Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՄԱՅԻՍԻ 13, 2015
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները թարգմանչական գրասենյակ են հիմնել Ֆլորիդայում՝ ամերիկյան ժեստերի լեզվով գրականություն թարգմանելու համար

Եհովայի վկաները թարգմանչական գրասենյակ են հիմնել Ֆլորիդայում՝ ամերիկյան ժեստերի լեզվով գրականություն թարգմանելու համար

ՖՈՐՏ ԼՈԴԵՐԴԵՅԼ (Ֆլորիդա, ԱՄՆ)։ 2014 թ. նոյեմբերի 14-ին Պատերսոնի կրթական կենտրոնից (Նյու Յորք) ամերիկյան ժեստերի լեզվով թարգմանչական խումբը տեղափոխվեց Ֆորտ Լոդերդեյլ՝ Ֆլորիդա։ Այս խումբը Պատերսոնում Աստվածաշունչ և աստվածաշնչյան հրատարակություններ է թարգմանել դեռևս 1995թվականից։ Անցած մի քանի ամիսների ընթացքում Եհովայի վկաները անհրաժեշտ սարքավորումները տեղադրեցին Ֆորտ Լոդերդեյլի գրասենյակներում և ձայնագրման ստուդիաներում։ 2015 թ. մայիսին ամերիկյան ժեստերի լեզվով թարգմանչական գրասենյակը պատրաստ էր գործելու։

Այս լեզվով տեսանյութեր կարելի է դիտել jw.org կայքում, ինչպես նաև տեսասկավառակով։ Այս տեսանյութերը ամեն շաբաթ օգտագործվում են ժողովի հանդիպումների ժամանակ, որոնք անցկացվում են ամբողջ աշխարհում ավելի քան 500 Թագավորության սրահներում, ինչպես նաև մեծ միջոցառումների՝ տարին երկու անգամ անցկացվող շրջանային համաժողովների և տարին մեկ անգամ անցկացվող տարածաշրջանային համաժողովի ժամանակ։

«Մեր նպատակն է, որ ժեստերի լեզվով խոսող հնարավորինս ավելի շատ մարդ հեշտությամբ հասկանա մեր տեսանյութերը, անկախ այն բանից, թե ինչ կրթություն ունի և որտեղ է ապրում»,— նշում է Ջոնաթան Գալվեսը, որը կոորդինացնում է ամերիկյան ժեստերի լեզվով թարգմանությունը Ֆլորիդայում։ Նա նաև նշում է. «Ամերիկյան ժեստերի լեզուն օգտագործվում է մոտ 45 երկրներում, այդ պատճառով ինչպես բանավոր խոսվող լեզուների դեպքում, տարածքից տարածք նշանները տարբեր են լինում։ Ֆորտ Լոդերդեյլի բազմազան բնակչության մեջ շատերն են օգտագործում միջազգային ամերիկյան ժեստերի լեզու, ուստի թարգմանչական գրասենյակը ամենալավ վայրում է գտնվում»։

2014 թ.-ին Ֆրենկ Բեչտերը, որը դոկտորի կոչում ունի սոցիալական կուլտուրայի և լեզվաբանական անտրոպոլոգիայի ոլորտում, ներկա գտնվեց Ռիչմոնդում ամերիկյան ժեստերի լեզվով անցկացվող (Վիրջինիա) Եհովայի վկաների տարածաշրջանային համաժողովին։ Այս համաժողովին ներկա գտնվելը լեզվաբանական անտրոպոլոգիայի ոլորտում կատարած նրա ուսումնասիրությունների մի մասն էր, որը նվիրված էր ժեստերի լեզվին և խուլերի կյանքին։ Դոկտոր Բեչտերը նշեց. «Ռիչմոնդի համաժողովում հստակ երևաց ձեր կազմակերպության նվիրվածությունը ամերիկյան ժեստերի լեզվով բարձրորակ թարգմանությանը, մասնավորապես այն պատճառով, որ դուք օգտագործում եք Աստվածաշնչի համարների լավ պատրաստված ձայնագրություններ։ Ձեր թարգմանությունը պարզապես հիասքանչ է»։ Նա նաև նշեց. «Անչափ գնահատելի են Եհովայի վկաների ջանքերը ամերիկյան ժեստերի լեզվով Աստվածաշնչի հրաշալի թարգմանություն անելու համար, քանի որ այդ կարևոր աշխատությունը մեծ դեր ունի մեր հասարակության կյանքում, ինչպես նաև համաշխարհային պատմության մեջ։ Ես կարծում եմ, որ խուլերը, ինչպեսև բոլոր մարդիկ, պետք է լիարժեքորեն օգտվեն այսպիսի կարևոր աշխատություններից, որոնք մեծ հետք են թողնում անհատի աշխարհայացքի զարգացման վրա»։

Տարբեր երկրներում գործող Եհովայի վկաների թարգմանչական խմբերը մոտ 80 ժեստերի լեզուներով տեսանյութեր են թողարկում։ Այդ տեսանյութերը տարածվում են անվճար։ Բացի այդ, Եհովայի վկաները թողարկել են JW Library Sign Language (JW Գրադարան ժեստերի լեզվով) հավելվածը, ինչի շնորհիվ jw.org կայքից օգտվողները հեշտությամբ բեռնում են, դասակարգում և դիտում ժեստերի լեզվով տեսանյութերը։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000