Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14

Հարձակում հյուսիսից

Հարձակում հյուսիսից

«Իմ երկրի վրա մի ազգ է եկել» (ՀՈՎԵԼ 1։6

ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եղբայր Ռասելը և իր ընկերակիցները ի՞նչ մեթոդով էին ուսումնասիրում Աստծու Խոսքը, և ինչո՞ւ էր այդ մեթոդը արդյունավետ։

ԱՎԵԼԻ քան հարյուր տարի առաջ եղբայր Չարլզ Ռասելն ու իր ընկերակիցները սկսեցին հավաքվել և միասին ուսումնասիրել Աստծու Խոսքը՝ փորձելով հասկանալ, թե այն ինչ է իրականում սովորեցնում Եհովա Աստծու, Հիսուս Քրիստոսի, փրկանքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Նրանք Աստվածաշունչն ուսումնասիրելու պարզ մեթոդ էին կիրառում։ Նրանցից մեկը հարց էր բարձրացնում, իսկ հետո խումբը քննում էր Աստվածաշնչի բոլոր այն հատվածները, որոնք վերաբերում էին այդ թեմային։ Այնուհետև նրանք գրի էին առնում իրենց ուսումնասիրության արդյունքները։ Եհովայի օրհնությամբ այս անկեղծ քրիստոնյաները բացահայտեցին աստվածաշնչյան հիմնարար շատ ճշմարտություններ, որոնք մինչ օրս թանկ են մեզ համար։

2. Աստվածաշնչի մարգարեությունները քննելիս ինչո՞ւ գուցե սխալ եզրակացությունների հանգենք։

2 Աստվածաշունչ ուսումնասիրողների այս խմբի համար շուտով պարզ դարձավ, որ մի բան է՝ հասկանալ սուրբգրային ուսմունքները, մեկ այլ բան է՝ ճիշտ հասկանալ մարգարեությունների նշանակությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև մարգարեության նշանակությունը հստակ իմացվում է այն ժամանակ, երբ այն սկսում է կատարվել կամ երբ կատարվում ավարտվում է։ Կա ևս մեկ պատճառ։ Մարգարեությունը ճիշտ հասկանալու համար հարկավոր է քննել ողջ համատեքստը։ Եթե կենտրոնանանք միայն մեկ հատվածի վրա և անտեսենք մնացածը, սխալ եզրակացության կհանգենք։ Կարծես հենց այդպես է եղել Հովելի մարգարեության պարագայում։ Եկեք քննենք այս մարգարեությունը և տեսնենք, թե ինչու կարիք կա փոխելու մեր ներկայիս ընկալումը։

3–4. Մինչև հիմա ինչպե՞ս ենք հասկացել Հովել 2։7–9 համարներում գրված մարգարեությունը։

3 Կարդա Հովել 2։7–9։ Հովելը մարգարեանում է մի աղետի մասին, որը գալու է Իսրայելի վրա։ Նա գրում է, որ մորեխների մի մեծ երամ ամայացնելու է երկիրը։ Հովելը այդ մորեխների ատամները նմանեցնում է առյուծի ատամների և նրանց ծնոտը՝ առյուծի ծնոտի։ Այս անկուշտ միջատները իրենց ճանապարհին խժռում են ամեն ինչ (Հովել 1։4, 6)։ Երկար տարիներ մենք մտածում էինք, թե մորեխները ներկայացնում են Եհովայի ժողովրդին, որին ոչինչ չի կարող կանգնեցնել քարոզչական գործում, և թե Աստծու ծառաների գործունեությունը աղետալի ազդեցություն է թողնում այն «երկրի», այսինքն՝ ժողովրդի վրա, որը գտնվում է կրոնական առաջնորդների իշխանության տակ։ *

4 Երբ ուշադրություն ենք դարձնում միայն Հովել 2։7–9 համարներին, նշված բացատրությունը ճիշտ է թվում։ Սակայն երբ քննում ենք մարգարեության ողջ համատեքստը, հասկանում ենք, որ այդ խոսքերն այլ նշանակություն ունեն, և այդ մարգարեության բացատրությունը ճշգրտման կարիք ունի։ Եկեք տեսնենք, թե ինչ չորս հիմնավոր պատճառ կա դրա համար։

ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ

5–6. Ի՞նչ հարց է ծագում, երբ կարդում ենք՝ ա) Հովել 2։20-ը, բ) Հովել 2։25-ը։

5 Նախ՝ նկատի առնենք, թե Եհովան ինչ է խոստանում անել։ Նա ասում է. «Հյուսիսից եկածին  [մորեխներին] կվռնդեմ ձեր մոտից» (Հովել 2։20)։ Եթե մորեխները ներկայացնում են Եհովայի վկաներին, որոնք հնազանդվում են քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվերին, այդ դեպքում ինչո՞ւ է Աստված խոստանում վռնդել նրանց (Եզեկ. 33։7–9; Մատթ. 28։19, 20)։ Հստակ է, որ Եհովան վռնդում է ոչ թե իր հավատարիմ ծառաներին, այլ նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված իր ժողովրդի հանդեպ։

6 Երկրորդ պատճառը գտնում ենք Հովել 2։25-ում։ Այստեղ Եհովան ասում է. «Ես կհատուցեմ ձեզ տարիներ շարունակ աճեցրած այն բերքի դիմաց, որը կերան մորեխը, մորեխի թրթուրը, խավարասերն ու թրթուրը՝ իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ»։ Ուշագրավ է, որ Եհովան խոստանում է հատուցել մորեխների պատճառած վնասը։ Եթե մորեխները Թագավորության քարոզիչներն են, ինչո՞ւ է ասվում, որ նրանց հռչակած լուրը աղետալի ազդեցություն է թողնում։ Չէ՞ որ այն իրականում կյանքեր է փրկում և կարող է ամբարիշտներին մղել զղջալու իրենց մեղքերի համար (Եզեկ. 33։8, 19)։ Մի՞թե սա օրհնություն չէ։

7. Հովել 2։28, 29 համարներում նշված «դրանից հետո» արտահայտությունը ի՞նչ է հուշում։

7 Կարդա Հովել 2։28, 29։ Նկատի առնենք երրորդ պատճառը՝ մարգարեության մեջ նկարագրված դեպքերի հաջորդականությունը։ Ուշադիր կարդանք Եհովայի խոսքերը. «Դրանից հետո  [այսինքն՝ այն ժամանակ, երբ մորեխները իրենց անելիքը վերջացրած կլինեն].... ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա»։ Եթե մորեխները Աստծու Թագավորության քարոզիչներն են, Եհովան ինչո՞ւ է իր ոգին թափում այն բանից հետո, երբ նրանք ավարտում են վկայության գործը։ Չէ՞ որ առանց սուրբ ոգու զորության նրանք չէին կարողանա տարիներ շարունակ, հակառակությունների և արգելքների բախվելով, անդադար քարոզել։

Եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը և առաջնորդություն վերցնող մյուս օծյալ եղբայրները քաջաբար ազդարարում էին Աստծու դատաստանները չար աշխարհի դեմ (տես պարբերություն 8)

8. Հայտնություն 9։1–11 համարներում նկարագրված մորեխները ո՞ւմ են ներկայացնում (տես ամսագրի շապիկի նկարը)։

8 Կարդա Հայտնություն 9։1–11։ Այժմ քննեք չորրորդ պատճառը։ Նախկինում բացատրել ենք, որ Հովելի մարգարեության մեջ նկարագրված մորեխների հարձակումը պատկերում է մեր քարոզչական գործունեությունը, քանի որ նմանատիպ մարգարեություն նաև «Հայտնություն» գրքում ենք գտնում։ Այստեղ կարդում ենք, որ մորեխների «երեսները մարդկանց երեսների են նման», և «նրանց գլուխներին ոսկե պսակների պես պսակներ կան» (Հայտն. 9։7)։ Հինգ ամիս (մորեխները միջին հաշվով այսքան են ապրում) նրանք տանջում են Աստծու թշնամիներին՝ «այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին» (Հայտն. 9։4, 5)։ Սա, ինչ խոսք, համապատասխանում է Եհովայի օծյալ ծառաների նկարագրին։ Նրանք քաջաբար ազդարարում են Աստծու դատաստանները չար աշխարհի դեմ, ինչով էլ «տանջում են» այս աշխարհի կողմը բռնած մարդկանց։

