Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը

Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը

«Կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը» (ՄԱՂ. 3։18

ԵՐԳ 127, 101

1, 2. Այսօր ի՞նչ դժվարությունների է բախվում Աստծու ժողովուրդը (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՇԱՏ բուժաշխատողներ գործի բերումով լինում են վարակիչ հիվանդություններ ունեցող մարդկանց կողքին։ Նրանք հոգ են տանում իրենց հիվանդների մասին, քանի որ ցանկանում են օգնել նրանց։ Սակայն այդ մասնագետները պետք է պաշտպանիչ միջոցներ ձեռնարկեն, որ չվարակվեն։ Նմանապես մեզնից շատերն ապրում ու աշխատում են այնպիսի մարդկանց հետ, որոնք վարակված են Աստծուն տհաճ մտայնությամբ և հատկություններով։ Սա, ինչ խոսք, դժվարություններ է ստեղծում մեզ համար։

2 Այս վերջին օրերում աշխարհում բարոյական քաոս է տիրում։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրած իր երկրորդ նամակում նշեց, թե ինչ հատկություններ էին ունենալու Աստծուց օտարացած մարդիկ, հատկություններ, որոնք գնալով ավելի ցայտուն կդառնան (կարդա 2 Տիմոթեոս 3։1–5, 13)։ Թեև մի կողմից՝ գուցե ապշենք՝ տեսնելով, թե որքան շատ մարդիկ են նման հատկություններ դրսևորում, սակայն մյուս կողմից՝ հնարավոր է՝ նրանց վարքն ու մտածելակերպը ազդեցություն գործեն մեզ վրա (Առակ. 13։20)։ Այս հոդվածում կտեսնենք, թե վերջին օրերում ապրող մարդիկ և Աստծու ժողովուրդը որքան են տարբերվում իրենց դրսևորած հատկություններով։ Նաև կիմանանք, թե ինչպես պաշտպանվենք, որ ուրիշներին հոգևորապես օգնելիս չվարակվենք այդ բացասական հատկություններով։

3. Ո՞ւմ են բնորոշ 2 Տիմոթեոս 3։2–5 համարներում թվարկված հատկությունները։

3 «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»,— գրեց Պողոս առաքյալը։ Այնուհետև նա թվարկեց 19 բացասական հատկություն, որոնք բնորոշ էին լինելու մեր ժամանակաշրջանում ապրող մարդկանց։ Պողոսը նմանատիպ հատկություններ է թվարկում նաև Հռոմեացիներ 1։29–31 համարներում։ Սակայն Տիմոթեոսին գրած իր նամակում նա օգտագործում է բառեր, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունների մյուս հատվածներում չեն հանդիպում։ Աստծուն տհաճ հատկությունները թվարկելուց առաջ Պողոսն ասում է՝ «մարդիկ կլինեն....»։ Խոսքը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մասին է։ Սակայն ոչ բոլոր մարդիկ են այդպիսի հատկություններ դրսևորում։ Ճշմարիտ քրիստոնյաներին բոլորովին այլ հատկություններ են բնորոշ (կարդա Մաղաքիա 3։18

Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

4. Ինչպե՞ս կնկարագրես հպարտ մարդկանց։

4 Պողոսը նախ նշեց, որ վերջին օրերում մարդիկ լինելու են անձնասեր ու փողասեր, ապա ավելացրեց, որ նրանք լինելու են նաև մեծամիտ, գոռոզ ու հպարտ։ Այս հատկությունները հաճախ ցույց են տալիս, որ անհատը իրեն ուրիշներից բարձր է համարում իր ունակությունների, արտաքին տեսքի, ունեցվածքի կամ դիրքի պատճառով։ Նման հատկություններ ունեցող մարդիկ փափագում են, որ իրենց պաշտեն ու իրենցով հիանան։ Մի գիտնական հետևյալն է գրել հպարտությամբ լցված մարդու մասին. «Նրա սրտում մի փոքր սրբավայր կա, որտեղ նա ինքն իր առաջ խոնարհվում է»։ Ինչպես նկատել են ոմանք, ծայրաստիճան հպարտությունն այնքան տհաճ է, որ նույնիսկ հպարտ մարդուն դուր չի գալիս, երբ դիմացինը այն դրսևորում է։

