Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2012
ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը պարտավորվել է փոխհատուցել 17 Եհովայի վկաներին

Հայաստանը պարտավորվել է փոխհատուցել 17 Եհովայի վկաներին

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, Ֆրանսիա։ 2012 թ. նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանի կառավարությունը կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված 17 անձանց պետք է վճարի 112.000 եվրո (145.226 ԱՄՆ դոլար) որպես բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի հատուցում, քանի որ խախտել է նրանց իրավունքները։

2005-ին Եհովայի վկա հանդիսացող 17 երիտասարդներ կատարում էին այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Սակայն երբ հասկացան, որ այն գտնվում է զինված ուժերի վերահսկողության ներքո, լքեցին իրենց ծառայության վայրերը, քանի որ նրանց խիղճը թույլ չէր տալիս շարունակել այդ ծառայությունը։ Դրանից հետո նրանց կալանավորեցին։ Ոմանց մի քանի ամիս պահեցին քննչական մեկուսարանում։ Ի վերջո 11-ին դատապարտեցին 2–3 տարվա ազատազրկման։

Եվրոպական դատարանը վճռեց, որ այս քրեական հետապնդումները և ազատազրկումները անօրինական էին, քանի որ 2005-ին Հայաստանում չկար այնպիսի օրենք, որը դատապարտեր քաղաքացուն այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը թողնելու համար։ Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը ոտնահարել է Վկաների ազատության և անվտանգության իրավունքը, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։ Թեև կառավարությունը հետագայում կարճեց 17-ի դեմ հարուցված քրեական գործերը, սակայն հրաժարվեց փոխհատուցել նրանց անօրինական քրեական հետապնդման և ազատազրկման դիմաց։ Այդ իսկ պատճառով Դատարանը Հայաստանին պարտավորեցրեց վճարել պատճառած բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի դիմաց։

Ինչպես Հայաստանի դեմ կայացված նախկին երեք վճիռները՝ Եվրոպական դատարանի այս վճիռը նույնպես առնչվում է չեզոքության հարցին։ Բոլոր չորս դեպքերում էլ Հայաստանի իշխանությունները ոտնահարել են համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված Եհովայի վկաների իրավունքները և անարդարացիորեն նրանց հետ վարվել են որպես վտանգավոր հանցագործների։

«Եվրոպական դատարանի կայացրած որոշումը նպաստում է այն բանին, որ ինչ-որ կերպ փոխհատուցվի այն տառապանքի դիմաց, որ անարդարացիորեն կրել են Եհովայի վկաները,— ասում է Անդրե Կարբոնոն՝ դիմումատուների փաստաբանը։— Եվրոպական դատարանում այս հաղթանակները զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաների իրավունքների վերաբերյալ հստակ կոչ են Եվրախորհրդի անդամ-պետությունների, ինչպես նաև Էրիթրեայի, Հարավային Կորեայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար»։

Մեդիա կոնտակտներ:

Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Հայաստան. Տիգրան Հարությունյան, հեռ. +374 93 900 482