Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 2

Լինել խոնարհ

Լինել խոնարհ

ԻՆՉ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ

Խոնարհ մարդը հարգալից է, մեծամիտ պահվածք չի ունենում և ուրիշներից առանձնահատուկ վերաբերմունք չի ակնկալում։ Ընդհակառակը՝ նա ինքն է անկեղծորեն հետաքրքրվում մարդկանցով և պատրաստ է սովորել նրանցից։

Ոմանք խոնարհությունը համարում են թուլության նշան։ Բայց իրականում ուժեղ մարդն է կարողանում ընդունել իր սխալները և գիտակցել, որ իր հնարավորությունները սահմանափակ են։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

  • Խոնարհությունը նպաստում է լավ փոխհարաբերություններ ունենալուն։ «Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում նշվում է. «Ընդհանուր առմամբ խոնարհ մարդիկ ավելի լավ են կարողանում ուրիշների հետ փոխհարաբերություններ հաստատել ու պահպանել.... [Նրանք] ավելի հեշտությամբ են հաղորդակցվում մյուսների հետ» (The Narcissism Epidemic)։

  • Խոնարհությունը երեխային պետք կգա նաև ապագայում։ Խոնարհ լինելը երեխային կօգնի ոչ միայն հիմա, այլև հետագայում, օրինակ՝ աշխատանքի ընդունվելիս։ Հոգեբանության դոկտոր Լեոնարդ Սաքսը գրում է. «Եթե երիտասարդը սեփական անձի մասին ուռճացված կարծիք ունի և չի գիտակցում իր թերությունները, հազիվ թե կարողանա լավ տպավորություն թողնել աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ։ Իսկ եթե անհատը անկեղծորեն հետաքրքրված է, թե ինչ ակնկալիքներ ունի հարցազրույց վարող մասնագետը, ապա ավելի հավանական է, որ նրան կընդունեն աշխատանքի»։ *

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ

Օգնեք սեփական անձի մասին հավասարակշռված տեսակետ ձևավորել

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիներ 6։3

  • Խուսափեք անիրատեսական կարգախոսներից։ «Բոլոր երազանքներն իրականանում են», «անհնարին ոչինչ չկա, պետք է միայն ցանկանալ». որքան էլ այսպիսի կարգախոսները լավատեսական ու ոգեշնչող թվան, իրական կյանքում շատ հաճախ ամեն բան այլ կերպ է լինում։ Ուստի ձեր երեխային օգնեք, որ իրատեսական նպատակներ դնի ու շատ ջանք թափի դրանց հասնելու համար։ Այդ դեպքում նա ավելի լավ արդյունքների կհասնի։

  • Գովեք կոնկրետ արարքների համար։ Եթե երեխային պարզապես ասում եք, որ նա ուղղակի հրաշք է, հազիվ թե դա նպաստի, որ նա խոնարհ լինի։ Ավելի լավ կլինի, որ գովելիս կոնկրետ բաներ նշեք։

  • Թույլ մի՛ տվեք, որ շատ օգտվի սոցիալական ցանցերից։ Մարդիկ սոցիալական ցանցերը շատ հաճախ օգտագործում են ինքնագովազդի նպատակով՝ համայն աշխարհին ի ցույց դնելով իրենց տաղանդներն ու ձեռքբերումները, ինչը խոնարհության ճիշտ հակառակն է։

  • Հորդորեք, որ պատրաստակամորեն ներողություն խնդրի։ Օգնեք երեխային, որ հասկանա, թե որ հարցում է սխալվել և ընդունի իր սխալը։

Գնահատանք զարգացրեք երեխայի մեջ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15

  • Օգնեք, որ գնահատի արարչագործության հրաշքները։ Կարևոր է, որ երեխան գնահատի բնությունը և հասկանա, թե մեր կյանքը որքան շատ է կախված դրանից. եթե չլիներ օդ, չէինք կարող շնչել, եթե չլիներ ջուր, կմահանայինք ծարավից, իսկ եթե չունենայինք սնունդ, սովամահ կլինեինք։ Այսպիսի օրինակներով նրա մեջ երախտագիտություն, հիացմունք և ակնածանք առաջացրեք բնության հրաշալիքների և այդ ամենը Ստեղծողի նկատմամբ։

  • Օգնեք, որ գնահատի մարդկանց։ Հիշեցրեք երեխային, որ ամեն մարդ էլ որոշ ունակություններով ու հմտություններով գերազանցում է նրան, բայց նախանձով լցվելու փոխարեն՝ նա պետք է գնահատի այդ մարդկանց արժանիքները և սովորի նրանցից։

  • Սովորեցրեք արտահայտել իր գնահատանքը։ Երեխային սովորեցրեք, որ շնորհակալություն հայտնի՝ ոչ թե պարզապես այդ բառն ասելով, այլ անկեղծ երախտագիտությունից մղված։ Հիշեք, որ երախտագիտության զգացումը անհրաժեշտ պայման է խոնարհություն զարգացնելու համար։

Սովորեցրեք, որ ուրիշներին օգնելն անչափ կարևոր է

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։3, 4

  • Երեխային ներգրավեք տնային գործերի մեջ։ Եթե երեխային ազատում եք տնային գործեր անելուց, դրանով կարծես ասում եք. «Սա քեզ համար չէ, դու ավելի կարևոր բաներ ունես անելու»։ Ընտանեկան պարտավորությունները միշտ էլ պետք է խաղից կարևոր լինեն։ Բացատրեք երեխային, թե տնային գործեր անելով՝ նա ինչ օգուտ է բերում մյուսներին, ու թե վերջիններս որքան կգնահատեն ու կհարգեն նրան դրա համար։

  • Հիշեցրեք, որ ուրիշներին օգնելը պատիվ է։ Սա շատ կարևոր է, եթե ցանկանում եք, որ երեխան ունենա հասուն մտածելակերպ։ Խրախուսեք նրան, որ ձգտի նկատել, թե ովքեր ունեն օգնության կարիք, և ապա միասին որոշեք, թե նա ինչ կարող է անել այդ մարդկանց օգնելու համար։ Գովեք և թիկունք կանգնեք երեխային, երբ նա ինչ-որ բան է անում ուրիշների համար։

^ պարբ. 8 «The Collapse of Parenting» գրքից։