Անցնել բովանդակությանը

Տոմսկում ոստիկանությունը ներխուժում է մասնավոր տանը անցկացվող ժողովի վայր

ՀՈՒՆԻՍԻ 20, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում ագրեսիվորեն ներխուժում են տներ և ավելի շատ Վկաների ազատազրկում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի իշխանությունները սկսել են ավելի հաճախ ահաբեկել Եհովայի վկաներին և ծայրահեղականության դեմ պայքարելու պատրվակով ձերբակալել ու ազատազրկել ավելի շատ Վկաների։ Ոստիկանությունը խուզարկել է առանձին անձանց տները Բիրոբիջանում, Խաբարովսկում, Մագադանում, Օրենբուրգում, Նաբերեժնիե Չելնիում, Պերմում, Պսկովում, Սարատովում և Տոմսկում։ Նրանք ձերբակալել են ևս 15 Վկա տղամարդկանց, և ներկայումս ընդհանուր առմամբ 20 Վկա գտնվում է նախնական կալանքի տակ։ Եվս երկուսը տնային կալանքի տակ են։ Առնվազն 15 Վկաներից, որոնց թվում կան 70-ն ու 80-ն անց մարդիկ, պահանջել են բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ ստորագրություն տալ։ 2018 թ. հունիսի 14-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները քրեական գործեր են հարուցել ավելի քան 40 Վկաների նկատմամբ։ Դատապարտվելու դեպքում նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

Ռուսաստանում այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել ներխուժման դեպքերը

Ռուսաստանի կառավարությունը ուղղակիորեն ոտնահարել է դռնբաց դատական նիստում իր կողմից արված այն երաշխավորումը, որ Եհովայի վկաների իրավաբանական անձանց վրա դրված արգելքը չի ազդի անհատ Վկաների՝ հավատը դավանելու իրավունքի վրա։ Ռուսաստանը միանգամայն անտեսել է այս երաշխիքը և սխալ է կիրառում քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը, որպեսզի մեղադրանք առաջադրի Վկաներին «ծայրահեղական» կազմակերպության գործունեությանը մասնակցելու, այն կազմակերպելու կամ ֆինանսավորելու հիմքով։ Իրականում, ծայրահեղականության դեմ պայքարելու փոխարեն՝ Ռուսաստանը հետապնդում է իր իսկ քաղաքացիներին իրենց կրոնը խաղաղ պայմաններում դավանելու համար։

Վերջերս տեղի ունեցած խուզարկումները, ձերբակալություններն ու կալանավորումները

Հունիսի 12, 2018 թ., Սարատով։ Ոստիկանները ներխուժեցին և խուզարկեցին մի քանի Վկաների տներ և առնվազն տասը Վկայի տարան ոստիկանություն՝ հարցաքննելու։ Մի տան խուզարկության ժամանակ իշխանությունները Ռուսաստանի դատարանների կողմից արգելված կրոնական գրականություն գաղտնի դրեցին այդտեղ։ Հինգ Վկա տղամարդկանց վերցրին նախնական կալանքի։ Նրանցից երկուսին ավելի ուշ ազատ արձակեցին, սակայն ոստիկանությունը կալանավորեց մյուս երեքին. Կոնստանտին Բաժենովին և Ֆելիքս Մախամադիևին մեղադրանք առաջադրեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար»։ Երրորդ Վկայի՝ Ալեքսեյ Բուդենչուկի նկատմամբ մեղադրանքը հաստատված չէ։ 2018 թ. հունիսի 14-ին Սարատովի Ֆրունզինսկի շրջանային դատարանը որոշում կայացրեց պրն Բաժենովին և պրն Մախամադիևին մինչև 2018 թ. օգոստոսի 12-ը նախնական կալանքի տակ պահելու մասին։ Նույն դատարանը նաև պրն Բուդենչուկին նախնական կալանքի տակ պահելու մասին որոշում կայացրեց, սակայն անորոշ ժամկետով։ Բացի այդ, ոստիկանությունը մեկ այլ Վկայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց ստորագրություն չհեռանալու մասին։

