Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2014
ՎՐԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է օրենքի գերակայության սկզբունքը Վրաստանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է օրենքի գերակայության սկզբունքը Վրաստանում

2014 թ. հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ կայացրեց Վրաստանի Հանրապետությունում Եհովայի Վկաների օգտին։ Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի գործը ներկայացվել էր դատարան մոտ 12 տարի առաջ։ Այն ֆիզիկական բռնության և հայհոյանքների 30 դեպքերի մասին էր, որից տուժել էին 99 հոգի։ Բոլորը, բացառությամբ մեկի, Եհովայի վկաներ էին։ Այդ դեպքերը սկիզբ առան մի քանի կրոնական մեծ հանդիպումների ժամանակ ոստիկանության կողմից դրսևորված բռնությունից։ Կրոնական դրդապատճառներով բռնության նման դրսևորումներ սկսեցին տեղի ունենալ արդեն փողոցներում, Վկաների տներում և նույնիսկ դատական նիստերի դահլիճներում։

ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ դիմումատուները քննչական մարմիններ էին ներկայացրել մոտ 160 բողոքներ, որոնցում նշված էր, որ հարձակման որոշ դեպքեր տեղի են ունեցել ոստիկանության և այլ մարմինների անմիջական միջամտությամբ։ Սակայն այդ բողոքները որևէ արդյունք չեն տվել։ Այն, որ մեղավորները չէին պատժվում, դա մղում էր նրանց շարունակելու իրենց հարձակումները։

2000 թ. սեպտեմբերի 8-ին Զուգդիդիում Վկաների կրոնական միջոցառման ժամանակ հարձակման հետևանքները

Օրինակ՝ 2000 թ. սեպտեմբերի 8-ին մոտ 700 Վկաներ հավաքված էին կրոնական մի միջոցառման Զուգդիդի քաղաքում։ Հանկարծ SWAT ոստիկանության հատուկ ուժերի դիմակավորված աշխատակիցները ներխուժեցին միջոցառման վայր և հրդեհեցին միջոցառման համար կառուցված շինությունները և ծեծի ենթարկեցին մոտ 50 հոգու։ Տուժածները անմիջապես բողոք ներկայացրին, սակայն իշխանությունները մերժեցին մեղավորների նկատմամբ գործ հարուցել՝ տուժածներին թողնելով առանց իրավական պաշտպանության։

ՄԻԵԴ-ը դատապարտում է իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքը

Քանի որ իրավապահ մարմինները չէին կատարել անհապաղ և արդյունավետ քննություն, և մեղավորները երբեք պատասխանատվության չէին կանչվել, տուժածները 2002-ին դիմեցին ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 7-ի իր վճռում արձանագրել է, որ «Վրաստանի իշխանությունները ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, որը ի վերջո հանգեցրել է ամբողջ երկրով Եհովայի վկաների նկատմամբ հետագա հարձակումների»։ Դատարանը նաև սահմանել է, որ բռնության դեպքերը եղել են «Եհովայի վկաների համայնքի նկատմամբ անհանդուրժողական տրամադրվածության արդյունք», և որ իրավապահ մարմինները ցուցաբերել են «նույն խտրականությունը.... ինչը հաստատում է, որ իշխանությունները առնվազն հանդուրժել են բռնության դեպքերը»։

«Վրաստանի իշխանությունները ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, որը ի վերջո հանգեցրել է ամբողջ երկրով Եհովայի վկաների նկատմամբ հետագա հարձակումների»

(Բեղելուրին և այլք ընդդեմ Վրաստանի, թիվ 28490/02, 7 հոկտեմբերի, 2014, էջ 40, պարբ. 145)

Հետևաբար ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Վրաստանի իշխանություններն են պատասխանատու 47 դիմումատուների նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքի համար, և որ նրանք դրսևորել են խտրականություն և խախտել 88 դիմումատուների կրոնի ազատությունը։ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ կառավարությունը պարտավորություն է կրում «դադարեցնել Դատարանի կողմից արձանագրված խախտումները և վերացնել [իշխանությունների անգործության] հետևանքները և անհանդուրժողական տրամադրվածությունը»։ ՄԻԵԴ-ը ավելի քան 45 000 եվրո տուգանք է նշանակել տուժածների բարոյական վնասը և իրավական ծախսերը հատուցելու համար։

Վրաստանում Եհովայի վկաների իրավիճակը բարելավվել է

Թեև 2004-ից սկսած իրավիճակը բավականին բարելավվել է, սակայն Վրաստանում Եհովայի վկաների հանդեպ շարունակում են գրանցվել հարձակման և հալածանքի եզակի դեպքեր։ 2013 թ.-ին գրանցվել են Վկաների հանդեպ բռնության 53 դեպքեր։ Բեղելուրիի գործով վճիռը պարտավորեցնում է Վրաստանին անցկացնել իր քաղաքացիները հանդիսացող Եհովայի վկաների դեմ կատարած հանցագործությունների անհապաղ և արդյունավետ քննություն։ Եհովայի վկաները ակնկալում են, որ կառավարությունը առանց խտրականություն դրսևորելու պատասխանատվության կկանչի կրոնական դրդապատճառներով կատարված հանցագործության հեղինակներին։