Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2015
ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վերջ է դնում խտրականությանը

Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վերջ է դնում խտրականությանը

«Մեր հանդիպումից հետո ես շատ ուրախ էի, նույնիսկ քթիս տակ երգում էի։ Ձեր այցելությունները թարմացնում են հոգիս, իսկ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կյանքիս իմաստ է հաղորդում»։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ձեռնարկած իրավական, վարչական և հոգևոր միջոցների համար, որ վերականգնեք մեզ այցելելու ծրագիրը»։

«Սա իմ աղոթքների պատասխանն է»։

Սրանք Ֆրանսիայում բանտարկյալների երախտագիտության խոսքերն են Եհովայի վկա կրոնական ծառայողների տրամադրած հոգևոր աջակցության համար։

2013 թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը մի որոշում կայացրեց, որը վերջ դրեց այս երկրում Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող խտրականությանը։ Դատարանի որոշմամբ Եհովայի վկա կրոնական ծառայողներին թույլ է տրվում որպես լիցենզավորված կրոնական ծառայող մուտք գործել բանտ՝ հոգևոր օգնություն ցույց տալու այն բանտարկյալներին, ովքեր ցանկություն են հայտնել, որ իրենց այցելեն։ *

Վկաներին մերժում են տրամադրել կրոնական ծառայողի լիցենզիա

Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլ է տվել Վկա կրոնական ծառայողներին այցելել բանտեր՝ հոգևոր օգնություն և աջակցություն տրամադրելու բանտարկյալներին, չնայած որ չունեին կրոնական ծառայողի լիցենզիա, որով պաշտոնապես կճանաչվեր ծառայողի իրենց կարգավիճակը։ Սակայն դա փոխվեց 1995-ին, երբ խորհրդարանական հանձնաժողովը մի վիճելի զեկույց հրապարակեց, որին կցված էր այսպես կոչված վտանգավոր աղանդների մի ցուցակ, որում ընդգրկված էին Եհովայի վկաները։ Այս բացասական դասակարգումը ավելին էր, քան ուղղակի ոտնձգություն Վկաների վարկի վրա։ Դրանով Վկաների նկատմամբ խտրական վերաբերմունքի մի ալիք բարձրացավ, որի ակնհայտ փաստերից էր քրեակատարողական համակարգում արված փոփոխությունը։

Չնայած խորհրդարանական զեկույցները իրավական տեսանկյունից պարտավորեցնող չեն, որոշ կալանավայրերում տնօրինությունը, օգտագործելով 1995 թ. զեկույցը որպես հիմք, սահմանափակեց Վկաների այցելությունը այն բանտարկյալներին, ովքեր հոգևոր օգնություն էին խնդրել։ Վկա ծառայողը կարող էր այցելել բանտարկյալին՝ համաձայն ընդհանուր իրավունքի, որպես անհատ քաղաքացի և ոչ թե որպես պաշտոնապես ճանաչված կրոնական ծառայող։ Նրան այլևս չէր թույլատրվում Աստվածաշունչ կամ այլ կրոնական գրականություն ներս բերել։ Բոլոր այցելությունները պետք է կատարվեին այցելության ընդհանուր սենյակում՝ հոգևոր քննարկումների համար ոչ բարենպաստ մթնոլորտում։ Մի Վկա ծառայող նկարագրում է այցելության սենյակի մթնոլորտը՝ այն համեմատելով «գնացքի կայարանի ընդհանուր սրահի հետ, որտեղ նույնքան աղմկոտ է»։ Որոշ կալանավայրերում պահանջում էին, որ այդ այցելություններից հետո բանտարկյալին մանրազնին ստուգեն, քանի որ նրան այցելողը լիցենզավորված կրոնական ծառայող չէր։

Որպեսզի իրենց հավասարապես տրամադրվեն այն իրավունքները, որ տրվում են այլ կրոնական ծառայողներին, 2003-ին Եհովայի վկաները կրոնական ծառայողի լիցենզիա ստանալու համար դիմեցին Ֆրանսիայի կալանավայրերի հարցերով զբաղվող վարչությանը։ Բոլոր դիմումները կտրականապես մերժվեցին։ Վկաները այդ կամայական և խտրականություն արտահայտող մերժումները բողոքարկեցին վերադաս վարչական մարմնին, սակայն դարձյալ մերժվեցին։ Որպես կրոնական ծառայող Վկաներին լիցենզիա չտրամադրելու համար Ֆրանսիայի արդարադատության նախարարության միակ պաշտոնական պատճառն այն էր, որ Եհովայի վկաները այն կրոնների ցուցակում չեն, որոնք լիազորված են այցելել բանտեր։ Նախարարությունը նաև մտահոգություն էր արտահայտել, որ եթե Եհովայի վկաներից որևէ մեկին կրոնական ծառայողի լիցենզիա տրամադրվի, դա կմղի այլ կրոնական փոքրամասնություններին նույնպես դիմել կրոնական ծառայողի լիցենզիայի համար։ Արդարադատության նախարարության միջոցով այս հարցի լուծումը չգտնելուց հետո Վկաները այլ ընտրություն չունեին, քան դատարան դիմելը։

