Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2014
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Իննսուն տարեկանում կյանքից հեռացավ Լիլիան Գոբայտասը

Իննսուն տարեկանում կյանքից հեռացավ Լիլիան Գոբայտասը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2014 թ. օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆայեթվիլ քաղաքում գտնվող իր տանը իննսուն տարեկան հասակում մահացավ Լիլիան Գոբայտաս Քլոզը, ով տասնամյակներ առաջ դպրոցում դրոշին պատիվ տալուց հրաժարվելու համար կանգնել էր ԱՄՆ-ի բարձրագույն ատյանի՝ Գերագույն դատարանի առաջ։

Ուիլյամ Հենրի, Ուոլթեր և Լիլիան Գոբայտասները, 1935 թ., դրոշին պատիվ չտալու պատճառով դպրոցից հեռացվելուց հետո

1935 թ.-ին իր հավատը պաշտպանելու համար Լիլիան Գոբայտասի գրած նամակը՝ ուղղված դպրոցի տնօրինությանը

1935 թ. հոկտեմբերի 6-ին, երբ ազգային ռադիոյի եթերով Լիլիան Գոբայտասը և նրա կրտսեր եղբայր Ուիլյամը՝ երկուսն էլ Եհովայի վկաներ, լսեցին կռապաշտությունից զերծ մնալու վերաբերյալ Աստվածաշնչի պատվերի մասին հաղորդումը, որոշեցին այլևս պատիվ չտալ դրոշին։ Մի քանի շաբաթ անց դրա համար նրանց հեռացրին դպրոցից։ Նրանց հայրը՝ Ուոլթերը, դիմեց դատարան, որ պաշտպանի իր երեխաների իրավունքը, և դատը շահեց։ Դպրոցի տնօրինությունը վճիռը բողոքարկեց Գերագույն դատարան, որն էլ 1940-ի հունիսի 3-ին «Մայներսվիլի դպրոցն ընդդեմ Գոբայտիսների» գործով (իրավական փաստաթղթերում ազգանունը սխալ է գրվել) վճիռ կայացրեց հօգուտ դպրոցի։ Երեք տարի անց՝ 1943-ի հունիսի 14-ին՝ Դրոշի օրը, Գերագույն դատարանը փոխեց 1940 թ.-ին իր կայացրած վճիռը և «Արևմտյան Վիրջինիա նահանգի կրթության նախարարությունն ընդդեմ Բարնետի» գործով վճիռ կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։ Դա հնարավորություն տվեց Վկա երեխաներին շարունակելու իրենց ուսումը դպրոցում։ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Գերագույն դատարանը այդքան կարճ ժամանակ հետո փոխեց իր դիրքորոշումը։

Լիլիան Գոբայտասը ծնվել է Մայներսվիլում (Փենսիլվանիա)՝ Ուոլթեր և Ռութ Գոբայտասների ընտանիքում 1923-ի նոյեմբերի 2-ին։ Նա մկրտվել ու Եհովայի վկա է դարձել 1935-ի մարտի 14-ին։ Քսան տարեկանում դարձել է Աստվածաշնչի լիաժամ քարոզիչ (ինչպես Վկաներն են ասում՝ ընդհանուր ռահվիրա), իսկ հետագայում՝ 1946-ի փետրվարից մինչև 1953-ի ապրիլը, ծառայել է Բրուքլինում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչությունում։

Լիլիանն իր ամուսնու՝ Էրվին Քլոզի հետ Վիեննայում միսիոներական ծառայության ժամանակ, 1954

1951-ին, երբ Լիլիանը մեկնեց Եվրոպա ներկա լինելու այնտեղ անցկացվող համաժողովին, Գերմանիայի Եհովայի վկաների մասնաճյուղում հանդիպեց Էրվին Քլոզին։ Նրանք շարունակեցին շփվել, երբ Էրվինը գնաց սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում, որն այն ժամանակ անցկացվում էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք), և որտեղ միսիոներներ էին պատրաստում։ 1952-ին՝ դպրոցն ավարտելուց հետո, Էրվինը նշանակում ստացավ ծառայելու Վիեննայում (Ավստրիա)։ Իսկ 1954-ի փետրվարին Լիլիանը ավարտեց «Գաղաադը»։

Այդ նույն տարի մարտի 24-ին Լիլիանն ու Էրվինը ամուսնացան Վիեննայում և շարունակեցին միսիոներական ծառայությունը այնտեղ։ Սակայն տարվա վերջ Էրվինի առողջական խնդիրների պատճառով մեկնեցին ԱՄՆ. պատճառը համակենտրոնացման ճամբարում դաժան վերաբերմունքի հետևանքներն էին, որ կրել էր Եհովայի վկա լինելու պատճառով։ Հետագայում նրանք երկու երեխա ունեցան. ծնվեցին Սթիվեն Փոլը և Ջուդիթ Դեբորան։ 1967-ին ընտանիքով տեղափոխվեցին Ռիվերդեյլ՝ Ջորջիա, որտեղ շարունակեցին Աստվածաշունչ ուսուցանել մարդկանց։

Լիլիան Գոբայտաս Քլոզի մահը սգում են հարազատները. դուստրը՝ Ջուդիթ Դեբորան, երկու քույրերը՝ Ժան Ֆրայը և Գրեյս Ռայնիշը, և եղբայրը՝ Փոլ Գոբայտասը։ Լիլիանն իր կենդանության օրոք տեսել է իր ամուսնու, եղբոր՝ Ուիլյամ Գոբայտասի, քրոջ՝ Ջոյ Յուբետայի, և որդու՝ Սթիվեն Փոլ Քլոզի մահը։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000