Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ JW.ORG-ը արգելելու փորձը ձախողվեց

ԹԱՐՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ JW.ORG-ը արգելելու փորձը ձախողվեց

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, Ռուսաստան։ 2013 թ. օգոստոսի 7-ին Մոսկվայից մոտ 160 կիլոմետր հյուսիս գտնվող Տվեր քաղաքի Կենտրոնական շրջանային դատարանը վճիռ կայացրեց, համաձայն որի՝ jw.org կայքը պետք է արգելվի ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում։

Թեև ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ այցելում են jw.org կայք, և շատ մասնագետներ բարձր են գնահատում այն, բայց դատարանը դիրք բռնեց պաշտոնյաների կողմը, ովքեր փորձում էին արգելք դնել մեծ մասսայականություն վայելող կայքի վրա։ Դատարանը վճիռ կայացրեց՝ առանց մյուս կողմին՝ կայքի սեփականատեր «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությանը» (Նյու Յորք) տեղեկացնելու կամ լսելու։ Եհովայի վկաները բողոքարկեցին Տվերի շրջանային դատարանի որոշումը։ Նիստը նշանակվեց 2014 թ. հունվարի 22-ին։

Եթե բողոքը մերժվի, Ռուսաստանում բնակվող ավելի քան 160 000 Եհովայի վկաներ այլևս չեն կարողանա մուտք գործել կայք, որը կանոնավորաբար օգտագործվում է կրոնական գործունեության և անձնական ու ընտանեկան ուսումնասիրության համար։ Կայքից օգտվելը կամ այն հասարակությանը ներկայացնելը Ռուսաստանում կդիտվի որպես հանցագործություն։ Բացի այդ, Ռուսաստանում բնակվող մոտ 142 միլիոն մարդ կզրկվի jw.org կայքից օգտվելու և անվճար աստվածաշնչյան տեղեկություն ստանալու հնարավորությունից։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր և կրոնագետ, Մոսկվայի Աշխատանքի և հասարակական հարաբերությունների ակադեմիայի պրոֆեսոր Եկատերինա Էլբակյանը ասում է, որ jw.org կայքը «նվեր է ցանկացած մեկի համար, ով հետաքրքրվում է կրոնով։ Այնտեղ ներկայացված նյութը համակողմանի է և հասկանալի։ Կարևոր հոգևոր և բարոյական հարցերը քննարկվում են պարզ լեզվով։ Երբ մտնում ես կայք, այնպիսի զգացողություն ես ունենում, ասես Եհովայի վկաները իրենց տան դռները լայն բացել են քո առաջ»։

Ռուսաստանում Եհովայի վկաների պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Մարտինովը ասում է. «Մեր երկրում նրանց համար, ովքեր տեղեկություններ են փնտրում Աստվածաշնչի մասին, jw.org կայքը հրաշալի աղբյուր է։ Այն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ և կոմերցիոն նպատակներ չի հետապնդում։ Մենք հույս ունենք, որ Տվերի մարզային դատարանը այնպիսի որոշում կկայացնի, որը թույլ չի տա, որ Ռուսաստանի բնակիչները զրկվեն մասսայականություն վայելող կրթական այս կայքից օգտվելու հնարավորությունից»։

Նյու Յորքում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցչի Ջեյմս Բրաունը նշում է. «jw.org կայքը աշխարհի բոլոր ընտանիքների համար արժեքավոր աղբյուր է և՛ ուսումնասիրություններ անելու, և՛ վստահելի խորհուրդներ ու տեղեկություններ գտնելու համար։ Դրա արժեքը երևում է նրանից, որ օրական միջին հաշվով 900 000 մարդ այցելում է կայք, որտեղ գործնական տեղեկությունները մատչելի են մոտ 600 լեզուներով։ Այս կայքի վրա արգելք դնելու ոչ մի հիմք չկա»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691