Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԿԱՊՐԻ՞

Անտառ

Անտառ

ԱՆՏԱՌՆԵՐԸ համարվում են երկրագնդի «թոքերը և կյանքի գոյությունը ապահովող համակարգը», և սա տեղին համեմատություն է։ Ծառերը կլանում են ածխաթթու գազը, որը վնասակար է մարդկանց համար։ Բացի այդ՝ դրանք արտադրում են թթվածին, որը օդի հիմնական բաղադրիչներից է։ Ցամաքային բույսերի և կենդանիների 80 տոկոսը անտառներում են։ Առանց անտառների մենք պարզապես գոյություն չէինք ունենա։

Անտառներին սպառնացող վտանգներ

Ամեն տարի միլիարդավոր ծառեր են հատվում՝ գլխավորապես գյուղատնտեսական տարածքներն ընդլայնելու նպատակով։ 1940-ականների վերջերից սկսած՝ արևադարձային անտառների կեսը ոչնչացվել է։

Ամեն անգամ, երբ անտառ է ոչնչացվում, ոչնչանում են նաև այնտեղ գտնվող բույսերն ու կենդանիները։

Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ

Նկատվել է, որ որոշ ծառահատված տարածքներում անտառները զարմանալիորեն վերականգնվել և նույնիսկ ընդարձակվել են։ Վերջերս բնապահպաններին տպավորել է այն, թե անտառահատված տարածքները որքան արագ կարող են վերականգնվել ու կրկին փարթամ անտառներ դառնալ։ Քննենք հետևյալ օրինակները։

  • Հետազոտողները հետևում են հողագործության համար ծառահատված, բայց չօգտագործված տարածքներում տեղի ունեցող փոփոխություններին։ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում և Արևմտյան Աֆրիկայում նմանատիպ 2200 տարածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառները տասը տարվա ընթացքում կարող են վերականգնվել։

  • Ինչպես նշվում է «Սայենս» ամսագրի մի հոդվածում, ըստ գիտնականների հաշվարկների՝ 100 տարվա ընթացքում այդ անտառները կարող են նախկին տեսքը ստանալ։

  • Վերջերս Բրազիլիայում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են վերականգնվում անտառները։ Նրանք համեմատել են ծառատնկված տարածքները այն տարածքների հետ, որտեղ մարդկային միջամտություն գրեթե չի եղել։

  • Անդրադառնալով սույն հոդվածում նշված հետազոտողներին՝ «Նեշնլ ջիոգրաֆիք»-ը նշում է. «Հուրախություն իրենց՝ նրանք հասկացան, որ ծառատնկման կարիք չկա»։ Ընդամենը հինգ տարում փորձարկված տարածքները առանց ծառատնկման «ամբողջությամբ ծածկվեցին ծառերով»։

Ինչ է արվում խնդիրը լուծելու համար

Ամբողջ աշխարհում ջանքեր են գործադրվել՝ գոյություն ունեցող անտառները պաշտպանելու և վնասները վերականգնելու համար։ Արդյունքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության, վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում անտառահատումները նվազել են ավելի քան 50 տոկոսով։

Բայց այս ջանքերը բավարար չեն անտառները պահպանելու համար։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչնչացող արևադարձային անտառների թիվը շատ չի փոխվել»,— նշվում է մի կազմակերպության զեկույցում (Global Forest Watch)։

Ապօրինի ծառահատումը բիզնես է, որի միջոցով ընկերությունները միլիարդավոր դոլարներ են վաստակում։ Նրանց ագահության պատճառով է, որ արևադարձային անտառները անխնա ոչնչացվում են։

Անտառների պաշտպանությամբ զբաղվող խմբերը հատում են փոքր քանակությամբ հասուն ծառեր և տնկում են նորերը

Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը

«Եհովա a Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող» (Ծննդոց 2։9

Անտառների Արարիչը դրանք ստեղծել է ինքնավերականգնվելու ունակությամբ։ Դա է պատճառը, որ անտառները վերականգնվում են, չնայած մարդիկ շարունակում են անխնա շահագործել դրանք։ Աստված ցանկանում է պահպանել անտառները և դրանց հրաշալի էկոհամակարգը։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված վերջ է դնելու երկրի ռեսուրսների սխալ օգտագործմանը, որպեսզի մեր երկրագունդը և նրանում եղած կենդանի արարածները պահպանվեն։ Կարդացեք «Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի» հոդվածը էջ 15-ում։

a «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18