Անցնել բովանդակությանը

Դենիս Քրիստենսենը՝ 2017 թ. դատական նիստերից մեկի ժամանակ

ՄԱՅԻՍԻ 10, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլում դատարանը Դենիս Քրիստենսենի գործով դատաքննությանը լսում է առաջին ցուցմունքը

2018 թ. ապրիլի 23-ին Դենիս Քրիստենսենի գործով դատական նիստը շարունակվեց Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանում։ Պրն Քրիստենսենը, ով Դանիայի քաղաքացի է և Եհովայի վկա, ձերբակալվել էր 2017 թ. մայիսին, երբ ներկա էր կրոնական հանդիպման, և մինչև հիմա գտնվում է նախնական կալանքի տակ։

Դատախազ պրն Ֆոմինը մեղադրում էր պրն Քրիստենսենին «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեջ, մասնավորապես՝ Օրյոլում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպության (այսուհետ՝ ՏԿԿ), որը ծայրահեղականության անհիմն մեղադրանքով լուծարվել է 2016 թ. հունիսին։ Պրն Քրիստենսենի փաստաբանները առարկեցին ներկայացված մեղադրանքներին, քանի որ Օրյոլում Եհովայի վկաների ժողովը իրավաբանական անձ չէ, այլ հավատացյալների մի խումբ, ովքեր միասին հավաքվում են՝ խաղաղ մթնոլորտում ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Նրա փաստաբանները ընդգծեցին, որ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես իրենք են ընդունում, չեն արգելել Եհովայի վկաների կրոնը, և որ Ռուսաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական համոզմունքներ դավանելու անհատի իրավունքը։ * Այսպիսով՝ երբ պրն Քրիստենսենը մասնակցում էր կրոնական արարողության, նա պարզապես դավանում էր իր հավատը։

Վկաների հարցաքննությունը սկսվեց 2018 թ. ապրիլի 24-ին։ Նախ դատախազը հրավիրեց Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին։ Նա ցուցմունք տվեց այն մասին, որ 2017 թ.-ից ի վեր Օրյոլում Թագավորության սրահը գտնվել է տեսախցիկի հսկողության տակ։ Սակայն նա չէր կարող տեսնել, թե ինչ էր կատարվում ներսում. տեսագրության մեջ միայն երևում էր, թե ինչպես է պրն Քրիստենսենը ջերմորեն ողջունում շենք մտնողներին։ Այնուհետև դատախազը հրավիրեց մի կնոջ, ով հաճախել էր Օրյոլում Եհովայի վկաների հանդիպումներին։ Սակայն նա չկարողացավ որևէ բան ասել պրն Քրիստենսենի գործունեության մասին, քանի որ հանդիպումներին հաճախել էր նախքան Օրյոլում ՏԿԿ-ի լուծարումը։

Իրինա Քրիստենսեն

Հաջորդ օրը դատախազը հրավիրեց 78-ամյա մի կնոջ, ով Եհովայի վկա է։ Այն բանից հետո, երբ մեղադրանքը հիմնավորող «ապացույց» գտնելու ակնկալիքով դատախազը երկուսուկես ժամ հարցաքննեց նրան, այդ կինը պարզապես ասաց, որ Վկաները տնօրեններ կամ առաջնորդներ չունեն, և որ իրենք երբեք չեն օգտագործում կրոնական հրատարակություններ, որոնք արգելված են Ռուսաստանում։

Դատական նիստը կշարունակվի 2018 թ. մայիսի 14-ին և կտևի մի քանի օր։ Եթե պրն Քրիստենսենին դատապարտեն, նրան սպասվում է վեցից տասը տարվա ազատազրկում։ Ողջ աշխարհում Եհովայի վկաները մտահոգված են այս հանգամանքով, ինչպես նաև պրն Քրիստենսենի և նրա կնոջ՝ Իրինայի բարօրությամբ։

^ պարբ. 3 Օրյոլում Եհովայի վկաների ՏԿԿ-ն արգելքի տակ դնելու մասին որոշումը անփոփոխ թողնելով՝ Գերագույն դատարանը իր որոշման մեջ նշեց. «Դրա անդամների՝ իրենց ընտրած կրոնը դավանելու իրավունքը չի ոտնահարվի, քանի որ նրանք զրկված չեն անկախ կրոնական արարողություններ անցկացնելու հնարավորությունից, որոնք առնչություն չունեն ծայրահեղական բովանդակությամբ կրոնական գրականություն տարածելու հետ»։