին կանգնեցնել տաճարի վերակառուցման աշխատանքները (Եզր. 4։1-5

5 Գերությունից վերադարձածների համար խոչընդոտ էր նաև քաղաքական և տնտեսական անկայուն վիճակը։ Իրենց երկիրը այդ ժամանակ Պարսկական կայսրության մի մասն էր։ Մ.թ.ա. 530թ.-ին պարսից արքա Կյուրոսի մահից հետո թագավոր դարձավ Կամբյուսեսը, ով ծրագրում էր նվաճել Եգիպտոսը։ Ըստ ամենայնի, Եգիպտոսի դեմ արշավանքների ընթացքում նրա զինվորները սնունդ, ջուր և ծածկ էին պահանջում իսրայելացիներից, ինչը վերջիններիս համար հավելյալ դժվարություններ էր ստեղծում։ Իսկ երբ Կամբյուսեսին հաջորդեց Դարեհ I թագավորը, հրեաների իրավիճակը առանձնապես չբարելավվեց, քանի որ նրա իշխանության սկզբում դեռ շատ խնդիրներ կային, ինչպիսիք են՝ խռովություններն ու քաղաքական անկայունությունը։ Այս ամենի պատճառով գերությունից վերադարձած հրեաներից շատերը մտահոգվում էին, թե ինչպես են հոգալու իրենց ընտանիքի կարիքները։ Ուստի ոմանք սկսեցին մտածել, որ տաճարը վերակառուցելու ժամանակը չէ (Անգե 1։2

6. Զաքարիա 4։6, 7 համարների համաձայն՝ ուրիշ ի՞նչ դժվարությունների բախվեցին հրեաները, և ի՞նչ հավաստիացում նրանց տվեց Զաքարիան։

6 Կարդա Զաքարիա 4։6, 7։ Տնտեսական դժվարություններից և քաղաքական անկայունությունից բացի՝ հրեաները բախվում էին նաև հալածանքի։ Մ.թ.ա. 522թ.-ին թշնամիներին հաջողվեց կանգնեցնել տաճարի վերակառուցման աշխատանքները։ Բայց Զաքարիան հավաստիացրեց հրեաներին, որ Եհովան իր զորեղ ոգու միջոցով կվերացնի ցանկացած խոչընդոտ։ Այդպես էլ եղավ։ Մ.թ.ա. 520 թ.-ին Դարեհ թագավորը վերացրեց տաճարի շինարարության վրա դրված արգելքը, ֆինանսական աջակցություն տրամադրեց նրանց և նույնիսկ պատվիրեց, որ տեղի կառավարիչները օգնեն նրանց (Եզր. 6։1, 6-10

7. Եհովան ինչպե՞ս էր օրհնում հայրենադարձ հրեաներին, երբ նրանք տաճարը վերակառուցելու աշխատանքները առաջնային էին համարում։

 7 Անգեի ու Զաքարիայի միջոցով Եհովան խոստացավ իր ժողովրդին, որ կաջակցի նրանց, եթե տաճարի վերակառուցման աշխատանքները առաջնային համարեն (Անգե 1։8, 13, 14; Զաք. 1։3, 16)։ Մարգարեների խոսքերից քաջալերված՝ հայրենադարձ հրեաները մ.թ.ա. 520թ.-ին վերսկսեցին տաճարի շինարարությունը և հինգ տարուց էլ քիչ ժամանակահատվածում ավարտեցին այն։ Քանի որ հրեաները, չնայած դժվարություններին, Աստծու կամքը կատարելը առաջնային համարեցին, ստացան Եհովայի աջակցությունը ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր առումով։ Արդյունքում նրանք շարունակեցին ուրախությամբ պաշտել Եհովային (Եզր. 6։14-16, 22

ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԻՐ

8. Անգե 2։4-ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ Աստծու կամքը կատարելը առաջնային համարենք (տես նաև ծանոթագրությունը)։