5. Ինչպե՞ս հպարտ դարձան նույնիսկ Աստծուն հավատարիմ մարդիկ։

5 Եհովան ատելով ատում է հպարտությունը։ Նրա համար գարշելի են «գոռոզ աչքերը» (Առակ. 6։16, 17)։ Հպարտությունը թույլ չի տալիս, որ մարդը մոտենա Աստծուն (Սաղ. 10։4)։ Այդ հատկությունը Սատանային է բնորոշ (1 Տիմոթ. 3։6)։ Ցավոք, նույնիսկ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք են վարակվել հպարտությամբ։ Հուդայի թագավոր Օզիան երկար տարիներ հավատարիմ էր Աստծուն։ «Բայց երբ հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան,— ասվում է Աստվածաշնչում։— Օզիան անհավատարիմ գտնվեց իր Աստված Եհովայի հանդեպ և մտավ Եհովայի տաճարը, որպեսզի խնկի սեղանի վրա խունկ ծխի»։ Հետագայում Եզեկիա թագավորը նույնպես հպարտացավ, թեև որոշ ժամանակ հետո խոնարհեցրեց իր սիրտը (2 Տար. 26։16; 32։25, 26

6. Ի՞նչը կարող էր Դավթին հպարտ դարձնել, սակայն ինչո՞ւ նա խոնարհ մնաց։

6 Ոմանց համար հպարտանալու պատճառ կարող է դառնալ իրենց գեղեցկությունը, ուժը, երաժշտական ընդունակությունները, ճանաչումը կամ բարձր դիրքը։ Դավիթն ուներ այս ամենը, սակայն իր ողջ կյանքում խոնարհ մնաց։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ նա սպանեց Գողիաթին և Սավուղ թագավորից առաջարկ ստացավ ամուսնանալու նրա աղջկա հետ, ասաց. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ ես թագավորի փեսան դառնամ» (1 Սամ. 18։18)։ Ի՞նչն օգնեց Դավթին խոնարհ մնալ։ Նա գիտակցում էր, որ այդպիսի հատկություններ, ունակություններ և առանձնաշնորհումներ ուներ այն բանի շնորհիվ, որ Աստված խոնարհվել էր և իրեն ուշադրություն դարձրել (Սաղ. 113։5–8)։ Դավիթը շատ լավ հասկանում էր, որ իր ունեցած բոլոր լավ բաները Եհովայից է ստացել (համեմատիր 1 Կորնթացիներ 4։7

7. Ի՞նչը կօգնի մեզ խոնարհություն դրսևորել։

7 Այսօր Եհովայի ժողովուրդը ձգտում է Դավթի պես խոնարհ լինել։ Մենք ակնածանքով ենք լցվում՝ իմանալով, որ Եհովան՝ տիեզերքի մեծագույն Անձնավորությունը, դրսևորում է այդ գրավիչ հատկությունը (Սաղ. 18։35)։ Մենք սրտանց ընդունում ենք Աստծու ներշնչմամբ գրված հետևյալ խորհուրդը. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կող. 3։12)։ Նաև գիտենք, որ սերը «չի պարծենում, չի հպարտանում» (1 Կորնթ. 13։4)։ Երբ մենք խոնարհություն ենք դրսևորում, հնարավոր է՝ դա մարդկանց ձգի դեպի Եհովան։ Ինչպես որ ամուսինները կարող են առանց խոսքի շահվել իրենց կանանց վարքով, այնպես էլ հնարավոր է՝ ուրիշները մղվեն մտերմանալու Աստծու հետ՝ տեսնելով նրա ժողովրդի դրսևորած խոնարհությունը (1 Պետ. 3։1

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

8. ա) Ծնողների հանդեպ անհնազանդությունը ինչպե՞ս է այսօր դիտվում ոմանց կողմից։ բ) Սուրբ Գիրքը ի՞նչ հորդոր է տալիս երեխաներին։

