Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 2013
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Հայան հզոր թայֆունը ավերեց Կենտրոնական Ֆիլիպինները

Հայան հզոր թայֆունը ավերեց Կենտրոնական Ֆիլիպինները

ՄԱՆԻԼԱ, Ֆիլիպիններ։ Հայան կատաղի թայֆունը (ֆիլիպինցիների լեզվով՝ Յոլանդա) երբևէ եղած ամենաուժգին փոթորիկն էր, որը 2013 թ. նոյեմբերի 8-ին ավերեց Կենտրոնական Ֆիլիպինները։

Նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների Եհովայի վկաների մասնաճյուղը, որը գտնվում է Մանիլայում, հայտնեց, որ մահացել են 27 Վկաներ և ավերվել են Վկաների ավելի քան 100 տներ ու 5 երկրպագության վայրեր։

Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը կազմակերպեց միջազգային եղբայրության կողմից հումանիտար օգնության տրամադրումը։ Եվ որպես այս ծրագրի մաս՝ Ֆիլիպիններում գործող մասնաճյուղը սնունդ, ջուր, դեղամիջոցներ և այլ անհրաժեշտ իրեր ուղարկեց տուժած շրջաններ՝ նոյեմբերի 10-ին մոտ տասը միջին չափի բեռնատարներով, իսկ հաջորդ օրը՝ մեծ բեռնատարներով։

Այս աղետից ընդամենը մոտ մեկ ամիս առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, Ֆիլիպիններում տեղի էր ունեցել Նարի թայֆունը, որն իր հետ 13 մարդու կյանք էր տարել։ Դա բավական չէր, դրանից երեք օր անց՝ հոկտեմբերի 15-ին, տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով մահացել էր 218 մարդ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ զոհերի մեջ եղել են երեք Եհովայի վկաներ, մեկը մահացել է սողանքի պատճառով, մյուս երկուսը մնացել են փլատակների տակ։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հոգ է տարել, որ համաշխարհային գործին արված նվիրաբերություններից միջոցներ հատկացվեն աղետից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով։ Կառավարիչ մարմինը նաև կապ է հաստատել աշխարհի մյուս մասնաճյուղերի հետ և քայլեր է ձեռնարկել, որ համապատասխան հմտություններ ունեցող կամավորների խմբեր կազմվեն, որոնք տեղական իշխանությունների հետ համագործակցելով՝ անհրաժեշտ օգնություն կտրամադրեն տուժածներին։

Դին Ջեյսեկը՝ Ֆիլիպինների Եհովայի վկաների մամլո խոսնակը, ասում է. «Բոլորս սգում ենք այն բազում մարդկանց կորուստը, որոնց կյանքերը խլեցին այս վերջին աղետները։ Դրանք մեծ վնասներ և ավերածություններ են պատճառել, և մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Մենք շարունակելու ենք ամեն բան անել, որպեսզի օգնենք և հոգևորապես աջակցենք մեր ընկերներին ու մերձավորներին»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ֆիլիպիններ։ Դին Ջեյսեկ, հեռ. +63 2 411 6090