8 Մինչ մոտենում է մեծ նեղությունը, մենք հստակ գիտակցում ենք, թե բարի լուրը քարոզելը որքան հրատապ է (Մարկ. 13։10)։ Այնուամենայնիվ, ֆինանսական խնդիրների կամ ծառայության ժամանակ հանդիպող հակառակության պատճառով գուցե դժվարանանք կենտրոնացած մնալ քարոզչական գործի վրա։ Ի՞նչը կօգնի մեզ Թագավորության շահերը առաջնային համարել։ Մեզ կօգնի այն բանի գիտակցումը, որ «Զորքերի Տեր Եհովան» b մեր կողքին է։ Նա կաջակցի մեզ, եթե շարունակենք Թագավորության շահերը մեր շահերից վեր դասել։ Ուստի մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք (կարդա Անգե 2։4

9-10. Մի ամուսնական զույգ ինչպե՞ս զգաց Մատթեոս 6։33-ում գրված Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը։

9 Ուշադրություն դարձնենք մի ռահվիրա զույգի՝ Օլեգի և Իրինայի օրինակին։ c Այն բանից հետո, երբ նրանք տեղափոխվեցին մեկ այլ վայր, որպեսզի աջակցեն տեղի ժողովին, կորցրին իրենց եկամտի աղբյուրը, քանի որ իրենց երկրում տնտեսական վիճակը սկսեց վատանալ։ Չնայած մոտ մեկ տարի նրանք չունեին կայուն եկամուտ, բայց միշտ զգում էին, որ Եհովան հոգ է տանում իրենց մասին։ Երբեմն էլ հավատակիցներն էին աջակցում նրանց։ Ինչպե՞ս Օլեգն ու Իրինան կարողացան հաղթահարել այս դժվարությունները։ Օլեգը, ով սկզբում վհատված էր, ասում է. «Ծառայության մեջ զբաղված լինելը օգնել է մեզ կարևոր բաների վրա կենտրոնանալ»։ Նրանք միևնույն ժամանակ և՛ աշխատանք էին փնտրում, և՛ շարունակում էին զբաղված մնալ քարոզչական գործում։

10 Մի օր ծառայությունից տուն վերադառնալուց հետո Օլեգն ու Իրինան իմացան, որ իրենց ընկերը մոտ 160 կիլոմետր (100 մղոն) ճանապարհ է անցել և իրենց երկու տոպրակ մթերք է բերել։ Օլեգն ասում է. «Այդ օրը ևս մեկ անգամ զգացի Եհովայի և նրա կազմակերպության ջերմ հոգատարությունը։ Մենք համոզված ենք, որ Եհովան երբեք չի մոռանում իր ծառաներին՝ անկախ նրանից, թե որքան անհույս կարող է թվալ նրանց իրավիճակը» (Մատթ. 6։33

11. Ի՞նչ կլինի, եթե Աստծու կամքը կատարելը առաջնային համարենք։

11 Աստված ուզում է, որ կենտրոնացած մնանք աշակերտներ պատրաստելու փրկարար գործի վրա։ Ինչպես նշված էր  7-րդ պարբերությունում, Անգեն հորդորեց Եհովայի ժողովրդին նոր եռանդով կատարել իրենց սուրբ ծառայությունը՝ տաճարի վերակառուցման աշխատանքները։ Եթե նրանք այդպես վարվեին, Եհովան կօրհներ նրանց, ինչպես որ խոստացել էր (Անգե 2։18, 19)։ Մենք նույնպես կարող ենք համոզված լինել, որ Եհովան կօրհնի մեր ջանքերը, եթե մեզ հանձնարարված գործը առաջնային համարենք։

ԻՆՉՊԵ՞Ս ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ

12. Եզրասը և գերությունից վերադարձող մյուս հրեաները ինչո՞ւ ամուր հավատի կարիք ունեին։