Հունիսի 3, 2018 թ., Տոմսկ։ Առավոտյան ժամը 10։00-ին ոստիկանները և Ռուսաստանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի անդամները («Սպեցնազ») Տոմսկում (Սիբիր) ներխուժեցին Եհովայի վկաների երկու տուն։ Նրանք ձերբակալեցին մոտ 30 Վկայի, այդ թվում՝ 83-ամյա մի կնոջ։ Ոստիկանությունը առգրավեց տներում ու մեքենաներում գտնվող նրանց անձնական իրերը։ Նրանց նստեցրին ավտոբուսներ և տարան ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոն։

Կենտրոնում քննիչներ Իվան Վեդրենցևը, Ալեքսանդր Իվանովը և Վյաչեսլավ Լեբեդևը հարցաքննեցին մի քանի Վկաների մինչև հաջորդ առավոտյան ժամը 2։00-ն։ Քննիչները ձերբակալվածներից մեկին սպառնացին հեռացնել աշխատանքից։ Հարցաքննության ընթացքում մի քանի անգամ շտապ օգնության մեքենան ժամանեց կենտրոն, և առնվազն մեկ Վկա հոսպիտալացվեց։

Ձերբակալվածներից մեկը՝ Սերգեյ Կլիմովը, գտնվում է կալանքի տակ։ 2018 թ. հունիսի 5-ին Տոմսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանը որոշում կայացրեց մինչև 2018 թ. օգոստոսի 4-ը նրան նախնական կալանքի տակ պահելու մասին «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեղադրանքով։ Դատարանը մերժեց պրն Կլիմովի կալանքը տնային կալանքով փոխարինելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունները։

Հունիսի 3, 2018 թ., Պսկով։ Ոստիկանները ներխուժեցին Պսկովում Եհովայի վկաների բազմաթիվ տներ։ Տներից մեկում եղող բոլոր ներկաներին, ներառյալ երկու ոչ Վկա այցելուների ձերբակալեցին և հարցաքննեցին։ Մի քանի Եհովայի վկաների, այդ թվում՝ Գենադի Շպակովսկիին, տարան անվտանգության դաշնային ծառայության (ԴԱԾ)՝ Պսկովի շրջանային վարչություն՝ հարցաքննելու։ Բերման ենթարկվածներից ոմանց վրա ճնշում էին բանեցնում, որպեսզի վերջիններս ցուցմունք տան պրն Շպակովսկիի դեմ։ Իշխանությունները «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեղադրանքով քրեական գործ հարուցեցին նրա դեմ։ Թեև ավելի ուշ պրն Շպակովսկին ազատ արձակվեց, սակայն ցանկացած պահի գործին կարող է ընթացք տրվել։

Մայիսի 30, 2018 թ., Խաբարովսկ։ Ոստիկանները Իվան Պույդայի տուն ներխուժելուց և այն խուզարկելուց հետո նրան ձերբակալեցին։ Պրն Պույդային տարան Մագադան, որտեղ նա գտնվում է կալանքի տակ։ 2018 թ. հունիսի 1-ին Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» հիմքով որոշում կայացրեց նրան մինչև 2018 թ. հուլիսի 30-ը նախնական կալանքի տակ պահելու մասին։

Մայիսի 30, 2018 թ., Մագադան։ Ոստիկանության զինված և դիմակավորված աշխատակիցները Մագադանում ներխուժեցին մարդկանց տները և ձերբակալեցին Կոնստանտին Պետրովին, Եվգենի Զյաբլովին և Սերգեյ Երկինին։ 2018 թ. հունիսի 1-ին Մագադանի քաղաքային դատարանը «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» հիմքով մեղադրանք առաջադրեց պրն Պետրովին և պրն Զյաբլովին։ Նույն օրը Մագադանսկի շրջանային դատարանը նման հիմքով մեղադրանք առաջադրեց պրն Երկինին։ Երեքն էլ կմնան նախնական կալանքի տակ մինչև 2018 թ. հուլիսի 29-ը։

