Անցնել բովանդակությանը

Դատախազության և Թերմինի Իմերես դատարանի շենքը Սիցիլիայում (Իտալիա)

ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2018
ԻՏԱԼԻԱ

Սիցիլիայում դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բուժօգնության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը

2018 թ. ապրիլի 6-ին Սիցիլիայում (Իտալիա) Թերմինի Իմերեսի դատարանը սահմանեց, որ վիրաբույժը քրեորեն հետապնդելի արարք է կատարել՝ ստիպելով մի կնոջ, ով Եհովայի վկա է, արյան փոխներարկում ընդունել։ Վիրաբույժը պարտավորվել է այդ կնոջը վճարել 10 000 եվրո (11 605 ԱՄՆ դոլար)՝ որպես պատճառված վնասի հատուցում, և ևս 5 000 եվրո (5 803 ԱՄՆ դոլար)՝ նրա ամուսնուն, ով նույնպես Եհովայի վկա է։ Առաջին անգամ է, որ Իտալիայում դատարանի որոշմամբ բժիշկը պատասխանատվության է ենթարկվում այն բանի համար, որ խախտել է անձի հիմնարար իրավունքը, համաձայն որի՝ անհատն է որոշում, թե ինչ արվի իր մարմնի հետ՝ ելնելով իր համոզմունքներից։

Այս գործը վերաբերում է մի քրոջ, ում մոտ բարդություններ էին առաջացել 2010 թ. դեկտեմբերին լեղապարկի վիրահատությունից հետո։ Թեև նա բազմիցս հրաժարվել էր արյուն պարունակող դեղամիջոցներից, սակայն նրան ստիպողաբար կատարել էին արյան կարմիր բջիջների փոխներարկում։ Նրա վիրաբույժը ստել էր՝ ասելով, որ ունի դատարանի որոշմամբ հաստատված նման լիազորություն։

Ավելի ուշ այդ քույրը և իր ամուսինը վիրաբույժի դեմ բողոք ներկայացրին դատախազություն։ Դատարանը սահմանեց, որ «գիտակից և իրավունակ Եհովայի վկայի պարագայում... բժիշկը չպետք է տրամադրի նման բուժմեթոդ», եթե դրանով ոտնահարվում է հիվանդի կամքը։

Դատարանը նաև նշեց, որ Իտալիայի Սահմանադրությունը արգելում է բժիշկներին առանց հիվանդի համաձայնության կիրառել որևէ բուժմեթոդ, նույնիսկ եթե բժիշկը կարծում է, որ այն անհրաժեշտ է։ Համաձայն դատարանի որոշման՝ «անհրաժեշտության փաստը՝ որպես արդարացում... կիրառելի չէ հստակ և ազատ արտահայտված անհամաձայնության պարագայում»։

Պադուայի համալսարանի իրավաբանական բժշկության և բիոէթիկայի պրոֆեսոր Դանիել Ռոդրիգեսը, որը նաև գործով հրավիրված փորձագետ է, իր եզրակացության մեջ նշել է, որ «կոնկրետ բուժմեթոդից հրաժարվելու իրավունքը պաշտպանված է սահմանադրական մակարդակով, ինչն ակնհայտ է [Իտալիայի] Սահմանադրության 32-րդ [հոդվածից], որում նշվում է, որ «ոչ ոք չպետք է ստիպված լինի ընդունել որևէ բուժմեթոդ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»»։ Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ իտալացի փաստաբան և առողջապահության մասին օրենքի մասնագետ Լուկա Բենչին ինտերնետային մի էջում գրել է. «Չկա որևէ օրենք, որը անհատին պարտավորեցնում է ընդունել արյան փոխներարկում՝ հակառակ իր կամքի։ Բուժմեթոդից հրաժարվելու իրավունքը վեր է ցանկացած բանից» (Quotidiano Sanità)։

Եհովայի վկաների շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը՝ Մարչելո Ռիֆիչին, ասում է. «Ուրախ ենք տեսնելու, որ այս որոշումը համապատասխանում է եվրոպական այնպիսի չափանիշներին, ինչպիսիք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով, որոնք պաշտպանում են ցանկացած հիվանդի՝ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը։ Հետաքրքիր է, որ 2017 թ.-ին Իտալիայի խորհրդարանը ընդունեց թիվ 219/2017 օրենքը, որը հայտնի է որպես «Բուժմեթոդի վերաբերյալ կամքի արտահայտման մասին օրենք»։ Դրանում ընդգծվում են այն նույն սկզբունքները, ինչպիսիք ընդգծում է սույն որոշումը»։

Եհովայի վկաների շահերը պաշտպանող մեկ այլ փաստաբան՝ Լուչիո Մարսելան, ասում է. «Այս որոշումը նախադեպ է, որը երաշխիք է բոլոր այն բժիշկների համար, ովքեր բարեխղճորեն և խիզախորեն ձգտում են լավագույն բուժօգնությունը տրամադրել հիվանդներին՝ հարգելով բուժմեթոդ ընտրելու վերջիններիս իրավունքը»։