12 Մ.թ.ա. 468թ.-ին Եզրասը հայրենիք վերադարձող հրեաների երկրորդ խմբի հետ Բաբելոնից եկավ Երուսաղեմ։ Այս ճամփորդությունը կատարելու համար հրեաներին ամուր հավատ էր պետք։ Չէ՞ որ նրանք ճամփորդելու էին վտանգավոր ճանապարհներով՝ իրենց հետ տանելով մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի, որոնք նվիրաբերվել էին տաճարի համար։ Իսկ դա ավազակների համար հարձակվելու լավ առիթ էր (Եզր. 7։12-16; 8։31)։ Բացի այդ՝ շուտով նրանք հասկացան, որ Երուսաղեմում էլ ապահով չէ։ Քաղաքը սակավ էր բնակեցված, իսկ պարիսպներն ու դարպասը վերանորոգման կարիք ունեին։ Եհովային վստահելու առնչությամբ ի՞նչ ենք սովորում Եզրասից։

13. Եզրասը ինչպե՞ս Եհովայի հանդեպ վստահություն զարգացրեց (տես նաև ծանոթագրությունը)։

13 Եզրասը տեսել էր, թե ինչպես է Եհովան աջակցում իր ժողովրդին փորձության ժամանակ։ Տարիներ առաջ՝ մ.թ.ա. 484թ.-ին, Եզրասը հավանաբար բնակվում էր Բաբելոնում, երբ Ասուերոս թագավորը Պարսկական կայսրության տարածքում ապրող հրեաներին բնաջնջելու հրաման արձակեց (Եսթ. 3։7, 13-15)։ Եզրասի և մյուս հրեաների կյանքը վտանգված էր։ Երբ նրանք լսեցին այդ հրամանի մասին, «բոլոր գավառներում» սկսեցին սուգ անել ու ծոմ պահել և, անկասկած, աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրեցին (Եսթ. 4։3)։ Պատկերացրու, թե ինչ զգացին Եզրասն ու մյուս հրեաները, երբ ճիշտ հակառակը տեղի ունեցավ. սպանվեցին նրանք, ովքեր ուզում էին ոչնչացնել հրեաներին (Եսթ. 9։1, 2)։ Այդ դժվարությունների միջով անցնելը թերևս Եզրասին պատրաստեց ապագա փորձություններին և ամրացրեց նրա վստահությունը այն բանում, որ Եհովան կարող է պաշտպանել իր ժողովրդին։ d

14. Ի՞նչ սովորեց մի քույր, երբ դժվարությունների ժամանակ տեսավ Եհովայի հոգատարությունը։

14 Երբ տեսնում ենք, թե դժվարությունների ժամանակ ինչպես է Աստված հոգ տանում մեր մասին, ավելի շատ ենք վստահում նրան։ Քննենք Անաստասիայի օրինակը, ով ապրում է Արևելյան Եվրոպայում։ Չեզոքություն պահելու համար նա կորցրեց աշխատանքը։ Քույրը պատմում է. «Կյանքումս առաջին անգամ մնացել էի առանց փողի։ Բայց իմ խնդիրը Եհովային հանձնեցի և տեսա, թե նա որքան հոգատար է իմ հանդեպ։ Եթե երբևէ նորից կորցնեմ աշխատանքս, ես չեմ վախենա։ Իմ երկնային Հայրը հոգ է տանում իմ մասին այսօր, և հոգ կտանի նաև ապագայում»։

15. Ի՞նչն օգնեց Եզրասին, որ չկորցնի Եհովայի հանդեպ վստահությունը (Եզրաս 7։27, 28

15 Եզրասը տեսնում էր Եհովայի ձեռքը իր կյանքում։ Խորհելով այն ժամանակների մասին, երբ Եհովան աջակցել էր իրեն՝ Եզրասը վստահությամբ էր լցվել նրա հանդեպ։ Ուշադրություն դարձնենք հետևյալ արտահայտությանը. «Իմ Աստված Եհովայի ձեռքը ինձ վրա էր» (կարդա Եզրաս 7։27, 28)։ Իր անունը կրող գրքում Եզրասը վեց անգամ օգտագործել է այս արտահայտությունը (Եզր. 7։6, 9; 8։18, 22, 31

Ի՞նչ իրավիճակներում թերևս ավելի հստակ տեսնենք Աստծու ձեռքը մեր կյանքում (տես պարբերություն 16) e