9. Ի՞նչ ակնհայտ տարբերություններ կան Հովելի և Հովհաննես առաքյալի հիշատակած մորեխների միջև։

9 Ճիշտ է, «Հայտնություն» և «Հովել» գրքերում հիշատակված մորեխների միջև կան նմանություններ, սակայն կան նաև տարբերություններ։ Օրինակ՝ Հովելի մարգարեության մեջ մորեխները ոչնչացնում են բուսականությունը (Հովել 1։4, 6, 7)։ Իսկ Հովհաննեսի տեսիլքում նրանց ասվում է, որ «չվնասեն երկրի բուսականությունը» (Հայտն. 9։4)։ Հովելի տեսած մորեխները գալիս են հյուսիսից (Հովել 2։20)։ Իսկ Հովհաննեսը տեսնում է, որ նրանք դուրս են գալիս անդունդից (Հայտն. 9։2, 3)։ «Հովել» գրքում Եհովան վռնդում է մորեխներին։ Իսկ «Հայտնություն» գրքում նրանց թույլ է տալիս ավարտին հասցնել իրենց գործը։ Այստեղ ակնարկ անգամ չկա այն մասին, որ Աստված հավանություն չի տալիս նրանց (տես « Մորեխների մասին մարգարեություններ. նման, բայցև տարբեր» շրջանակը)։

10. Աստվածաշնչից բեր օրինակ, որը ցույց կտա, որ Հովելի և Հովհաննեսի նկարագրած մորեխները կարող են տարբեր բաներ ներկայացնել։

10 Եվ այսպես՝ Հովելի մարգարեության մորեխները տարբերվո՞ւմ են Հովհաննես առաքյալի տեսած մորեխներից։ Այո՛։ Այս երկու մարգարեությունների ակնհայտ տարբերությունները ցույց են տալիս, որ դրանք իրար չեն առնչվում։ Սա միակ դեպքը չէ, որ Աստվածաշնչում հանդիպող միևնույն խորհրդանիշը տարբեր բաներ է նշանակում։ Օրինակ՝ Հայտնություն 5։5-ում Հիսուսի մասին խոսվում է որպես Հուդայի ցեղից սերող Առյուծի, իսկ 1 Պետրոս 5։8-ում Սատանան է նկարագրվում որպես առյուծ, որը մռնչալով «ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա»։ Հաշվի առնելով վերոնշյալ պատճառները՝ կարիք ունենք վերանայելու Հովելի այս մարգարեության բացատրությունը։ Եկեք տեսնենք, թե որն է դրա նշանակությունը։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈՎԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

11. Հովել 1։6 և 2։1, 8, 11 համարները ինչպե՞ս են օգնում հասկանալ, թե ում են ներկայացնում մորեխները։

11 Հովելի մարգարեության համատեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարգարեն ռազմական հարձակում է կանխագուշակում (Հովել 1։6; 2։1, 8, 11)։ Եհովան հայտնում է, որ իր «մեծ զորքին»՝ բաբելոնացի զինվորներին, ուղարկելու է՝ անհնազանդ իսրայելացիներին պատժելու (Հովել 2։25)։ Ասվում է, որ այդ զորքը «հյուսիսից» է գալու, և դա տեղին է, քանի որ բաբելոնացիները հյուսիսից էին հարձակվելու Իսրայելի վրա (Հովել 2։20)։ Բաբելոնացիների զորքը շատ կազմակերպված էր գործելու, ինչպես մորեխների երամը։ Հովելը նկարագրում է. «Նրանք.... գնում են այնպես, ինչպես ուժեղ տղամարդն է գնում իր ընթացքով.... Նրանք քաղաք են խուժում։ Պարսպի վրա են վազում։ Տների վրա են բարձրանում։ Գողի պես պատուհաններից ներս են մտնում» (Հովել 2։8, 9)։ Փորձիր պատկերացնել այս տեսարանը։ Ամենուրեք զինվորներ են։ Նրանցից թաքնվելու տեղ չկա։ Ոչ ոք չի կարող ազատվել նրանց սրից։