8 Պողոսը նկարագրեց, թե վերջին օրերում ապրող մարդիկ ինչպես էին վերաբերվելու միմյանց։ Նա գրեց, որ երեխաները ծնողներին անհնազանդ էին լինելու։ Թեև նման վարքը երբեմն ընդունելի է համարվում և նույնիսկ խրախուսվում է ֆիլմերում, հեռուստածրագրերում և գրքերում, անհնազանդությունը թուլացնում է հասարակության ամենակարևոր միավորի՝ ընտանիքի կայունությունը։ Մարդիկ վաղուց են հասկացել այս ճշմարտությունը։ Հետաքրքիր է, որ Հին Հունաստանում այն մարդը, ով հարվածում էր իր ծնողներին, զրկվում էր իր բոլոր քաղաքացիական իրավունքներից։ Իսկ հռոմեական իրավունքում հոր վրա ձեռք բարձրացնելը համարվում էր նույնքան լուրջ հանցանք, որքան սպանությունը։ Թե՛ Եբրայերեն, թե՛ Հունարեն Գրությունները երեխաներին հորդորում են պատվել իրենց ծնողներին (Ելք 20։12; Եփես. 6։1–3

9. Ի՞նչը երեխաներին կօգնի հնազանդվել իրենց ծնողներին։

9 Երեխաներն ինչպե՞ս կարող են պաշտպանվել անհնազանդության ոգով վարակվելուց։ Նրանք դա կարող են անել՝ խորհելով այն մասին, թե իրենց ծնողները ինչ են արել իրենց համար։ Այդպես նրանք ավելի շատ կգնահատեն իրենց ծնողներին։ Բացի այդ, նրանք պետք է հասկանան, որ հնազանդությունը պահանջ է Աստծու կողմից, ով բոլորիս Հայրն է։ Երեխաները պետք է նաև լավը խոսեն իրենց ծնողների մասին, ինչով մյուս երեխաներին կմղեն, որ նրանք էլ իրենց ծնողներին լավ վերաբերվեն։ Իհարկե, եթե ծնողները բնական կապվածության զգացում չունեն երեխաների հանդեպ, վերջիններիս համար գուցե դժվար լինի սրտանց հնազանդվել նրանց։ Սակայն եթե երեխան զգում է ծնողների անկեղծ սերը, մղվում է հաճեցնելու նրանց, նույնիսկ երբ անհնազանդություն դրսևորելու գայթակղությունը մեծ է լինում։ Օսթին անունով մի եղբայր ասում է. «Հաճախ ուզում էի խորամանկորեն շրջանցել ծնողներիս դրած սահմանները։ Սակայն նրանք ողջամիտ կանոններ էին սահմանում ինձ համար, բացատրում էին դրանց պատճառները և հաղորդակցության դուռը միշտ բաց էին պահում։ Դա ինձ օգնում էր հնազանդվել նրանց։ Ես տեսնում էի, որ նրանք հոգ են տանում իմ մասին, և ցանկանում էի հաճեցնել նրանց»։

10, 11. ա) Ո՞ր բացասական հատկություններն են ցույց տալիս, որ մարդիկ չեն սիրում իրար։ բ) Ճշմարիտ քրիստոնյաները ինչպե՞ս են սիրում դրացուն։

10 Պողոսը այլ բացասական հատկություններ էլ է թվարկում, որոնք վկայում են ուրիշների հանդեպ սիրո բացակայության մասին։ «Ծնողներին անհնազանդ» արտահայտությանը հաջորդում է անշնորհակալ բառը, և սա տեղին է, քանի որ այս ածականը նկարագրում է այն մարդկանց, ովքեր չեն գնահատում իրենց հանդեպ դրսևորված բարությունը։ Պողոսի խոսքերի համաձայն՝ մարդիկ լինելու էին նաև անհավատարիմ։ Բացի այդ, նրանց բնորոշ էր լինելու համաձայնության չգալու հակումը. նրանք չէին ցանկանալու հաշտվել ուրիշների հետ։ Նաև լինելու էին հայհոյող ու մատնիչ՝ վիրավորական խոսքեր ասելով մյուսների և նույնիսկ Աստծու հասցեին։ Իսկ զրպարտող բառը ցույց է տալիս, որ նրանք հակված էին լինելու մարդկանց բարի անունն արատավորող տեղեկություններ տարածելու։ *