16. Հատկապես ո՞ր իրավիճակներում ենք ակնհայտորեն տեսնում Եհովայի ձեռքը մեր կյանքում (տես նաև նկարը)։

16 Եհովան մեզ էլ կօգնի, երբ դժվարությունների բախվենք։ Մենք առիթ ենք ունենում տեսնելու Աստծու ձեռքը մեր կյանքում, օրինակ, երբ գործատիրոջից բացակայության թույլտվություն ենք խնդրում, որ մասնակցենք տարածաշրջանային համաժողովին, կամ խնդրում ենք սահմանել այնպիսի աշխատանքային գրաֆիկ, որ կարողանանք մասնակցել ժողովի բոլոր հանդիպումներին։ Եհովան կարող է դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ մեր մտքով անգամ չի անցնում, և արդյունքում մեր վստահությունը նրա հանդեպ է՛լ ավելի կամրանա։

Եզրասը, ժողովրդի մեղքերի պատճառով վհատված, տաճարում արտասվում է և աղոթում։ Ժողովուրդը նույնպես արտասվում է։ Սեքենիան մխիթարում է Եզրասին՝ ասելով. «Իսրայելի համար հույս կա.... մենք քեզ հետ ենք» (Եզր. 10։2, 4; տես պարբերություն 17)

17. Դժվար ժամանակներում Եզրասը ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց (տես ամսագրի շապիկի նկարը)։

17 Եզրասը խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրեց։ Ամեն անգամ, երբ Եզրասը իր հանձնարարությունը կատարելու հետ կապված անհանգստություններ էր ունենում, խոնարհաբար աղոթում էր Եհովային (Եզր. 8։21-23; 9։3-5)։ Տեսնելով նրա տրամադրվածությունը՝ այլ հրեաներ նույնպես մղվում էին աջակցելու նրան և ընդօրինակելու նրա հավատը (Եզր. 10։1-4)։ Մենք նույնպես մեծ վստահությամբ կարող ենք աղոթել Եհովային, երբ մեր նյութական կարիքները բավարարելու կամ ընտանիքի անվտանգության հետ կապված անհանգստություններ ենք ունենում։

18. Ի՞նչը կօգնի մեզ, որ ավելի շատ վստահենք Եհովային։

18 Ամեն անգամ, երբ խոնարհաբար Եհովայից օգնություն ենք խնդրում և ընդունում ենք մեր հավատակիցների աջակցությունը, նրա հանդեպ մեր վստահությունը ավելանում է։ Էրիկան, ով երեք երեխաների մայր է, չկորցրեց վստահությունը Եհովայի հանդեպ, երբ նրա կյանքում ողբերգական դեպքեր եղան։ Կարճ ժամանակահատվածում նա կորցրեց իր չծնված երեխային և սիրելի ամուսնուն։ Հետադարձ հայացք նետելով՝ նա ասում է. «Երբեք նախապես չես կարող իմանալ, թե Եհովան ինչպես է օգնելու քեզ։ Նա դա կարող է անել շատ անսպասելի ձևերով։ Տեսել եմ, որ շատ անգամներ Եհովան իմ աղոթքներին պատասխանել է ընկերներիս խոսքերի ու գործերի միջոցով։ Երբ նրանց պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում իմ կյանքում, նրանք ավելի հեշտությամբ են կարողանում օգնել ինձ»։

ՎՍՏԱՀԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

19-20. Ի՞նչ ենք սովորում այն հրեաներից, ովքեր չկարողացան վերադառնալ Երուսաղեմ։

19 Մենք արժեքավոր դաս կարող ենք սովորել նաև այն հրեաներից, որոնք չկարողացան վերադառնալ Երուսաղեմ։ Նրանցից ոմանք թերևս արդեն տարեց էին, լուրջ հիվանդություն ունեին, կամ էլ նրանց ընտանեկան պարտականությունները թույլ չէին տալիս կատարել այդ ճամփորդությունը։ Չնայած դրան՝ նրանք պատրաստակամորեն աջակցում էին հայրենադարձ հրեաներին՝ նրանց նյութական օգնություն ուղարկելով (Եզր. 1։5, 6)։ Ըստ ամենայնի, Երուսաղեմ վերադարձող հրեաների առաջին խմբի ժամանումից մոտ 19 տարի անց էլ Բաբելոնում մնացած հրեաները շարունակում էին նվիրաբերություններ ուղարկել Երուսաղեմ (Զաք. 6։10

