Նրանց ներկայիս ձեռքբերումներն ու աճը

Նրանց ներկայիս ձեռքբերումներն ու աճը

Նրանց ներկայիս ձեռքբերումներն ու աճը

Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը սկիզբ է առել ավելի քան հարյուր տարի առաջ։ 1870–ականներին ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգի Ալեգեյնի քաղաքում, որն այժմ Պիտսբուրգի մի մասն է, առաջ եկավ Աստվածաշունչն ուսումնասիրող մի փոքրիկ խումբ։ Գլխավոր նախաձեռնողը Չարլզ Թեյզ Ռասելն էր։ 1879 թ. հուլիսին լույս տեսավ «Սիոնի դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագրի առաջին համարը անգլերեն լեզվով։ 1880 թ.–ին Աստվածաշնչի այս փոքրիկ խմբից արդեն բազմաթիվ ժողովներ էին կազմավորվել ու տարածվել հարևան նահանգներ։ 1881 թ.–ին հիմնվեց «Սիոնի դիտարանի և թերթիկի ընկերությունը», իսկ 1884 թ.–ին այն գրանցվեց որպես իրավական մարմին՝ Չ. Ռասելի նախագահությամբ։ Ավելի ուշ Ընկերությունը նոր անուն ստացավ և սկսեց կոչվել «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերություն»։ Շատերն էին տնետուն վկայություն տալիս՝ աստվածաշնչյան գրականություն առաջարկելով բնակիչներին։ 1888 թ.–ին ընդամենը հիսուն հոգի էին մասնակցում այդ տեսակի լիաժամ ծառայությանը. այսօր լիաժամ ծառայողների միջին թիվը ամբողջ աշխարհում կազմում է 700 000։

1909 թ.–ին գործունեությունն արդեն միջազգային բնույթ էր կրում, և Ընկերության գլխավոր վարչությունը տեղափոխվեց Բրուքլին (Նյու Յորք), որտեղ էլ գտնվում է առ այսօր։ Մամուլի գործակալությունների միջոցով թերթերում քարոզներ էին տպագրվում, և արդեն 1913 թ.–ին Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Եվրոպայում դրանք լույս էին տեսնում չորս լեզվով՝ հազարավոր օրինակներով։ Հարյուր միլիոնավոր գրքեր, գրքույկներ ու թերթիկներ էին բաժանվում։

1912 թ.–ին սկսվեցին «Արարչության լուսադրամայի» հետ կապված աշխատանքները։ Այս լուսադրաման դիապոզիտիվների և ձայնային շարժանկարների միջոցով պատմում էր երկրի արարչագործությունից սկսած մինչև Քրիստոսի Հազարամյա թագավորության ավարտի մասին։ Ցուցադրումները սկսվեցին 1914 թ.–ին, և օրական 35 000 հոգի դիտում էր այս լուսադրաման։ Վերջինս նորարարություն էր հնչուն կինոյի ասպարեզում։

1914 թվականը

Մոտենում էր ճգնաժամային տարին։ 1876 թ.–ին Աստվածաշունչ ուսումնասիրողներից Չ. Ռասելը «Հեթանոսաց ժամանակները. երբ են դրանք ավարտվում» վերնագրով մի հոդված հրատարակեց Բրուքլինում լույս տեսնող «Բայբըլ էկզեմինըր» (անգլ.) պարբերականում, որի հոկտեմբերի համարի 27–րդ էջում ասվում էր. «Յոթ ժամանակները կլրանան մ.թ. 1914 թ.–ին»։ «Հեթանոսաց ժամանակներ» արտահայտության տակ հասկացվում է այն ժամանակաշրջանը, որը Էջմիածնի Նոր Կտակարանը անվանել է «ազգերուն [սահմանված] ժամանակներ» (Ղուկաս 21։24)։ Չնայած սպասելիքները 1914 թ.–ին ամբողջությամբ չիրականացան, սակայն այդ տարին իսկապես նշանավորեց հեթանոսաց ժամանակների ավարտը և հատուկ նշանակության տարի եղավ։ Բազում պատմաբաններ ու մեկնաբաններ այն կարծիքին են, որ 1914 թվականը շրջադարձային կետ է եղել համայն մարդկության պատմության մեջ։ Դա են հաստատում հետևյալ մեջբերումները.

