Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 2015
ԳԱՆԱ

Գանայում Վկաները անհապաղ քայլեր են ձեռնարկում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար

Գանայում Վկաները անհապաղ քայլեր են ձեռնարկում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար

ԱՔՐԱ, Գանա։ 2015 թ. օգոստոսի վերջին Եհովայի վկաները ավարտեցին Գանայի մայրաքաղաք Աքրայում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները։ Ուժգին ջրհեղեղի պատճառով այնտեղ մեծ ավերածություններ էին եղել, և մահացել էր ավելի քան 200 մարդ։

Վկաները տեղահանված հավատակցի տան վրա ցույց են տալիս, թե որքան էր բարձրացել ջրի մակարդակը

Թեև ոչ մի Եհովայի վկա չէր մահացել, սակայն նրանցից մոտ 250-ը ստիպված էր եղել այլ վայր տեղափոխվել։ 2015 թ. հունիսի 4-ին՝ ջրհեղեղից մեկ օր հետո, Գանայում Եհովայի վկաների մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե կազմեց։ Այն զբաղվում էր տուժածների հիմնական կարիքները հոգալով՝ տրամադրում էր վերմակներ, հագուստ և ջուր։ Կոմիտեն հոգ տարավ, որ մաքրվեն ու նորոգվեն ջրհեղեղից վնասված տները։ Աքրայի շրջանում ապրող Վկաները օգնության ձեռք մեկնեցին հավատակիցներին՝ նրանց առաջ բացելով իրենց տան դռները։

Աղետից տուժածներին օգնելու կոմիտեի նախագահող Դոսու Ամևորը (ձախ կողմում) Ատիմանում (Մադինա շրջան, Աքրա) գտնվող Թագավորության սրահի բակում վերահսկում է ներքնակների բաշխումը

Աղետի հետևանքով բենզալցակայաններից մեկում պայթյուն տեղի ունեցավ, որի պատճառով վնասվեցին Ադաբրակայի ջրի խողովակները, և այդ տարածքում ջրամատակարարումը դադարեցվեց։ Մասնաճյուղը Ադաբրակայի Թագավորության սրահի (երկրպագության վայր) տարածքում ջրի ցիստեռն տեղադրեց, որից կարող էին օգտվել և՛ Վկաները, և՛ նրանց հարևանները։

Շաբաթ՝ հունիսի 6-ին, մասնաճյուղը երկու բժշկական խումբ՝ 5 բժիշկ և 2 բուժքույր, ուղարկեց աղետի գոտի, որոնք Վկաներ էին։ Նրանց նպատակն էր օգնել իրենց հավատակիցներին, նաև Ալաջոյում և Ադաբրակայում տուժած այլ մարդկանց։ Մասնագետները բուժօգնություն ցույց տվեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, այդ թվում նրանց, ովքեր հիվանդ էին մալարիայով, ունեին փորլուծություն և շնչառական վարակներ։ Բացի այդ, իրենց հավատակիցներին այցելեցին մասնաճյուղի ներկայացուցիչներն ու տեղի Վկաները, որոնք մխիթարեցին և հոգևորապես զորացրին նրանց։

Երեք բժիշկ և երկու բուժքույր՝ Ադաբրակայի Թագավորության սրահում, որը ծառայել էր որպես հոսպիտալ

Գանայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Նաթանիել Գբեդեմահն ասում է. «Ցավալի է տեսնել, թե ջրհեղեղը ինչ մեծ ավերածություններ է պատճառել և ինչքան մարդկանց կյանք է խլել։ Ինչպես այլ երկրներում, այնպես էլ այստեղ մենք՝ Եհովայի վկաներս, մեր ուժերից եկածն անում ենք, որ էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր առումներով օգնենք մեր համայնքում աղետից տուժած մարդկանց»։

Մեդիա կոնտակտ(ներ):

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գանա։ Նաթանիել Գբեդեմահ, հեռ. +233 30 701 0110