Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2014
ԴԱՆԻԱ

Դանիայում Եհովայի վկաները նպաստում են անարյուն վիրաբուժության առաջխաղացմանը

Դանիայում Եհովայի վկաները նպաստում են անարյուն վիրաբուժության առաջխաղացմանը

ԿՈՊԵՆՀԱԳԵՆ (Դանիա)։ Դանիայում առաջատար լրատվական գործակալությունները հայտնում են, որ Մայրաքաղաքային շրջանում բուժաշխատողները արյան փոխներարկման հետ կապված նոր մոտեցում են ներմուծում։ «Kristeligt Dagblad» հանդեսի համաձայն՝ «պարզվել է, որ գնալով ավելի շատ պացիենտներ կարող են ապաքինվել առանց դոնորային արյան»։ Այդ հանդեսում նաև նշվում էր. «Անարյուն վիրաբուժությունը ի հայտ եկավ Եհովայի վկաների շնորհիվ»։ Ելնելով իրենց կրոնական համոզմունքներից՝ ավելի քան 8 000 000 Եհովայի վկաներ ողջ աշխարհում, այդ թվում ավելի քան 14 000 Վկաներ Դանիայում ցանկանում են ստանալ լավագույն բուժումը՝ առանց արյան փոխներարկման։

Դանիայում հիվանդանոցները աշխարհին հայտնի են նրանով, որ բուժման ժամանակ շատ են օգտագործում դոնորային արյուն, անգամ 50-ից 100 տոկոս ավելի շատ, քան Եվրոպայի որևէ այլ երկրում։ Սակայն «Անարյուն վիրաբուժությունը զարգանում է» հոդվածում, որը հրապարակվել է Պոլիտիկեն լրատվական կայքում, նշվում է, որ «Եհովայի վկաների շնորհիվ բժիշկները այլընտրանքային բուժման մեթոդներ են փնտրում»։ Եհովայի վկա պացիենտներին բուժելիս որոշ բժիշկներ սկսել են օգտագործել արյան պահպանման զանազան մեթոդներ, օրինակ՝ նախավիրահատական շրջանում էրիթրոպոետինի, երկաթի և B խմբի վիտամինային կոմպլեքսի կիրառություն, ինչպես նաև վիրահատության ընթացքում հակաֆիբրինոլիտիկ դեղանյութերի գործածություն։ «The Copenhagen Post» թերթի համաձայն՝ «Օրհուս քաղաքի համալսարանի հիվանդանոցում ամեն տարի հինգից տասը Եհովայի վկաների սրտի բարդ վիրահատություն են անում» առանց դոնորային արյան։

2009 թ.-ին «Ռիգշոպիլատետը»՝ հատուկ մասնագիտացված հիվանդանոց և Դանիայի ամենամեծ բժշկական հետազոտական կենտրոններից մեկը, Մայրաքաղաքային շրջանում արյան փոխներարկման ոլորտում նոր մոտեցում է ներմուծել

Դանիայում բժիշկները ուշադրություն են դարձնում նաև աճող ապացույցների թվին, ինչը մատնացույց է անում, որ արյան փոխներարկումը կապ ունի մեծ ռիսկի հետ։ Կոպենհագենում «Ռիգշոպիլատետ» հիվանդանոցը 2009 թ.-ին նոր մեթոդներ է մտցրել, որոնց շնորհիվ, ինչպես հայտնում է «Berlingske» թերթը, մեծապես նվազել է դոնորային արյան գործածությունը, ինչի արդյունքում նվազել են նաև «բարդությունները և մահվան դեպքերը»։ Նույն մեթոդները սկսել են կիրառել նաև Մայրաքաղաքային շրջանի բժշկական հաստատությունները, իսկ Դանիայի այլ շրջաններում հիվանդանոցները ծրագրում են կիրառել դրանք մոտ ապագայում։

«Berlingske» թերթում մեջբերված են նաև «Ռիգշոպիլատետ» հիվանդանոցի արյան բանկի տնօրեն և գիտաշխատող դոկտոր Մորտեն Բագգե Հանսենի խոսքերը։ Դանիայում դոնորային արյան գործածության նվազումը նա անվանեց «մեծ առաջադիմություն, որը ծառայում է պացիենտների օգտին»։ Իսկ «Denmark Radio» ռադիոկայանը և «Kristeligt Dagblad» պարբերագիրը մեջբերեցին «Ռիգշոպիլատետ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ դոկտոր Աստրիդ Նորգորի խոսքերը. «Անարյուն վիրաբուժության ոլորտում ոչ մի առաջխաղացում չէր լինի, եթե չլինեին Եհովայի վկաները»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Դանիա: Էրիկ Յորգենսեն, հեռ. +45 59 45 60 00