Կառավարությունը հրաժարվում է վերջ դնել խտրականությանը

2006 թ.-ին Եհովայի վկաները դիմեցին դատարան՝ անվավեր ճանաչելու մերժման մասին որոշումները և պարտավորեցնելու արդարադատության նախարարությանը կրոնական ծառայողի լիցենզիա տրամադրել Վկաներին։ Երկրի բոլոր վարչական և վերաքննիչ դատարանները, որոնք որոշում կայացրին այդ հարցի վերաբերյալ, սահմանեցին, որ կառավարության կողմից լիցենզիա չտրամադրելը ոչ իրավաչափ գործողություն է։ Բացի այդ, 2010 թ.-ին հանուն հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով զբաղվող Ֆրանսիայի բարձրագույն մարմինը դատապարտեց պետության դիրքորոշումը և կոչ արեց արդարադատության նախարարությանը վերջ դնել խտրականությանը։

Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն անտեսեց այս կոչերը և դատական որոշումները, այլև բողոք ներկայացրեց Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանի պետական խորհրդին։

Եհովայի վկաների օգտին կայացված պատմական որոշում

2013 թ.-ին Եհովայի վկաների վերաբերյալ 9 նույնատիպ գործեր միացվեցին և, ի վերջո, քննվեցին պետական խորհրդի կողմից։ 2013 թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ դատարանը մերժեց Ֆրանսիայի կառավարության բողոքները։ Որոշումը սահմանում էր, որ բանտարկյալի իրավունքները հարգելու համար քրեակատարողական հիմնարկների վարչությունը պետք է «պահանջի դեպքում անմիջապես լիցենզավորի բավական թվով կրոնական ծառայողների, որոնցից ընդամենը կպահանջվի հետևել հիմնարկի կողմից սահմանված անվտանգության ու կարգուկանոնի պահանջներին»։ Այնուհետև, անդրադառնալով Ֆրանսիայի սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ պետական խորհուրդը սահմանեց, որ «ազատազրկված անձանց կարծիք ունենալու, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատությունը երաշխավորված է, և որ նրանք կարող են դավանել իրենց ընտրած կրոնը»։ Այս որոշման արդյունքում այսօր Ֆրանսիայում և նրան պատկանող բոլոր տարածքներում 105 կրոնական ծառայողների տրվել է կրոնական ծառայողի լիցենզիա՝ հնարավորություն ընձեռելով բանտարկյալներին, իրենց ցանկության համաձայն, հանդիպել Եհովայի վկաներին։

2014 թ. հունվարին Ֆրանսիայի քրեակատարողական հիմնարկների վարչությունը Եհովայի վկա Ժան Մարկ Ֆուկոյին նշանակեց Եհովայի վկաների ազգային կրոնական ծառայող, ինչի շնորհիվ պարոն Ֆուկոն կարող է այցելել ցանկացած քրեակատարողական հիմնարկ։ Նա նաև լիազորված է քրեակատարողական վարչությունում ներկայանալ որպես Եհովայի վկաների ներկայացուցիչ։ Պարոն Ֆուկոն նշում է. «Այսուհետ այլ գրանցված կրոնների ներկայացուցիչների նման՝ Եհովայի վկաների ներկայացուցիչները կկարողանան կալանավորների հետ առանձին հանդիպել համապատասխան հարմար վայրերում, երբեմն էլ նույնիսկ բանտախցում»։

Այս որոշումը Ֆրանսիայում կրոնի ազատությունը պաշտպանող կարևոր հաղթանակ էր։ Այն հաստատում է, որ ազատազրկված անձինք իրավունք ունեն դավանելու իրենց ընտրած կրոնը և նրանց ցանկությամբ հնարավոր է այց կազմակերպել համապատասխան կրոնական ծառայողի հետ։ Եհովայի վկաները ուրախ են, որ Ֆրանսիայի դատական ատյանները վերջ դրեցին այդ խտրականությանը, ինչը ևս մեկ քայլ է դեպի Ֆրանսիայում Եհովայի վկաներին որպես կրոնական կազմակերպություն ճանաչելուն։

^ պարբ. 6 Որոշ բանտարկյալներ դարձել են Եհովայի վկա՝ բանտից կապ հաստատելով Վկաների հետ։ Ոմանք էլ շփվել են նրանց հետ մինչև հանցանք գործելն ու դատապարտվելը կամ մեծացել են Վկաների ընտանիքում և այժմ ցանկանում են վերադառնալ ժողով։ Անկախ նրանից, թե ինչու են այս բանտարկյալները ցանկանում, որ այցելեն իրենց, նրանք ունեն միևնույն կրոնական ազատությունները, ինչ այլ կրոն դավանող բանտարկյալները։