11 Թեև այսօր աշխարհում շատերը չեն սիրում ուրիշներին, Եհովայի երկրպագուները անկեղծորեն սիրում են իրենց դրացուն։ Դա միշտ էլ այդպես է եղել։ Հիսուսն ընդգծեց, որ Մովսիսական օրենքում մերձավորին սիրելը, ինչը ագապե սիրո դրսևորում է, Աստծուն սիրելու պատվիրանից հետո երկրորդ կարևորագույն պատվիրանն է (Մատթ. 22։38, 39)։ Հիսուսը նաև ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշելու էր իրար հանդեպ սերը (կարդա Հովհաննես 13։34, 35)։ Քրիստոնեական սերը դրսևորվում է նույնիսկ թշնամիների հանդեպ (Մատթ. 5։43, 44

12. Հիսուսն ինչպե՞ս էր սեր դրսևորում մարդկանց հանդեպ։

12 Հիսուսը շատ էր սիրում մարդկանց։ Նա գնում էր քաղաքից քաղաք ու նրանց հայտնում էր Աստծու Թագավորության բարի լուրը։ Նա բուժում էր կաղերին, կույրերին, խուլերին, բորոտներին և հարություն էր տալիս մահացածներին (Ղուկ. 7։22)։ Հիսուսը նույնիսկ իր կյանքը տվեց մարդկության համար, չնայած որ շատերը ատում էին իրեն։ Նրա սերը կատարելապես արտացոլում էր իր Հոր սերը։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները աստվածահաճո սեր են դրսևորում ուրիշների հանդեպ։

13. Մեր սերն ինչպե՞ս կարող է ուրիշներին օգնել մոտենալու Եհովային։

13 Երբ սեր ենք դրսևորում մարդկանց նկատմամբ, նրանց մղում ենք մոտենալու մեր երկնային Հորը։ Թաիլանդում ապրող մի մարդ տարածաշրջանային համաժողովի ժամանակ անչափ տպավորվեց՝ տեսնելով եղբայրների միջև տիրող սերը։ Տուն վերադառնալուն պես նա խնդրեց, որ շաբաթը երկու անգամ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Նա սկսեց քարոզել իր բոլոր բարեկամներին և համաժողովից ընդամենը վեց ամիս անց Թագավորության սրահում առաջին անգամ բեմից աստվածաշնչյան հատված ընթերցեց։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք սեր դրսևորում ուրիշների հանդեպ, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ջանո՞ւմ եմ օգնել իմ ընտանիքի ու ժողովի անդամներին և նրանց, ում հանդիպում եմ ծառայության մեջ։ Ձգտո՞ւմ եմ ուրիշներին Եհովայի աչքերով նայել»։

ԳԱՅԼԵՐ ՈՒ ԳԱՌՆԵՐ

14, 15. Շատերը գազաններին բնորոշ ի՞նչ հատկություններ են դրսևորում, սակայն ոմանք ինչպե՞ս են փոխվել։

14 Վերջին օրերում մարդիկ ուրիշ վատ հատկություններ էլ են դրսևորում։ Դրանք տեսնելով՝ քրիստոնյաներն ավելի են ձգտում հեռու մնալ այդպիսի մարդկանցից։ Մարգարեության համաձայն՝ անաստված մարդիկ լինելու էին առաքինություն չսիրող կամ, ինչպես ուրիշ թարգմանություններում է գրված, «անբարեսեր», «բարուն թշնամի»։ Նրանք նաև լինելու էին ինքնատիրապետում չունեցող ու դաժան։ Ոմանց էլ բնորոշ էր լինելու համառությունը. այսպիսի մարդիկ զգացմունքներով են առաջնորդվում և առանց մտածելու են գործում։

15 Շատ անհատներ, որոնք նախկինում գազաններին բնորոշ այսպիսի հատկություններ էին դրսևորում, փոխվել են դեպի լավը։ Այս փոխակերպումը գեղեցիկ լեզվով նկարագրված է աստվածաշնչյան մարգարեության մեջ (կարդա Եսայիա 11։6, 7)։ Այնտեղ կարդում ենք, որ վայրի գազանները, օրինակ՝ գայլերն ու առյուծները խաղաղ բնակվելու են ընտանի կենդանիների՝ գառների ու հորթերի հետ։ Ուշադրություն դարձրու. այսպիսի խաղաղություն է տիրելու այն բանի շնորհիվ, որ «երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Ես. 11։9)։ Կենդանիները չեն կարող սովորել Եհովայի մասին, ուստի այս մարգարեության հոգևոր կատարումը վերաբերում է մարդկանց։

Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ մարդիկ փոխում են իրենց ապրելակերպը (տես պարբերություն 16)

16. Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնել մարդկանց փոխվելու։

16 Շատերը նախկինում գայլի պես դաժան են եղել, բայց այժմ խաղաղ հարաբերություններ ունեն ուրիշների հետ։ Նրանցից ոմանց մասին կարող ես կարդալ jw.org կայքում՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարում։ Նրանք, ովքեր ճանաչում ու ծառայում են Եհովային, նման չեն այն մարդկանց, ովքեր Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են, ովքեր ցույց են տալիս, թե երկրպագում են Աստծուն, բայց իրենց վարքով հակառակն են ապացուցում։ Այն անհատները, ովքեր նախկինում դաժան են եղել, այժմ «հագել են նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։23, 24)։ Երբ մարդիկ սկսում են սովորել Աստծու մասին, հասկանում են, որ անհրաժեշտ է համապատասխանել նրա չափանիշներին։ Նրանք փոխում են իրենց հավատալիքները, մտածելակերպն ու վարքը։ Նման փոփոխություններ անելը հեշտ չէ, բայց հնարավոր է. Աստծու ոգին օգնում է նրանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են կատարել Նրա կամքը։

«ԱՅԴՊԻՍԻՆԵՐԻՑ ՀԵՌՈ՛Ւ ՄՆԱ»

17. Ի՞նչ կարող ենք անել, որ Աստծուն տհաճ հատկություններ դրսևորող մարդիկ ազդեցություն չգործեն մեզ վրա։

17 Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Մենք՝ Աստծուն ծառայողներս, պետք է զգույշ լինենք, որ անարդար մարդկանց մտածելակերպն ու վարքը չազդեն մեզ վրա։ Իմաստուն վարվելով՝ մենք հետևում ենք Աստծու ներշնչմամբ գրված խորհրդին ու հեռու ենք մնում այնպիսի մարդկանցից, ինչպիսիք նկարագրված են 2 Տիմոթեոս 3։2–5 համարներում։ Ճիշտ է, մենք չենք կարող լիովին հեռու մնալ Աստծուն տհաճ հատկություններ դրսևորող անհատներից։ Հնարավոր է՝ մենք նրանց հետ աշխատում ենք, սովորում ենք կամ ապրում ենք։ Սակայն կարող ենք այնպես անել, որ չորդեգրենք նրանց մտածելակերպը և չնմանվենք նրանց։ Դրա համար պետք է հոգևորապես ամրանանք՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և սերտորեն շփվելով նրանց հետ, ովքեր հավատարմորեն ծառայում են Եհովային։

18. Մեր խոսքով ու վարքով ինչպե՞ս կարող ենք հոգևորապես օգնել ուրիշներին։

18 Մենք նաև պետք է ձգտենք ուրիշներին հոգևորապես օգնել։ Վկայություն տալու առիթներ փնտրիր և խնդրիր Եհովային, որ օգնի քեզ ճիշտ պահին տեղին խոսքեր ասել։ Մենք պետք է ուրիշներին ասենք, որ Եհովայի վկա ենք։ Այդ դեպքում մեր լավ վարքը փառք կբերի Աստծուն, ոչ թե մեզ։ Մենք սովորել ենք «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։11–14)։ Եթե Աստծուն հաճելի վարք դրսևորենք, մարդիկ կտեսնեն դա, և ոմանք գուցե ասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է» (Զաք. 8։23

^ պարբ. 10 Հունարեն դիաբոլոս բառը նշանակում է «զրպարտիչ», «բանսարկու» կամ «մեղադրող»։ Աստվածաշնչում Սատանան այս բառով է կոչվում, քանի որ չարամտորեն զրպարտում է Աստծուն։