Դմիտրի Միխայլով

Մայիսի 29, 2018 թ., Շույա, Իվանովոյի մարզ։ Իշխանությունները երկրորդ անգամ ձերբակալեցին Դմիտրի Միխայլովին։ Ապրիլի 20-ի հարձակումից հետո նրան մեղադրանք առաջադրվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու» հիմքով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Մայիսի 29-ին իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին նաև «ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու» հիմքով։ 2018 թ. հունիսի 3-ին Շույայի քաղաքային դատարանը որոշում կայացրեց մինչև 2018 թ. հուլիսի 19-ը նրան նախնական կալանքի տակ պահելու մասին։

Մայիսի 27, 2018 թ., Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Հանրապետություն։ Գիշերը ԴԱԾ-ի աշխատակիցները խուզարկեցին 10 տուն և բռնագրավեցին էլեկտրոնային սարքեր, բջջային հեռախոսներ և անձնագրեր։ Իլհամ Քարիմովը, Կոնստանտին Մատրաշովը և Վլադիմիր Մյակուշինը ձերբակալվեցին և կալանավորվեցին։ 2018 թ. մայիսի 29-ին Նաբերեժնոչելնինսկի շրջանային դատարանը մեղադրեց այս երեք տղամարդկանց «ծայրահեղական» կազմակերպության մեջ այլ անձանց ներգրավելու, կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և դրան մասնակցելու մեջ։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորված պետք է մնան մինչև 2018 թ. հուլիսի 25-ը։ Ավելի ուշ Այդար Յուլմետևը նույնպես ձերբակալվեց, և 2018 թ. մայիսի 31-ին դատարանը որոշեց նրան նույնպես պահել նախնական կալանքի տակ։

Մայիսի 22, 2018 թ., Պերմ։ Երբ Ալեքսանդր և Աննա Սոլովյովները Մոլդովա կատարած իրենց ճանապարհորդությունից վերադարձան Պերմ, ոստիկանության աշխատակիցները նրանց դիմավորեցին գնացքի կայարանում, ձերբակալեցին պրն Սոլովյովին, առգրավեցին նրա անձնական իրերը և առանձին մեքենաներով ամուսիններին տարան ոստիկանություն։ Մինչ պրն Սոլովյովը ձերբակալված էր, նրա տունը խուզարկեցին և հարցաքննեցին կնոջը։ 2018 թ. մայիսի 24-ին Սվերդլովսկի շրջանային դատարանը նրան մեղադրեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու» մեջ և որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանք։

Մայիսի 17, 2018 թ., Բիրոբիջան։ «Դատաստանի օր» ծածկագրով ծրագրված գործողությունների շրջանակներում ոստիկանության և ԴԱԾ-ի 150 աշխատակիցներ ներխուժեցին Եհովայի վկաների 22 տներ։ Նրանք առգրավեցին էլեկտրոնային սարքեր, հեռախոսներ և դրամ։ Ոստիկանությունը ձերբակալեց և կալանավորեց Ալամ Ալիևին, որը այն 34 Վկաներից է, ում խուզարկել էին ներխուժման ժամանակ։ Մայիսի 18-ին Բիրոբիջանսկի շրջանային դատարանը նրան մեղադրեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեջ և մինչև 2018 թ. հուլիսի 13-ը կալանքի տակ պահելու մասին որոշում կայացրեց։ 2018 թ. մայիսի 25-ին Հրեական ինքնավար մարզի վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Վ. Սիզովան բավարարեց պրն Ալիևի բողոքը և բեկանեց նախնական կալանքի մասին որոշումը։