12. Մորեխների մասին Հովելի մարգարեությունը ինչպե՞ս է կատարվել։

12 Մ. թ. ա. 607 թ.-ին բաբելոնացիները (քաղդեացիները) մորեխների պես գրավեցին Երուսաղեմը։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Եհովան] նրանց վրա բերեց քաղդեացիների թագավորին, որը սրով կոտորեց նրանց երիտասարդներին իրենց սրբարանում և չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ զառամյալին։ Աստված ամենն էլ նրա ձեռքը մատնեց։ Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը և Երուսաղեմի պարիսպը քանդեց։ Բոլոր ամրոցները և ամեն թանկարժեք բան հրի մատնեց» (2 Տար. 36։17, 19)։ Երբ բաբելոնացիները ավերեցին երկիրը, այն տեսնողները կարող էին միայն ասել. «Ամայի վայր է դարձել, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, և քաղդեացիների ձեռքն է տրվել» (Երեմ. 32։43

13. Բացատրիր Երեմիա 16։16, 18 համարների նշանակությունը։

13 Հովելի մարգարեանալուց մոտ 200 տարի անց Եհովան այդ հարձակման մասին Երեմիայի միջոցով որոշ տեղեկություններ հայտնեց։ Նա ասաց, որ զավթիչները փնտրելու էին այն իսրայելացիներին, ովքեր չար գործեր էին արել, և գերի էին տանելու նրանց։ «Ահա ես կանչել եմ տալիս բազում ձկնորսների,— ասում է Եհովան,— և նրանք կորսան նրանց, դրանից հետո կանչել կտամ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց ամեն լեռան, ամեն բլրի վրա ու ժայռերի խոռոչներում.... Կրկնապատիկ կհատուցեմ նրանց իրենց անօրենության և իրենց մեղքի դիմաց» (Երեմ. 16։16, 18)։ Այո՛, ո՛չ օվկիանոսները, ո՛չ էլ անտառները չէին կարողանալու չզղջացող իսրայելացիներին թաքցնել բաբելոնացի զավթիչներից։

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

14. Ե՞րբ կատարվեցին Հովել 2։28, 29 համարներում գրված խոսքերը։

14 Հովելը նաև լավ լուր հայտնեց. երկիրը վերականգնվելու էր և նորից բերքառատ էր դառնալու (Հովել 2։23–26)։ Գալու էր ժամանակ, երբ հոգևոր առատ սնունդ էր լինելու։ Ահա թե ինչ ասաց Եհովան. «Ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան.... Իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա» (Հովել 2։28, 29)։ Բայց Աստված իր ոգին չթափեց անմիջապես այն բանից հետո, երբ իսրայելացիները վերադարձան Բաբելոնի գերությունից։ Դա տեղի ունեցավ դարեր անց՝ 33 թ. Պենտեկոստեի օրը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

15. Ինչպես կարդում ենք Գործեր 2։16, 17 համարներում, Պետրոսը Հովել 2։28-ը մեջբերելիս ո՞ր բառերը փոխեց, և դա ի՞նչ է ցույց տալիս։