«Պատմության մեջ վերջին տարին, որը կարելի է լիովին «նորմալ» համարել, Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարին էր՝ 1913 թվականը» (Վաշինգտոնի «Թայմս–Հերալդ»–ի (անգլ.) առաջնորդող հոդված, մարտի 13, 1949 թ.)։

Պատմաբանները «1914–1989 թթ.–ն ընկած 75 տարվա ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի են ունեցել երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաև սառը պատերազմը, հետզհետե աճող վստահությամբ են դիտում որպես մի յուրահատուկ ժամանակաշրջան, երբ աշխարհի մեծ մասը կամ գտնվել է պատերազմների մեջ, կամ ուշքի է եկել դրանցից հետո կամ էլ պատրաստվել է նոր պատերազմի» («Նյու Յորք թայմս» (անգլ.), մայիսի 7, 1995 թ.)։

«Ողջ աշխարհը քարուքանդ եղավ Առաջին համաշխարհային պատերազմով, և պատճառը մինչև օրս չգիտենք։ Մինչ այդ՝ ամենուրեք խաղաղություն էր ու ծաղկունք, և թվում էր, թե իրականանալու է մարդկության անիրագործելի երազանքը։ Եվ հանկարծ ամեն ինչ հօդս ցնդեց։ Այդ ժամանակից ի վեր մենք սպասողական դրության մեջ ենք... Այս մեկ դարի ընթացքում ավելի շատ մարդ է զոհվել, քան մարդկության ողջ պատմության ընթացքում» (դոկտոր Ուոլկեր Փերսի, «Ամերիքըն մեդիքլ նյուս» (անգլ.), նոյեմբերի 21, 1977 թ.)։

«1914 թ.–ից ավելի քան հիսուն տարի անց գերմանացի պետական գործիչ Կոնրադ Ադենաուերը գրեց. «1914 թ.–ից ի վեր մարդկանց կյանքում ապահովությունն ու հանգստությունն այլևս տեղ չունեն» («Ուեստ Փարքեր» (անգլ.), Քլիվլենդ (Օհայո), հունվարի 20, 1966 թ.)։

1916 թ.–ին վախճանվեց Ընկերության առաջին նախագահ Չ. Ռասելը, և հաջորդ տարի նախագահ ընտրվեց Ջոզեֆ Ֆրանկլին Ռադերֆորդը։ Տեղի ունեցան մի շարք փոփոխություններ։ «Դիտարան»–ին զուգահեռ սկսեց լույս տեսնել նաև «Ոսկե դար» պարբերագիրը (այժմ՝ «Արթնացե՛ք». տպագրվում է շուրջ 80 լեզվով և ավելի քան 20 միլիոն տպաքանակով)։ Հատուկ շեշտ դրվեց տնետուն վկայության վրա։ Քրիստոնեական աշխարհի դավանանքներից տարբերվելու նպատակով 1931 թ.–ին այդ քրիստոնյաները ընդունեցին Եհովայի վկաներ անունը՝ հիմք ընդունելով Եսայիա 43։10–12 խոսքերը։

1920–1930-ական թվականներին լայն կիրառում գտավ ռադիոն։ 1933 թ.–ին Ընկերությունը աստվածաշնչյան թեմաներով ելույթներ էր հաղորդում՝ օգտագործելով արդեն 403 ռադիոկայան։ Հետագայում ռադիոհաղորդումները փոխարինվեցին գլխավորապես տնետուն այցելություններով, որոնց ժամանակ Վկաները օգտագործում էին դյուրատար ձայնափողով նվագարկիչներ և աստվածաշնչյան ելույթների ձայնասկավառակներ։ Յուրաքանչյուր հետաքրքրվող անհատի հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն էր սկսվում։

Դատական հաղթանակներ

1930–1940-ական թվականներին իրենց գործունեության համար բազմաթիվ Վկաներ ձերբակալվեցին։ Միաժամանակ դատական գործեր հարուցվեցին, որոնց ժամանակ Վկաները պաշտպանում էին իրենց խոսքի ազատության, գրականություն տպագրելու, հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև երկրպագության իրավունքը։ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում ստորադաս դատարանների դատավճիռները բողոքարկելուց հետո արդյունքում Վկաները 43 դատ շահեցին։ Նրանց օգտին դատավճիռներ կայացվեցին նաև այլ երկրների գերագույն դատարաններում։ Այդ դատական հաղթանակների վերաբերյալ պրոֆեսոր Չ. Բրեյդենը իր՝ «Նրանք էլ են հավատում» գրքում Եհովայի վկաների մասին գրում է. «Պայքարելով իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար՝ նրանք մեծ ծառայություն են մատուցել դեմոկրատիային, քանի որ դրանով հնարավորություն են տվել Ամերիկայում ապրող բոլոր փոքրամասնություններին ապահովելու այդ իրավունքները» («These also believe»)։