Մայիսի 16, 2018 թ., Օրենբուրգ։ Ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին տներ և խուզարկեցին դրանք։ Նրանք ձերբակալեցին երեք Վկաների՝ Ալեքսանդր Սուվորովին, Վլադիմիր Կոչնևին և Վլադիսլավ Կոլբանովին։ Մայիսի 18-ին Պրոմիշլեննի շրջանային դատարանը պրն Կոլբանովին մեղադրեց «ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու» մեջ։ Դատարանը նրան ազատ արձակեց և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Հաջորդ օրը նույն դատարանը մեղադրեց պրն Կոչնևին և պրն Սուվորովին «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեջ և մինչև 2018 թ. հուլիսի 14-ը նրանց նախնական կալանքի տակ պահելու մասին որոշում կայացրեց։ Նաև քննիչի որոշմամբ յոթ ուրիշ Վկաներ ստորագրություն տվեցին քննության ընթացքում քաղաքից չհեռանալու մասին։

Ձախից՝ Ալեքսանդր Սուվորով, աջից՝ Վլադիմիր Կոչնև

Արդյո՞ք միջազգային քննադատությունը ազդեցություն կունենա

Թե՛ Եվրոպական միությունը (այսուհետ՝ ԵՄ), թե՛ Միացյալ Նահանգները պաշտոնական հայտարարություն են հրապարակել՝ քննադատելով Ռուսաստանի կողմից հիմնարար ազատությունները անտեսելու հանգամանքը։ ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին «հարգել կրոնի կամ համոզմունքի ազատության և արտահայտվելու ազատության ու հավաքվելու ազատության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները»։ Բացի այդ, Միացյալ Նահանգները կոչ է արել Ռուսաստանին «ազատ արձակել բոլոր նրանց , ովքեր ազատազրկված են պարզապես կրոնի կամ համոզմունքի իրենց ազատությունը իրականացնելու համար»։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Ողջ աշխարհում Եհովայի վկաներին մտահոգում է Ռուսաստանում իրենց հավատակիցների նկատմամբ դրսևորվող դաժան հալածանքը։ Այսօր Եհովայի վկաները բախվում են այն նույն բռնաճնշումներին, որոնց բախվել են խորհրդային վարչակարգի ժամանակ։ Իր գործողություններով և շարունակական բռնաճնշումներով Ռուսաստանը ակնհայտորեն անտեսում է մարդու հիմնարար իրավունքները պաշտպանող իր իսկ երաշխիքները»։

Ավելի վաղ նախնական կալանքի վերցված Վկաները *

  • Դենիս Քրիստենսեն

    45 տարեկան, Օրյոլ, կալանավորված է 2017 թ. մայիսի 25-ից և կալանքի տակ կմնա մինչև 2018 թ. օգոստոսի 1-ը։

  • Վալենտին Օսադչուկ

    42 տարեկան, Վլադիվոստոկ, կալանավորված է 2018 թ. ապրիլի 19-ից և կալանքի տակ կմնա մինչև 2018 թ. հունիսի 20-ը։

  • Վիկտոր Տրոֆիմով

    61 տարեկան, Պոլյարնի, կալանավորված է 2018 թ. ապրիլի 18-ից և կալանքի տակ կմնա մինչև 2018 թ. հոկտեմբերի 11-ը։

  • Ռոման Մարկին

    44 տարեկան, Պոլյարնի, կալանավորված է 2018 թ. ապրիլի 18-ից և կալանքի տակ կմնա մինչև 2018 թ. հոկտեմբերի 11-ը։

  • Անատոլի Վիլիտկևիչ

    31 տարեկան, Ուֆա, կալանավորված է 2018 թ. ապրիլի 10-ից և կալանքի տակ կմնա մինչև 2018 թ. հուլիսի 2-ը։

^ պարբ. 21 Հավելյալ տեղեկության համար տես «Ռուսաստանում Եհովայի վկաներին սկսել են ավելի ու ավելի հաճախ ահաբեկել» հոդվածը jw.org կայքի լրատվություն բաժնում։