15 Պենտեկոստեի օրը՝ առավոտյան մոտ ժամը 9-ին, սուրբ ոգին հրաշքով թափվեց Քրիստոսի՝ մեկտեղ հավաքված աշակերտների վրա, և նրանք սկսեցին «Աստծու մեծամեծ բաների մասին խոսել» (Գործ. 2։11)։ Պետրոս առաքյալը Աստծու ներշնչմամբ մեջբերեց Հովել 2։28, 29 համարներում գրված խոսքերը՝ ցույց տալով, որ դրանք կատարվեցին հենց նույն օրը։ Սակայն նա այդ խոսքերը մեջբերելիս որոշ բառեր փոխեց (կարդա Գործեր 2։16, 17)։ Նկատե՞լ ես, որ «դրանից հետո» արտահայտության փոխարեն՝ նա ասաց՝ «վերջին օրերում»։ Խոսքը հրեական համակարգի վերջին օրերի մասին էր։ Փաստորեն, մորեխների վերաբերյալ մարգարեության կատարումից հետո բավականին երկար ժամանակ պետք է անցներ, մինչև որ կատարվեր Հովելի մարգարեության այն հատվածը, ըստ որի՝ Աստված իր ոգին պետք է թափեր «ամեն տեսակ մարմնի վրա»։

16. Աստծու ոգին քարոզչական գործի վրա ի՞նչ ազդեցություն է թողել առաջին դարում և ի՞նչ ազդեցություն է ունենում մեր օրերում։

16 Առաջին դարում, երբ Աստծու սուրբ ոգին թափվեց քրիստոնյաների վրա, նրանք մեծածավալ քարոզչական գործունեություն սկսեցին։ Եվ արդեն մոտ 61 թվականին, երբ Պողոս առաքյալը նամակ գրեց կողոսացիներին, նա կարող էր հանգիստ ասել, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։23)։ «Բոլոր ստեղծվածներ» ասելով՝ Պողոսը նկատի ուներ այն ժամանակ հայտնի աշխարհը։ Այսօր Եհովայի զորեղ ոգու օգնությամբ քարոզչական գործը շատ ավելի մեծ ծավալով է կատարվում՝ հասնելով «մինչև երկրի ծայրերը» (Գործ. 13։47; տես « Ես իմ ոգին կթափեմ» շրջանակը)։

Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ

17. Մորեխների մասին Հովելի մարգարեության բացատրությունը ինչպե՞ս է փոխվել։

17 Այսպիսով՝ ի՞նչն է փոխվել։ Մենք հիմա ավելի ճշգրիտ պատկերացում ունենք Հովել 2։7–9 համարներում գրված մարգարեության վերաբերյալ։ Պարզ ասած՝ այս համարները ոչ թե մեր եռանդուն քարոզչության մասին են, այլ բաբելոնական զորքի հարձակման, որը մ. թ. ա. 607-ին գրավեց Երուսաղեմը։

18. Եհովայի ժողովրդի գործելակերպի մեջ ի՞նչը չի փոխվել։

18 Իսկ ի՞նչը չի փոխվել։ Եհովայի ժողովուրդը շարունակում է ամենուր քարոզել բարի լուրը՝ օգտագործելով ամեն հնարավոր միջոց (Մատթ. 24։14)։ Պետության կողմից դրված ոչ մի արգելք չի կարող խանգարել մեզ, որ կատարենք քարոզելու պատվերը։ Եհովայի օրհնությամբ մենք այսօր առավել, քան երբևէ, վճռական ենք քաջությամբ հռչակելու Թագավորության բարի լուրը։ Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք շարունակում ենք խոնարհաբար հետևել Եհովայի առաջնորդությանը՝ վստահ լինելով, որ ճիշտ ժամանակին նա մեզ համար «կբացահայտի ճշմարտությունը» (Հովհ. 16։13

ԵՐԳ 97 Մարդ կապրի Աստծու Խոսքով

^ պարբ. 5 Երկար տարիներ մենք մտածում էինք, որ «Հովել» գրքի 1-ին և 2-րդ գլուխների մարգարեությունը վերաբերում է մեր օրերի քարոզչական գործունեությանը։ Սակայն կարիք է առաջացել ճշգրտելու Հովելի մարգարեության այս հատվածի բացատրությունը։ Ինչո՞ւ։ Դրա համար կա չորս հիմնավոր պատճառ։ Տեսնենք, թե որոնք են դրանք։

^ պարբ. 3 Օրինակ՝ տես «Արարչությունը արտացոլում է Եհովայի իմաստությունը» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. ապրիլի 15-ի համարում (պրբ. 14–16)։