Ուսուցման հատուկ ծրագրեր

1942 թ.–ին մահացավ Ջ. Ռադերֆորդը, և նախագահությունը ստանձնեց Նաթան Նորը։ Սկսեց գործել ուսուցման մի ներդաշնակ ծրագիր։ Միսիոներներ պատրաստելու նպատակով՝ 1943 թ.–ին բացվեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը։ Այդ թվականից ի վեր շրջանավարտներ են ուղարկվում աշխարհի բոլոր ծայրերը։ Սկսեցին ժողովներ կազմավորվել այն երկրներում, որտեղ նախկինում ընդհանրապես չկային, և աշխարհի տարբեր մասերում կառուցվեցին Ընկերության մասնաճյուղեր, որոնց թիվն այսօր 100–ից անցնում է։ Ժամանակ առ ժամանակ հատուկ դասընթացներ են կազմակերպվում ժողովների երեցների, մասնաճյուղերում կամավոր աշխատողների կամ քարոզչական գործունեությամբ լիաժամ զբաղվողների (ռահվիրաների) համար։ Մի շարք մասնագիտացված դասընթացներ են կազմակերպվում Պատերսոնի (Նյու Յորք նահանգ) կրթական կենտրոնում։

1977 թ.–ին վախճանվեց Ն. Նորը։ Նրա օրոք կատարված վերջին կազմակերպչական փոփոխություններից մեկը Կառավարիչ մարմնի կազմի ընդարձակումն էր Բրուքլինի գլխավոր վարչությունում։ 1976 թ.–ին վարչական պատասխանատվությունների բաժանում կատարվեց, որոնք բաշխվեցին զանազան կոմիտեների միջև՝ բաղկացած Կառավարիչ մարմնի անդամներից, որոնք բոլորն էլ լիաժամ ծառայության մեջ տասնյակ տարիների փորձ ունեին։

Տպարանների ընդարձակումը

Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը լի է հուզումնալից դեպքերով։ Մի փոքր խմբակից, որը 1870 թ.–ին Աստվածաշունչ էր ուսումնասիրում Փենսիլվանիայում, 2000 թ.–ին ժողովների թիվն ամբողջ աշխարհում հասավ 90 000–ի։ Սկզբնական շրջանում գրականությունն ամբողջությամբ տպագրվում էր մասնավոր տպագրատներում, ապա՝ 1920 թ.–ին, Վկաները սկսեցին գրականության մի մասն իրենք տպագրել այդ նպատակով վարձված շենքերում։ Սակայն 1927 թ.–ից սկսած՝ ավելի մեծ քանակությամբ գրականություն էր տպագրվում Բրուքլինի տպարանի ութհարկանի շենքում, որը «Նյու Յորքի Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» սեփականությունն էր։ Այժմ Ընկերության սեփականության մեջ են մտնում նաև այլ գործարանային շենքեր և մեկ գրասենյակային համալիր։ Բրուքլինի մոտակայքում գտնվում են նաև բնակելի շինություններ, որտեղ ապրում են հրատարակչական գործին աջակցող կամավոր աշխատողները։ Բացի այդ, Ուոլքիլում (Նյու Յորք նահանգ) միացյալ գործում են ֆերման և մեկ ուրիշ տպարան։ Այնտեղ են տպագրվում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, ինչպես նաև սննդամթերք է արտադրվում տարբեր տեղանքներում ծառայող կամավորների համար։ Ամեն ամիս նրանցից յուրաքանչյուրին մի փոքր գումար է հատկացվում անձնական ծախսերը հոգալու համար։

Միջազգային համաժողովները

Եհովայի վկաների առաջին մեծ համաժողովը կայացել է 1893 թ.–ին ԱՄՆ–ի Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)։ Համաժողովին ներկա էր եղել 360 հոգի, և մկրտվել էին 70–ը։ Միայն մեկ երկրում անցկացված վերջին մեծ միջազգային համաժողովը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1958 թ.–ին։ Այդ առիթով վարձել էին «Յանկի» մարզադաշտն ու այն ժամանակ դեռ գոյություն ունեցող «Պոլո Գրաունդզը»։ Ներկաների բարձրագույն թիվն էր՝ 253 922, իսկ մկրտվողներինը կազմել էր 7 136 հոգի։ Այդ տարիներից սկսած՝ հաջորդաբար միջազգային համաժողովներ են անցկացվում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Տարվա ընթացքում տեղի ունեցած նմանատիպ մարզային համաժողովների ընդհանուր թիվը ամբողջ աշխարհում կարող է հասնել հազարի։

[մեջբերում 8–րդ էջի վրա]

Մեծ ծառայություն՝ քաղաքացիական ազատությունների ապահովման գործում

[նկար 6–րդ էջի վրա]

«Դիտարան» պարբերագիրը, նախկինում մեկ լեզվով տպագրված 6 000 օրինակի փոխարեն, այսօր տպագրվում է 132–ից ավելի լեզուներով՝ ավելի քան 22 միլիոն օրինակ

[նկար 7–րդ էջի վրա]

Շրջադարձային կետ՝ մարդկության պատմության մեջ

[նկար ամբողջ 10–րդ էջի վրա]