ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2025
ԲԵԼԱՌՈՒՍ
Եղբայր Լեոնիդ Տրոֆիմովիչը (ձախ կողմում) և եղբայր Պավել Յադլովսկին (աջ կողմում) ցույց են տալիս գրանցման վկայականը կրոնական և ազգային փոքրամասնությունների գործերով հանձնակատարի գրասենյակի շենքի դիմաց (Մինսկ, Բելառուս)
Բելառուսում Եհովայի վկաները վերագրանցվել են որպես կրոնական կազմակերպություն
2025 թ. հուլիսի 5-ին Բելառուսի կառավարությունը երկրորդ անգամ պաշտոնապես գրանցեց Եհովայի վկաներին որպես կրոնական կազմակերպություն։ Բելառուսը Եհովայի վկաներին օրինական գրանցում էր տվել դեռևս 1994 թ.-ին։ Սակայն 2024 թ.-ին ընդունված նոր օրենքը պահանջում էր, որ բոլոր կրոնական կազմակերպությունները վերագրանցվեն համաձայն թարմացված դրույթների։
Բելառուսում Եհովայի վկաների խոսնակ Պավել Յադլովսկին ասաց. «Կրոնական ազատությունից օգտվելու հարցում օրինական ճանաչումը կարևոր քայլերից մեկն է։ Օրինակ՝ դա մեզ հնարավորություն է տալիս հանդիպումներ անցկացնել մեր ժողովների սրահներում կամ վարձակալված վայրերում, համաժողովներ կազմակերպել և գրականություն ներմուծել։ Վերագրանցման այս գործընթացի փուլում մենք առիթ ունեցանք հանդիպելու բազմաթիվ պետական պաշտոնյաների հետ և օգնելու նրանց ավելի լավ հասկանալ, թե ովքեր են Եհովայի վկաները և ինչ դեր ունեն հասարակության մեջ։ Մեր գործունեությունը Բելառուսում սկսվել է դեռևս 1924 թ.-ից։ Այս օրինական գրանցումը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք տասնամյակներ շարունակ ճանաչված ենք որպես խաղաղարար, օրինապահ քաղաքացիներ, որոնք դրական ներդրում ունեն հասարակության մեջ։ Շնորհակալ ենք իշխանություններին մեր վերագրանցման գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար»։
Վերագրանցման գործընթացի ժամանակ մեր հավատակիցները հետևել են 1 Տիմոթեոս 2։1, 2-ում գրված Պողոսի հորդորին. «Նախևառաջ հորդորում եմ, որ աղաչանքներ, աղոթքներ, խնդրանքներ ու շնորհակալական խոսքեր ուղղեք Աստծուն ամեն տեսակ մարդկանց համար, այդ թվում՝ թագավորների և բարձր դիրք ունեցողների, որպեսզի մենք շարունակենք հանգիստ ու խաղաղ կյանք վարել՝ ամեն ինչում դրսևորելով լրջամտություն և Աստծու հանդեպ նվիրվածություն»։
Որպես համաշխարհային եղբայրություն՝ մենք անչափ ուրախ ենք, որ Բելառուսում մեր եղբայրներն ու քույրերը Եհովայի օրհնությամբ «բարենպաստ ժամանակներ» են վայելում և շարունակում են փառք ու պատիվ բերել նրա անվանը (2 Տիմոթեոս 4։2)։