20 Նույնիսկ եթե մեր հանգամանքների պատճառով Եհովային ծառայելու հարցում չենք կարողանում անել այնքան, որքան կուզեինք, կարող ենք համոզված լինել, որ նա գնահատում է իրեն հաճեցնելու համար մեր գործադրած ջանքերը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Եհովան պատվիրել էր Զաքարիա մարգարեին, որ Բաբելոնում գտնվող հրեաների ուղարկած ոսկով և արծաթով մի պսակ պատրաստի (Զաք. 6։11)։ Այդ «վեհաշուք պսակը» հիշեցնելու էր Բաբելոնում ապրող հրեաների կատարած առատաձեռն նվիրաբերությունների մասին (Զաք. 6։14)։ Կարող ենք համոզված լինել, որ Եհովան երբեք չի մոռանա այն ջանքերը, որ սրտանց ներդնում ենք անհանգիստ ժամանակներում նրան ծառայելու համար (Եբր. 6։10

21. Ի՞նչը կօգնի մեզ վստահությամբ նայել ապագային։

21 Անկասկած, այս վերջին օրերում մենք դեռ բախվելու ենք դժվարությունների, և ապագայում իրավիճակը գուցե ավելի վատանա (2 Տիմոթ. 3։1, 13)։ Սակայն կարիք չկա ընկնելու մտահոգությունների գիրկը։ Հիշենք, թե ինչ ասաց Եհովան Անգեի օրերում ապրող իր ժողովրդին. «Ես ձեզ հետ եմ.... Մի՛ վախեցեք» (Անգե 2։4, 5)։ Մենք նույնպես կարող ենք համոզված լինել, որ քանի դեռ Եհովայի կամքը կատարելու հարցում մեր լավագույնն ենք անում, Եհովան մեզ հետ կլինի։ Եթե կիրառենք այն դասերը, որ սովորեցինք՝ քննելով Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները և Եզրասի օրինակը, ապա անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կբախվենք ապագայում, Եհովայի հանդեպ մեր վստահությունը երբեք չի սասանվի։

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

a Այս հոդվածը կօգնի մեզ ամրացնել մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ տնտեսական խնդիրների ենք բախվում, մեր երկրում քաղաքական անկայուն վիճակ է, կամ էլ քարոզչական գործում հակառակության ենք հանդիպում։

b «Զորքերի Տեր Եհովա» արտահայտությունը «Անգե» գրքում հանդիպում է 14 անգամ։ Այս արտահայտությունը ինչպես անցյալում ապրած հրեաների, այնպես էլ մեզ համար հիշեցում է այն բանի, որ Եհովան անսահման զորության տեր է և ոգեղեն արարածների մի ահռելի բանակ ունի (Սաղ. 103։20, 21

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d Որպես Աստծու Օրենքի հմուտ գրագիր՝ Եզրասը ամուր վստահություն էր զարգացրել Եհովայի մարգարեական խոսքի հանդեպ անգամ Երուսաղեմ վերադառնալուց առաջ (2 Տար. 36։22, 23; Եզր. 7։6, 9, 10; Երեմ. 29։14

e ՆԿԱՐ։ Եղբայրը ազատ օր է խնդրում գործատիրոջից, որպեսզի կարողանա մասնակցել տարածաշրջանային համաժողովին, բայց մերժում է ստանում։ Նախքան երկրորդ անգամ գործատիրոջը մոտենալը նա օգնության և առաջնորդության համար դիմում է Եհովային։ Եղբայրը գործատիրոջը ցույց է տալիս համաժողովի ծրագիրը և բացատրում, որ աստվածաշնչյան կրթությունը մարդկանց ավելի լավն է դարձնում։ Վերջինս տպավորվում է և փոխում իր որոշումը։