Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 15, 2015
ՎՐԱՍՏԱՆ

Եհովայի վկաների տեղեկատվական քարոզարշավ ապրիլին

Եհովայի վկաների տեղեկատվական քարոզարշավ ապրիլին

2015 թ. ապրիլի 1-ին Եհովայի վկաները տեղեկատվական քարոզարշավ սկսեցին՝ կապ հաստատելով Վրաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր բաժինների, քաղաքապետարանների և դատախազությունների հետ։ Նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից վերջերս կայացված «Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի» գործով նշանակալից վճռի մասին իրազեկման մակարդակը։ Այդ գործը վերաբերում է Վրաստանում Եհովայի վկաների իրավունքների ոտնահարմանը։ Քարոզարշավի ժամանակ իրավապահ մարմիններին տրամադրվում է գործի փաստական հանգամանքների, վճռի և Եհովայի վկաների կրոնական գործունեության մասին տեղեկություն։

Վրաստանի նախկին վերաբերմունքը

1999–2003 թվականներին Վրաստանի ուղղափառ եկեղեցու կարգալույծ քահանայի հետևորդները հարձակում էին կազմակերպել, որպեսզի ծեծի ենթարկեին Եհովայի վկաներին։ Թեև Վկաները ընդհանուր հաշվով 784 բողոքներ էին ներկայացրել ոստիկանություն այս և նմանատիպ դեպքերի վերաբերյալ, իշխանությունները կա՛մ աչք էին փակում այդ ամենի վրա, կա՛մ էլ իրենք էին բռնություն դրսևորում նրանց նկատմամբ։ Վկաների ներկայացրած և ոչ մի բողոք էական արդյունքներ չտվեց։ Քանի որ Վրաստանի իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին, մեղավորները ավելի հանդուգն դարձան, մինչև անգամ դատարանի նիստերի դահլիճում, մեծ կրոնական հանդիպումների ժամանակ և փողոցներում հարձակվում էին Վկաների վրա։

ՄԻԵԴ-ի որոշումները շրջադարձային եղան

Վրաստանում Եհովայի վկաները երկու դիմում ուղարկեցին ՄԻԵԴ այս հարձակումների վերաբերյալ։ Դատարանը առաջին վճիռը կայացրեց 2007-ի մայիսին, * իսկ երկրորդը՝ «Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի» գործով, 2014-ի հոկտեմբերին։ Երկու վճիռներում էլ ՄԻԵԴ-ը դատապարտեց Վրաստանի իշխանությունների ներգրավվածությունը հարձակումներին՝ սահմանելով հստակ կապ պետության կողմից անտարբերության և բռնության տարածման միջև։ Ինչպես ՄԻԵԴ-ը նշեց «Բեղելուրիի» վճռի մեջ, «Վրաստանի իշխանությունը անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, որը ի վերջո նպաստել է ամբողջ երկրով մեկ Եհովայի վկաների նկատմամբ այլ հարձակումների»։ *

Ուրախալի է, որ Վրաստանի կառավարությունը «Բեղելուրիի» վճռի հրապարակման հաջորդ օրը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոստանալով կանխել իրավունքների հետագա խախտումները.

«Վրաստանը վճռական է պաշտպանելու մտքի, խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև մարդու իրավունքները առհասարակ։ Պետությունը պարտավորվում է ապահովել օրենքի առջև հավասարությունը և պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները ոտնահարողներին։ Մասնավորապես այն այլևս թույլ չի տա անպատժելիության մթնոլորտ և այլևս չի հանդուրժի նման չարաշահումներ»։

Իրավիճակը Վրաստանում բարելավվում է

Եհովայի վկաների իրավիճակը Վրաստանում այսօր կտրուկ տարբերվում է նախորդ տարիներից։ Վկաները կարողանում են խաղաղ պայմաններում հավաքվել երկրպագության համար և շնորհակալ են, որ իրավապահ մարմինները այժմ ընդհանուր առմամբ պաշտպանում են իրենց իրավունքները։ Վկաները կարողացել են երկրպագության վայրեր կառուցել և վերջին տարիներին այդ տարածաշրջանում ընդլայնել են իրենց մասնաճյուղը։

Սակայն որոշ պաշտոնյաներ այդքան էլ տեղեկացված չեն Եհովայի վկաների ու նրանց հավատալիքների մասին և իրազեկված չեն «Բեղելուրիի» գործի և կառավարության պաշտոնական հայտարարության մասին։ Բացի այդ, դեռ լինում են կրոնական հողի վրա կատարված հարձակումների դեպքեր, որոնք անպատիժ են մնում։ Օրինակ՝ 2014-ին գրանցվել է նրանց նկատմամբ կատարված 30 հարձակում։ Եհովայի վկաները դիմումներ են ներկայացրել ՄԻԵԴ այդ հարձակումների վերաբերյալ։ *

Ապրիլի տեղեկատվական քարոզարշավը կնպաստի, որ Վրաստանում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը աճի։ Եհովայի վկաները շնորհակալ են, որ Վրաստանի կառավարությունը խոստացել է երբևէ թույլ չտալ, որ կրկին անպատժելիության մթնոլորտ տիրի, և ակնկալում են, որ կառավարությունը կշարունակի հետապնդել կրոնական ատելության հողի վրա հանցագործություն կատարողներին։

^ պարբ. 6 Եհովայի վկաների Գլդանի ժողովի անդամները և այլք ընդդեմ Վրաստանի, no. 71156/01, 3 մայիսի, 2007։

^ պարբ. 6 Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի, no. 28490/02, § 145, 7 հոկտեմբերի, 2014։

^ պարբ. 11 Ծարծիձեն ընդդեմ Վրաստանի, no. 18766/04, ներկայացված 26 մայիսի, 2004 — Այն անհատները, ովքեր իշխանությունների բացասական վերաբերմունքի զոհ են դարձել կամ հարձակման են ենթարկվել, և պետությունը ոչինչ չի ձեռնարկել։ Բիբլայան և այլք ընդդեմ Վրաստանի, no. 37276/05, ներկայացված 10 սեպտեմբերի, 2005 — Այն անհատները, ովքեր իշխանությունների բացասական վերաբերմունքի զոհ են դարձել կամ հարձակման են ենթարկվել, և պետությունը ոչինչ չի ձեռնարկել։ Ծուլուկիձեն և այլք ընդդեմ Վրաստանի, no. 14797/11, ներկայացված 27 հունվարի 2011 — Պատշաճ կերպով քննություն չի կատարվել և հետապնդում չի իրականացվել կրոնական հողի վրա ինը հարձակումների դեպքերի առնչությամբ։