Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 10, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եհովայի վկան 6000 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը

Եհովայի վկան 6000 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (Ռուսաստան)։ 2014 թ. նոյեմբերին Եհովայի վկա Սվետլանա Նեմչինովան փողոցում մի ծրար գտավ, որի մեջ 6000 եվրո կար (6800 ամերիկյան դոլար)։ Տիրոջը երկար փնտրելուց հետո ի վերջո Սվետլանային հաջողվեց գտնել նրան և վերադարձնել գումարը։ Նեմչինովայի մարդասիրական արարքի մասին հաղորդեցին հեռուստացույցով, ռադիոյով, ինչպես նաև օնլայն նորություններով։

Սվետլանա Նեմչինովան ապրում է Մոսկվայից մոտ 450 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Վոլոգդա քաղաքում։ Նա հավաքարար է աշխատում։ Մի օր փողոցը մաքրելիս ծրար է գտնում։ Երբ վերցնում է ու բացում այն, մեծ գումար է հայտնաբերում։ Սվետլանան և իր երեք երեխաները ապրում են հանրակացարանի 12 քառակուսի մետր մակերես ունեցող մի սենյակում, սակայն նա ասում է. «Իմ մտքով անգամ չանցավ, որ այդ գումարը ինձ պահեմ։ Անմիջապես մտածեցի, թե ինչ վիճակում է նա, ով կորցրել է այսքան գումար»։

Փորձելով գտնել տիրոջը՝ Սվետլանան նախևառաջ մոտակա տարածքի շենքերի վրա հայտարարություն փակցրեց։ Սակայն ոչ ոք չարձագանքեց։ Այնուհետև նա այդ գումարը տարավ մոտակա բանկ, քանի որ ծրարի մեջ այդ բանկի անունով անդորրագիր կար։ Բանկում հաստատվեց, որ այդ գումարը պատկանում է Պավել Սմիրնովին։ Ի վերջո հաջողվեց կապ հաստատել նրա հետ և տեղեկացնել, որ գումարը գտնվել է։

«Պրեմիեր» թերթում տպագրվել էր. «Սվետլանան իր արարքի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չի տեսնում։ Նա հավատացյալ կին է և կանոնավոր Աստվածաշունչ է կարդում»։ Հարցազրույցի ժամանակ նա բացատրել էր, որ վարվել է Ոսկե կանոնի համաձայն՝ գրված Մատթեոս 7։12 համարում. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։

Նկարիչ Պավել Սմիրնովը և Սվետլանա Նեմչինովան այն բանից հետո, երբ վերջինս վերադարձրել է գումարը

Պավել Սմիրնովը նկարիչ է։ Նա հայտնագործել էր հատուկ բաղադրության ներկ և գումար էր հավաքել, որպեսզի հատուկ սարքավորում գներ իր հետազոտությունները շարունակելու համար։ «Չեմ կարող նկարագրել, թե որքան երախտապարտ եմ Սվետլանային։ Նրա արարքից հետո մարդկանց հանդեպ կրկին հավատով ես լցվում։ Ուզում ես ասել՝ իրոք Աստված կա»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան: Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7 812 702 2691