Անցնել բովանդակությանը

Իտալիայի Գաետա քաղաքում գտնվող բանտը, որտեղ մեր եղբայրներից ոմանք բանտարկված են եղել իրենց հավատի համար

ՀՈՒԼԻՍԻ 9, 2020
ԻՏԱԼԻԱ

Եհովայի վկաները նպաստեցին, որ Իտալիայում ամրագրվի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Եհովայի վկաները նպաստեցին, որ Իտալիայում ամրագրվի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Ինչպես շատ այլ երկրներ, Իտալիան նույնպես ճանաչում է իր քաղաքացիների՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Բայց միշտ չէ, որ դա այդպես է եղել։ Եհովայի վկաները ստիպված են եղել մեծ գին վճարել դրա համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դեռ մի քանի տասնամյակ Իտալիայում շարունակվեց պարտադիր զինվորական ծառայությունը։ 1946 թ.-ին՝ պատերազմից հետո, ամբողջ երկրում ընդամենը 120 Վկա կար։ Սակայն երբ Եհովային նվիրված մարդկանց թիվն աճեց, դրան զուգահեռ ավելացավ նաև զինվորական ծառայությունից հրաժարվողների թիվը։ Նրանց համոզմունքները հիմնված էին չեզոքության, մերձավորի հանդեպ սիրո և բռնությունը մերժելու մասին աստվածաշնչյան սկզբունքների վրա։

Իտալիայի մասնաճյուղի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվեց, որ առնվազն 14 180 եղբայրներ, որոնք անցյալում խղճի կալանավորներ են եղել, դեռ ողջ են։ 1960–1990-ականներին դատապարտված այս եղբայրների ազատազրկման տարիների ընդհանուր թիվը 9 732 է։

Իտալիայի Թուրին քաղաքից Սերջո Ալբեսանոն, որը պատմաբան է և մասնագիտացած է հակամիլիտարիզմի ոլորտում, նշում է, որ Եհովայի վկաները կազմում էին «զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկված երիտասարդների ճնշող մեծամասնությունը»։ Նա նաև նշում է, որ այս երիտասարդներն իրենց անկոտրում համոզմունքների շնորհիվ «օգնեցին իրազեկ դարձնել հասարակությանը այս խնդրի մասին»։

Նախկին վարչապետ Ջուլիո Անդրեոտին 1960-ականներին, երբ Իտալիայի պաշտպանության նախարարն էր, որոշեց անձամբ հանդիպել բանտարկված Վկաներից մի քանիսին, որպեսզի հասկանա նրանց՝ զինծառայությունից հրաժարվելու պատճառը։ Այնուհետև նա գրեց. «Ես տպավորված եմ, թե նրանք որքան ոգեշնչված են իրենց կրոնով և որքան չեզոք են քաղաքական հարցերում։ Պատահական չէ, որ զինվորական համազգեստ չկրելու համար նրանք պատրաստ են տարիներով բանտում մնալ»։

Քաղաքացիների՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանող առաջին օրենքն ընդունվեց 1972թ.-ին։ Սակայն, ցավոք, այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը դեռ զինվորական վերահսկողության տակ էր, ինչն անընդունելի էր մեր եղբայրների համար։

Վերջապես 1998 թ. հուլիսի 8-ին Իտալիայի կառավարությունը նոր օրենք ընդունեց, որով այլընտրանքային ծառայությունը լիարժեք քաղաքացիական բնույթ էր կրելու և զինված ուժերից անկախ էր լինելու, ուստի մեր եղբայրները համաձայնեցին կատարել այն։ 2004 թ. օգոստոսին Իտալիան օրենք ընդունեց, ըստ որի՝ 2005 թ.-ից երկրում պարտադիր զինծառայության մասին օրենքը դադարելու էր գործել։

Սերջո Լարիչան այն բազմաթիվ մասնագետներից մեկն է, որոնք խոստովանում են, որ Եհովայի վկաները մեծ ներդրում են ունեցել Իտալիայի իրավական պրակտիկայում։ Նա իրավաբան է և պրոֆեսոր Հռոմի «Սապիենցա» համալսարանում։ Պրոֆեսորը նշում է. «Այն ժամանակ, երբ զորամասերում ծառայող քահանաները համոզմունքների հիման վրա զինծառայությունից հրաժարվելը համարում էին [հայրենիքի դավաճանություն և վախկոտության նշան և կարծում էին, թե դա ոչ մի կապ չունի իրար սիրելու քրիստոնեական պատվիրանի հետ], Եհովայի վկաների հաստատակամությունը նպաստում էր Իտալիայում իրավունքի և հասարակության զարգացմանը»։

Մեր եղբայրների դիրքորոշումը միայն Իտալիայի իրավական համակարգի վրա չէր, որ ազդեցություն ունեցավ։ Վկա բանտարկյալների վարքը նկատելուց հետո մի քանի բանտապահներ Եհովայի վկաներ դարձան։ Նրանցից մեկը՝ Ջուզեպպե Սերան, հիշում է. «Այդ երիտասարդ Վկաների օրինակը ինձ մղեց, որ սկսեմ ուսումնասիրել Աստվածաշունչը»։ 1972 թ.-ին նա Եհովայի վկա դարձավ (տես ներքևի շրջանակը)։

Մենք շատ ենք ուրախանում՝ տեսնելով տարբեր սերնդի պատկանող մեր իտալացի եղբայրների և իրենց ընտանիքների, ինչպես նաև այլ երկրներում ապրող մեր հավատակիցների քաջությունը։ Նրանք հավատարմորեն հետևում են աստվածաշնչյան պատվերին և «չեն սովորում պատերազմել» (Եսայիա 2։4