Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2013
ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի ամենաերկարակյաց քաղաքացին. Իռենիզ Մուլոնգե

Ֆրանսիայի ամենաերկարակյաց քաղաքացին. Իռենիզ Մուլոնգե

Իռենիզ Մուլոնգեն, որի 112-ամյակը լրացավ 2012 թ. նոյեմբերին, համարվում է Ֆրանսիայի ամենատարեց քաղաքացին։ Բոլորը քաջատեղյակ են, որ նա Եհովայի վկա է։

Մինչ վերջերս Ֆրանսիայում ապրող Մարիա Ռիշառը համարվում էր ամենածեր ֆրանսուհին։ Իրականում նա 22 օրով փոքր էր Իռենիզից։ Մարիա Ռիշառը, որը մահացել է անցած օգոստոսին, մոտ 112 տարեկան էր և նույնպես Եհովայի վկա էր։

Իռենիզը հեշտ կյանք չի ունեցել։ Երբ 2 տարեկան էր, Մարտինիկում՝ իր հարազատ գյուղի մոտ գտնվող Մոն Պելե հրաբուխը ժայթքեց։ Բայց նա կենդանի մնաց։ 15 տարեկանում Իռենիզը տեղափոխվեց Ֆրանսիական Գվիանա աշխատելու և ընտանիքին ֆինանսապես օգնելու համար։ Տարիներ անց վերադարձավ Մարտինիկ և ամուսնացավ։ Ցավոք նրա ամուսինը՝ Անդրեն, մահացավ երիտասարդ տարիքում՝ մենակ թողնելով նրան իրենց երեք աղջիկների հետ։

Երեխաներին պահելու համար Իռենիզը սկսեց աշխատել բանանի պլանտացիաներում։ Իր նախկին աշխատակիցներից մեկը, որն այժմ ութսուն անց է, հիշում է, թե ինչ եռանդուն ու ջանասեր աշխատող էր նա. «Իռենիզը մեկ օրում կարող էր բանանի 175 բավականին ծանր ողկույզներ պատրաստել առաքման համար»։

Թեև երբեմն կյանքը դաժան է եղել նրա հանդեպ, սակայն նա միշտ դրական է տրամադրված եղել։ Նրա 75 ժառանգներից մեկը հետևյալ խոսքերով նկարագրեց իր տատիկին. «Նա հումորով և սրամիտ կին է։ Եվ միշտ սիրով պատմում է հետաքրքիր դեպքեր իր կյանքից»։ Այս նկարագրությունը համապատասխան է տարեցներից շատերին։

Թեև ժառանգականությունը կարող է նպաստել երկարակեցությանը, սակայն ճիշտ կենսակերպը և դրական տրամադրվածությունը նույնպես կարևոր են։ Երբ հարյուրամյակը բոլորած մարդկանց հարցնում են նրանց երկարակեցության գաղտնիքը, հաճախ նրանք ասում են, որ կայուն գրաֆիկով են ապրում, սնվում են չափավոր և չեն կորցնում ապրելու տենչը։ Մի ուսումնասիրության մեջ հետևյալ եզրակացությունն է արվում. «Ակներևաբար նրանք շատ ակտիվ ու կենսուրախ մարդիկ են»։

Հակառակ ընդունված կարծիքին՝ անպայման չէ, որ երկարակյաց մարդիկ հեշտ կյանք ունեցած լինեն։ Ֆրանսիայում անցկացված մի ծավալուն ուսումնասիրություն ցույց տվեց, որ նրանցից շատերը իրականում շատ դժվարություններ հաղթահարած մարդիկ են՝ «ուժեղ անձնավորություններ, ովքեր դուրս են եկել կյանքի խնդիրներից»։

Իռենիզը դրա կենդանի ապացույցն է։ Նրա թոռներից մեկը հաճախ է հիացմունքով խոսում տատիկի դրական տրամադրվածության մասին։ Նա ասում է. «Թեև գրեթե չի կարողանում շարժվել, սակայն երբեք չի տրտնջում»։

Իռենիզը, որ ծնվել և մեծացել է կաթոլիկ ընտանիքում, շատ հարցեր է ունեցել Աստծու և կյանքի կարճատև լինելու վերաբերյալ։ Իր հարցերի գոհացուցիչ պատասխանները գտել է Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս։ 74 տարեկանում նա իր կյանքը նվիրել է Եհովա Աստծուն։ Երբ հարցնում են, թե ինչն է օգնում դիմանալու առողջության և տարիքի հետ կապված խնդիրներին, հաճախ ասում է. «Եհովան է իմ զորությունը։ Նա իմ «հզոր բազուկն» է։ Դրա համար էլ ես զգում եմ ինձ այնպես, ասես «օրեցօր նորոգվում» եմ» (2 Օրենք 3:24; 2 Կորնթացիներ 4:16