Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՊՐԻԼԻ 22, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվում են քրեական հետապնդման

Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվում են քրեական հետապնդման

Մերօրյա Ռուսաստանում առաջին դեպքն է, որ Տագանրոգ քաղաքի բնակիչ 16 Եհովայի վկաներ * ենթարկվում են քրեական հետապնդման ընդամենը այն բանի համար, իրենց խաղաղ հանդիպումներն են անցկացնում և իրենց կրոնն են դավանում։ * Եթե մեղավոր ճանաչվեն, նրանք կտուգանվեն մինչև 300 000 ռուբլու (10 000 դոլար) չափով, իսկ որոշ դեպքերում կազատազրկվեն մինչև ութ տարի ժամկետով։ 16 Վկաներին կարգադրեցին չհեռանալ քաղաքից, մինչև դատարանը վճիռ կայացնի։

Տագանրոգում Եհովայի վկաների նկատմամբ ճնշումը սկսվել է 2008-ի հունիսից, երբ Ռոստովի մարզային դատախազը դիմեց դատարան Տագանրոգում Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը լուծարելու և նրանց գործունեության վրա արգելք դնելու պահանջով։ Նա պնդում էր, որ Վկաների գրականությունը ծայրահեղական է։ Առաջին ատյանի դատարանը բավարարեց դատախազի պահանջը, իսկ 2009 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը ուժի մեջ դրեց այդ որոշումը։

Գերագույն դատարանի որոշումից հետո տեղի իշխանությունները բռնագրավեցին Եհովայի վկաների Թագավորության սրահը (երկրպագության վայրը)։ Վկաները ստիպված եղան իրենց հանդիպումներն անցկացնել մասնավոր տներում։ Դատարանի որոշմամբ իշխանությունները նաև Եհովայի վկաների 34 հրատարակություններ ընդգրկեցին ծայրահեղական նյութերի պետական ցուցակում։ Եհովայի վկաները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդարություն վերականգնելու համար։

Օգտվելով դատարանի որոշումներից՝ Տագանրոգի իշխանությունները շարունակում են սպառնալ Վկաներին։ 2011-ին իրավապահ մարմնի աշխատակիցները վաղ առավոտյան ժամը 6-ին ներխուժեցին 19 Վկաների տներ և արթնացրին բոլորին՝ թե՛ երեխաներին, թե՛ տարեցներին։ 8–11 ժամ նրանք փնտրում էին ծայրահեղական գրականություն։ Ոստիկանները առգրավեցին անխտիր բոլոր կրոնական հրատարակությունները, նույնիսկ անձնական իրերը։ Նրանք մեղադրանք ներկայացնելու նպատակով նաև գաղտնի տեսագրել են ժողովի հանդիպումները և այցելուներին։ Տագանրոգում տեղի ունեցած դեպքերի պատճառով Ռուսաստանով մեկ սկիզբ առավ Եհովայի վկաների հանդեպ վատ վերաբերմունքի և հալածանքի մեծ ալիք։ *

Եհովայի վկաների կրոնը միջազգայնորեն ճանաչված կրոն է։ Ռուսաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում է կրոնի ազատություն։ Եհովայի վկաների այս իրավունքը պաշտպանվել է աշխարհի բարձրագույն դատարաններում։ Մինչդեռ Տագանրոգի իշխանությունները այնպես են վարվում, ասես Վկաները արժանի չեն օգտվելու այդ իրավունքից։

Քրեական գործով դատավարությունը շարունակվում է և ակնկալվում է, որ որոշումը կկայացվի մայիսին, երբ դատարանը լսի կողմերի եզրափակիչ ճառը։ Եթե դատարանը մեղավոր ճանաչի 16 Եհովայի վկաներին, կվտանգվի նաև Տագանրոգում ապրող 800-ից ավել Վկաների ազատությունը։ Այդ որոշումը կարող է նաև նախադեպային լինել Ռուսաստանի այլ մարզերում ապրող Վկաների դեմ հարուցված քրեական գործերի համար։

Գրիգորի Մարտինովը՝ Ռուսաստանում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Կրոնական ազատության մեջ նման միջամտությունը արդարացված չէ։ Եհովայի վկաները չեն սպառնում Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն ու ամբողջականությանը։ Վկա քաղաքացիների նկատմամբ հալածանք և խտրական վերաբերմունք է դրսևորվում զուտ կրոնական պատկանելիության պատճառով»։

^ պարբ. 2 Նկարում 16 Վկաներից միայն 10-ն են։

^ պարբ. 2 2012-ին Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 16 Վկաների դեմ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.2(1) և (2) հոդվածներով, որոնցով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում։ Չորս ժողովների երեցների նկատմամբ նույնպես մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 150(4) հոդվածի հիմքով, որով կարող է սահմանվել 5-ից 8 տարվա ազատազրկում։

^ պարբ. 5 Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2009-ի դեկտեմբերի 8-ի որոշումից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 1 600 Վկաների, 70-ից ավել կրոնական հրատարակություններ համարել են ծայրահեղական, ներխուժել են Վկաների առնվազն 171 տներ և երկրպագության վայրեր և ընդհատել 69 կրոնական հանդիպումներ։